ՏՏՀ/Գեորգենի
ԳԵՈՐԳԵՆԻ, աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա արմատապալարավոր բույսերի ցեղ։ Ընդգրկում է 15 տեսակ։ Գ-ու բազմաթիվ սորտերը բաժանված են 10 խմբի։ Բաց գրունտում մշակության մեջ օգտագործում են հետևյալ խմբերի սորտերը.
Գեղազարդիչ Գ-ներ. ունեն տարբեր մեծության (հսկայից մինչև ամենափոքր) ծաղկաբույլեր, «ծաղկաթերթիկները» (կեղծլեզվակավոր ծաղիկները) լայն են, ուղիղ, ալիքավոր, կորացած։
Կակտուսանման Գ-ների խմբի սորտերին բնորոշ են «ծաղկաթերթիկները», որոնք խմբված են խողովակներում կամ ոլորված են ասեղնաձև, երբեմն լայնացած ու ծռված ծայրերով։ Սակավաթիվ խողովակավոր ծաղիկները նկատելի են միայն ծաղկման վերջում։
Գեղազարդիչ-կակտուսանման Գ-ներ. զուգակցում են գեդազարդիչ և կակտուսանման Գ-ների հատկանիշները։
Գնդաձև Գ-ների ծաղկաբույլերը լիաթերթ են, գնդաձև, «ծաղկաթերթիկները» ոլորված են վերևում լայնացող խողովակներում և դասավորված են շատ խիտ, համակենտրոն շրջանակներով։
Փուփուլանման (պոմպոնանման) Գ-ների ծաղկաբույլերը գնդաձև Գ-ների նման են, բայց զգալիորեն ավելի փոքր չափերի։
Տեղի ընտրությունը. Գ-ները լուսասեր և ջերմասեր բույսեր են, ուստի պետք է ընտրել արևոտ, հյուսիսային քամիներից պաշտպանված վայրեր, ավելի լավ է շինությունների և տնկիների հարավային մասերում։ Պետք է խուսափել ցածրադիր վայրերից, անթույլատրելի է Գ. տնկել խոշոր ծառերի մոտ, որոնք չորացնում և հյուծում են հողը։
Հողը. Գ-ները պահանջկոտ են հողի բերրիության նկատմամբ։ Այն պետք է հարուստ լինի սննդանյութերով և ունենա փուխր-կնձիկային, խոնավատար և ջրանցիկ կառուցվածք։ Աշնանն անհրաժեշտ է հողը վերափորել 30-40 սմ խորությամբ, պարարտացնել օրգանական պարարտանյութերով (գոմաղբ՝ 1 մ²–ին 35 կգ, թռչնաղբ՝ 1 մ²–ին՝ 100-120 գ, տորֆակոմպոստ՝ 1 մ²–ին՝ 1-1,2 կգ)։ Գարնանը հողը փորել ավելի մանր, քան աշնանը և տալ բուսահող (1 մ²–ին՝ 46 կգ) կամ Ռիգայի «Բ» հանքային պարարտանյութ (1 մ²–ին՝ 15-20 գ)։
Գ-ները ավելի լավ են զարգանում և հազվադեպ են ախտահարվում սնկային հիվանդություններով, եթե նախկին վայրում տնկում են 3-5 տարուց ոչ շուտ։ Պետք է խուսափել Գ. տնկել այն վայրերում, որտեղ նախորդ տարում բույսերը վարակված են եղել սնկային հիվանդություններով։ Եթե հնարավոր չէ բույսերի հաջորդափոխումը, ապա փոխել Գ-ների համար նախատեսված փոսիկների գրունտը և հաճախակի կրացնել հողամասը։
