Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտադիր հոսպիտալացվում են։ Հատուկ նշանակություն ունի ռեժիմի և սննդակարգի պահպանումը հիվանդանոցում և այնտեղից դուրս գրվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում։ Այդ շրջանում հարկավոր է խուսափել ֆիզիկական բեռնվածությունից, չի թույլատրվում պատվաստումներ կատարել, օգտագործել խոզապուխտ, աղ դրած և ապխտած ձուկ, երշիկ, յուղոտ և ապխտած երշիկ, կծու և աղի ուտեստներ ու համեմունքներ, շոկոլադ, կակաո։ Խորհուրդ է տրվում օգտագործել կաթնային ճաշատեսակներ, խաշած միս և ձուկ, շիլաներ, մրգեր, բանջարեղեն, մուրաբա, մեղր, կարագ և բուսական յուղ, պանրի ոչ աղի տեսակներ և այլն։ Քանի որ Դ-ով հիվանդացածները երբեմն մնում են որպես վիրուսակիրներ, ուստի պետք է խստորեն պահպանեն անձնական հիգիենայի կանոնները։ Տես նաև Աղիքային վարակիչ հիվանդություններ:

ԴԻԱԹԵԶՆԵՐ, օրգանիզմի յուրատեսակ ռեակցիաները սովորական գրգռիչների հանդեպ կամ նախատրամադրվածությունը որևէ հիվանդության նկատմամբ։ Օրգանիզմի ռեակտիվության ձևերից է՝ պայմանավորված ժառանգական և ձեռքբերովի առանձնահատկություններով։ Նկատվում են առավելապես վաղ մանկական տարիքում։

Առավել տարածված է արտաքիրտակատառային դիաթեզը, որի հիմքում ընկած է նյութափոխանակության խանգարումը։ Վերջինս պայմանավորված է որոշ սննդամթերքի (հաճախ կաթ, ձու, ելակ, ցիտրուսներ, մեղր, շոկոլադ) նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությամբ։ Դ-ի հիմնական ախտանշաններն են ծնկահոդերի և վերհոնքային շրջաններում թեփոտվող դեղին բծերի առաջացումը, այտերի մաշկի կարմրությունը և թեփոտումը, գլխի մազածածկ մասի կեղևակալումը, շփաբորբը։ Այդպիսի երեխաները հաճախ տառապում են մրսելու հետևանքով առաջացող հիվանդություններով (աչքի շաղկապենաբորբ, ականջաբորբ, փորկապություն կամ լուծ)։ Նկատվում է օրգանիզմում ջուր պահելու հակում («փխրուն» երեխաներ)։ Հաճախ առաջանում են մաշկային (էկզեմա, նյարդամաշկաբորբ, քորպտիկ), շնչառության օրգանների (բրոնխաբորբ, բրոնխային հեղձուկ) հիվանդություններ։ Մանկական վարակիչ հիվանդություններն ընթանում են բավականին ծանր և երկարատև են։ Սովորաբար Դ-ի դրսևորումները թուլանում կամ լրիվ անհետանում են 3-5 տարի անց։ Բուժումը հարկավոր է կատարել միայն բժշկի նշանակմամբ, որովհետև տնային որևէ միջոց, առավել ևս դեղամիջոցներ ինքնուրույն օգտագործելու դեպքում, որպես կանոն, երեխայի վիճակը վատանում է։ Սովորաբար բժիշկը նշանակում է սննդակարգ՝ բացառելով Դ. առաջացնող սննդամթերքը։ Մաշկի բորբոքման և թացանալու դեպքում օգտագործում են դեղորայքային լոգանքներ, նյարդամաշկաբորբի դեպքում՝ մածուկներ և քսուքներ (բոլոր դեպքերում միայն բժշկի նշանակմամբ)։ Դ-ի կանխարգելման նպատակով հղի կանանց և կերակրող մայրերին խորհուրդ է տրվում բացառել կամ սահմանափակել Դ. առաջացնող սննդամթերքի օգտագործումը։ Մինչև 3 տարեկան երեխաներին նույնպես չի թույլատրվում տալ նման սննդամթերք։ Բրոշ երեխաների համար անհրաժեշտ է կազմել անհատական ճաշացուցակ։ Տես նաև Ալերգիա։

ԴԻԵՏԱ, տես Բուժական սնունդ։

ԴԻԶԵՆՏԵՐԻԱ, տես Աղիքային վարակիչ հիվանդություններ:

