ՏՏՀ/Գրքերի կազմում
ԳՐՔԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ, տնային պայմաններում հաճելի և օգտակար զբաղմունք։ Դա հնարավորություն է տալիս երկարացնել մաշված կամ անփութորեն պահված գրքերի կյանքը, կազմել ամսագրերի կտրածոներ ևն։ Տիրապետելով որոշակի հմտությունների և ունակությունների՝ յուրաքանչյուր ոք կարող է գիրքը ճիշտ նորոգել և նորից կազմել։ Տանը բացի սովորական մկրատից, ասեղից, թելից (թելը պետք է լինի № 30, սպիտակ բամբակե կամ կապրոնե), անհրաժեշտ է ունենալ կազմարարական դանակ, տախտակներ (2-4 հատ), պտուտակամամուլ (4-6 հատ), բաժանումներով մետաղական քանոններ, եռանկյունի։ Ցանկալի է ունենալ նաև փայտե մուրճ հարթ և լայն զարկիչով։
Կազմարարական դանակը կարելի է պատրաստել մետաղասղոցի շերտից, սրելով միայն մեկ կողմից՝ հանում են երեսակ (ի տարբերություն կոշկակարի դանակի), կամ կազմարարական դանակի համար վաճառքում եղած նախաշինվածքից։
Դանակի երկարությունը (կոթի հետ միասին) պետք է լինի մոտավորապես 200 մմ (կեսը սրված մասն է)։ Կոթը կարելի է կաշեպատել կամ փաթաթել մեկուսիչ ժապավենով։
Կազմարարական տախտակները կիրառվում են գրքերը կամ կազմի մի մասերը սեղմելու համար, ինչպես նաև գրքի բլոկը պատրաստելիս տարբեր գործողություններ կատարելու ընթացքում։ Պետք է ունենալ տարբեր չափերի փայտե զույգ տախտակներ՝ պատրաստված հոծ փայտանյութից կամ բազմաշերտ նրբատախտակից։ Փափուկ փայտանյութի վրա պտուտակամամուլները թողնում են հետքեր։ Որպեսզի պատրաստի գրքի ծածկաշերտի վրա հետքերը չարտահայտվեն, սեղմելիս անհրաժեշտ է պտուտակամամուլների տակ դնել ստվարաթղթի կտոր։ Տախտակներից մեկի եզրին պետք է ամրացնել մետաղե անկյունիկ, որն անհրաժեշտ է գրքի բլոկի եզրահատման համար։
Աշխատելիս պետք է ունենալ հետևյալ նյութերը.
հատուկ թուղթ՝ պահպանակների պատրաստման համար։ Չլինելու դեպքում կարելի է օգտագործել գրասենյակային փափուկ թղթապանակներ կամ օֆսետային թուղթ,
ծխախոտի և կոնդեսատորային թուղթ՝ պատռվածքները կպցնելու և հնամաշ թերթերն ամրացնելու համար,
ամրաթուղթ, որը երբեմն օգտագործում են հետպահիչներ պատրաստելու, ինչպես նաև բլոկի կռնակը փակցնելու համար,
կազմարարական նյութ՝ կազմակափարիչներ պատրաստելու համար (սոսնձալաթ, արհեստական կաշի, մաշկալաթ, բումվինիլ ևն),
կազմարարական ստվարաթուղթ՝ կազմի կափարիչների կողեր պատրաստելու համար։ Կարելի է օգտագործել նաև հին, սակայն լավ պահպանված կողերը՝ մաքրելով սոսնձի մնացորդները,
հատուկ պոլիգրաֆիական թանզիֆ (կարելի է փոխարինել լավ օսլայած և արդուկած սովորական թանզիֆով կամ ձեռագործի հենքով),
