ՏՏՀ/Դիաթեզներ
ԴԻԱԹԵԶՆԵՐ, օրգանիզմի յուրատեսակ ռեակցիաները սովորական գրգռիչների հանդեպ կամ նախատրամադրվածությունը որևէ հիվանդության նկատմամբ։ Օրգանիզմի ռեակտիվության ձևերից է՝ պայմանավորված ժառանգական և ձեռքբերովի առանձնահատկություններով։ Նկատվում են առավելապես վաղ մանկական տարիքում։
Առավել տարածված է արտաքիրտակատառային դիաթեզը, որի հիմքում ընկած է նյութափոխանակության խանգարումը։ Վերջինս պայմանավորված է որոշ սննդամթերքի (հաճախ կաթ, ձու, ելակ, ցիտրուսներ, մեղր, շոկոլադ) նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությամբ։ Դ-ի հիմնական ախտանշաններն են ծնկահոդերի և վերհոնքային շրջաններում թեփոտվող դեղին բծերի առաջացումը, այտերի մաշկի կարմրությունը և թեփոտումը, գլխի մազածածկ մասի կեղևակալումը, շփաբորբը։ Այդպիսի երեխաները հաճախ տառապում են մրսելու հետևանքով առաջացող հիվանդություններով (աչքի շաղկապենաբորբ, ականջաբորբ, փորկապություն կամ լուծ)։ Նկատվում է օրգանիզմում ջուր պահելու հակում («փխրուն» երեխաներ)։ Հաճախ առաջանում են մաշկային (էկզեմա, նյարդամաշկաբորբ, քորպտիկ), շնչառության օրգանների (բրոնխաբորբ, բրոնխային հեղձուկ) հիվանդություններ։ Մանկական վարակիչ հիվանդություններն ընթանում են բավականին ծանր և երկարատև են։ Սովորաբար Դ-ի դրսևորումները թուլանում կամ լրիվ անհետանում են 3-5 տարի անց։ Բուժումը հարկավոր է կատարել միայն բժշկի նշանակմամբ, որովհետև տնային որևէ միջոց, առավել ևս դեղամիջոցներ ինքնուրույն օգտագործելու դեպքում, որպես կանոն, երեխայի վիճակը վատանում է։ Սովորաբար բժիշկը նշանակում է սննդակարգ՝ բացառելով Դ. առաջացնող սննդամթերքը։ Մաշկի բորբոքման և թացանալու դեպքում օգտագործում են դեղորայքային լոգանքներ, նյարդամաշկաբորբի դեպքում՝ մածուկներ և քսուքներ (բոլոր դեպքերում միայն բժշկի նշանակմամբ)։ Դ-ի կանխարգելման նպատակով հղի կանանց և կերակրող մայրերին խորհուրդ է տրվում բացառել կամ սահմանափակել Դ. առաջացնող սննդամթերքի օգտագործումը։ Մինչև 3 տարեկան երեխաներին նույնպես չի թույլատրվում տալ նման սննդամթերք։ Բրոշ երեխաների համար անհրաժեշտ է կազմել անհատական ճաշացուցակ։ Տես նաև Ալերգիա։