Պարարտանյութեր. Գ-ներ տնկելիս պետք է հողը պարարտացնել սուպերֆոսֆատով (10 լ ջրին՝ 50 գ՝ 8-10 փոսիկի համար կամ 8-10 գ չոր վիճակում՝ յուրաքանչյուր փոսիկին)։ Վեգետացիայի շրջանում 2-3 շաբաթը մեկ անգամ հաջորդաբար սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով, օգտագործել փտած գոմաղբի թուրմ 1:10 հարաբերությամբ (2-3 լ թուրմ՝ 10 լ ջրին՝ 8-10 թփի համար), թռչնաղբ 1:20 (2 լ թուրմ՝ 10 լ ջրին՝ 5-8 թփին)։ Ազոտով աղքատ հողերը նույնպես կարելի է պարարտացնել (նաև աճման սկզբում)՝ տալով ազոտական պարարտանյութեր ամոնիումի սուլֆատի կամ ամոնիակային բորակի ձևով (1 մ²-ին՝ 15 գ)։
Գ-ների ծաղկման սկզբում հեղուկ ազոտական պարարտանյութերով և գոմաղբաջրով (թռչնաղբի թուրմով) լրացուցիչ սնուցումը պետք է դադարեցնել և սնուցել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով։ Սուպերֆոսֆատը և կալիումական պարարտանյութերը տալ հետևյալ հաշվով. 10 լ ջրին՝ 25-30 գ՝ 5-8 թփին, մոխիր 100 գ՝ 5-8 թփին։
Տնկումը. խորհուրդ է տրվում Գ. տնկել բաց գրունտում, ուշ գարնանային ցրտահարություններն անցնելուց հետո (մայիսի կեսերից)։ Նախ պետք է տնկել պալարավոր Գ-ները, ավելի ուշ (հունիսի 5-ից ոչ շուտ) կտրոնայինը։ Եթե տնկում են ավելի շուտ, ապա անհրաժեշտ է ցրտահարությունների ժամանակ դրանք գիշերը ծածկել ստվարաթղթե տուփերով, թղթե պարկերով։ Վերատնկելուց 5-7 օր առաջ Գ-ները դուրս բերել այգու ստվերոտ և քամուց պաշտպանված մասը, որպեսզի հարմարվեն բաց գրունտի պայմաններին։ Գրունտում տնկելուց 5-6 ժամ առաջ թաղարներում տնկած բույսերը ջրել մինչև հողագնդի լրիվ խոնավանալը։ Թզուկ սորտերի արմատապալարները խորհուրդ է տրվում տնկել միմյանցից 50 սմ, միջաաճները՝ 60-70 սմ, բարձրաճները՝ 80-100 սմ հեռավորության վրա։ Տնկման համար պետք է փորել 30 սմ x 30 սմ x 30 սմ չափերի փոսեր։ Եթե հողը նախապես չի պարարտացվել, ապա փոսիկի հատակում դնել 1-2 կգ գոմաղբ կամ կոմպոստ և խնամքով խառնել հողի հետ։ Գոմաղբի վրա լցնել հողի հետ խառնված հանքային պարարտանյութեր (15-20 գ)։ Գոմաղբի փոխարեն կարելի է օգտագործել տերևային բուսահող (յուրաքանչյուր թփին՝ 3-5 կգ)՝ միաժամանակ դրա չեզոքացման համար ավելացնելով փայտի մոխիր (50-70 գ)։
Բարձրաճ Գ-ներն անհրաժեշտ է անմիջապես կապել նախապես փոսերում խփված ցցերին։ Բույսը պետք է տնկել ցցին մոտ՝ խորացնելով պալարի վզիկը հողի մեջ 3-5 սմ։ Կտրոնային Գ-ները և սերմնաբույսերը պետք է տնկել խոր մինչև առաջին զույգ իսկական տերևները։ Տնկած բույսերն անմիջապես ջրել և ծածկել չոր հողով։ Եթե բույսերն աճեցվում են արկղերում կամ ջերմոցներում, ապա հանելիս արմատների մեծ մասը վնասվում է։ Որպեսզի արմատակալումը հաջողությամբ կատարվի բույսը պետք է տնկել նախապես ջրած հողում («ցեխի» մեջ), իսկ վերևից շաղ տալ չոր հող։
