ՏՏՀ/Գունակային բծեր
ԳՈՒՆԱԿԱՅԻՆ ԲԾԵՐ, պիգմենտային բծեր, մաշկի վրա լինում են բնածին կամ առաջանում են օրգանիզմում տարբեր խանգարումների առկայության պայմաններում, ինչպես նաև արտաքին գործոնների (այրվածք, ցրտահարություն) ազդեցությունից։ Գունակային տարբեր բծեր են առաջանում մակերիկամների հիվանդության (Ադիսոնի հիվանդություն կամ բրոնզախտ), օրգանիզմում նիկոտինաթթվի, ինչպես նաև PP խմբի վիտամինների անբավարարության (պելագրա) ժամանակ։
Գունակավորման խանգարման ձևերից է, այսպես կոչված, խլոազմը, որն արտահայտվում է ճակատի, քթի, այտերի, պարանոցի վրա համաչափ դասավորված, անկանոն գծագրությամբ դեղնադարչնագույն բծերի առաջացմամբ։ Խլոազմը կարող է առաջանալ նաև ներզատիչ գեղձերի (հատկապես ձվարանների) գործունեության խանգարման, լյարդի, ստամոքսաղիքային համակարգի, ճիճվային հիվանդությունների, սակավարյունության, անբավարար սնման հետևանքով։ Խլոազմը հաճախ ի հայտ է գալիս հղիության շրջանում և ծննդաբերությունից հետո երբեմն կարող է պահպանվել երկար ժամանակ։
Արմունկների և ծնկերի շրջանում թեփոտվող մակերևույթով դեղնադարչնագույն բծերի առաջացումը կարող է սննղում վիտամին A-ի անբավարարության հետևանք լինել։ Այդպիսի բծեր և զոլեր կարող են առաջանալ ձիգ կապած գոտու, կրծքակալի ուսակապի ճնշման հետևանքով։ Մաշկածածկույթների մուգ գորշագույն ցանցանման գունավորումը (արտադրական գունակավորում) կարող է առաջանալ ֆենոլ գործածելիս, ինչպես նաև ածխաջրածինների գոլորշիներ շնչելիս կամ մկնդեղ պարունակող պատրաստուկներ ընդունելիս։
Որոշ մարդկանց մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ ունի բարձր զգայունություն, և գարնան արևից այն նախ բորբոքվում է, այնուհետև մգանում՝ առաջացնելով տարբեր ձևի և մեծության բծեր։
Գ. բ-ի տեղային բուժումը կատարվում է բժշկակոսմետոլոգիական հիմնարկներում։ Տանը բծերը փոքր-ինչ գունազրկելու համար կարելի է մաշկը սրբել մածունով, երկու-երեքօրյա կեֆիրով կամ ջրածնի գերօքսիդի 3 %-անոց լուծույթով։ Խլոազմների ժամանակ ամռան ամիսներին խորհուրդ է տրվում մաշկը սրբել վարունգի, սև հաղարջի հյութով։
Գ. բ. կարելի է գունազրկել նաև հատուկ մաշկաքսուքներով։ Դրանք օգտագործելուց առաջ դեմքը լվանում կամ մաքրում են լոսյոնով։ Մաշկաքսուքը քսում են դեմքին և թողնում 40-60 րոպե, այնուհետև մնացորդները մաքրում են խոնավ բամբակով։ Խորհուրդ չի տրվում լվացվել։
Տնային պայմաններում կարելի է ինքնուրույն պատրաստել սպիտակեցնող մաշկաքսուք։ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնում են 1 ճաշի գդալ քացախի հետ և ավելացնում 2 թեյի գդալ եռացրած ջուր։ Այս խառնուրդով դեմքն ամեն օր մաքրում են։ Եթե մաշկը չոր է, խառնուրդին ավելացնում են 1 թեյի գդալ բուսական յուղ։ Դեմքը կարելի է մաքրել նաև կիտրոնի, վարունգի փոքրիկ կտորներով, կեֆիրով, մածունով, որից հետո լվացվում են կամ դեմքը մաքրում լոսյոնով ու դիմափոշի քսում։
Գ. բ. լրիվ վերացնել հնարավոր է կոսմետոլոգիական բուժարաններում մաշկի վերին շերտի թեփահանման եղանակով կամ «հղկող» սարքի օգնությամբ։
Կանոնավոր օգտագործելով սպիտակեցնող միջոցները՝ 1,5-2 ամսվա ընթացքում ստանում են նկատելի արդյունք։
Քանի որ արևի ճառագայթների ազդեցությունից Գ. բ. մգանում են, ուստի գարնանը և ամռանը խորհուրդ է տրվում մաշկը պաշտպանել հատուկ մաշկաքսուքներով։ Տես Մաշկաքսուք: