Jump to content

ՏՏՀ/Դալթոնիզմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դալթոնիզմ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 263
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԴԱԼԹՈՆԻԶՄ, գունաշփոթություն, մասնակի գունակուրություն, տեսողության խանգարում, որն ուղեկցվում է գունազգայության խանգարմամբ։ Բնականոն գունազգայությամբ մարդն ընկալում է երեք հիմնական գույն՝ կարմիր, կանաչ, կապույտ (տես Տեսողություն): Դ-ի ժամանակ կարմիր և կանաչ գույների նկատմամբ զգայությունն իջնում է կամ բացակայում, որի հետևանքով աղավաղվում են շրջապատի գունային պատկերները։ Կապույտ գույնի զգայության նվազումը լինում է հազվադեպ։ Գունային տեսողության լրիվ բացակայությունը կոչվում է գունակուրություն, որի ժամանակ շրջապատող առարկաներն ընկալվում են սև-սպիտակ։

Դ. լինում է բնածին և ձեռքբերովի։ Բնածինը փոխանցվում է ժառանգաբար՝ տղամարդկանց միջոցով։ Ձեռքբերովի Դ. կարող է լինել աչքի կամ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների հետևանք, դրա համար գունազգայության խանգարման առաջին նշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է դիմել ակնաբույժի։ Հարկավոր է հաշվի առնել, որ Դ-ի ժամանակ գունային տեսողության արատները կարող են երկար ժամանակ աննկատ մնալ թե՛ հիվանդի, թե՛ շրջապատող մարդկանց համար։ Դ-ով հիվանդները երկար ժամանակի ընթացքում աստիճանաբար կարողանում են գույները տարբերել՝ ըստ դրանց վառության աստիճանի։ Գունազգայության ստուգումն ունի գործնական մեծ նշանակություն հատկապես մասնագիտության ընտրության ժամանակ, քանի որ գունազգայության բացակայությունը կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ։