Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վաղ Դ. կարող է ի հայտ գալ 35-36 տարեկանում։ Կլիմաքտերիկ շրջանը տևում է 1,5-2 տարի՝ մինչև դաշտանային ֆունկցիայի լրիվ դադարումը (մենոպաուզա)։

Դ-ի առաջին նշանը մեծամասամբ դաշտանային ֆունկցիայի խախտումն է։ Որոշ կանանց դաշտանը լինում է 3-4 ամիսը մեկ, մյուսներինը՝ ամիսը 2 անգամ։ Երբեմն դաշտանը սակավ է, երբեմն՝ չափից դուրս առատ։ Երկարատև արյունահոսությունը Դ-ին բնորոշ չէ։ Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ երկարատև արգանդային արյունահոսությունները և դաշտանի լրիվ ավարտից հետո քսվող արյունային արտադրությունը վկայում են սեռական օրգանների հիվանդությունների մասին։ 40 տարեկանից բարձր և կլիմաքտերիկ շրջանում գտնվող կանայք տարին 2 անգամից ոչ պակաս պետք է դիմեն գինեկոլոգի։

Հաճախ Դ. ընթանում է առանց կտրուկ փոփոխությունների օրգանիզմում և ինքնազգացոդության վատացման նշանների։ Բայց Դ-ի բարդացած ընթացքի (բնորոշ է 45 տարեկանից հետո յուրաքանչյուր երրորդ կնոջը) ժամանակ առաջանում են տարբեր ծանրության երևույթներ, այսպես կոչված դաշտանադադարային համախտանիշ, օրական մի քանի անգամ առաջանում են դեմքի և պարանոցի հանկարծակի կարճատև արյունալցումներ, որոնք ուղեկցվում են մաշկի խիստ կարմրությամբ։ Այնուհետև արյունալցումները փոխարինվում են գունատությամբ, առաջանում է առատ քրտնարտադրություն, չպատճառաբանված անհանգստություն, վախ, ընկճվածություն, գրգռվածություն, դյուրաբորբոքություն, լացկանություն։ Դրանք վկայում են դաշտանադադարային նևրոզի մասին։ Երբեմն առաջանում են սիրտանոթային համակարգի գործունեության խանգարումներ, որոնք դրսևորվում են սրտի և կրծոսկրի հետևի պարբերաբար առաջացող ցավերով, հաճախասրտությամբ կամ հազվասրտությամբ, արյան ճնշման բարձրացմամբ, գլխապտույտով, ականջներում աղմուկով և այլն։ Բնորոշ են քնի խանգարումները (քնկոտություն կամ անքնություն), սեռական հակումը կարող է խիստ նվազել կամ բարձրանալ։ Դ. չպետք է ամուսնական ինտիմ կյանքի խանգարման պատճառ դառնա։ Միայն թե այդ շրջանում ամուսինը պետք է ավելի հոգատար և ուշադիր վերաբերվի կնոջը, օգնի նրան հաղթահարելու այն։

Տղամարդկանց կլիմաքսի դրսևորումները սուր բնույթ չունեն, սակայն երկարատև են, սկսվում են 50-60 տարեկանում, չնայած տղամարդկանց ճնշող մեծամասնության սեռական գեղձերի գործունեության հասակային մարումը չի ուղեկցվում որևէ երևույթով։ Տղամարդկանց կլիմաքսի, այսպես կոչված, ախտաբանական ընթացքի ժամանակ նկատվում են սրտխփոց, սրտի շրջանի ցավեր, զարկերակային ճնշման բարձրացում, գլխապտույտ, տրամադրության անկում, անհանգստություն, կասկածամտություն, լացկանություն։ Առաջանում է անքնություն, ցրվածություն, աշխատունակության խիստ անկում։ Երբեմն նվազում է սեռական ունակությունը։