սոսինձ, խորհուրդ է տրվում օգտագործել սինթետիկ (ՊՎԱ) կամ «սինթետիկ դիսպերսային սոսինձ»։ Սոսինձն օգտագործում են բլոկներն առանց կարի սոսնձելու, կռնակը փակցնելու, կւսզմակող պատրաստելու և բլոկին կպցնելու համար (կազմադրում)։ Գիրքը կազմված է գրքի բլոկից, պահպանակներից և կազմի կափարիչից։ Այդ մասերից յուրաքանչյուրը պատրաստվում է առանձին։ Գրքի բլոկը պատրաստելուց հետո պատրաստվում են պահպանակները, իսկ հետագա մշակումից հետո պատրաստի գրքի բլոկը դրվում է առանձին պատրաստված կազմակափարիչի մեջ, որը պահպանակների օգնությամբ միացվում է գրքի բլոկին։
Գրքի բլոկը կազմված է տպագրված թղթե թերթերի (մամուլների) լրակազմից, որն ընդգրկում է տվյալ ստեղծագործության լրիվ տեքստը, նկարազարդումները, նախաբանը, ցանկը ևն։ Թղթե թերթերը ծալվում են տետրով։ Տարածում է ստացել բլոկը սոսնձով ամրացնելու եղանակը (սոսնձած կամ անկար բլոկ)։ Այն կիրառվում է ամսագրեր, տպագրված առանձին թղթեր կամ խիստ մաշված գրքեր կազմելիս։
Տետրերի կամ առանձին թերթերի միակցման տեղը կոչվում է բլոկի կռնակ։ Բլոկի 3 կողմը եզրահատելուց առաջացած հարթությունները կոչվում են վերին (գլխամաս), ստորին (պոչամաս) և կոնքի (առջևի) եզրահատվածքներ։ Վերին և ստորին եզրահատվածքների միջև տարածությունը կոկի բարձրութոչվում է բլյուն, իսկ առաջին և վերջին թերթերի միջև տարածությունը՝ բլոկի հաստություն։ Բլոկի տետրերի ամրակցման հուսալիությունը բարձրացնելու համար կռնակին սոսնձվում են եզրիչի (կապտալ) ժապավենները և թուղթը։ Եզրիչը բամբակե կամ մետաքսե երիզ է հաստ, գունավոր ծայրով, որն ամրացվում է բլոկի կռնակի ծայրերին վերին և ստորին եզրահատվածների մոտ։ Վերին եզրիչը սոսնձելուց առաջ կռնակին ամրացվում է նաև էջանիշը։
Բլոկի պատրաստումը։ Բլոկը նախ պետք է անջատել կազմի կափարիչներից։ Դրա համար, ձախ ձեռքով բռնելով ամբողջ բլոկը, աջով տիտղոսաթերթի հետ պոկում են բլոկին ամրացված պահպանակը (կցաթերթ)՝ ազատելով կողերին փակցված թանզիֆի մի մասը կամ քուղերի ծայրերը, ապա թանզիֆը կամ քուղերը պոկում կողերից։ Այնուհետև ստուգում են բլոկի ամրությունը և առանձին տետրերի կռնակների պահպանվածությունը։ Եթե կռնակն ամբողջովին պահպանվել է, ապա դրան կարելի է սոսնձել նոր թանզիֆ՝ նախապես հեռացնելով հին թանզիֆի և սոսնձի մնացորդները։ Այնուհետև նոր թանզիֆին կարում են թուլացած տետրերը (յուրաքանչյուրն առանձին)՝ կռնակի վրա հանգուցելով կցակարի թելերը։ Եթե բլոկը պիտանի չէ, պետք է այն հավաքել առանձին տետրերով և նորից կարել։ Բլոկի կազմատումը սկսում են թելերը կռնակի կողմից երեսանց կտրելով, որից հետո բացում են յուրաքանչյուր տետրի միջնամասը, նրա ծալքից (ներսի ծալատեղից) հեռացնում թելերի մնացորդը և տետրերը բլոկից առանձնացնում։ Եթե բլոկը ամրացված է մետաղալարե բռնակներով, ապա կռնակի արտաքին կողմից դրանց ծայրերը պետք է դանակով բացել և դանակի օգնությամբ յուրաքանչյուր տետրի ծալքից հանել բռնակները։ Գրքում յուրաքանչյուր տետր բաղկացած է 8, 16, երբեմն էլ 32 էջից և ունի իր կարգահամարը (գլխավոր մամլանիշը), որը դրվում է տետրի առաջին էջի ներքևի ձախ անկյունում։ Դա օգնում է հեշտությամբ գտնել նախորդ տետրի վերջին թերթը։ Այնուհետև ծալիչով կամ բութ դանակով տետրերի կռնակից պետք է հեռացնել սոսնձի մնացորդը։ Կռնակի մասում տետրերի արտաքին (երբեմն էլ ներքին) զույգ թերթերը կարող են վնասված կամ պատռված լինել։ Դրանք պետք է սոսնձել կոնդենսատորի կամ ծխախոտի թղթով՝ պահպանելով զույգ թերթերի ընդհանուր ձևաչափը։ Սոսնձելուց հետո թերթերը պետք է չորացնել մամլիչի տակ (կամ սեղմել կազմարարական տախտակների մեջ) և ծալել։ Եզրերի մոտ մաշված լուսանցքներով թերթերը պետք է ամրացնել, հաստացնելով լուսանցքները՝ կոնդենսատորային թղթի նեղ շերտեր սոսնձելով (2 կողմից)։ Ապա տետրերը հերթով դասավորում են, հավասարեցնում ըստ կռնակի, և վերին կտրվածքի ուղղության՝ տետրերի ամբողջ կիտուկը թեթևակի խփում կոշտ, բայց հավասար մակերեսին (դա կոչվում է «հպել կռնակին և գլխիկին»)։ Հավասարեցված բլոկը անհրաժեշտ է այնպես սեղմել, որպեսզի կռնակը 2-3 մմ դուրս գա կազմարարական երկու տախտակների եզրաշերտից։ Բարակ սղոցով կռնակին սղոցվածք են անում, և կտրելիս թելերն անցկացնում դրանց միջով։ Դա թեթևացնում է աշխատանքը, և վարելուց հետո բլոկը ձեռք է բերում կանոնավոր տեսք։ Սղոցվածքը պետք է ունենա նվազագույն խորություն, բավական է, որ այն թեթևակիորեն հասնի տետրի ներսի զույգ թերթին։ Բլոկը ավելորդ քայքայման չենթարկելու համար, կարելի է սահմանափակվել միայն ծայրերի 2 սղոցվածքով, մնացածը նշել մատիտով։ Ապա վերցնել թանզիֆի կամ որևէ չմտնող կտորի մի շերտ, որի լայնությունը պետք է մոտ 10-20 մմ ավելի լինի բլոկի հաստությունից, իսկ երկարությունը 30-40 մմ պակաս ծայրի սղոցվածքների հեռավորությունից։ Թանզիֆին հերթով կարում են տետրերը՝ սկսելով վերջինից։
Ավարտելով բլոկի կարելը՝ առաջին տետրի առաջին և վերջին տետրի վերջին թերթերին սոսնձում են պահպանակները։ Դրանք գրքի բլոկը միացնում են կազմի կափարիչին։ Պահպանակներ պատրաստելու համար օգտագործվում է սպիտակ կամ գունավոր պահպանակային թուղթ։
Պահպանակները տետրերին կպցնում են սոսնձելով, թափանցակարով, կցակարով, վերադրովի։ Խորհուրդ է տրվում տնային պայմաններում կիրառել սոսնձած պահպանակը։ Այն թղթի մեկ անգամ ծալած թերթ է, որն իր չափով հավասար է գրքի ձևաչափին։ Դեպի բլոկը շրջված կողմից ծալվածքի երկարությամբ պահպանակին քսում են սոսնձի բարակ շերտ՝ կպցնելով առաջին տետրի առաջին և վերջին տետրի վերջին էջերին՝ ծալագծից ազատ թողնելով 1-1,5 մմ։ Այնուհետև բլոկը «հպում են կռնակին և գլխիկին» և կազմարարական տախտակների մեջ սեղմում այնպես, որպեսզի նրանց եզրաշերտից կռնակը դուրս մնա 1-2 մմ։ Վերջինս սոսնձում են ՊՎԱ-ով։ Սոսինձը չորանալուց հետո բլոկը կարելի է եզրահատել։
