Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընթացքում գոյացած հյութը 10-15 րոպեն մեկ լցնել մսի վրա՝ այն ամեն անգամ պատառաքաղով ծակծկելով։ Տապակել 1,5-2 ժամ։

2 կգ խոզի մսին՝ 500 գ սոխ, 15 հատիկ բուրավետ պղպեղ, 2-3 գ (դանակի ծայրով) սև պղպեղ, 2-4 դափնու տերև, 1 ճաշի գդալ կարագ. աղն ու սխտորը՝ ըստ ճաշակի։

Բ. սառը խորտիկ է. կտրտում են բարակ՝ մկանային թելքերի լայնքով։

Խավարտը՝ թարմ կամ թթու վարունգ, համեմունքը՝ քացախով կծվիչ, մանանեխ, ինչպես նաև մայոնեզ և սոուս։ Որպես տաք կերակրատեսակ Բ. մատուցում են կարտոֆիլով կամ կարտոֆիլախյուսով՝ վրան լցնելով իր հյութը։

Խորհուրդ է տրվում Բ. պահել սառնարանում առանց կտրտելու (2 օրից ոչ ավելի)։ Որպեսզի միսը չչորանա, այն փաթաթում են մագաղաթաթղթով, ֆոլգայով կամ ցելոֆանով։

ԳԱԶԱՐ, աճեցնում են ամենուրեք։ Տարբերում են կերի և սեղանի սորտեր։

Սեղանի սորտերն ունեն ոչ մեծ, նուրբ, շաքարաշատ արմատապտուղներ։ Հայաստանում տարածված են Նանտյան, Շանտենե, Գյումրիի տեղական սեղանի լավագույն սորտերը։

Թարմ Գ. արժեքավոր սննդաբույս է։ Կարոտինի (6-9 մգ %) պարունակությամբ, որը մարդու օրգանիզմում հեշտությամբ փոխակերպվում է A վիտամինի, Գ. առաջինն է բանջարեղենի շարքում։ Կարևոր է մանկական սննդի համար։ Գ. պարունակում է նաև շաքար, սպիտակուցներ, պեկտինային նյութեր, հանքային աղեր (կալիումի, նատրիումի, ֆոսֆորի) և այլ կարևոր նյութեր։ Ցանկալի է պահել մոտ 0 °C ջերմաստիճանում։

Գ. օգտագործում են թարմ, չորացրած և վերամշակված, ինչպես նաև ճաշատեսակներ, սոուսներ, սալաթներ, լցոն պատրաստելու համար։ Գ-ի հյութը, խյուսը և Գ-ից պատրաստված այլ ուտելիքներ դիետիկ և բուժիչ են (տես Բուժական սնունդ): Չորացրած Գ. նախապես թրջելուց հետո օգտագործում են զանազան ապուրների մեջ։

Որպես համեմունք Գ. օգտագործում են կտրտած, ամբողջական և քերած։ Թեթևակի տապակած կամ խորոված Գ. տաք արգանակին (մեջը լցնելուց) հաճելի գույն ու համ է տալիս։ Յուղով տապակած Գ. ապուրին կամ սոուսին ավելացնում են եփվելուց 15-20 րոպե առաջ։

Գ. տապակած. Գ. կտրտել ձողիկաձև կամ քերել խոշոր քերիչով։ Ձեթով սոխառած անել, ավելացնել քերած Գ., թեթևակի տապակել, աղ ու պղպեղ ցանել, կափարիչը դնել և եփել մարմանդ կրակի վրա մինչև Գ-ի փափկելը։ Վերջում ավելացնել մանրած կանաչի։

500 գ Գ-ին՝ 2 գլուխ սոխ, 4 ճաշի գդալ ձեթ. աղը, պղպեղը և կանաչին՝ ըստ ճաշակի։

Գ-ով լցոնած տաքդեղ. Գ. կտրտել ձողիկաձև և թեթևակի տապակել ձեթի մեջ։ Ավելացնել մանր կտրտած գլուխ սոխ և եփել։ Այնուհետև ավելացնել կեղևը հանած լոլիկ և նորից տապակել 5-7 րոպե, վրան աղ, շաքարի փոշի, դարչին, մանր կտրտած մաղադանոս ցանել և հովացնել։ Տաքդեղը լվանալ, վերևից շրջանակաձև կտրել, զգուշությամբ սերմերը հեռացնել և 2-3 րոպե գցել աղ արած եռացող ջրի մեջ։ Հանել, ջուրը քամվելուց հետո լցոնել պատրաստած խյուսով, դասավորել կաթսայում, ավելացնել տաք ջուր, փակել կափարիչով և եփել ջեռոցում։

500 գ Գ-ին՝ 500 գ տաքդեղ, 150 գ գլուխ սոխ, 600 գ լոլիկ, 250 գ ձեթ, 30 գ մաղադանոս, 20 գ շաքարի փոշի, 5 գ դարչին, աղը՝ ըստ ճաշակի։