Դաշտանադադարային խանգարումները սովորաբար անհետանում են ինքնուրույն, քանի որ ժամանակի ընթացքում օրգանիզմը հարմարվում է ֆիզիոլոգիական նոր վիճակին։ Կյանքի և սննդի համապատասխան ռեժիմի պահպանման դեպքում այդ խանգարումներն արագ վերանում են։ Խորհուրդ է տրվում կատարել առավոտյան մարմնամարզություն, մարմնի ամենօրյա ջրցողում կամ սենյակի ջերմաստիճանի ջրով շփումներ։ Լավ արդյունք են տալիս քնից առաջ 10-15 րոպե տևողությամբ փշատերևային կամ փշատերևաաղային լոգանքները (36-37 °C)։ Եթե դրանք առաջացնում են ուժեղ գրգռվածություն և դժվարացնում քունը, ապա հարկավոր է ընդունել առավոտյան կամ ցերեկվա ժամերին։ Քնից առաջ օգտակար են զբոսանքները։ Կարևոր է արձակուրդի ճիշտ կազմակերպումը։ Խորհուրդ չի տրվում ամռան ամիսներին հանգիստն անցկացնել հարավում, քանի որ շոգը բավականին վատացնում է օրգանիզմի ընդհանուր վիճակը։ Սնունդը պետք է լինի բազմատեսակ, դյուրամարս և չափավոր։ Հարկավոր է սնվել կանոնավոր, հնարավորության դեպքում օրական 4-5 անգամ, ցանկալի է նույն ժամերին։ Վերջին անգամ պետք է ուտել քնից 2 ժամ առաջ։ Նախընտրելի են կաթնային և բանջարեղենային ճաշատեսակները, հարկավոր է սահմանափակել մսի, յուղոտ սննդի, կարագի, խմորեղենի, մակարոնեղենի և քաղցրեղենի օգտագործումը, հրաժարվել համեմունքներից (ծովաբողկ, մանանեխ, պղպեղ, սուր սոուսներ), ծխելուց, ոգելից խմիչքներից։

ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐ, բույսերի խումբ, բուժիչ և կանխարգելիչ նպատակով օգտագործվում են բժշկության և անասնաբուժության մեջ։ Դ-ի բուժիչ հատկությունները պայմանավորված են նրանց մեջ պարունակվող որոշակի քիմիական միացությունների ազդող ալկալոիդների, գլիկոզիդների, աղաղանյութերի, վիտամինների և այլ նյութերի առկայությամբ։ Որպես կանոն օգտագործում են այդ բույսերի այն մասերը, որտեղ նշված նյութերը կուտակվում են առավելագույն քանակությամբ։ Դ. կիրառվում են թուրմի, եփուկի, մզվածքի, թեյի, փոշու և այլ ձևերով։ Հատուկ խումբ են կազմում այն Դ., որոնք տարբեր դեղանյութերի պատրաստման հումք են։ Դեղորայք պատրաստում են առավելապես վայրի բույսերից։ Դ-ով, ինչպես նաև սինթետիկ բժշկական պատրաստուկներով բուժումն անպայման պետք է կատարվի բժշկի հսկողությամբ։ Ստորև թվարկվում են առավել տարածված Դ։

Ազնվամորի սովորական, վայրի բույս: Չոր պտուղների թուրմը կիրառվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող միջոց, իսկ տերևների թուրմն ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն։ ՀՀ-ում աճում է Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և մյուս մարզերի անտառներում։

Ալոճենի, վայրի բույս։ Պտուղները և ծաղիկները հումք են սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների ժամանակ օգտագործվող դեղանյութերի պատրաստման համար։ Ծաղիկները և պտուղները կիրառվում են նաև եփուկի, թուրմի, մզվածքի ձևով։ ՀՀ-ում աճում է անտառային և մերձանտառային գոտիներում։

Անանուխ, վայրի և մշակովի բույս։ Տերևներում պարունակվում է մենթոլ։ Բույսից ստացված պատրաստուկներն օգտագործվում են որպես հանգստացնող և սպազմոլիտիկ միջոց՝ փսխման, հարթ մկանների կծկման ժամանակ։ Անանուխի յուղը որպես թարմացնող և հականեխիչ միջոց մտնում է ատամի մածուկների, փոշիների բաղադրության մեջ։ Օգտագործվում է նաև որոշ դեղանյութերի համը հաճելի դարձնելու համար։ Գիտական բժշկության մեջ կիրառվում է մշակովի պղպեղային անանուխը։ ՀՀ-ում տարածված է ամենուրեք։

Անթառամ, վայրի բույս։ Ծաղկազամբյուղներն օգտագործվում են եփուկի