Jump to content

ՏՏՀ/Զոոնոզներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Զոոնոզներ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 275
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԶՈՈՆՈԶՆԵՐ, մարդկանց և կենդանիների սուր վարակիչ հիվանդություններ։ Հարուցիչներն են բակտերիաները (բրուցելոզի, սիբիրյան խոցի) և վիրուսները (օրինակ, դաբաղի), որոնք երկար ժամանակ (շաբաթներով և ամիսներով, իսկ սիբիրյան խոցի հարուցիչները՝ տարիներով) կարող են պահպանվել արտաքին միջավայրում։ Հիվանդանում են կովերը, այծերը, խոզերը և այլ կենդանիներ։ Հարուցիչներն արտազատվում են կաթի, թքի, մեզի, արտաթորանքների և այլ արտազատուկների հետ։ Կենդանիները վարակվում են վարակված կեր ուտելիս, հիվանդ կենդանիների արտաթորանքներով վարակված ցամքարից, ծղոտից, արոտավայրերի հողից։ Կենդանիների բրուցելոզն ընթանում է գլխավորապես վիժումներով և մեռածածնությամբ, սիբիրյան խոցը՝ ջղաձգություններով և արյունային արտաթորանքներով, դաբաղը՝ առատ թքարտադրությամբ, բերանի լորձաթաղանթների և վերջույթների վրա մանր բշտիկների ու կեղևիկների առաջացմամբ։

Մարդիկ Զ-ով վարակվում են հում կաթ և կաթնամթերք օգտագործելիս, հիվանդ կենդանիներին խնամելիս, անասունների սպանդի ժամանակ և հում միսը մշակելիս, ինչպես նաև հիվանդ կենդանիների արտաթորանքներով վարակված առարկաներից, կենդանական հումքից (կաշի, բուրդ ևն)։ Սիբիրյան խոցով վարակվում են նաև արյունածուծ միջատների (շնաճանճեր և այլն) խայթոցից։

Մարդկանց Զ-ի ախտանշանները բազմազան են։

Բրուցելոզին բնորոշ են հոդերի, մկանների բորբոքումները, տենդը, հիվանդությունը հաճախ վերածվում է քրոնիկական ձևի։ Սիբիրյան խոցը բնորոշվում է մաշկի վրա թարախակույտի առաջացմամբ, որը վերածվում է խոցի։ Երբեմն հիվանդությունն ընթանում է թոքային կամ աղիքային ձևերով։ Դաբաղի ժամանակ բերանի խոռոչի լորձաթաղանթների, երբեմն մաշկի վրա գոյանում են բշտիկներ և խոցեր, առաջանում է տենդ։ Այդ հիվանդություններն ախտորոշվում են լաբորատոր հետազոտություններով և ներմաշկային ախտորոշիչ փորձանմուշներով։

Զ-ի դեմ պայքարում արդյունավետ են սանիտարաանասնաբուժական միջոցառումները՝ հիվանդ կամ կասկածելի կենդանիների ժամանակին հայտնաբերումը, դրանց մեկուսացումը և հետազոտումը, հիվանդ կենդանիների կաթի վաճառքի և առանց սանիտարական հսկողության դրանց հարկադրական սպանդի արգելումը, համապատասխան տեղանքում կենդանիների կանխարգելիչ վակցինացումը և այլն։ Մեծ նշանակություն ունեն վարակազերծող միջոցառումները և անձնական հիգիենայի պահպանումը, հատկապես հատուկ հագուստի կրումը, անապահով տնտեսություններում, սպանդանոցներում, կաշվի գործարաններում աշխատողների կանխարգելիչ պատվաստումները։