Բլոկի ամրացումն առանց կարի։ Այսպիսի բլոկի կռնակն իրենից ներկայացնում է առանձին թերթերի եզրաշերտեր, որոնք իրար են միացվում ՊՎԱ սոսնձով։ Նախատեսված նյութը (կտրածոներ ամսագրերից, առանձին թերթերի վրա տպագրված տեքստ, մաշված գրքի բլոկ) կազմելու համար դասավորում են հերթականությամբ, թելով կտրված, բայց կռնակի կողմից խիստ մաշված գրքի բլոկը քանդում են, դանակով կտրտում դեռևս պահպանված զույգ թերթերը և կրկին հավաքում բլոկը։ Ապա հավաքված բլոկը հրում են դեպի առջևի և վերին եզրակտրվածքները, որից հետո պտուտակամամուլների օգնությամբ սեղմում կազմարարական տախտակների մեջ։ Ներքևի տախտակին դնում են ստվարաթուղթ, վրան տեղադրում ուղղված բլոկը, մետաղական ակյունով երկրորդ տախտակը վերևից տեղադրում են այնպես, որպեսզի բլոկի կռնակը փոքր-ինչ դուրս գա։ Այդ մասն անպայմանորեն պետք է կտրել, որպեսզի եզրով կարելի լինի ընդգրկել բլոկի բոլոր թերթերը (սովորաբար 3-4 մմ)։ Բլոկը հատում են։ Այն 25-30 մմ-ից հաստ չպետք է լինի, քանի որ հատուկ հարմարանքի բացակայության դեպքում եզրահատումը կարող է անհավասար ստացվել։ Նյութը կազմարարական տախտակների մեջ սեղմելով՝ պետք է հետևել, որ վերջինները լինեն զուգահեռ և եզրի ամբողջ երկարությամբ հավասարաչափ սեղմեն բլոկը։ Սրած դանակը պետք է շարժել սահուն, նույն ուժով բլոկի հարթությանն ուղղահայաց։ Ամրացման այդ մեթոդի ժամանակ որպես կանոն բլոկի կռնակը չեն կլորացնում, այլ անմիջապես սոսնձում են չհանելով բլոկը սեղմիչից (բավական է մատին մի քիչ սոսինձ քսել)։ Սոսինձը չորանալուն պես սեղմիչը պետք է թուլացնել և, կազմարարական տախտակների եզրաշերտից կռնակը դուրս հանելով 1,5-2 մմ, նորից սեղմել։ Ապա կռնակի լայնքով և ամբողջ բարձրությամբ, մեկը մյուսից 10 մմ ոչ ավելի հեռավորության վրա նրբասղոցով անում են սղոցվածքներ։ Առաջացած թղթե փոշին պետք է հեռացնել վրձինով կամ փչելով մաքրել սղոցվածքները։ Այնուհետև կռնակի մակերեսին անհրաժեշտ է քսել սոսինձ և տրորելով լցնել այն սղոցվածքի մեջ։ Դիմացկունության համար սղոցվածքների մեջ կարելի է թել դնել։ Կռնակին դնում են թանզիֆի շերտ, որի երկարությունը պետք է 30-40 մմ-ով պակաս լինի բլոկի բարձրությունից, լայնությունը նրա հաստությունից 40-50 մմ-ով ավելի։ Թանզիֆից դուրս ծորած սոսինձը տարածում են կռնակի ամբողջ մակերեսով, անհրաժեշտության դեպքում կարելի է սոսինձ ավելացնել։ Սոսինձը չորանալուն պես բլոկը հանում են սեղմիչից և առաջին ու վերջին թերթերին սոսնձում պահպանակները (թանզիֆի տակ)։ Այս եղանակով անհրաժեշտության դեպքում պատրաստի բլոկը կարելի է կտրել 3 կողմից (առջևից, վերևից և ներքևից)։ Դրա համար բլոկը նախապես պետք է չափանշել հաշվի առնելով տեքստի չափը էջերում։ Բլոկը կտրում են կազմարարական սուր դանակով։ Եզրերի վրա առաջացած անհարթությունները կարելի է մաքրել մանրահատիկավոր չեչաքարով։
