ՏՏՀ/Ելակ (աճեցումը)
ԵԼԱԿ (աճեցումը), երկտուն բազմամյա խոտանման բույս է։ Շատ հաճախ սխալմամբ Ե. են անվանում այգու գետնաելակը։ Վայրի վիճակում Ե. հանդիպում է ամենուրեք։ Բնորոշ են խոշոր, բաց կանաչ, եռամաս ուժեղ կնճռոտված, խիտ թավոտ մազիկներով տերևները։ Ծաղկակիրներն (ի տարբերություն գետնաելակի) ուղիղ կանգուն են և, սովորաբար, տերևներից բարձր։ Հատապտուղները մանր են, երկարացված, վզիկով, մուգ կարմիր (արևահայաց կողմից մանուշակագույն, ստվերոտ կողմից՝ կանաչավուն), սուր յուրահատուկ մուսկատի բույրով։
Առավել տարածված սորտերից են Շպանկան (միասեռ ծաղիկներով) և Միլանյանը (երկսեռ ծաղիկներով)։ Շնորհիվ բարձր ձմեռադիմացկունության Ե. կարելի է աճեցնել ձյունոտ խիստ ձմեռ ունեցող շրջաններում։ Երկտուն սորտերի տնկման ժամանակ հանձնարարվում է յուրաքանչյուր 8-10 իգական բույսերից հետո տնկել 2 արական։ Մշակում են ինչպես գետնաելակը: