ՏՏՀ/Գարեջուր
ԳԱՐԵՋՈՒՐ, թույլ ալկոհոլային փրփրուն խմիչք։ Հայաստանում Գ. պատրաստել են 2,5 հազար տարի առաջ։ Գ-ի պատրաստման համար օգտագործում են Գ-ի ածիկ, գայլուկ և ջուր՝ գարու, բրնձի, եգիպտացորենի և շաքարի հավելումով։ Գ. լինում է բաց (Գյումրի, Կիլիկիա, Կոտայք, Պլզենյան, Բավարական ևն) և մուգ (Թավշե, Ուկրաինական, Պորտեր ևն) գույնի։ Գ-ի յուրաքանչյուր տեսակ ունի ուրույն համ, բուրմունք, գույն, սպիրտի որոշակի պարունակություն։ Օրինակ, թավշե Գ պարունակում է մինչև 2,5 % սպիրտ, Գյումրին՝ առնվազն 2,9 %, Ուկրաինականը՝ 3,2 %, Կիլիկիան՝ 3,4 %, Մոսկովյանը՝ 3,5 %, Մայրաքաղաքայինը և Սլավոնականը՝ 3,6 %, Պորտերը՝ ոչ ավելի, քան 5 %: Բաց գույնի Գ-ին բնորոշ է նուրբ դառնավուն համ, մուգ գույնի Գ-ին՝ ածիկի համ և թեթևակի քաղցրություն։
Գ. առավել համեղ է 10-12 °C ջերմաստիճանում, ուստի ամռանն այն սառեցնում են, իսկ ձմռանը տաքացնում մինչև այդ ջերմաստիճանը։ Գ. պահում են հատուկ պայմաններում, քանի որ սենյակի ջերմաստիճանում այն արագ պղտորվում է, թթվում և կորցնում համային հատկությունները։ Լցավորելուց հետո 7-10 (Պորտերը՝ մինչև 17) օրվա ընթացքում +2 °C–ից մինչև +12 °C ջերմաստիճանում մութ տեղում պահելու դեպքում Գ. պահպանում է թարմությունն ու որակը։ Գ. թողարկում են 0,5 և 0,33 լ ծավալի ապակե մուգ շշերով, ինչպես նաև մեկանգամյա գործածության մետաղե տուփերով։
Գ-ի հետ սովորաբար մատուցում են տաք նրբերշիկ՝ խավարտով (խաշած կաղամբ, կարտոֆիլախյուս, կանաչ ոլոռ), խմորեղեն (չորաբլիթներ, աղի թխվածքաբլիթներ, սև հացի պաքսիմատ)։