ՏՏՀ/Երկրաշարժ
ԵՐԿՐԱՇԱՐԺ, պաշտպանվելու միջոցառումներ, երկրաշարժն ամենակործանարար բնական տարերքներից է, որի աղետալի հետևանքներից խուսափելու և կյանքին սպառնացող վտանգը նվազագույնի հասցնելու համար պետք է իմանալ, թե ինչպես նախապատրաստվել հնարավոր երկրաշարժին, ինչ անել ցնցումների ժամանակ և երկրաշարժից հետո։
Ինչպե՞ս նախապատրաստվել երկրաշարժին։
Երկրաշարժի ժամանակ մարդկային զոհերի հիմնական պատճառ են լինում շենքերի կառուցվածքային թերությունները, ուստի պետք է խստորեն հետևել սեյսմակայուն շինարարության պահանջներին և չկատարել տների և բնակարանների հիմքն ու կրող պատերը թուլացնող վերակառուցումներ։ Շենքից մարդկանց էվակուացման և տուժածների դուրս բերման ուղիներն ազատելու նպատակով անհրաժեշտ է մուտքը, միջանցքը և աստիճանահարթակն ազատել ծանր իրերից։ Կահույքը պետք է ամրացնել հատակին և պատերին, վերևի դարակներից իջեցնել ծանր իրերը, պինդ փակել սեղմված գազով, թունաքիմիկատներով, դյուրավառ նյութերով բալոնները։ Մահճակալը պետք է դնել կրող պատի մոտ՝ լուսամուտից հեռու, գլխավերևում գրադարակներ չկախել։ Երկրաշարժի ժամանակ պատսպարվելու համար անհրաժեշտ է ընտրել բնակարանի ամենաապահով տեղը (որմնաբացվածքներում, կրող պատերի մոտ՝ լուսամուտներից և ծանր կահույքից հեռու)։
Մատչելի տեղում պետք է պահել կարևոր փաստաթղթերը, տնային դեղարկղ, տաք շորեր, խմելու ջրի, պահածոների պաշար, գրպանի լապտերիկ, ձեռքի ռադիոընդունիչ։
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ։ Երկրաշարժի ժամանակ ամենակարևորը խուճապի չմատնվելն է։ Շենքերը միանգամից չեն փլվում, դուք ժամանակ կունենաք փրկվելու գործողություններ ձեռնարկելու համար։ Եթե գտնվում եք շենքի 1-2-րդ հարկերում, անմիջապես դուրս եկեք դռնից կամ լուսամատից։ եթե ավելի բարձր հարկերում եք, տեղափոխվեք սենյակի վերը նշված ապահով տեղերը և սպասեք, մինչև ցնցումները դադարեն։ Եթե փողոցում եք՝ հեռացեք շենքերից, տրանսպորտում լինելու դեպքում դուրս մի եկեք մինչև ցնցումների դադարելը։ Սարերում զգուշացեք փլուզումներից։ Եթե արթնացել եք ցնցումներից, էլեկտրական լույս կամ լուցկի մի վառեք։ Ժամանակ մի կորցրեք հագնվելու համար, այլ վերցրեք նախօրոք պատրաստած անհրաժեշտ իրերով պայուսակը և անմիջապես դուրս եկեք շենքից կամ տեղափոխվեք ապահով տեղ։
Ի՞նչ անել երկրաշարժից հետո։ Եթե դուք հայտնվել եք փլատակներում՝ խուճապի մի մատնվեք, չմտածված գործողությունները կարող են հանգեցնել նոր փլուզումների։ Բղավեք կամ հարվածեք որևէ առարկայի, տեղեկացնելով ձեր մասին փրկարարներին և կողմնորոշելով նրանց։ Եթե ձեզ անմիջապես չեն հայտնաբերել՝ աշխատեք խնայել ուտելիքն ու ջուրը։ Իսկ եթե ոչ մի պաշար չունեք՝ մի հուսահատվեք. մարդը կարող է առանց ուտելիքի ապրել 15 օր, իսկ առանց ուտելիքի և ջրի՝ 7 օր։ Եթե դուք որոշել եք ինքնուրույն դուրս գալ փլատակներից, ապա ելանցք բացելիս, խուսափեք մեծաբեկորները միմյանց վրա շարելուց, դրանք կարող են փուլ գալ հետցնցումներից։ Ցնցումները կրկնվելուց հետո զննեք ելանցքի վիճակը։ Եթե ձեր շենքը չի վնասվել կամ վնասվածքն աննշան է, ստուգեք էլեկտրահաղորդման գծերի, վառարանների, ծխնելույզների, գազասարքերի վիճակը (ստուգելիս մի օգտվեք լուցկուց, վառիչներից, կրակի այլ աղբյուրներից):
Պետք է պատրաստ լինել նոր ցնցումների, քանի որ հիմնական ցնցումներից չքանդված շենքերը կարող են փլվել հետցնցումներից։ Աղետի գոտում պետք է հեռու մնալ կիսաքանդ շենքերից և բաց էլեկտրահաղորդալարերից, ցանկալի է քայլել ամուր կոշիկով։
Համաճարակից խուսափելու նպատակով անհրաժեշտ է շտապ կազմակերպել զոհվածների թաղումը, հորել կոտորված անասուններին։