Jump to content

ՏՏՀ/Դեղաբույսեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դեղաբույսեր
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 264
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐ, բույսերի խումբ, բուժիչ և կանխարգելիչ նպատակով օգտագործվում են բժշկության և անասնաբուժության մեջ։ Դ-ի բուժիչ հատկությունները պայմանավորված են նրանց մեջ պարունակվող որոշակի քիմիական միացությունների ազդող ալկալոիդների, գլիկոզիդների, աղաղանյութերի, վիտամինների և այլ նյութերի առկայությամբ։ Որպես կանոն օգտագործում են այդ բույսերի այն մասերը, որտեղ նշված նյութերը կուտակվում են առավելագույն քանակությամբ։ Դ. կիրառվում են թուրմի, եփուկի, մզվածքի, թեյի, փոշու և այլ ձևերով։ Հատուկ խումբ են կազմում այն Դ., որոնք տարբեր դեղանյութերի պատրաստման հումք են։ Դեղորայք պատրաստում են առավելապես վայրի բույսերից։ Դ-ով, ինչպես նաև սինթետիկ բժշկական պատրաստուկներով բուժումն անպայման պետք է կատարվի բժշկի հսկողությամբ։ Ստորև թվարկվում են առավել տարածված Դ։

Ազնվամորի սովորական, վայրի բույս: Չոր պտուղների թուրմը կիրառվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող միջոց, իսկ տերևների թուրմն ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն։ ՀՀ-ում աճում է Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և մյուս մարզերի անտառներում։

Ալոճենի, վայրի բույս։ Պտուղները և ծաղիկները հումք են սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների ժամանակ օգտագործվող դեղանյութերի պատրաստման համար։ Ծաղիկները և պտուղները կիրառվում են նաև եփուկի, թուրմի, մզվածքի ձևով։ ՀՀ-ում աճում է անտառային և մերձանտառային գոտիներում։

Անանուխ, վայրի և մշակովի բույս։ Տերևներում պարունակվում է մենթոլ։ Բույսից ստացված պատրաստուկներն օգտագործվում են որպես հանգստացնող և սպազմոլիտիկ միջոց՝ փսխման, հարթ մկանների կծկման ժամանակ։ Անանուխի յուղը որպես թարմացնող և հականեխիչ միջոց մտնում է ատամի մածուկների, փոշիների բաղադրության մեջ։ Օգտագործվում է նաև որոշ դեղանյութերի համը հաճելի դարձնելու համար։ Գիտական բժշկության մեջ կիրառվում է մշակովի պղպեղային անանուխը։ ՀՀ-ում տարածված է ամենուրեք։

Անթառամ, վայրի բույս։ Ծաղկազամբյուղներն օգտագործվում են եփուկի ձևով՝ որպես լեղամուղ միջոց, միաժամանակ հումք են ֆլամին լեղամուղ պատրաստուկի համար։ ՀՀ-ում տարածված է անթառամի 12 տեսակ։ Առավել կարևոր բուժիչ նշանակություն ունի կղմինդրաբաժակ անթառամը։

Առյուծագի, վայրի և մշակովի բույս։ Բուժիչ նպատակով օգտագործվում է ծաղկող բույսի ընձյուղի վերին մասը՝ թարմ կամ սպիրտային թուրմի ձևով։ Ստացված պատրաստուկներն օգտագործվում են որպես կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, ինչպես նաև սրտի աշխատանքը կանոնավորող, զարկերակային ճնշումն իջեցնող միջոց։ ՀՀ-ում տարածված է ամենուրեք։ Տնային պայմաններում օգտագործում են հյութը կամ թուրմը։

Արալիա մանջուրական. վայրի բույս։ Արմատներից պատրաստում են թուրմ, որն իր բուժիչ հատկություններով նման է կյանքի արմատի (ժենշեն) թուրմին։

Արյունխմիկ ղեղատու. վայրի խոտաբույս։ Արմատի և կոճղարմատի թուրմը և հեղուկ մզվածքն օգտագործվում են որպես արյունահոսությունը դադարեցնող և հակաբորբոքային միջոց։