Խնամքը. ամռանը Գ-ները պետք է առատ ջրել, շոգին՝ ամեն օր, ամռան վերջին քչացնել, օգտակար է յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ երեկոյան ցողել նախապես եռացրած գոլ ջրով։ Սեզոնի ընթացքում 2-3 անգամ (աճմանը զուգընթաց) Գ-ները կապել հենարաններին, աճման ընթացքում հեռացնել կողմնային ընձյուղները։ Ընձյուղատում են մինչև ցողունի գագաթում բողբոջների առաջացման պահը։ Ծաղկատու ընձյուղի տակի վերին երկու միջհանգույցների կողմնային ճյուղերը պետք է թողնել, քանի որ հետագայում դրանք դառնում են ծաղկաբույլերի հիմնական զանգվածը։ Անհրաժեշտ է հեռացնել նաև արմատավզիկից աճող ընձյուղները՝ թողնելով 2-3 ընձյուղ։ Փուփուլանման և փոքր կակտուսանման սորտերի, ինչպես նաև մեկական տնկածների կողմնային ընձյուղները կարելի է թողնել։ Անհրաժեշտ է նաև ժամանակին հեռացնել ավելորդ կոկոնները։ Ծաղկակրի վրա 3 կոկոնից թողնել մեկը, երբեմն՝ երկուսը։ Թառամած ծաղկաբույլերը պետք է կտրել, քանի որ դրանք կասեցնում են կոկոնների առաջացումը։
Լավ աճին և ծաղկմանը նպաստում են սնուցումները, որոնք ամռան ընթացքում պետք է կատարել առնվազն երեք անգամ։ Բացի վերը նշված պարարտացնող խառնուրդներից կարելի է օգտագործել կոյաջուր (1:10), թռչնաղբի թուրմ (1:20) մեկ թփին՝ 1-1,5 լ հաշվով։
Ամռան վերջին խորհուրդ է տրվում թփերը բուկլից անել (մինչև 15 սմ) չոր հողով. դա բացառում է բույսի ստորին մասերի ցրտահարման հնարավորությունը։
Բույսերի հողից հանումը և պահպանումը. Գ-ի հանումը պետք է ավարտել մինչև զգալի սառնամանիքների սկսվելը։ Եղանակային պայմաններից կախված այն կատարում են հոկտեմբերի ընթացքում։ Հանելուց առաջ ցողուններն էտում են՝ թողնելով 10-15 սմ հիմք։ Ավելի լավ է բույսը հանել այգու եղաններով՝ միաժամանակ փորելով երկու կողմից։ Պալարների վրայի հողը պետք չէ թափ տալ (այլ հանձնարարականով՝ պալարները պետք է մաքրել հողից)։ Հանված արմատապալարները սկզբում 2-3 շաբաթ պահել սառը և լավ օդափոխվող սենյակում, 80-90 % հարաբերական խոնավության պայմաններում։ Ձմռանը խորհուրդ է տրվում արմատապալարները պահել մառաններում, նկուղներում, 3-6 °C–ի և 50-60 % հարաբերական խոնավության պայմաններում։ Լավ կոփված արմատապալարները կարելի է պահել և բնակարանում, որի համար դրանք պետք է տեղավորել արկղերում, վրան լցնել չոր ավազ, հող կամ տորֆ և պահպանության համար դնել սառը տեղ։ Պահպանման շրջանում հետևել և հեռացնել հիվանդ արմատապալարները, ստուգել առողջների վիճակը (չորանալու դեպքում կարելի է ցողել ջրով)։
Բազմացումը. Գ. բազմացնում են սերմերով, արմատապալարների աչքերի բաժանմամբ, կտրոններով։ Սերմերով բազմացումը կիրառվում է թզուկ, մուգ տերևներ ունեցող սորտերի միամյա բույսերի և նոր սորտերի ստացման դեպքում։