ԴԻՄԱԿ կոսմետիկայում, բաղադրությունից կախված՝ Դ-ները լինում են բուժիչ և դիմահարդարիչ։ Բուժիչ Դ-ները պարունակում են դեղանյութեր։ Դիմահարդարիչ Դ-ներն օգտագործվում են մաշկի սնուցման, մաքրման և սպիտակեցման նպատակով։ Դ. կարելի է պատրաստել դիմահարդարիչ մաշկաքսուքից և սննդամթերքից։

Պզուկների, գունակային բծերի բուժումը, կոշտուկների, կապտուկների ներծծումը ևն կատարվում է բուժիչ Դ-ների միջոցով՝ բժշիկ-դիմահարդարի նշանակմամբ։

Դիմահարդարիչ Դ-ները կարելի է կիրառել տնային պայմաններում (շաբաթը 2-3 անգամ)։ Ճարպոտ մաշկի և պզուկների ցանի դեպքում պետք է օգտագործել հատուկ մաշկաքսուքներ։ Չոր մաշկի համար կարելի է օգտագործել սնուցիչ մաշկաքսուքներ։ Դ. քսելուց առաջ պետք է հավաքել մազերը, դեմքը լվանալ կամ մաքրել լոսյոնով (կամ էլ ցանկացած ձեթով), չորացրած մաշկի վրա հաստ շերտով քսել մաշկաքսուքը և պահել 20-30 րոպե։ Այդ ընթացքում պետք է հանգիստ նստել կամ պառկել փակ աչքերով։ Դ. հանում են խոնավ անձեռոցիկով կամ բամբակով։

Ճարպոտ մաշկի համար խորհուրդ է տրվում.

սպիտակուցային Դ.։ 1 ձվի սպիտակուցը հարել և ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ Խառնուրդը քսել դեմքին, չորանալուց հետո լվացվել։

Վաղենակով Դ.։ 1 ճաշի գդալ վաղենակին ավելացնել 1/2 բաժակ եռման ջուր, թողնել 15-20 րոպե, ապա քամել։ Բամբակի բարակ շերտը թրջել վաղենակի թուրմի լուծույթով և 20 րոպե պահել դեմքին։ Եթե մաշկը չի գրգռվել, ապա դեմքը պետք է ոչ թե լվանալ, այլ մաքրել բամբակով, ապա դիմափոշի քսել։

Խմորիչով Դ.։ Մի կտոր (15-20 գ) սննդային թարմ խմորիչը բացել ջրածնի գերօքսիդի 3 %-անոց լուծույթով, մածնով կամ ջրով մինչև թթվասերի թանձրության զանգված ստանալը։ Վերջինս հաստ շերտով քսել դեմքին։ Դ. չորանալուց հետո անհրաժեշտ է դեմքը լվանալ գոլ ջրով։

Չոր մաշկի համար խորհուրդ է տրվում.

Ձվով Դ.։ Ձվի դեղնուցը հարել 1 թեյի գդալ մեղրի հետ, ավելացնել 1 թեյի գդալ թարմ թթվասեր կամ ձեթ։ Խառնուրդը քսել դեմքին, 15-20 րոպե պահելուց հետո լվացվել գոլ ջրով։

Կաթնաշոռով Դ.։ 1 ճաշի գդալ թարմ կաթնաշոռը հարել 1 ճաշի գդալ կաթի հետ, ավելացնել 1 թեյի գդալ մեղր։ Ստացված խառնուրդը քսել դեմքին և պահել 20-30 րոպե, ապա մաքրել գոլ ջրով թրջած բամբակով։

Տաքացրած ձեթով Դ.։ Ձեթը տաքացնել, բամբակի բարակ շերտը տոգորել ձեթով և դնել դեմքին (բաց թողնելով կոպերը և բերանի մասը)։ Բամբակի շերտը ծածկել կոմպրեսի թղթով և մի քանի տակ ծալած խավոտ սրբիչով։ 20-30 րոպե պահելուց հետո գոլ ջրով լվացվել և դիմափոշի քսել։

Ցանկացած մաշկի համար կարելի է օգտագործել բուսական Դ-ներ։ Բույսերը (դաղձ, սամիթ, եղեսպակ, երիցուկ, լորենու ծաղիկ) մանրացնել, յուրաքանչյուրից վերցնել 1-ական թեյի գդալ և խառնել։ Ավելացնել այնքան տաք ջուր, որ ստացվի խյուսանման զանգված։ Ստացված զանգվածը քսել դեմքին, ծածկել թանզիֆե խոնավ անձեռոցիկով,