ՏՏՀ/Գործիքներ էլեկտրական
ԳՈՐԾԻՔՆԵՐ էլեկտրական, կիրառվում են սղոցելու, գայլիկոնելու, սրելու, տաշելու, տարբեր մակերևույթներ հղկելու, փայտե, մետաղե, պլաստմասսայե զանազան իրեր պատրաստելու, ինչպես նաև բնակարանը և կենցաղային իրերը նորոգելու համար։ Լինում են ձեռքի և սեղանի Գ.։ Էլեկտրական Գ-ից օգտվելիս անհրաժեշտ է խստորեն հետևել դրանց շահագործման կանոններին։ Աշխատանքն սկսելուց առաջ պետք է համոզվել, որ գործիքը սարքին է, իրանը, միացնող կաբելի (կամ լարի) մեկուսապատվածքը վնասվածքներ չունեն, պտտվող մասերի ամրակապումը հուսալի է։ Զննելուց, նորոգելուց և կարգաբերելուց առաջ Գ. անհրաժեշտ է անջատել էլեկտրական ցանցից։
Գ-ից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները։ Անթույլատրելի է սկավառակային սղոցը կամ հղկասկավառակն օգտագործել առանց պաշտպանական պատյանի։ Պտտման մեծ արագություն ունեցող Գ-ով փայտե իրեր մշակելիս աչքերը պետք է պաշտպանել ակնոցով։ Հարկավոր է ուշադիր լինել, որ հագուստը չդիպչի գործիքի շարժվող մասերին։ Ոչ մի դեպքում չի կարելի օգտվել անսարք Գ-ից (ամենաչնչին անսարքության դեպքում հարկավոր է անմիջապես դադարեցնել աշխատանքը և գործիքն անջատել էլեկտրացանցից)։
Էլեկտրառանդայով մշակում են փայտե իրերի մակերևույթները։ Ունի թմբուկների վրա ամրացված դանակներ, որոնք շարժման մեջ են դրվում արագընթաց կոլեկտորային էլեկտրաշարժիչով, և ռանդելու խորությունը կարգավորող մեխանիզմ։
Սկավառակային էլեկտրասղոցը գործածում են պողպատե սղոցասկավառակով փայտ սղոցելու համար։ Աշխատանքն ավարտելուց հետո սկավառակն ավտոմատորեն մեկուսացվում է։
Էլեկտրասրոցը նախատեսված է տնտեսական և խոհանոցային զանազան գործիքների ու պիտույքների, ինչպես նաև հյուսնային ու փականագործական-մոնտաժային Գ. սրելու համար։ Սրոցը կարող է օգտագործվել նաև ողորկման համար։ Զմռնիտե սկավառակները, գործվածքե, թաղիքե ողորկիչ սկավառակները տեղակայվում են ելքի երկու լիսեռներից մեկի վրա։
Էլեկտրասղոցակով փայտից, պլաստմասսայից և փափուկ մետաղից սղոցելով պատրաստում են զանազան իրեր։ Մշակվող իրի հաստությունը 15 մմ-ից չպետք է անցնի։
Ձեռքի ողորկիչ մեքենան կիրառվում է տնային գործածության զանազան իրերի մակերևույթները, հատակը, ավտոմոբիլի թափքը ողորկելու, ինչպես նաև հին ներկաշերտը հեռացնելու և մակերևույթը ներկման նախապատրաստելու համար։ Համեմատաբար կոպիտ նախնական ողորկման համար օգտագործում են տարբեր կոշտության հղկաթուղթ, իսկ վերջնամշակման համար նրբաթաղիք կամ գործվածք։ Ողորկման ժամանակ, ըստ անհրաժեշտության, կարելի է ավելացնել ողորկիչ մածուկ, կախույթ և այլ հղկանյութեր։
Սեղանի փայտամշակման հաստոցով փայտից և փափուկ այլ նյութերից պատրաստում են զանազան իրեր։ Հաստոցով կարելի է ֆրեզել վարակներ, տաշել դետալներ, գայլիկոնել անցքեր, ֆուգանել և կտրել տախտակեր։ Հաստոցը կարելի է օգտագործել նաև Գ. սրելու համար։
Ձեռքի էլեկտրագայլիկոնիչ մեքենան (էլեկտրագայլիկոնիչ) կիրառվում է մետաղե, փայտե և պլաստմասսայե իրերի, աղյուսի ու բետոնի մեջ անցքեր գայլիկոնելու ու լայնացնելու համար։ Գայլիկոնի կապիչը նախատեսված է տարբեր տրամագծի գայլիկոնների համար։
«Հմուտ ձեռքեր» լրակազմը համապիտանի (սրող, գայլիկոնող, հղկող և կտրող) հաստոց է։ Աշխատանքները կատարվում են լրակազմի մեջ մտնող դետալների և Գ-ի (ֆրեզ, հղկասկավառակ, ողորկիչ տափօղակ, դուր ևն) օգնությամբ։