Արջխաղող, վայրի բույս։ Տերևների թուրմը և մզվածքը, որպես միզամուղ և ախտահանող միջոց օգտագործվում են միզածորանների և միզուղիների բորբոքումների ժամանակ։

Բռնչի սովորական. վայրի բույս։ Կեղևից ստացված պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող, պտուղներից ստացվածները՝ հանգստացնող ազդեցություն։ ՀՀ-ում ամենուրեք հանդիպում է ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա գտնվող անտառներում։

Դափնեվարդ սովորական, մշակովի բույս։ Տերևները սիրտանոթային համակարգի գործունեությունը խթանող պատրաստուկների հումք են։

ՀՀ-ում աճեցվում է որպես սենյակային բույս։

Դդում սովորական, մշակովի բույս։ Կեղևից մաքրած սերմերն օգտագործվում են որպես հակաճիճվային միջոց (էմուլսիայի, եփուկի և այլ ձևերով)։ ՀՀ-ում աճում է ամենուրեք։

Դժնիկ լաստենանման. վայրի բույս։ Կեղևի թուրմը և եփուկը կիրառվում են որպես լուծողական քրոնիկական փորկապության ժամանակ։ ՀՀ-ում տարածված է ստորին և միջին լեռնային գոտիներում։

Դժնիկ լուծողական, բեկտենի. վայրի բույս։ Պտուղների եփուկը և թուրմն օգտագործվում են որպես լուծողական։ ՀՀ-ում աճում է համարյա ամենուրեք։

Դիոսկոր. վայրի բույս։ Կոճղարմատը սիրտանոթային որոշ հիվանդությունների ժամանակ օգտագործվող պատրաստուկների հումք է։

Դրախտածառ, վայրի և մշակովի բույս։ Տերևներից ստանում են տանին, որով բերանի խոռոչի, քթի, քիմքի բորբոքումների ժամանակ ողողումներ են կատարում։

Քսուքների ձևով օգտագործվում է այրվածքների, խոցերի, պառկելախոցերի ժամանակ։ Լուծույթով ստամոքսի լվացումներ են կատարում ծանր մետաղներով թունավորումների ժամանակ։

Եգիպտացորեն, մշակովի բույս։ Եգիպտացորենի սպիների եփուկը և թուրմը միզամուղ, լեղամուղ և արյունահոսությունը դադարեցնող միջոց են։

Եզան լեզու մեծ. վայրի բույս։ Տերևների հյութն օգտագործվում է ցածր թթվության հետևանքով առաջացած ստամոքսաբորբերի, հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, աղիքների բորբոքային (ոչ վարակիչ) հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև որպես խորխաբեր միջոց։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևը եռման ջրով լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը։ ՀՀ-ում աճում է ամենուրեք, հիմնականում խոնավ վայրերում։

Եղեսպակ դեղատու, մշակովի բույս։ Տերևներից ստացված պատրաստուկները որպես ախտահանող և հակաբորբոքային միջոց օգտագործվում են ողողումների համար բերանի խոռոչի, վերին շնչառական ուղիների բորբոքային պրոցեսների ժամանակ։

Եղինջ երկտուն, վայրի բույս։ Տերևների թուրմն օգտագործվում է որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Այն միաժամանակ բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, կարգավորում նյութափոխանակությունը։ ՀՀ-ում աճում է ամենուրեք՝ ստվերոտ և խոնավ անտառներում, թփուտներում, հողամասերում։

Եռատերև ջրային, վայրի բույս։ Տերևներից ստացված պատրաստուկն օգտագործվում է որպես ախորժաբեր և լեղամուղ միջոց։

Երիցուկ դեղատնային, վայրի և մշակովի բույս։ Ծաղկազամբյուղների թուրմը (կես բաժակ) որպես հակաբորբոքային և հականեխիչ միջոց խմում են լուծի, որպես ցավազրկող՝ աղիքների սպազմի ժամանակ։ Օգտագործվում է նաև հոգնայի ձևով։ Կոկորդի, լնդերի բորբոքումների, բերանաբորբի դեպքում խորհուրդ է տրվում երիցուկի թուրմով ողողումներ կատարել։ ՀՀ-ում աճում է ամենուրեք։