Սորտային Գ-ները բազմացնում են միայն վեգետատիվ եղանակով, բաժանմամբ և կտրոնավորմամբ՝ պահպանելու հաճար սորտի հատկանիշները։ Բաժանումից առաջ խորհուրդ է տրվում արմատապալարներն աճեցնել, որ «աչքերը» լավ տեսանելի դառնան։ Այդ նպատակով պետք է դրանք 1/3-ի բարձրությամբ թաղել ավազի (տորֆի, տաշեղների) մեջ և պահել լուսավոր շինությունում, 20-25 °C–ի պայմաններում չափավոր խոնավացնելով հիմնանյութը։ Արմատապալարների բաժանումն սկսել, երբ բողբոջներն արմատավզիկի վրա դառնան լավ նկատելի։ Բունը մի քանի ցողունների հետ ձեռքով բաժանել մեկ ցողուն ունեցող մասերի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին այնպես բաժանել, որ ունենան արմատավզիկի մաս աճման բողբոջներով՝ «աչքերով» և գոնե մեկ պալարաձև հաստացում։ Բաժանված մասերը տնկել կտրվածքի չորանալուց հետո (ավելի լավ է կտրվածքի վրա ցանել ծեծած ածուխ)։ Արմատապալարների վրա իսկական ծիլերի հայտնվելու դեպքում դրանք պահել մինչև 15 °C–ի պայմաններում և ջրելը պակասեցնել։ Տնկելուց առաջ հեռացնել թույլ ճյուղերը՝ թողնելով 2-3 ուժեղները։
Կտրոններով բազմացնելիս 6-8 սմ բարձրության ծիլերը պետք է անջատել արմատապալարներից։ Կտրոնները կոտրում են ծիլի հիմքի մոտ՝ օղակաձև գոյացության մեկ մասի (կտրոնը «կրունկի») հետ, կամ կտրում են 45° անկյան տակ օղակաձև գոյացության մի փոքր հատվածով։ Օգտագործում են նաև ցողունային կտրոնները։ Կտրվածքը պետք է անել անմիջապես տերևների հանգույցի տակ, որոնք տնկելուց առաջ անհրաժեշտ է հեռացնել։ Լավագույն տնկանյութ ստացվում է ապրիլ ամսին ստացված կտրոններից։ Վերջիններիս արմատակալումը կատարել հատուկ ջերմատներում, արկղերում՝ պոլիէթիլենային թաղանթի տակ, թաղարներում՝ անոթի տակ և այլն։ Գլխավորը կտրոնների շուրջը ստեղծել և պահպանել օդի բարձր խոնավություն։ Որպես հիմնանյութ (սուբստրատ) պետք է օգտագործել մաքուր շիկացած կամ եռացրած ջրով լվացած ավազ (8-10 սմ շերտով)։ Ավազը պետք է լինի խոնավ, բայց ոչ թաց։ Կտրոնները կտրելիս անհրաժեշտ է վարակազերծել օգտագործվող գործիքները։ Կտրոնների լավ արմատակալման համար, տնկելուց առաջ, պետք է մշակել աճին նպաստող նյութով (օրինակ, հետերոաուքսինով), կտրվածքները թաթախել հետերոաուքսինի և փայտի ածուխի փոշու (1:1) մեջ։ Արմատակալումն սկսվում է 12-20-րդ օրը։ Արմատակալած կտրոնները խորհուրդ է տրվում վերատնկել սննդարար հողախառնուրդ պարունակող, 7-9 սմ տրամագծով թաղարների կամ արկղերի մեջ և պահել սենյակում, ջերմոցում։ Մայիսին կարելի է դրանք տեղափոխել կիսատաք և սառը ջերմոցներ։ Ցրտահարությունների դեպքում ջերմոցների փեղկերը տաքացնել, իսկ բույսերի կոփման համար ցերեկը փեղկերը բացել։
