ՏՏՀ/Գորտնուկներ
ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐ, տարբերում են սովորական կամ հասարակ, տափակ կամ պատանեկան, սրածայր և ծերունական Գ.։
Սովորական Գ. քորոցի գլխիկից մինչև սիսեռի հատիկի մեծության, կիսագնդաձև կամ ձվաձև վերնամաշկային հանգուցիկներ են։ Տեղակայվում են ձեռքերի թիկնային, մատների կողմնային մակերևույթներին, ներբաններին։ Եղունգների շուրջը և ներբանների Գ. կարող են ցավոտ լինել։
Տափակ կամ պատանեկան Գ. խիստ սահմանազատված, կլոր կամ սրածայր, ոչ մեծ հանգույցներ են։ Տեղակայվում են դեմքին և ձեռքերի թիկնային մակերևույթներին։ Սերտ շփման ժամանակ կարող են փոխանցվել առողջ մարդկանց։ Երբեմն մի քանի ամիս անց ինքնաբերաբար անհետանում են։
Սրածայր Գ. (սրածայր կոնդիլոմներ) առաջանում են մաշկի երկարատև գրգռման ենթակա հատվածներում։ Երբեմն դրանք գերաճում են՝ հիշեցնելով աքաղաղի կատար կամ ծաղկակաղամբի գլխիկ։
Սովորական, տափակ և սրածայր Գ–ի հարուցիչը քամվող վիրուսն է։ Վարակվում են հիվանդի հետ անմիջականորեն շփվելիս կամ նրա կենցաղային իրերն օգտագործելիս։ Կանխարգելման նպատակով հարկավոր է ձեռքերը հաճախակի լվանալ, օգտագործել անհատական սրբիչ։ Ածելին, վրձինը և մկրատները եռացրած ջրով լվանալ, եղունգների խոզանակը պետք է մաքուր պահել, ուրիշի ձեռնոցներ և գուլպաներ չհագնել։
Ծերունական Գ. երբեմն առաջանում են տարեց մարդկանց մոտ։ Կլոր են, ձվաձև կամ անկանոն, ոսպի մեծության։ Առավել հաճախ տեղակայվում են կրծքին, մեջքին, դեմքին։ Գորշ դեղին են կամ դարչնագույն։ Երբեմն մաշկի վրա առաջանում են, այսպես կոչված, եղջերային ուռուցքներ (կերատոմաներ), որոնք տարբեր գրգռիչների (ֆիզիկական, մեխանիկական, քիմիական) ազդեցոթյան տակ կարող են վերածվել չարորակ ուռուցքների, ուստի մաշկի վրա գերաճումներ հայտնվելիս անպայման պետք է դիմել բժշկի։
Խորհուրդ չի տրվում Գ. (հատկապես երեխաների) բուժել տնային պայմաններում։ Թթուներով, հիմքերով ոչ հմուտ այրումը կարող է առաջացնել այրվածքներ ու սպիներ։ Գ. հայտնաբերելիս անհրաժեշտ դիմել բժշկի։