ՏՏՀ/Զոդում
ԶՈԴՈՒՄ, տանը հիմնականում հարկ է լինում զոդել պողպատի և պղնձի համահալվածքներից (բրոնզ կամ արույր) պատրաստված իրեր՝ օգտագործելով 180-280 °C հալման ջերմաստիճան ունեցող անագակապարային զոդանյութեր (վաճառվում են ձողիկների տեսքով)։
Զոդանյութեր | Քիմ. բաղադրությունը | |
---|---|---|
անագ | ծարիր | |
ՊՕՍ 90......... | 89-90 | 0.15 |
ՊՕՍ 40......... | 39-40 | 1.5-2.0 |
ՊՕՍ 30......... | 29-30 | 1.5-2.0 |
ՊՕՍ 18......... | 17-18 | 2.0-2.5 |
Ծանոթություն. մնացածը կազմում է կապարը։
Զ-ման ժամանակ գործածվող օքսիդալուծիչը (Զ-ման հեղուկ) ծառայում է օքսիդները լուծելու և տաքացած մակերևույթը օքսիդացումից պաշտպանելու համար։ Կենցաղում սովորաբար օգտագործում են ցինկի աղաթթվային հագեցած լուծույթ, անուշադր (ռադիոտեխնիկական դետալներ զոդելիս խորհուրդ չի տրվում կիրառել), բևեկնախեժ և վերջինիս 30-40 %-անոց գինեսպիրտի լուծույթ։ Զ-ից առաջ զոդիչն անհրաժեշտ է կլայեկել, նախ սայրը մաքրել խարտոցով կամ հղկաթղթով, ապա տաքացնել, ընկղմել օքսիդալուծիչի մեջ և անմիջապես կպցնել զոդանյութին՝ պահելով այնքան ժամանակ, մինչև վերջինս սկսի հալվել։ Այս գործողությունը հարկավոր է կրկնել մի քանի անգամ՝ մինչև զոդիչի աշխատանքային մակերևույթը ծածկվի զոդանյութով։ Զոդակցվող մակերևույթները խարտոցով կամ հղկաթղթով մաքրում են կեղտից, օքսիդներից և պատում օքսիդալուծիչի բարակ շերտով։ Տաքացրած զոդիչով զոդանյութը հավասարաչափ տարածում են Զ-ման տեղում։ Մեծ մակերևույթներ զոդելիս այդ գործողությունը կրկնում են մի քանի անգամ կամ էլ զոդանյութի մանր կտորները հավասարաչափ դասավորում զոդակցման տեղում, այնուհետև հալեցնում (մակերևույթը և զոդիչը ցանկալի է պարբերաբար մշակել օքսիդալուծիչով)։ Պետք է հաշվի առնել, որ գերտաքացած զոդիչը վատ է պահում զոդանյութը, իսկ թույլ տաքացրած մակերևույթների զոդամիացքն ամուր չի ստացվում։ Առավել զգույշ պետք է լինել էլեկտրոնային (գլխավորապես կիսահաղորդչային) սարքեր զոդելիս, դրանք հարկավոր է զոդել փափուկ (հալման ցածր ջերմաստիճան ունեցող) զոդանյութերով, 3-5 վայրկյանի ընթացքում, 40 Վտ-ից ոչ հզոր էլեկտրազոդիչով (սնման լարումը 40 Վ-ից ոչ ավելի)։
Երբ զոդակցման տեղը հովանում է, այն հարկավոր է մաքրել օքսիդալուծիչի մնացորդներից և անհրաժեշտության դեպքում հարթեցնել։