Հիվանդությունները, տարբերում են Գ-ների վիրուսային, բակտերային և սնկային հիվանդություններ։ Վիրուսային հիվանդություններից են. դեղին օղակաձև բծավորությունը, որի ժամանակ տերևների ծայրերին հայտնվում են վառ դեղին օղակներ և կեռագծեր։ Բրոնզայնություն. բաց դեղնավուն օղակներ և տարբեր պատկերներ հիմնականում առաջանում են տերևների միջին մասում, ախտահարված հյուսվածքները մահանում են։ Վիրուսային խայտաբղետություն (մոզաիկա). հիվանդության 2-րդ տարում գոյանում է տերևների կնճռոտվածություն, միջհանգույցների կարճացում, կողմնային ընձյուղների ուժեղ զարգացածություն, թզուկություն, ծաղկաբույլները կորցնում են գեղազարդությունը։ Ուժեղ ախտահարված բույսերը չորանում են։ Կաղնիանման խայտաբղետություն. տերևների վրա առաջանում է դժգույն շերտ, որն ուրվագծով նման է կաղնու տերևին, բույսը վատ է աճում ու զարգանում։
Պայքարի միջոցները. վիրուսային հիվանդությունով ախտահարված բույսերը պետք է ոչնչացնել։ Գույքն ու գործիքները խնամքով ախտահանել։ Հողը ախտահանել և վերափորել հողի շերտը շրջելով (առը շուռ տալով)։
Բակտերային հիվանդություններից են բակտերային քաղցկեղը և գերաճը։ Առաջինի դեպքում արմատավզիկի վրա առաջանում են սպիտակ գույնի թմբիկավոր պալարներ, որոնք հետագայում գորշանում են։ Աշնանը պալարների տրամագիծը հասնում է 10-12 սմ-ի։ Դրանք փտում են, քայքայվում, և հողը վարակում բակտերիաներով, որոնք հողում պահպանվում են մինչև 5 տարի։ Գերաճի դեպքում ցողունի ստորին մասում առաջանում են հաստացած, կարճ, բաց կանաչավուն երիտասարդ ընձյուղներ։ Բույսերը վարակվում են արմատապալարների վնասված մասերի միջոցով։
Պայքարի միջոցները. հիվանդ բույսերի ոչնչացում, բույսերի հաջորդականության պահպանում։
Սնկային հիվանդություններ. Գ-ներն ախտահարվում են սև ոտիկով, վերտիցիլյոզով, փտման տարբեր տեսակներով, ալրացողով, բծավորությամբ։ Սևոտիկի հարուցիչն առավելապես ախտահարում է երիտասարդ սերմնաբույսերը և կտրոնային բույսերը։ Հիվանդ բույսերի ցողունը հողի մակերևույթի մոտ մգանում է, բարակում, թեքվում, և բույսը ոչնչանում է։ Կանխարգելման նպատակով սերմնաբույսերն ու արմատակալած կտրոնները պետք է տնկել չորս և ավելի տարի կույտերում մնացած, այսինքն կենսաբանորեն վարակազերծված հողի մեջ։
Պայքարի միջոցները. հիվանդ բույսեր հայտնաբերված հողի վրա լցնել 1%-անոց կալիումի պերմանգանատի լուծույթ։
Վերտիցիլյոզի (թառամման հիվանդություն) դեպքում բույսերը հանկարծակի թառամում և դեղնում են։ Հիվանդությունն ավելի հաճախ զարգանում է շոգ ամռանը և արագորեն տարածվում, բույսերը ոչնչանում են։
Պայքարի միջոցները. անհապաղ այրել մահացած բույսերը, հողը մշակել քլորակրով և վերափորել։
