Jump to content

ՏՏՀ/Գունաերաժշտական կայանք (կամ կցուրդ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳՈՒՆԱԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՅԱՆՔ (կամ կցուրդ), միացվում է ձայնավերարտադրիչ էլեկտրա– և ռադիոսարքերին (էլեկտրաերաժշտական գործիքներ, մագնիտոֆոն, էլեկտրոֆոն, ռադիոընդունիչ, հեռուստացույց), ունկնդիրների վրա երաժշտության հուզական ներգործության ուժեղացման համար երաժշտական ծրագիրը գունաշարժ խաղով լրացնելու եղանակով։ Կայանքը կարող է օգտագործվել նաև իբրև գունավոր լուսատու։ Բաղկացած է լուսաօպտիկական սարքվածքից և կառավարման էլեկտրոնային բլոկից։ Լուսաօպտիկական սարքվածքը գունավոր լամպեր (շարանով կամ միայնակ), գունավոր ապակիներով լուսարձակներ, կաթնասպիտակավուն ապակուց կամ պլեքսիգլասից (օրգապակի) զանազան էկրաններ են տափակ, գլանաձև, գնդաձև, բազմանիստ, հատակադիր, սեղանի կամ պատի (օրինակ, հատակադիր ջահի, սկահակի, որմնալամպի ձևով)։ Սովորաբար Գ. կ-ներում օգտագործվում է 3 գույն կարմիր, կանաչ և կապույտ, ավելի սակավ կիրառվում է չորս կամ ավելի գույն՝ կարմիր, կապույտ (մանուշակագույն), կանաչ, դեղին (նարնջագույն)։

Երաժշտությանն ուղեկցող գունաշարժ խաղը կայանքում ձեռք է բերվում հնչող մեղեդու բարձրությանը և տեմբրին համաժամ գունավոր լամպերի լուսարձակման պայծառության փոփոխությամբ։ Օրինակ, եթե երաժշտության մեջ գերակշռում են ցածր (բասային) տոները, ապա պայծառանում են կարմիր լամպերը առաջացնելով լարված մթնոլորտ, ունկնդիրների մեջ տագնապի զգացում։ Բարձր տոներն ուղեկցվում են կապույտ լամպերի լուսարձակմամբ ուժեղացնելով երաժշտության թափանցիկության, եթերայնության տպավորությունը։ Միջին տոնին համապատասխանող կանաչ գույնը գունաշարի հիմքն է և ունկնդիրների վրա հանգստացնող ազդեցություն է գործում առաջ բերելով վստահության, կայունության զգացում։

Բեմական ներկայացումներում, էստրադային համերգներում, դիսկոտեկներում և հանդիսային այլ միջոցառումներում օգտագործում են գունաբաժանումով Գ. կ-ներ. յուրաքանչյուր լամպ (կամ լուսարձակ) ուժգին կամ թույլ է լուսավորում այս կամ այն տոնի ձայնի ուժի փոփոխության տակտերին համապատասխան՝ դահլիճում առաջացնելով առկայծող լուսավորություն։

Տնային պայմաններում առավել մեծ տարածում են ստացել գունավերադրումով էկրանային գունաերաժշտական կցուրդները։ Այդպիսի կայանքներում տարագույն լամպերից լույսն ուղղվում է դեպի ընդհանուր կաթնասպիտակավուն էկրանը։ Գույների լուսային հոսքերի վերադրումից էկրանի առկայծումները ձեռք են բերում անընդհատ փոփոխվող տարբեր երանգներ՝ կախված այն բանից, թե որ գույնն է (տոնը երաժշտության մեջ) տվյալ պահին գերակշռում. ընդ որում էկրանի լուսարձակման պայծառությունը տատանվում է աննշան չափով, քանի որ այդ դեպքում այն կախված է վերարտադրող սարքի հնչողության բարձրության ըստ ժամանակի միջինացված արժեքից։

Գունավոր լամպերի լուսարձակման պայծառությունը կարգավորվում է կառավարման էլեկտրոնային բլոկով, որն անմիջականորեն միացվում է ձայնավերարտադրման սարքին։ Վերարտադրող սարքից կառավարման բլոկ մուտք գործող ձայնային հաճախության էլեկտրական ազդանշաններն այնտեղ ըստ հաճախության բաժանվում են ցածր, միջին և բարձր ձայնային տոնի համապատասխանող ազդանշանների, վերջիններս էլ ուժեղացումից հետո տրվում են գունավոր լամպերի շիկացման թելիկներին։