Զարմանազան երկնագույն, մշակովի բույս։ Արմատի և կոճղարմատի թուրմը կամ եփուկն օգտագործվում է որպես խորխաբեր միջոց։

Թանթրվենի սև. վայրի բույս։ Ծաղիկների և պտուղների թուրմը որպես միզամուղ, քրտնարտադրությունն ուժեղացնող միջոց օգտագործվում է շաքարախտի, դիզենտերիայի և այլ հիվանդությունների ժամանակ։ ՀՀ-ում աճում է Տավուշի մարզի անտառներում։

Թեյ ճավայան, մշակովի բույս։ Որպես դեղորայքային հումք օգտագործվում են տերևները և ընձյուղների գագաթները։ Տերևների եփուկն ունի միզամուղ հատկություն։

Թերմոպսիս. վայրի խոտաբույս, որի թուրմը կամ չոր մզվածքը խորխաբեր են։

Լամինարիա ճապոնական, ջրիմուռ։ Խոտի չոր փոշին աթերոսկլերոզը բուժող և կանխարգելող միջոց է, ինչպես նաև թույլ լուծողական՝ քրոնիկական փորկապության ժամանակ։

Լեռնաչամիչ ձիաձետային. վայրի բույս։ Կանաչ ընձյուղները էֆեդրին անոթասեղմիչ պատրաստուկի հումք են։

Լեվզեա. վայրի բույս։ Արմատների և կոճղարմատների թուրմը կաճ հեղուկ մզվածքը, որպես խթանիչ միջոց, օգտագործվում են նյարդային համակարգի խանգարումների և գերհոգնածության ժամանակ։

Լոշտակ սպիտակ, վայրի բույս։ Բուժիչ նպատակով հիմնականում օգտագործվում են բույսի արմատները որպես արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ, ցավամոքիչ, վերքերը ապաքինող։ ՀՀ-ում, որպես մոլախոտ, տարածված է ամենուրեք, աճում է անտառի բացատներում, թփուտների միջև, քարացրոններում և այլուր։

Լորենի սրտաձև, վայրի և մշակովի բույս։ «Լորենու ծաղկի» (ծաղկաբույլը ծաղկակից տերևների հետ) թուրմը մրսածության ժամանակ օգտագործվում է որպես քրտնամուղ միջոց, իսկ եփուկը բերանի խոռոչը ողողելու համար։ ՀՀ-ում տարածված է բոխու, կաղնու, հաճարենու և փշատերև ծառերի հետ։

Լվածաղիկ, մշակովի և վայրի բույս։ Ծաղկազամբյուղները պարունակում են միջատների համար թունավոր միացություններ։ Ծաղկազամբյուղների փոշին (պիրեթրումը) և դրանցից պատրաստվող սպիրտային ֆլիցիդ պատրաստուկն օգտագործվում են որպես կենցաղային միջատների, տնային կենդանիների մակաբույծների և գյուղատնտեսական կուլտուրաների վնասատուների դեմ պայքարի միջոց։ ՀՀ-ում աճում է ամենուրեք։

Խավարծիլ, մշակովի բույս։ Արմատներից ու կոճղարմատից ստացվող օշարակը, փոշին, հաբերը, չոր թուրմն ու մզվածքը կիրառվում են որպես լուծողական։ ՀՀ-ում կարելի է մշակել գյուղատնտեսական բոլոր գոտիներում։

Խնկածաղիկ սովորական, վայրի խոտաբույս։ Ունի միզամուղ, կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, ցավամոքիչ, ախորժակը լավացնող և այլ հատկություններ։ Օգտագործվում է նաև կոկորդի ողողումների համար։ ՀՀ-ում աճում է չոր անտառային և հովտային մարգագետիններում, անտառների բացատներում։

Խնկեղեգ ճահճային, վայրի բույս։ Կոճղարմատը հումք է խոցային հիվանդությունները բուժող համալիր պատրաստուկների (վիկալին, վիկաիր) համար։ Կոճղարմատի փոշին օգտագործվում է որպես ախորժաբեր և մարսողությունը բարելավող միջոց։ ՀՀ-ում աճում է Էջմիածնի շրջանի սահմանափակ տարածքներում։

