Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունի բարձր զգայունություն, և գարնան արևից այն նախ բորբոքվում է, այնուհետև մգանում՝ առաջացնելով տարբեր ձևի և մեծության բծեր։

Գ. բ-ի տեղային բուժումը կատարվում է բժշկակոսմետոլոգիական հիմնարկներում։ Տանը բծերը փոքր-ինչ գունազրկելու համար կարելի է մաշկը սրբել մածունով, երկու-երեքօրյա կեֆիրով կամ ջրածնի գերօքսիդի 3 %-անոց լուծույթով։ Խլոազմների ժամանակ ամռան ամիսներին խորհուրդ է տրվում մաշկը սրբել վարունգի, սև հաղարջի հյութով։

Գ. բ. կարելի է գունազրկել նաև հատուկ մաշկաքսուքներով։ Դրանք օգտագործելուց առաջ դեմքը լվանում կամ մաքրում են լոսյոնով։ Մաշկաքսուքը քսում են դեմքին և թողնում 40-60 րոպե, այնուհետև մնացորդները մաքրում են խոնավ բամբակով։ Խորհուրդ չի տրվում լվացվել։

Տնային պայմաններում կարելի է ինքնուրույն պատրաստել սպիտակեցնող մաշկաքսուք։ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնում են 1 ճաշի գդալ քացախի հետ և ավելացնում 2 թեյի գդալ եռացրած ջուր։ Այս խառնուրդով դեմքն ամեն օր մաքրում են։ Եթե մաշկը չոր է, խառնուրդին ավելացնում են 1 թեյի գդալ բուսական յուղ։ Դեմքը կարելի է մաքրել նաև կիտրոնի, վարունգի փոքրիկ կտորներով, կեֆիրով, մածունով, որից հետո լվացվում են կամ դեմքը մաքրում լոսյոնով ու դիմափոշի քսում։

Գ. բ. լրիվ վերացնել հնարավոր է կոսմետոլոգիական բուժարաններում մաշկի վերին շերտի թեփահանման եղանակով կամ «հղկող» սարքի օգնությամբ։

Կանոնավոր օգտագործելով սպիտակեցնող միջոցները՝ 1,5-2 ամսվա ընթացքում ստանում են նկատելի արդյունք։

Քանի որ արևի ճառագայթների ազդեցությունից Գ. բ. մգանում են, ուստի գարնանը և ամռանը խորհուրդ է տրվում մաշկը պաշտպանել հատուկ մաշկաքսուքներով։ Տես Մաշկաքսուք:

ԴԱԲԱՂ, կենդանիների և մարդու վարակիչ հիվանդություն։ Տես Զոոնոզներ:

ԴԱԼԹՈՆԻԶՄ, գունաշփոթություն, մասնակի գունակուրություն, տեսողության խանգարում, որն ուղեկցվում է գունազգայության խանգարմամբ։ Բնականոն գունազգայությամբ մարդն ընկալում է երեք հիմնական գույն՝ կարմիր, կանաչ, կապույտ (տես Տեսողություն): Դ-ի ժամանակ կարմիր և կանաչ գույների նկատմամբ զգայությունն իջնում է կամ բացակայում, որի հետևանքով աղավաղվում են շրջապատի գունային պատկերները։ Կապույտ գույնի զգայության նվազումը լինում է հազվադեպ։ Գունային տեսողության լրիվ բացակայությունը կոչվում է գունակուրություն, որի ժամանակ շրջապատող առարկաներն ընկալվում են սև-սպիտակ։

Դ. լինում է բնածին և ձեռքբերովի։ Բնածինը փոխանցվում է ժառանգաբար՝ տղամարդկանց միջոցով։ Ձեռքբերովի Դ. կարող է լինել աչքի կամ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների հետևանք, դրա համար գունազգայության խանգարման առաջին նշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է դիմել ակնաբույժի։ Հարկավոր է հաշվի առնել, որ Դ-ի ժամանակ գունային տեսողության արատները կարող են երկար ժամանակ աննկատ մնալ թե՛ հիվանդի, թե՛ շրջապատող մարդկանց համար։ Դ-ով հիվանդները երկար ժամանակի ընթացքում աստիճանաբար կարողանում են գույները տարբերել՝ ըստ դրանց վառության աստիճանի։ Գունազգայության ստուգումն ունի գործնական մեծ նշանակություն հատկապես մասնագիտության ընտրության ժամանակ, քանի որ գունազգայության բացակայությունը կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ։

