ՏՏՀ/Գազար
ԳԱԶԱՐ, աճեցնում են ամենուրեք։ Տարբերում են կերի և սեղանի սորտեր։
Սեղանի սորտերն ունեն ոչ մեծ, նուրբ, շաքարաշատ արմատապտուղներ։ Հայաստանում տարածված են Նանտյան, Շանտենե, Գյումրիի տեղական սեղանի լավագույն սորտերը։
Թարմ Գ. արժեքավոր սննդաբույս է։ Կարոտինի (6-9 մգ %) պարունակությամբ, որը մարդու օրգանիզմում հեշտությամբ փոխակերպվում է A վիտամինի, Գ. առաջինն է բանջարեղենի շարքում։ Կարևոր է մանկական սննդի համար։ Գ. պարունակում է նաև շաքար, սպիտակուցներ, պեկտինային նյութեր, հանքային աղեր (կալիումի, նատրիումի, ֆոսֆորի) և այլ կարևոր նյութեր։ Ցանկալի է պահել մոտ 0 °C ջերմաստիճանում։
Գ. օգտագործում են թարմ, չորացրած և վերամշակված, ինչպես նաև ճաշատեսակներ, սոուսներ, սալաթներ, լցոն պատրաստելու համար։ Գ-ի հյութը, խյուսը և Գ-ից պատրաստված այլ ուտելիքներ դիետիկ և բուժիչ են (տես Բուժական սնունդ): Չորացրած Գ. նախապես թրջելուց հետո օգտագործում են զանազան ապուրների մեջ։
Որպես համեմունք Գ. օգտագործում են կտրտած, ամբողջական և քերած։ Թեթևակի տապակած կամ խորոված Գ. տաք արգանակին (մեջը լցնելուց) հաճելի գույն ու համ է տալիս։ Յուղով տապակած Գ. ապուրին կամ սոուսին ավելացնում են եփվելուց 15-20 րոպե առաջ։
Գ. տապակած. Գ. կտրտել ձողիկաձև կամ քերել խոշոր քերիչով։ Ձեթով սոխառած անել, ավելացնել քերած Գ., թեթևակի տապակել, աղ ու պղպեղ ցանել, կափարիչը դնել և եփել մարմանդ կրակի վրա մինչև Գ-ի փափկելը։ Վերջում ավելացնել մանրած կանաչի։
500 գ Գ-ին՝ 2 գլուխ սոխ, 4 ճաշի գդալ ձեթ. աղը, պղպեղը և կանաչին՝ ըստ ճաշակի։
Գ-ով լցոնած տաքդեղ. Գ. կտրտել ձողիկաձև և թեթևակի տապակել ձեթի մեջ։ Ավելացնել մանր կտրտած գլուխ սոխ և եփել։ Այնուհետև ավելացնել կեղևը հանած լոլիկ և նորից տապակել 5-7 րոպե, վրան աղ, շաքարի փոշի, դարչին, մանր կտրտած մաղադանոս ցանել և հովացնել։ Տաքդեղը լվանալ, վերևից շրջանակաձև կտրել, զգուշությամբ սերմերը հեռացնել և 2-3 րոպե գցել աղ արած եռացող ջրի մեջ։ Հանել, ջուրը քամվելուց հետո լցոնել պատրաստած խյուսով, դասավորել կաթսայում, ավելացնել տաք ջուր, փակել կափարիչով և եփել ջեռոցում։
500 գ Գ-ին՝ 500 գ տաքդեղ, 150 գ գլուխ սոխ, 600 գ լոլիկ, 250 գ ձեթ, 30 գ մաղադանոս, 20 գ շաքարի փոշի, 5 գ դարչին, աղը՝ ըստ ճաշակի։