ՏՏՀ/Գլխապտույտ
ԳԼԽԱՊՏՈՒՅՏ, սովորաբար առաջանում է կարճատև (րոպեներ, ժամեր) նոպաների ձևով, սակայն կարող է տևել մի քանի օր և նույնիսկ շաբաթ։ Ուժեղ Գ. սովորաբար ուղեկցվում է հավասարակշռության խանգարումով, սրտխառնոցով կամ փսխումով, գունատությամբ, սառը քրտնարտադրությամբ, դողով։ Գ–ի անմիջական պատճառն անդաստակային ապարատի (ներքին ականջ) և ուղեղիկի ախտահարումն է (կամ գրգռումը), որոնք առավելապես կարգավորում են մարմնի հավասարակշռությունը, ինչպես նաև տեսողության (որը մասնակցում է տարածության մեջ կողմնորոշմանը) խանգարումները։ Գ. կարող է առաջանալ առողջ մարդկանց մոտ մարմնի դիրքը կտրուկ փոխելիս (ճոճանակով ճոճվելիս, պտտվելիս, արագ վերելքի և վայրէջքի ժամանակ)։ Այն սովորաբար ուղեկցում է միջին և ներքին ականջի բորբոքմանը (տես Ականջաբորբ), գլխուղեղի վնասվածքներին, ուռուցքներին, ուղեղի ցնցմանը, գլխուղեղի արյան անոթների ախտահարմանը (աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, հիպոտոնիայի դեպքերում)։ Գլխուղեղի անոթային անբավարարության հետ կապված Գ. լինում է ուշագնացության ժամանակ։ Գ-ով են ուղեկցվում նաև թունավորումները (այդ թվում ալկոհոլով, շմոլ գազով թունավորվելիս, չափից ավելի ծխելիս, ցնդող թունավոր նյութեր շնչելիս)։ Վերջինն առավել հաճախ կապված է կենցաղային քիմիայի միջոցների անզգույշ օգտագործման հետ։ Ուժեղ Գ-ի ժամանակ հարկավոր է հիվանդին պառկեցնել անկողնում և բժիշկ հրավիրել։ Բուժման համար պետք է վերացնել Գ. առաջացնող հիմնական պատճառը։