Jump to content

ՏՏՀ/Դռների երեսքաշում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԴՌՆԵՐԻ ԵՐԵՍՔԱՇՈՒՄ, սենյակները տաք պահելու և ձայնամեկուսացնելու համար դռները երեսքաշում են փափուկ նյութերով, սովորաբար բամբակով, պորոլոնով, արտաքին մասից ջերմամեկուսիչ նյութը պատվում է մոմլաթով, դերմատինով կամ պլաստիկով։ Արտաքին ծածկի պաստառանյութը՝ կտրում են դռան չափերից մի փոքր (12-15 սմ) ավելի՝ փեղկերի ճեղքերը ծածկող կողամասերի (գլանիկների) համար։ Դուռը հանում են ծխնիներից, քանդում-հանում են բռնակները, կողպեքների և բանալիների մակափակերը և դնում աթոռների կամ աթոռակների վրա։ Ծածկող պաստառանյութը փռում են (երեսակողմը դեպի ներքև) դռան երկայնքով, բռնակի կողմից այնպես, որ նրա եզրը դուռը վրածածկի մոտավորապես 1 սմ-ով։ Ձգելով պաստառանյութը՝ այն ամրացնում են հնարավորին չափ դռան եզրին մոտ 4-5 սմ հեռավորությամբ խփած փոքր մեխերով։ Այնուհետև ծածկող պաստառանյութը դարձնում են դռան վրա (այդպիսով երեսակողմը վերևում է հայտնվում) և հավասարաչափ ձգելով դռան լայնքով, ամրացնում են դարձյալ դռան երկայնքով բռնակի կողմից, եզրից մոտ 5 սմ հեռավորությամբ, 5-10 սմ հեռավորությամբ խփած զարդագլխիկավոր մեխերով։ Դրանից հետո, հետ գցելով պաստառանյութը, դռան վրա որոշակի շերտով տեղադրում են մեկուսանյութը և ծածկում պաստառանյութով։ Վերջինս կիպ ձգում են դռան լայնքով համրացնում պաստառապատման մեխերով, դռան երկայնքով (այժմ արդեն ծխնիների կողմից)։ Պաստառանյութի եզրը ծալում են դռան կողամասի վրա կամ ամրացնում փոքր մեխերով։ Վերևի և ներքևի կողմերը ամրացնում են նույն ձևով։ Մեկուսանյութը հարկավոր է փռել այնպես, որ պաստառապատման մեխերի շարքերը գտնվեն դռան եզրերից հավասար հեռավորության վրա։ Մեկուսանյութի սահքը կանխելու համար, դռան վրա անկյունագծերով կամ այլ ձևով պաստառապատման մեխերով հատուկ երիզներ են ամրացվում։

Ամուր ոլորված 2-2,5 սմ տրամագծով գլանիկները պաստառապատման մեխերով ամրացվում են փակ դռան վրա հաշվի առնելով վերջինիս դեպի ներս կամ դուրս բացվելը։ Ներքևի գլանիկը երկու դեպքում էլ դռանն են մեխում մոտ 2 սմ բարձր։ Եթե դուռը բացվում է դեպի ներս, ապա գլանիկները ամրացվում են չորս կողմից, ընդ որում վերևինը և կողքերինը դռան շրջանակի վրա։ Եթե դուռը բացվում է դեպի դուրս, ապա գլանիկները երեք կողմից (վերևից, ներքևից և կողքից՝ բռնակի կողմից) մեխվում են դռան վրա։