Jump to content

ՏՏՀ/Դիաֆիլմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԴԻԱՖԻԼՄ, թափանցապատկերային (դիապոզիտիվային) ֆիլմերը թույլ են տալիս բավարարել մարդկանց ճանաչողական և գեղարվեստական ամենաբազմազան հետաքրքրությունները։ Բազմազան է Դ-ի թեմատիկան. հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի գրականություն, կերպարվեստ և ճարտարապետություն, թատրոն, կինո և երաժշտություն, ֆիզկուլտուրա, սպորտ և զբոսաշրջություն, ինչպես նաև փաստագրական և տեսարանային ֆիլմեր։

Զգալի քանակությամբ Դ-եր, գլխավորապես գունավոր, թողարկվում են նախադպրոցականների, ցածր և միջին տարիքի դպրոցականների համար։ Դրանք ժողովրդական հեքիաթների, գեղարվեստական գրականության ստեղծագործությունների, կինոնկարների թեմաներով ժապավեններ են։ Որոշ մանկական գեղարվեստական Դ-եր թողարկվում են հնչյունային տեքստի ուղեկցությամբ (ձայնապնակների և մագնիտոֆոնային ժապավենների վրա)։ Այդ Դ-երը ցուցադրվում են առանց հատուկ սարքավորումների, որպեսզի էկրանին ցուցադրվող պատկերը համընկնի հնչյունային տեքստի հետ, կադրի փոփոխությունը պետք է կատարել ձայնապնակի, ժապավենի վրա գրանցված ձայնային ազդանշանին համապատասխան։

Դ-երն օգտագործում են նաև ընտանեկան ժամանցը կազմակերպելու համար։

Դ-երը երեխաների խոսքի, գեղագիտական ճաշակի զարգացման, աշխարհընկալման, գրքի, արվեստի նկատմամբ հետաքրքրության ձևավորման արդյունավետ միջոց են։ Դ. երեխային ցուցադրելուց առաջ հարկավոր է նախապես այն դիտել, մշակել մեկնաբանություններ, որոշել, թե որ կադրերի վրա պետք է դարձվի երեխայի ուշադրությունը։

Հարկավոր է նկատի ունենալ, որ Դ-երի նույնիսկ համեմատաբար կարճատև դիտումը լարում է տեսողությունը, որի հետևանքով նվազում է երեխայի տեսողության սրությունը, պարզ տեսնելու կայունությունը։ Նախադպրոցականներին ցանկալի է դիտել նվազագույն տեքստով տիկնիկային և նկարազարդ Դ-եր։ Դրանց ցուցադրման համար անհրաժեշտ է ձեռք բերել պլաստիկատե ստանդարտ էկրաններ, անթույլատրելի է Դ-երը ցուցադրել պատերի վրա. այդ դեպքում նվազում է պատկերման պայծառությունը և աղավաղվում են գույները։ Էկրանի կենտրոնը պետք է տեղադրված լինի հատակից 1-1,5 մ բարձրության վրա։ Դիապրոյեկտորը պետք է տեղադրել էկրանից 3-4 մ հեռավորության վրա, իսկ երեխային նստեցնել վերջինից 2 մ հեռավորությամբ։ Դ-երը պետք է ցուցադրել մթնեցված սենյակում, քանի որ նույնիսկ թույլ լուսավորվածությունը նվազեցնում է պատկերման պայծառությանը։