ԴԱՇՏԱՆ, սկսվում է կանանց սեռական հասունացման շրջանում (13-15 տարեկանում) և շարունակվում մինչև դաշտանադադարը՛: Անհրաժեշտ է աղջնակին աստիճանաբար և պատշաճ կերպով նախապատրաստել Դ-ի հայտնվելուն։ Սովորաբար Դ. կրկնվում է ժամանակի որոշակի ընդմիջումներով (3-4 շաբաթը մեկ) և տևում է 3-7 օր կախված կնոջ անհատական առանձնահատկություններից։ Որոշ աղջիկների Դ. (հատկապես վաղ սկսված) կանոնավորվում է ոչ միանգամից, 1-2 տարի անց։ Դ-ի սկսման ժամկետի տատանումները կարող են կապված լինել ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումների հետ։ Ուստի, 15-16 տարեկան աղջիկների Դ-ի բացակայության դեպքում, սեռական հասունացման կասեցման պատճառը բացահայտելու և համապատասխան բուժում նշանակելու համար անհրաժեշտ է դիմել կանանց կոնսուլտացիայի բժշկին։

Կանանց մեծ մասը Դ-ի ժամանակ ընդհանուր վիճակի փոփոխություններ չեն զգում։ Առանձին դեպքերում առաջանում են գերգրգռվածություն, դյուրաբորբոքություն, երբեմն ստամոքսաղիքային խանգարումներ, սրտխառնոց, որովայնի ստորին հատվածի և գոտկատեղի բութ, ձգող ցավեր։ Դ-ի փուլայնության և կանոնավորության խանգարումը վկայում է կնոջ օրգանիզմում կատարվող փոփոխությունների մասին։ Դրանք ժամանակին բացահայտելու նպատակով յուրաքանչյուր կին պետք է նշի Դ-ի ժամկետը և տևողությունը։ Սեռական կյանքով ապրող կանանց այդպիսի օրացույցը միևնույն ժամանակ օգնում է ստույգ որոշել հղիության ժամկետը։ Եթե Դ. ուղեկցվում է ցավերով և արյան մեծ կորստով, անհրաժեշտ է դիմել բժշկի։

Կանացի հիվանդությունների կանխարգելման նպատակով Դ-ի ժամանակ հարկավոր է պահպանել հիգիենայի հատուկ կանոններ, օրական առնվազն երկու անգամ պետք է լվանալ արտաքին սեռական օրգանները եռացրած գոլ ջրով։ Արտաքին սեռական օրգանների և մաշկի կեղտոտությունը նպաստում է բորբոքային պրոցեսների առաջացմանը, որոնք կարող են տարածվել սկզբում հեշտոցի, այնուհետև ներքին սեռական օրգանների վրա։ Խորհուրդ է տրվում օգտագործել հիգիենային թանզիֆե միջադիրներ։ Դ-ի ընթացքում պետք է խուսափել սեռական հարաբերություն ունենալուց, լոգանք ընդունելուց, ծովում, գետում լողանալուց։ Կարելի է լվացվել միայն ցնցուղի տակ։

ԴԱՇՏԱՆԱԴԱԴԱՐ, կլիմաքս, կլիմաքտերիկ շրջան, մանկածնության ֆունկցիայի աստիճանական մարման ֆիզիոլոգիական շրջան, որը սովորաբար ընթանում է օրգանիզմի ընդհանուր հասակային փոփոխությունների ֆոնի վրա։ Դ-ի ի հայտ գալը պայմանավորված է օրգանիզմի ֆունկցիաների ժամանակավոր կազմալուծմամբ՝ կապված սեռական գեղձերի գործունեության մարման հետ։ Կանանց Դ. սովորաբար սկսվում է 45-60 տարեկանում (հաճախ մոտ 47), բայց, այսպես կոչված,