ՏՏՀ/Գետնաելակ
ԳԵՏՆԱԵԼԱԿ, Հայաստանում աճեցնում են գրեթե ամենուր։ Գ-ի սորտերը տարբերվում են ձևով, չափով, զանգվածով և հատապտուղների գույնով՝ սպիտակից մինչև մուգ կարմիր։ Տնամերձ հողամասերում աճեցնում են առավելապես այգու խոշորապտուղ Գ., որը հաճախ անվանում են ելակ: Այգու Գ. արտաքուստ տարբերվում է ելակից ավելի խոշոր հատապտուղներով և տերևների ավելի մուգ գույնով։ Այգու Գ-ի հատապտուղներն ավելի հեշտ են պոկվում ծաղկաբաժակից քան ելակինը։
Տարածված է նաև անտառներում, անտառեզրերին և անտառի բացատներում աճող անտառային Գ.։ Հայաստանում առավել տարածված սորտերն են Գյումրու վաղահասը և ուշահասը, Աբրիկոսը։
Այգու Գ-ի մշակության մասին տես Այգի հոդվածում։
Հայաստանում Գ. հասունանում է մայիս-հունիսին։
Գ-ի ռեմոնտանտ կոչվող սորտերը ծաղկում և պտղաբերում են հունիսից մինչև աշնան վերջը։ Հատապտուղներն ավելի լավ է հավաքել առավոտյան (ցողը վերանալուց հետո) կամ երեկոյան։ Տեղափոխելու կամ կարճ ժամանակով պահելու համար հատապտուղները հավաքում են պտղակոթերի հետ։ Սովորական պայմաններում Գ. պահպանվում է 1 օր, իսկ մոտ 0 °C ջերմաստիճանում՝ 5-7 օր։ Գ. պարունակում է 84,5 % ջուր, 6,2 % շաքար, օրգանական թթուներ, ազոտային նյութեր, թաղանթանյութ, ինչպես նաև օրգանիզմի համար անհրաժեշտ երկաթի, ֆոսֆորի հանքային աղեր։ Հատապտուղները հարուստ են C վիտամինով (50 մգ %):
Գ. ունի հաճելի համ ու բույր։ Օգտագործում են թարմ և սառեցրած, մուրաբա և ջեմ եփելու, հյութեր, օշարակներ ևն պատրաստելու համար։
Այգու և անտառային Գ. թարմ վիճակում օգտագործելուց առաջ պետք է մաքրել պտղակոթից և տերևներից, լվանալ նախապես եռացրած ջրով։
Գ-ից պատրաստում են աղանդեր, կոմպոտ։ Սառեցրած հատապտուղներն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է հալեցնել սենյակի ջերմաստիճանում։
Գետնաելակի ըմպելիք. հատապտուղները մաքրել և լվանալ, տրորել, խառնել կաթի և շաքարավազի հետ, ավելացնել աղ և հարել մինչև համասեռ զանգված դառնալը։ Մատուցում են սառը։
1 բաժակ տրորած հատապտղին՝ 3/4 բաժակ կաթ, 1 ճաշի գդալ շաքարավազ, մի քիչ աղ (դանակի ծայրով)։
Գետնաելակի կիսել. հատապտուղները մաքրել, լվանալ, տրորել և անցկացնել մաղով։ Ջրով պատրաստել շաքարի օշարակ, ավելացնել ջրով բացած կարտոֆիլի ալյուր, եռացնել, խառնել տրորած խյուսին և հովացնել։