Jump to content

ՏՏՀ/Դոնդող

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԴՈՆԴՈՂ, քաղցր կերակրատեսակ, որը պատրաստում են թարմ և թարմ սառեցրած մրգից, հատապտուղներից, մրգահատապտղային հյութերից և օշարակներից, կարմիր անապակ գինուց, ինչպես նաև սերուցքից և թթվասերից՝ դոնդողանյութի օգտագործմամբ։ Որպեսզի մրգի Դ. ավելի համեղ լինի, ավելացնում են գինի (մուսկատ, մադերա), լիկյոր, ցիտրուսակեղև, վանիլին, կիտրոնահյութ կամ կիտրոնաթթու։

Դ. պատրաստում են հատուկ կաղապարների կամ փոքրիկ սկահակների մեջ։ Որպեսզի պատրաստի Դ. հեշտությամբ անջատվի կաղապարից, վերջինս մատուցելուց առաջ մի քանի վայրկյան պահում են տաք ջրի մեջ։ Դոնդողանյութը նախապես թրջում են (25-30 րոպե), իսկ ուռչելուց հետո՝ քամում։

Դ. կիտրոնի. կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել շաքարավազ, խառնել և եռացնել, ավելացնել կես կիտրոնի կեղև և նախապես թրջած դոնղողանյութ։ Օշարակը խառնելով կրկին եռացնել, ապա լցնել կիտրոնահյութը։ Տաք օշարակը քամել, մի քիչ հովացնել և լցնել կաղապարների մեջ։

1 կիտրոնին՝ 0,5 լ ջուր, 1 բաժակ շաքարավազ, 25 գ դոնդողանյութ։

Դ. թափանցիկ. 2 ձվի սպիտակուց հարել կաթսայի մեջ, ավելացնել սպիտակ անապակ գինի, շաքարավազ, դոնղողանյութ, խառնել, եռման ջուր լցնել, կափարիչը դնել և եփել մարմանդ կրակի վրա։ Եռալուց 2-3 րոպե հետո կրակից վերցնել, թողնել, որ պարզվի, ապա քամել և լցնել կաղապարների մեջ։

25 գ դոնդողանյութին՝ 3 բաժակ ջուր, 1 բաժակ շաքարավազ, 1/2 բաժակ գինի։

Դ. թարմ մրգով. պատրաստում են այնպես, ինչպես սովորական Դ.։ Միրգը դնել փոքրիկ սկահակի կամ կաղապարի մեջ և վրան լցնել Դ.։ Նարինջը և մանդարինը նախապես պետք է բաժանել պճեղների և հեռացնել կեղևն ու կորիզները։ Խնձորի, տանձի, ծիրանի Դ. պատրաստելիս կորիզները պետք է հեռացնել, միրգը եփել օշարակի մեջ, հովացնել, կտրտել, ապա վրան լցնել Դ.։

Դ. կաթնային. սերուցքը, շաքարավազը, ցիտրուսակեղևը խառնել, եռացնել, ապա հովացնել և ավելացնել նախապես թրջած դոնղողանյութ ու կիտրոնահյութ։ Խառնել, լցնել կաղապարների մեջ և սառեցնել։

3 լրիվ թեյի գդալ դոնդողանյութին՝ 1 բաժակ սերուցք, 3/4 բաժակ շաքարավազ, 1/2 կիտրոնի կեղև, 1 ճաշի գդալ կիտրոնահյութ։

Դ. թթվասերի. լավ սառեցրած թթվասերը խառնել շաքարափոշու, վանիլինի հետ և հարել այնքան, մինչև ծավալը գրեթե կրկնապատկվի։ Այնուհետև, անընդհատ խառնելով, բարակ շիթով լցնել լուծված գոլ դոնդողանյութը։ Ստացված զանգվածը խնամքով խառնել, լցնել կաղապարների մեջ և սառեցնել։

1 բաժակ (250 գ) թթվասերին՝ 1/2 բաժակ շաքարափոշի, 1 թեյի գդալ դոնղողանյութ։

Դ. բալի. բալը լվանալ, կորիզները հանել, ջրով եռացնել, ավելացնել շաքարավազ և քամել։ Տաք օշարակի մեջ լցնել նախապես թրջած դոնղողանյութ (խառնելով լուծել) և կիտրոնահյութ։ Ավելացնել նաև գինի։

1 կգ բալին՝ 1 լ ջուր, 3 բաժակ շաքարավազ, 1 բաժակ սպիտակ անապակ գինի, 1 ճաշի գդալ կիտրոնահյութ, 3 ճաշի գդալ դոնղողանյութ։