Խռնդատ, վայրի բույս։ Բուժիչ նպատակով հիմնականում օգտագործվում է ծաղկեպսակը, որի թուրմը ցավամոքիչ, հակաբորբոքային, խորխաբեր, միզամուղ միջոց է։ ՀՀ-ում աճում է Գառնիում, Արզնիում, Արաքսի ափերին, Երևանում և այլուր։

Ծիծեռնախոտ մեծ, դեղին կոճ. վայրի բույս։ Խոտաբույսից ստացվող պատրաստուկներն օգտագործվում են գորտնուկները և կոնդիլոմները այրելու համար (արտաքին) և լյարդի, լեղուղիների հիվանդությունների (ներքին ընդունում) ժամանակ։ ՀՀ-ում աճում է ոչ բարձր լեռնային գոտիներում, հիմնականում բանջարանոցներում, այգիներում, ստվերոտ վայրերում։

Ծնեբեկ դեղատու, վայրի բույս։ Արմատներն օգտագործվում են որպես միզամուղ և սրտի աշխատանքը կարգավորող, ջերմիջեցնող միջոց՝ լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ։ ՀՀ-ում աճում է գրեթե ամենուրեք՝ թփուտներում, քարքարոտ վայրերում։

Կատվալեզու եռաբաժան. վայրի և մշակովի բույս։ Վերգետնյա մասն օգտագործվում է կրծքի երեխաներին լողացնելիս՝ որպես վարակազերծող և դիաթեզը բուժող միջոց։ ՀՀ-ում հանդիպում է ամենուրեք։

Կատվախոտ դեղատու, վայրի բույս։ Արմատի և կոճղարմատի թուրմը, մզվածքն ու եփուկն օգտագործվում են որպես սիրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող և հանգստացնող միջոց։ ՀՀ-ում աճում է Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու մարզերի անտառային բացատներում, արոտավայրերում, ալպյան մարգագետիններում և այլուր։

Կիտրոնաթուփ չինական, վայրի բույս։ Սերմերի փոշին կամ թուրմը կենտրոնական նյարդային համակարգը խթանող միջոց են։

Կծոխուր սովորական, ծորենի. վայրի բույս։ Տերևներից պատրաստված թուրմն օգտագործվում է լեղարտադրությունը խթանելու նպատակով։ Արմատներից ստացվող պատրաստուկով բուժում են լեղապարկի հիվանդությունները։ ՀՀ-ում աճող կծոխուրի 3 տեսակներն էլ Դ. են։ Տարածված են գետափերին, անտառեզրերին, չոր, քարքարոտ լեռնալանջերին, բացատներում։

Կղմուխ Հեղինեի. վայրի բույս։ Արմատների եփուկն առաջարկվում է որպես խորխաբեր միջոց բրոնխաբորբի և շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ։ Որոշակի լեղամուղ և քրտնամուղ հատկություն ունեն նաև ծաղիկները։ ՀՀ-ում աճում է խոնավ մարգագետիններում, գետահովիտներում, նախալեռնային գոտուց մինչև մերձալպյան գոտին։

Կյանքի արմատ, ժենշեն, վայրի և մշակովի բույս։ Դեղորայքի հումք է բույսի արմատը, որից ստացված պատրաստուկները (փոշի, թուրմ) օգտագործվում են որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ ՀՀ-ում մշակվում է սահմանափակ տարածքում:

Կռատուկ, վայրի բույս։ Արմատների եփուկն օգտագործվում է որպես քրտնաբեր, միզամուղ միջոց։ Տերևները պարունակում են լեղամուղ նյութեր։ ՀՀ-ում տարածված 2 տեսակներն աճում են ամենուրեք՝ տնամերձ հողամասերում, մարգագետիններում, ճանապարհի եզրերին և այլուր։

Կուժկոտրուկ, վայրի բույս։ Ընձյուղների թուրմը կիրառվում է սիրտանոթային համակարգի անբավարարության ժամանակ։ ՀՀ-ում աճող տեսակները տարածված են Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում, Երևանում և այլուր։