Սկլերոտինոզը կամ սպիտակ փտումն առաջանում է ցողունների վնասված մասերով սնկի սպորների թափանցելու և բողբոջման դեպքում։ Ախտահարված մասերը դեղնում են, փտում, բույսերի վերգետնյա զանգվածն ամբողջովին ոչնչանում է։
Պայքարի միջոցները. բույսը կտրել ախտահարված տեղից ցած և անհապաղ ոչնչացնել, կտրվածքների վրա ցանել մոխիր։ Ուժեղ ախտահարման դեպքում բույսն ամբողջովին ոչնչացնել, հողն ախտահանել քլորակրով և վերափորել։
Ֆուզարիոզը կամ չոր փտումը դրսևորվում է տերևների և ցողունների դեղնությամբ։ Ախտահարված հատվածներում գոյանում են վարդագույն բարձիկներ՝ սպորակիր սնկեր։ Ձմռանը պահելիս ախտահարվում են արմատապալարները։
Պայքարի միջոցները. քիչ ախտահարման դեպքում հիվանդ հատվածները կտրել մինչև առողջ մասը, կտրվածքի վրա ցանել մոխիր կամ ածխի փոշու և ծծմբի խառնուրդ։ Ուժեղ ախտահարման դեպքում բույսերը ոչընչացնել, հողը ախտահանել և վերափորել։
Ալրացողն արտահայտվում է տերևների և ցողունների վրա սպիտակ փառի առաջացմամբ, որը խանգարում է դրանց կենսագործունեությանը։
Պայքարի միջոցները. հիվանդության առաջին նշանների դեպքում սրսկել պղնձաօճառային խառնուրդ (2 գ պղնձարջասպ, 20 գ կանաչ օճառ, 1լ ջուր) կամ պղինձ պարունակող այլ պատրաստուկներ, սրսկումը կրկնել երկու շաբաթ անց։
Վնասատուները. Գ-ներին առավել վնաս են հասցնում ծծող միջատները, տարբեր տեսակի լվիճները, տրիպսները, մարգագետնային մլուկը, որոնք վիրուսային հիվանդությունների փոխանցողներ են։
Պայքարի միջոցները. հեղուկ կալիումական կամ տնտեսական օճառի (10 լ ջրին 250-300 գ), 0.2-0.3 %-անոց կարբոֆոսի կամ քլորոֆոսի լուծույթների սրսկում։ Լվիճների դեմ կարելի է օգտագործել ծխախոտի թուրմ։
Լորձնախխունջները, մժղուկները, կաղամբի, կարտոֆիլի և աշնանացանի բվիկների թրթուրները սնվում են կտրոնների շիվերով և տերևներով, հասուն բույսերի ծաղկաբույլերով և տերևներով։
Պայքարի միջոցները. ձեռքով հավաքել և ոչնչացնել։ Լարաթրթուրը (չրխկան բզեզի թրթուրը) ուտում է պալարի հյուսվածքը, բացում անցքեր, և պալարը փտում է։
Պայքարի միջոցները. թրթուրներն ու բզեզները հավաքել և ոչնչացնել, հողի վրա լցնել 10-30 %-անոց կարբոֆոսի, քլորոֆոսի լուծույթներ։
Նեմատոդները վնասում են արմատները, ցողունները և տերևները։ Մտնելով դրանց մեջ՝ արմատների և ցողունների վրա առաջացնում են փքվածքներ (գալեր), որի հետևանքով տերևները գորշանում են և մահանում, ի վերջո բույսերը ոչնչանում են։
Պայքարի միջոցները. Գ-ների շարքերի միջև տնկել թավշածաղիկ, որը նպաստում է վնասատուների քանակի նվազմանը։ Հողամասը պահել մաքուր վիճակում, պահպանել բույսերի հաջորդափոխությունը։
Գ. օգտագործվում է ծաղկանոցների, ծաղկաթմբերի ձևավորումների և կտրած ծաղիկներ ունենալու համար։