ՏՏՀ/Դուստ
ԴՈՒՍՏ, միջատասպան նյութերի մանրահատիկ փոշու և իներտ լցանյութերի (տալկ, կաոլին ևն) խառնուրդ։ Կիրառում են փայտոջիլների և խավարասերների դեմ պայքարելու համար։
Միջատազերծման ընթացքում Դ. ռետինե փուչիկներով կամ հատուկ սրվակներով փոշեցրում են միջատների կուտակման տեղերում (շրիշակներ, խորշեր, կահույք, գորգեր, խողովակների մուտքի և ելքի տեղեր, ջեռուցման մարտկոցների հետևի մասը ևն)` մշակվող մակերևույթի 1 մ² համար 10-20 գ հաշվով։ Մակերևույթին մնացած Դ. հինգ օր անց հարկավոր է մաքրել։
Դ. թունավոր է, այդ պատճառով փոշեցրելուց առաջ անհրաժեշտ է հեռացնել ուտելիքը, աքվարիումները, թռչուններին և տնային կենդանիներին, քիթն ու բերանը փակել չորստակ ծալած թանզիֆով։ Մշակման ընթացքում պետք է լուսամուտները (օդանցքները) բաց պահել՝ խուսափելով միջանցիկ քամուց, այնուհետև՝ սենյակն օդափոխել։ Սննդամթերքի պահարանները և դարակները չի կարելի Դ-ով մշակել։ Աշխատանքն ավարտելուց հետո դեմքը և ձեռքերն անհրաժեշտ է լվանալ օճառով։