Հազարատերևուկ սովորական. վայրի բույս։ Տերևները և ծաղկաբույլը պարունակում են եթերայուղեր և ախիլեին ալկալոիդ։ Խոտաբույսերից ստացվող պատրաստուկներն օգտագործվում են որպես հակաբորբոքային՝ ստամոքսաբորբերի ժամանակ, ինչպես նաև ախորժաբեր և արյունահոսությունը դադարեցնող միջոց։ ՀՀ-ում աճում է Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզերում։

Հալևորուկ ռոմբատերև. վայրի բույս։ Կոճղարմատը և բույսի մյուս մասերը պարունակում են պլատիֆիլին, սարացին, սենեցին և այլ ալկալոիդներ, որոնք հումք են անոթալայնիչ և սպազմոլիտիկ միջոցների ստացման համար։ Նշված պատրաստուկները խորհուրդ են տրվում խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի և այլ հիվանդությունների դեպքում։ ՀՀ-ում աճում է Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի լեռնաանտառային և ենթալպյան գոտիների խոնավ հողերում։

Հալվե ծառանման. վայրի և մշակովի բույս: Թարմ տերևներից պատրաստված հյութն արտաքին օգտագործման ևով կիրառվում է թարախային վերքերի, այրվածքների, մաշկային, բորբոքային հիվանդությունների բուժման համար: Հալվեի հյութը (1-ական թեյի կամ աղանդերային գդալ, օրական 2-3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ) խորհուրդ է տրվում օգտագործել քրոնիկական փորկապության ժամանակ։ Տերևները հալվեի մզվածքի հումք են և գործածվում են խոցային, աչքի և այլ հիվանդությունների բուժման համար։ ՀՀ-ում Արմավիրի մարզի որոշ ջերմոցային տնտեսություններում, ՀՀ ԳԱԱ բուսաբանական այգում ստեղծվել են հալվեի արհեստական տնկարկներ։

Հապալասենի սովորական, վայրի բույս։ Հատապտուղները հյութալի են, թթվաշ։ Թուրմը, եփուկը և կիսելն օգտագործվում են լուծի ժամանակ։ ՀՀ-ում աճում է անտառային շրջաններում։

Հովտաշուշան մայիսյան. վայրի բույս։ Վերգետնյա մասերը պարունակում են սրտային գլիկոզիդներ և սրտի գործունեությունը խթանող միջոցների (կորգլիկոն, հովտաշուշանի թուրմ, եփուկ) հումք են։ Աճում է ՀՀ հյուսիսային շրջանների անտառներում։

Ձիաձետ դաշտային, վայրի բույս։ Թուրմը, եփուկը և հեղուկ մզվածքը նշանակվում են որպես միզամուղ միջոց։ Աճում է դաշտերում, մարգագետիններում, գետեզրերին և այլուր։

Ղանձլամեր լոբելի, վայրի բույս։ Վերգետնյա մասը պարունակում է շնչառությունը գրգռող լոբելին ալկալոիդը։ Բույսից ստացվում են պատրաստուկներ, որոնք օգտագործվում են մաշկային մակաբույծների դեմ, ինչպես նաև անասնաբուժության մեջ՝ որպես փսխեցնող միջոց։ ՀՀ-ում աճում է Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ալպյան և ենթալպյան մարգագետիններում։

Մանանեխ, վայրի բույս։ Սերմերն օգտագործվում են մանանեխի փոշի (ծեփուկների համար) և եթերայուղ ստանալու համար, որի սպիրտային լուծույթով ռևմատիզմի ժամանակ շփումներ են կատարում։ Մանանեխի ծեփուկները և լոգանքները խորհուրդ են տրվում շնչառական ուղիների հիվանդությունների, մրսածության ժամանակ։

Մասրենի. վայրի և մշակովի բույս։ Պտուղները պարունակում են վիտամիններ (հատկապես C). օգտագործվում են որպես մարսողությունը լավացնող, իսկ լյարդի, լեղապարկի, երիկամների հիվանդությունների ժամանակ՝ հակաբորբոքային միջոց։ ՀՀ-ում աճում է ամենուրեք՝ անտառներում, գետահովիտներում, լեռնալանջերին և այլուր։

