Jump to content

ՏՏՀ/Գրադարան տնային

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳՐԱԴԱՐԱՆ ՏՆԱՅԻՆ, տնային գրադարանի բնույթը և գրքակազմը կախված են ընտանիքի անդամների հետաքրքրություններից, գրական-գեղարվեստական ճաշակից, աշխատանքի բնույթից։ Տնային գրադարանը սովորաբար կազմվում է մասնագիտական և ուսումնական գրականությունից, ընդհանուր բնույթի տեղեկատու-հանրագիտարանային հրատարակություններից, գիտության կամ արվեստի որոշակի բնագավառներին վերաբերվող գրքերից, գեղարվեստական և մանկական գրականությունից, պարբերական հրատարակություններից։

Այսպես կոչված աշխատանքային գրադարանի կազմը պայմանավորված է ընտանիքի անդամների մասնագիտությամբ։ Դա անհրաժեշտ մասնագիտական կամ ուսումնական գրականություն է, ինչպես նաև քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտության զանազան բնագավառներին վերաբերվող հանրամատչելի գրականություն։ Տնային գրադարանի տեղեկատվական բաժինը կազմված է հանրագիտարանային հրատարակություններից (համընդհանուր կամ ճյուղային հանրագիտարաններ, հանրագիտական բառարաններ), բառարաններից, տեղեկատու գրականությունից (ռադիոսիրողական, զբոսաշրջության, տնավարության ևն), մատենագիտական ցուցիչներից։

Անձնական գրադարան ստեղծողները կարող են ունենալ ամենաբազմազան հետաքրքրություններ, պատմության, ականավոր մարդկանց կյանքի, գիտական ֆանտաստիկայի, ճանապարհորդությունների մասին գրքեր, պատմական վիպակներ և վեպեր, պոեզիա, արվեստ ևն։

Տնային գրադարաններում գրքերը համակարգվում են ըստ բաժինների, բաժիններում՝ ըստ հեղինակների։

Գեղարվեստական գրականության բաժնում նպատակահարմար է ունենալ հաճախակի ընթերցվող գրքեր կամ սիրված գրողների երկերի ժողովածուներ։ Գրականությունը, որպես կանոն, կարգավորվում է ըստ երկրների, կամ ըստ գրողների։ Մեկ անգամ կարդալու համար նպատակահարմար է գրքերը վերցնել ընդհանուր օգտագործման գրադարանից։ Գեղարվեստական գրականության բաժնում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում տարբեր երկրների և դարաշրջանների գրողների ստեղծագործություններն ընդգրկող սերիական մատենաշարային հրատարակությունները։

Տնային մանկական գրադարանի ստեղծմանը նպաստում է երեխաների համար մատենաշարային հրատարակությունների առկայությունը («Ինչ է, Ով է», «Ոսկեփորիկ» հանրագիտարանները, «Համաշխարհային գրականություն պատանիների համար» ևն)։ Գրքերի տարիքային նախատեսվածությունն օգնում է ընտանիքում երեխաների ընթերցանության ճիշտ կազմակերպմանը։

Պարբերականների բաժնում հավաքում են հանդեսների լրակազմեր և ընտանիքի անդամներին հետաքրքրող լրագրային քաղվածք-հոդվածներով թղթապանակներ։

Տնային գրադարաններ ստեղծողներին օգնում են զանազան հանդեսներում և թերթերում հրապարակվող, ռադիոյով և հեռուստատեսությամբ հաղորդվող նոր գրքերի գրախոսականները և արդեն լույս տեսած ու լույս տեսնող հրատարակությունների մասին լուրերը։ Մատենագիտական գրականությանը, ինչպես նաև զանազան հրատարակչությունների թողարկելիք գրականության թեմատիկ պլաններին կարելի է ծանոթանալ գրադարանում, իսկ հրատարակչությունների թեմատիկ պլաններին՝ նաև գրախանութներում։

Յուրաքանչյուր տնային գրադարանի օրգանական մասն է քարտացուցակը, որի կազմումը նպատակահարմար է սկսել քանի դեռ գրադարանում գրքերը շատ չեն։ Առավել նպատակահարմարը այբբենական քարտացուցակն է, որտեղ յուրաքանչյուր գրքի մասին տեղեկություններ պարունակող քարտերը դասավորվում են այբբենական կարգով (ըստ հեղինակների ազգանունների կամ գրքերի անվանումների)։ Տնային մեծ գրադարանի համար կարելի է կազմել նաև թեմատիկ քարտացուցակ, որտեղ քարտերը խմբավորվում են ըստ բաժինների, իսկ նրանց ներսում՝ ըստ հեղինակների ազգանունների։ Քարտում սովորաբար նշում են հեղինակի ազգանունը և գրքի անվանումը, հրատարակչությունը և հրատարակման տեղն ու թվականը, երբեմն՝ գրքի էջերի քանակը, գինը, իսկ մեծ գրադարանի քարտացուցակի քարտերում նաև գրքի տեղը գրապահարանում։ Գոյություն ունի քարտացուցակի նաև այլ ձև, երբ գրքերի տվյալները գրառվում են այբբենական բաժանումով մատյաններում։ Քարտացուցակն օգնում է համակարգել գրքերը, հեշտացնում նրանցից օգտվելը, թույլ է տալիս հետևել այն գրքերին, որոնք տրվում են ընթերցելու ծանոթներին։

Տնային գրադարանի ստեղծման համար շատ հարմար է անձնական մատենանիշը (էքսլիբրիսը)։

Խորհուրդ է տրվում գրապահարանները, դարակները կամ դարակաշարերը տեղավորել պատերի տակ արևի ճառագայթներից հեռու։ Գրքերի փոշին հարմար է հեռացնել փոշեծուծով կամ փոքր-ինչ խոնավ ջնջոցով։

Տնային գրադարանի արժեքը բնորոշվում է ոչ թե հավաքած գրքերի քանակով, նրանց գիտական և գեղարվեստական արժանիքներով, այլ նրանով, թե այդ գրքերը որքանով են պետք ընտանիքին, ինչ չափով են բավարարում նրա հետաքրքրությունները։

ՀՀ-ում գործում է «Հայ դպրություն» ընկերությունը, որի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր գրասեր քաղաքացի։

Սովորական տնային գրադարաններից սկզբունքորեն տարբերվում են առանձին գրասերների հավաքած հազվագյուտ, բարձրարժեք գրքերի հավաքածուները։