ԳԱԹԱ, պատրաստում են կաթով, ձվով, շաքարավազով, մեջը խորիզ դրած կամ անխորիզ խմորից, յուղով, իսկ պաս օրերին՝ ձեթով։ Գ. եղել է տոնական և ծիսական թխվածք։ Նախշել են փայտե կամ խեցե նախշազարդ գաթանախշիչներով կամ գլանաձև գործիքով։ Օգտագործում են նաև որպես առօրյա թխվածք։ Կան Գ-ի տարատեսակներ։

Արցախի Գ. պատրաստում են թթխմորով խմորից։ Ամանի մեջ լցնում են տաք (մինչև 30-35 °C) ջուր կամ կաթ, ավելացնում ջրով բացած խմորիչ և ալյուր։ Խառնում են մինչև միատարր զանգված դառնալը, թանզիֆով կամ սրբիչով ծածկում և 2-3 ժամ թողնում տաք տեղում։

Առանձին ամանի մեջ լցնում են փափկած յուղ և 5-7 րոպե տրորում ձեռքով։ Ավելացնում են ձու, շաքարավազ, վանիլին, աղ և տրորում մինչև միատարր զանգված դառնալը։ Այնուհետև լցնում են թթխմորի մեջ և 3-4 րոպե լավ խառնում։ Անընդհատ խառնելով քիչ-քիչ ավելացնում են ալյուր, խմոր հունցում և 35-40 րոպե թողնում տաք տեղում։

Ալյուր ցանած սեղանի (տախտակի) վրա խմորը թեթևակի հունցում են, բաժանում գնդերի (250-ական գ), ապա գրտնակում։ Ստացվում են կլոր բլիթներ (5-6 մմ հաստության), որոնց երեսին յուղ են քսում և դնում խորիզը (200 գ)։ Խմորի եզրերը միացնում են, կլոր ձև տալիս, շրջում և թեթևակի գրտնակում (1,5-2 սմ)։ Պատրաստի բլիթները դնում են սաճի վրա։ Թխելուց առաջ երեսին դեղնուց են քսում և նախշում պատառաքաղով։ Թխում են տաք ջեռոցում 30-35 րոպե։

Թթխմորի համար. 1 1/2 բաժակ ալյուր, 15 գ խմորիչ, 3/4 բաժակ ջուր։

Խմորի համար. 4 3/4 բաժակ ալյուր, 3/4 բաժակ յուղ, 5 ձու, 1 բաժակ շաքարավազ, 1 թեյի գդալ աղ, 1 պտղունց վանիլին։

Խորիզի համար. 5 բաժակ ալյուր, 1 1/2 բաժակ յուղ, 1 3/4 բաժակ շաքարափոշի։

Երեսին քսելու համար. 1 դեղնուց։

Երևանի Գ.: Ջուրը կամ կաթը տաքացնում են (մինչև 30 °C), լուծում խմորիչ, աղ, շաքարավազ, ավելացնում ձու, լցնում մաղած ալյուր։ Հունցելու ընթացքում ավելացնում են հալած յուղ։ Խմորը ծածկում են և 30-35 րոպե թողնում տաք տեղում։ Ալյուր ցանած սեղանի վրա պատրաստի խմորը բաժանում են մասերի (500 կամ 1000-ական գ), գնդում, գրտնակում, ապա օխլավում (1,5-2 մմ հաստության), յուղ քսում։ Այնուհետև խմորի շերտը երկտակում են, գրտնակում և յուղ քսում։ Այս գործողությունը կրկնում են 4-5 անգամ։ Խմորը փաթաթում են գլանաձև և բաժանում 200 գրամանոց կտորների։ Յուրաքանչյուր գունդը գրտնակում և դարձնում են կլոր բլիթ, որի կենտրոնում դնում են խորիզը (170 գ), բլիթի ծայրերը միացնում, կրկին կլոր ձև տալիս։ Ստացվում է 1,5-2 սմ հաստության բլիթ։ Այն դնում են սաճի վրա, երեսին դեղնուց քսում, նախշում և պատառաքաղով ծակծկում։

Թխում են տաք ջեռոցում 30-35 րոպե։

Խորիզի պատրաստման եղանակը նույնն է, ինչ Արցախի Գ-ինը։

Խմորի համար. 7 բաժակ ալյուր, 3/4 բաժակ յուղ, 15 գ խմորիչ, 1/2 թեյի գդալ աղ, 1 1/2 բաժակ ջուր։

Խորիզի համար. 5 բաժակ ալյուր, 1 3/4 բաժակ յուղ, 2 1/4 բաժակ շաքարափոշի։

Գրտնակելու համար՝ 3/4 բաժակ ալյուր։

Շերտավորելու համար՝ 3/4 բաժակ յուղ։

Երեսին քսելու համար՝ 4 դեղնուց։

Թերթոն Գ.: Բարձրորակ ալյուրով, ձվով, մածնով, վանիլինով պինդ խմոր են անում, բաժանում 5 գնդի, բարակ սրբիչով ծածկում և 20-30 րոպե թողնում։