Մատնոցուկ ժանգային. վայրի բույս։ Տերևներից ստացված պատրաստուկները (գիտալեն, լանտոզիդ, դիգիտոքսին) թուրմի, փոշու, մզվածքի ձևով օգտագործվում են սրտի աշխատանքը կարգավորելու, միզարտադրությունը արագացնելու, այտուցները իջեցնելու համար։ ՀՀ-ում աճում է հիմնականում Փամբակի, Գեղամա և Արագած լեռների լանջերին, անտառներում։

Մատնունի ուղղաձիգ, վայրի բույս։ Կոճղարմատից ստացված պատրաստուկներն օգտագործվում են ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների (որպես կապող միջոց), ինչպես նաև նշիկաբորբի, բերանաբորբի, լնդերի բորբոքումների ժամանակ (ողողումների ձևով)։

Մատուտակ. վայրի բույս: Արմատներից և կոճղարմատից ստացվող պատրաստուկներն ունեն խորխաբեր, հակաբորբոքային և սպազմոլիտիկ հատկություն։ ՀՀ-ում խիստ տարածված է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

Նվենի գնդաձև (էվկալիպտ). վայրի և մշակովի բույս։ Տերևներից ստացված պատրաստուկները (թուրմ, եփուկ, մզվածք, յուղ) որպես հականեխիչ միջոց օգտագործվում են վերին շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (ողողումների, ինհալացիաների ձևով), վերքերը բուժելիս։ Երևանում մշակվում է որպես գեղազարդիչ։

Շիկատակ, մահամորմ. վայրի և մշակովի բույս։ Բոլոր մասերը պարունակում են ալկալոիդներ՝ ատրոպին, հիոսցիամին և այլն։ Սպազմոլիտիկ պատրաստուկների հումք է. օգտագործվում է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունների, բրոնխային հեղձուկի, լեղաքարային հիվանդությունների, ինչպես նաև ներքին օրգանների հարթ մկանների սպազմներով ուղեկցվող հիվանդությունների ժամանակ։ ՀՀ անտառային շրջաններում՝ Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում աճում է կովկասյան շիկատակը։

Ոսկեհազարուկ հովանոցային. վայրի բույս։ Պատրաստուկներն (թուրմ, եփուկ) օգտագործվում են որպես ախորժաբեր, մարսողությունը կարգավորող միջոց։ ՀՀ-ում տարածված է Երևանի շրջակայքում, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։

Չիչխան դժնիկանման. վայրի և մշակովի բույս։ Պտուղներից ստացված արժեքավոր յուղն օգտագործվում է վերքերի, այրվածքների, պառկելախոցերի, արգանդի վզիկի էրոզիաների, ինչպես նաև խոցային հիվանդությունների (ներքին ընդունման ձևով) բուժման ժամանակ։ ՀՀ-ում Սևանա լճից ազատված հողերի վրա (Գեղարքունիքի մարզ) ստեղծվել են չիչխանի խոշոր զանգվածներ և կազմակերպվել է չիչխանի յուղի և հյութի արտադրություն։ Չիչխանի պտուղների թուրմը և հյութը խորհուրդ է տրվում խմել վիտամինային անբավարարության դեպքում։

Չորածաղիկ. վայրի բույս։ Խոտի թուրմը նշանակվում է ստամոքսի և 12- մատնյա աղիքի խոցային հիվանդության, իսկ յուղը՝ վերքերի բուժման համար։

Պտեր արական. վայրի բույս։ Կոճղարմատից ստացված պատրաստուկներն օգտագործվում են ճիճվային հիվանդությունների ժամանակ։

Ռաուվոլֆիա. վայրի բույս։ Արմատներն ու կոճղարմատները հիպերտոնիկ հիվանդության բուժման համար օգտագործվող պատրաստուկների (ռեզերպին, ռաունատին ևն) հումք են, ունեն նաև հանգստացնող հատկություն։

Սաղավարտուկ բայկալյան. վայրի բույս։ Արմատներից և կոճղարմատից ստացված պատրաստուկները, որպես հանգստացնող միջոց, օգտագործվում են հիպերտոնիկ հիվանդության, ինչպես նաև նևրոզների, անքնության ժամանակ։

Սեկուրինեգա. վայրի բույս։ Ընձյուղից ստացված սեկուրինինը կենտրոնական նյարդային համակարգը խթանող միջոց է։

