Jump to content

ՏՏՀ/Դիմակ կոսմետիկայում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դիմակ կոսմետիկայում
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 273
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԴԻՄԱԿ կոսմետիկայում, բաղադրությունից կախված՝ Դ-ները լինում են բուժիչ և դիմահարդարիչ։ Բուժիչ Դ-ները պարունակում են դեղանյութեր։ Դիմահարդարիչ Դ-ներն օգտագործվում են մաշկի սնուցման, մաքրման և սպիտակեցման նպատակով։ Դ. կարելի է պատրաստել դիմահարդարիչ մաշկաքսուքից և սննդամթերքից։

Պզուկների, գունակային բծերի բուժումը, կոշտուկների, կապտուկների ներծծումը ևն կատարվում է բուժիչ Դ-ների միջոցով՝ բժշիկ-դիմահարդարի նշանակմամբ։

Դիմահարդարիչ Դ-ները կարելի է կիրառել տնային պայմաններում (շաբաթը 2-3 անգամ)։ Ճարպոտ մաշկի և պզուկների ցանի դեպքում պետք է օգտագործել հատուկ մաշկաքսուքներ։ Չոր մաշկի համար կարելի է օգտագործել սնուցիչ մաշկաքսուքներ։ Դ. քսելուց առաջ պետք է հավաքել մազերը, դեմքը լվանալ կամ մաքրել լոսյոնով (կամ էլ ցանկացած ձեթով), չորացրած մաշկի վրա հաստ շերտով քսել մաշկաքսուքը և պահել 20-30 րոպե։ Այդ ընթացքում պետք է հանգիստ նստել կամ պառկել փակ աչքերով։ Դ. հանում են խոնավ անձեռոցիկով կամ բամբակով։

Ճարպոտ մաշկի համար խորհուրդ է տրվում.

սպիտակուցային Դ.։ 1 ձվի սպիտակուցը հարել և ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։ Խառնուրդը քսել դեմքին, չորանալուց հետո լվացվել։

Վաղենակով Դ.։ 1 ճաշի գդալ վաղենակին ավելացնել 1/2 բաժակ եռման ջուր, թողնել 15-20 րոպե, ապա քամել։ Բամբակի բարակ շերտը թրջել վաղենակի թուրմի լուծույթով և 20 րոպե պահել դեմքին։ Եթե մաշկը չի գրգռվել, ապա դեմքը պետք է ոչ թե լվանալ, այլ մաքրել բամբակով, ապա դիմափոշի քսել։

Խմորիչով Դ.։ Մի կտոր (15-20 գ) սննդային թարմ խմորիչը բացել ջրածնի գերօքսիդի 3 %-անոց լուծույթով, մածնով կամ ջրով մինչև թթվասերի թանձրության զանգված ստանալը։ Վերջինս հաստ շերտով քսել դեմքին։ Դ. չորանալուց հետո անհրաժեշտ է դեմքը լվանալ գոլ ջրով։

Չոր մաշկի համար խորհուրդ է տրվում.

Ձվով Դ.։ Ձվի դեղնուցը հարել 1 թեյի գդալ մեղրի հետ, ավելացնել 1 թեյի գդալ թարմ թթվասեր կամ ձեթ։ Խառնուրդը քսել դեմքին, 15-20 րոպե պահելուց հետո լվացվել գոլ ջրով։

Կաթնաշոռով Դ.։ 1 ճաշի գդալ թարմ կաթնաշոռը հարել 1 ճաշի գդալ կաթի հետ, ավելացնել 1 թեյի գդալ մեղր։ Ստացված խառնուրդը քսել դեմքին և պահել 20-30 րոպե, ապա մաքրել գոլ ջրով թրջած բամբակով։

Տաքացրած ձեթով Դ.։ Ձեթը տաքացնել, բամբակի բարակ շերտը տոգորել ձեթով և դնել դեմքին (բաց թողնելով կոպերը և բերանի մասը)։ Բամբակի շերտը ծածկել կոմպրեսի թղթով և մի քանի տակ ծալած խավոտ սրբիչով։ 20-30 րոպե պահելուց հետո գոլ ջրով լվացվել և դիմափոշի քսել։

Ցանկացած մաշկի համար կարելի է օգտագործել բուսական Դ-ներ։ Բույսերը (դաղձ, սամիթ, եղեսպակ, երիցուկ, լորենու ծաղիկ) մանրացնել, յուրաքանչյուրից վերցնել 1-ական թեյի գդալ և խառնել։ Ավելացնել այնքան տաք ջուր, որ ստացվի խյուսանման զանգված։ Ստացված զանգվածը քսել դեմքին, ծածկել թանզիֆե խոնավ անձեռոցիկով, 20-30 րոպե պահելուց հետո լվացվել։

Մրգով, հատապտղով և բանջարեղենով Դ-ները պարունակում են մաշկին անհրաժեշտ վիտամիններ։ Օգտագործում են մաշկի սնուցման և մաքրման համար։