Կարված բլոկը երեք կողմից եզրահատում են, որից հետո, որպես կանոն, այն կլորացնում են (առանց կարի ամրացված բլոկը գերադասելի է թողնել ուղիղ կռնակով)։ Բլոկը կլորացնում են մուրճով։ Այն դնում են սեղանի կամ կազմարարական տախտակի ծայրին և պահում ձախ ձեռքով այնպես, որ մեծ մատը հենվի առջևի եզրակտրվածքին, իսկ մյուս մատները բլոկի տետրերը դեպի ներս հարթեցնեն։ Այնուհետև մուրճի թեթև ու կտրուկ հարվածներով խփում են կռնակի վերին մասին մեջտեղից դեպի վերին և ստորին եզրերը վերևի տետրերից աստիճանաբար անցնելով դեպի կռնակի միջին մասը, ապա բլոկը շրջում են և ճիշտ այդպես կլորում կռնակի մյուս կողմը։ Դրանից հետո բլոկը սեղմում են կազմարարական տախտակների միջև նրա կռնակին տալով կլորացած ձև։ Ծայրերի տետրերի եզրաշերտերը 2-3 մմ դուրս թողնելով տախտակների եզրաշերտից մուրճի հարվածներով (կռնակի վերին մասից դեպի միջնամասը, իսկ տետրերի միջնամասից դեպի եզրերը) աշխատում են բացել տետրերի ծալատեղը թեթևակիորեն սեղմելով դրանք։ Կռնակը նորից սոսնձում են և թողնում սեղմիչում մինչև չորանալը։ Չորացած բլոկին կարելի է սոսնձել մետաքսե երիզից էջանշան (երիզի ծայրը (20-30 մմ) սոսնձում են կռնակի վերին մասի կենտրոնում)։ Երիզի երկարությունը պետք է 10-15 մմ ավելի լինի բլոկի անկյունագծից։ Կռնակի վերին և ստորին մասերին եզրիչները կպցնում են այնպես, որպեսզի հաստ, գունավոր մասը կարկառվի եզրակտրվածքի վրա։ Այնուհետև ամբողջ կռնակը սոսնձում են թղթով, որի լայնությունը պետք է հավասար լինի կռնակի աղեղին, իսկ երկարությունը բլոկի բարձրությունից 2-3 մմ պակաս։
Կազմարարական կափարիչների (կազմակողերի) պատրաստումը։ Կազմված են ստվարաթղթե կողերից, հետպահիչից (գտնվում է կողերի միջև) և կազմանյութից, որի վրա սոսնձվում են կողերը և հետպահիչը։ Կոդերը պատրաստում են ստվարաթղթից, որի լայնությունը պետք է 1-2 մմ պակաս լինի բլոկի լայնությունից, իսկ երկարությունը 6-8 մմ ավելի նրա բարձրությունից (կախված գրքի ծավալից և ձևաչափից)։ Հետպահիչը պատրաստում են ամուր թղթից, բարակ ստվարաթղթից (օրինակ, ծխախոտի բլոկից) կամ նույն ստվարաթղթից, ինչ կողերը (կոշտ, ուղիղ հետպահիչի դեպքում)։ Հետպահիչի երկարությունը հավասար է կողերի երկարությանը։ Կլորացված բլոկի կազմակողը պատրաստելիս հետպահիչի լայնությունը 2-3 մմ-ով մեծ են անում կռնակի աղեղից։ Կոշտ և ուղիղ հետպահիչով կազմակողի լայնությունը հավասար է բլոկի հաստությանը ավելացրած ստվարաթղթի կրկնակի հաստությունը, որից և պատրաստվում են կողերը։ Ըստ կառուցվածքի կազմակողերը լինում են ամբողջածածկ և բաղադրովի։ Ամբողջածածկ կափարիչի ստվարաթղթային կողերը հետպահիչի հետ միասին սոսնձվում են կազմանյութի ամբողջ շերտին, իսկ բաղադրովիի դեպքում այդ շերտը կարծես ընդհատվում է կռնակի մոտ, որը պատրաստվում է այլ նյութից (ըստ գույնի, մակատեսքի ևն), քան կողերը։ Կազմանյութի ձևվածքը հաշվարկելիս երկարությունը (բարձրությունը) վերցնում են 20-30 մմ ավելի, քան կողերի բարձրությունն է, իսկ լայնությունը հաշվարկում են հետևյալ կերպ, որոշում են կողարանքը (կափարիչների կռնակային կողերի միջև տարածությունը), ինչի համար հետպահիչի լայնքին (տես վերևում), ավելացնում են 12-15 մմ անջատքների համար։ Դրանք կտորի շերտերն են հետպահիչի և կողի միջև, որոնց վրա բացվում է գրքի կազմը։ Ստացված մեծությանը ավելացնում են կողի կրկնակի լայնությունը, ավելացրած 20-30 մմ եզրակի ծալվածքի համար։ Ելնելով այդ տվյալներից պատրաստում են ձևվածքը, այնուհետև շիտակ կողմը անում վերև, վրան դասավորում կափարիչի բոլոր մանրամասները և մատիտով նշում։ Մկրատով ուղղում ձևվածքը, կտրում անկյունները։ Ապա հավասարաչափ և բարակ շերտով սոսինձ քսում կողերից մեկին, այն տեղավորում մատիտով ուրվագծածի վրա, աճուր սեղմում կազմակտորին, ապա ստուգում երեսի կողմից չկա՞ արդյոք պղպջակ կամ սոսնձի հոսվածք։ Առկայության դեպքում պետք է իսկույն մաքրել, սոսնձել մյուս կողը և հետպահիչը, ծալել ծածկույթի համար նախատեսված կտորի եզրաշերտը և ուղղել անկյունները։ Նույն եղանակով պատրաստում են բաղադրովի կափարիչը։ Նախօրոք հաշվարկելով կողարանքը կոդերը կռնակին են փակցնում, ապա դրանք սոսնձում ծածկույթի կտորով այնպես, որպեսզի 2-3 մմ անցնի կռնակի վրա։ Այնուհետև կափարիչը չորացնում են ծանրության տակ կամ սեղմում տախտակների միջև։ Եթե գրքի բլոկը պատրաստ Է, այն կարելի է մտցնել կափարիչի մեջ, և արդեն պատրաստի գիրքը չորացնել մամլիչի տակ (կողի կռնակային եզրակը պետք է լինի ուղիղ և հավասար)։ Բլոկը զետեղում են կափարիչի մեջ և, բացելով վերևի կողը, սոսնձում վերին պահպանակը և թանզիֆի ծայրը (պահպանակի ծալքում կարելի է դնել թղթի մեծ կտոր, որպեսզի սոսինձը չհոսի եզրերի վրա)։ Բլոկը և կափարիչը պետք է տեղավորել առջևի եզրով դեպի ներս։ Բաց կափարիչի մեջ կարելի է տեղավորել մեկ կողմից սոսնձած բլոկը հետևելով, որ եզրակները 3 կողմերից ունենան նույն լայնությունը։ Արդեն սոսնձված կողմից կարելի է իսկույնևեթ անել փորոքը։ Դրա համար կռնակի երկարությամբ ծալիչով անում են ակոսիկ։ Այնուհետև սոսինձ Են քսում մյուս պահպանակին և վրան դնում երկրորդ կողն այնպես, որպեսզի այն համընկնի պահպանակի կռնակին, որից հետո անում փորոքը (այդ պրոցեսը կոչվում է ստվերագծում) և գիրքը տեղավորում մամլիչում չորանալու։ Չորանալուց հետո գիրքը նորից են ստվերագծում։ Գիրքը կազմելիս կարելի է կիրառել քուղերի վրա կարելու հնագույն ձևը։ Քուղերը տեղավորվում են կռնակի վերևում և եզրակարվում հերթականությամբ։ Կարելուց հետո քուղերը կտրում են, իսկ մնացած ծայրերը (30-40 մմ)՝ խառնում։ Բլոկի մշակումից հետո դրանց սոսնձում են ստվարաթղթե կողեր (կազմակողերը մոնտաժում բլոկի վրա)։ Կռնակը երեսպատում են արհեստական կաշվով, ծալիչով սեղմում այնպես, որպեսզի քուղերը ուռուցիկորեն կարկառեն։ Ապա 40-50 մմ եզրակով դրսի կողմից կտորը սոսնձում են կողերին, վերին և ստորին եզրաշերտերը ծալում և կպցնում։ Բաղադրովի կազմի նմանությամբ, կափարիչի արտաքին կողմին փակցնում են կողերի կտորը, իսկ ներսի կողմից՝ բարակ և ամուր կտորի մի շերտ (բարակ կաշի, լեդերին ևն)։ Իր լայնությամբ ներսի կողմից այն պետք է ծածկի յուրաքանչյուր կափարիչի քուղերի ծայրերը և նեղ շերտով (3-5 մմ) կռնակային մասի լայնքով նստի բլոկի առաջին թերթի վրա (կամ պահպանակի թերթը բացող կտորի ծալակցաշերտին)։ Ներսից կողը սոսնձվում է պահպանակային թղթի թերթով (այսպես կոչված «հայելի»), իսկ բլոկի վրա կտորի շերտին փակցվում է ևս մեկ պահպանակային թերթ։
Գիրքը չորանալուց հետո կազմի վրա կարելի է անել տպատառային մակագրություն (հեղինակը, խորագիրը)։ Կազմի կռնակի վրա մակագրությունն արվում է կազմակողը չորանալուց անմիջապես հետո։ Դրա համար պետք է օգտվել, այսպես կոչված, «ակնթարթային մակագրությունից» (փոխադրանկարներ)։ Տպատառերը հերթականությամբ դասավորում են կափարիչի մակերեսին և կոշտ բութակով սեղմելով ժապավենից, որի վրա նրանք ամրացված են, փոխադրում կազմակտորի մակերեսի վրա։ Այդպիսի տառաշարը լավ է պահպանվում տարիների ընթացքում։
Գործողությունների հերթականությունը։ Բլոկի կազմատում, տետրերի կամ նյութի պատրաստում, առանձին թերթերի նորոգում, տետրերի կամ կտորի ընտրություն, սեղմում մամլիչով։
Բլոկի պատրաստումը կտրելու եղանակով։ Կռնակի նշում և սղոցում, թանզիֆի կարում, կռնակի սոսնձում, պահպանակների սոսնձում, բլոկի եռակողմ եզրահատում, կռնակի կլորացում և սոսնձում։
Առանց կարի սոսնձելու միջոցով բլոկի պատրաստումը։ Կռնակի չափով նախապատրաստած կտորի եզրահատում, կռնակի սղոցում, կռնակի սոսնձապատում և թանզիֆի սոսնձում, պահպանակների սոսնձում, բլոկի եռակողմ եզրահատում։
Հաջորդ գործողություններն ընդհանուր են երկու ձևերի համար էջանիշի, եզրիչի և թղթերի սոսնձում, կափարիչի պատրաստում և կռնակի կլորացում, կափարիչի մեջ բլոկի տեղադրում, պատրաստի գրքի մամլում։