Սենա սրատերև. մշակովի բույս։ Տերևների թուրմն օգտագործվում է որպես լուծողական։ Սրոհունդ սովորական, արևքուրիկ, վայրի և մշակովի բույս։ Վերգետնյա մասը հումք է նովոիմանին հականեխիչ, հակաբորբոքային պատրաստուկի ստացման համար, որն օգտագործվում է վերքերի, այրվածքների, կաթնագեղձերի բորբոքումների բուժման նպատակով։ Թուրմը կիրառվում է որպես լեղամուղ, միզամուղ, պատող միջոց։ ՀՀ-ում տարածված է ամենուրեք։

Տատրակ, վայրի բույս։ Տերևները պարունակում են լորձանյութեր, տուսիլագին գլիկոզիդ, ինսուլին։ Տերևների թուրմը, եփուկը շնչառական հիվանդությունների ժամանակ օգտագործվում են որպես խորխաբեր, քրտնաբեր միջոց։ ՀՀ-ում տարածված է Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի և այլ մարզերում։

Տերեփուկ կապույտ, վայրի բույս։ Ծաղիկների եփուկը, թուրմն օգտագործվում են որպես միզամուղ, հակաբորբոքային միջոց, ինչպես նաև (թրջոցների ձևով) աչքի լորձաթաղանթի բորբոքման, արցունքահոսաթյան ժամանակ։ ՀՀ-ում ամենուրեք հանդիպում է դաշտերում, անմշակ հողերում։ Հացաբույսերի ցանքի մոլախոտ է։

Տորոն ներկատու, վայրի բույս։ Կոճղարմատից ստացված պատրաստուկները խորհուրդ է տրվում գործածել լեղաքարային, միզաքարային հիվանդությունների, ինչպես նաև պոդագրայի ժամանակ քարերը և աղային կուտակումները լուծելու նպատակով։ ՀՀ–ում աճում է Արմավիրի, Արարատի, Սյունիքի և այլ մարզերում։

Տուղտ դեղատու, վայրի բույս։ Արմատներից ստացված փոշին, թուրմը, մզվածքը օգտագործվում են շնչառական ուղիների, միզուղիների հիվանդությունների ժամանակ՝ որպես խորխաբեր, փափկացնող, հակաբորբոքային միջոց։ ՀՀ-ում տարածված է նաև հայկական տուղտը, որն իր դեղորայքային հատկություններով չի զիջում դեղատու տուղտին և աճում է Արմավիրի, Տավուշի և այլ մարզերում (գրանցված է ՀՀ Կարմիր գրքում)։

Ուրց, վայրի բույս։ Օգտագործվում է բույսի վերգետնյա մասը։ Մտնում է պերտուսին պատրաստուկի բաղադրության մեջ, որը խորխաբեր և հազը փափկացնող միջոց է։ Ուրցից ստացված թիմոլը հականեխիչ է, նրանով ողողում են բերանի խոռոչը և կոկորդը բորբոքումների ժամանակ։ Պարունակում է նաև ցավը հանգստացնող եթերայուղեր։ ՀՀ-ում տարածված է լեռնային շրջաններում։

Օճառախոտ դեղատու. վայրի բույս։ Օժտված է լեղամուղ, ջերմությունը իջեցնող, ցավերը հանգստացնող հատկություններով։ Արտաքին ձևով օգտագործվում է մաշկային հիվանդությունների, թարախային խոցերի բուժման համար։ ՀՀ-ում աճում է գրեթե ամենուրեք։

Օշինդր գծվարային, վայրի բույս։ Ծաղկային կոկոններն (գծվարային սերմ) օգտագործվում են որպես ճիճվաթափ միջոց։

Օշինդր դառը, վայրի բույս։ Խոտից և տերևներից պատրաստվում են թուրմ և մզվածք, որոնք մտնում են մարսողությունը կարգավորող և ախորժակը լավացնող պատրաստուկների բաղադրության մեջ։ ՀՀ-ում տարածված է ամենուրեք։

Օպլոպանաքս բարձր, վայրի բույս։ Արմատների և կոճղարմատների թուրմը նման է մարդարմատի (լոշտակ) թուրմին և օգտագործվում է որպես խթանող միջոց։