Jump to content

ՏՏՀ/Էլեկտրական սալօջախ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱԼՕՋԱԽ, կերակուր պատրաստելու առավել էներգատար և համապիտանի էլեկտրաջեռուցիչ սարք։ Թողարկվում են հատակադիր և սեղանի Է. ս-ներ։ Հատակադիր Է. ս-ի հիմնական տարրերն են. սկավառակավոր վահանը, տապակավառարանը, ամանեղենի պահարանը և կառավարման վահանը (փոխարկիչների բլոկով)։ Սեղանի Է. ս. բաղկացած է սկավառակավոր վահանից, տապակավառարանից և կառավարման վահանից։ Սնվում է 380/220 Վ լարման փոփոխական հոսանքի ցանցից։ Է. ս-ների սահմանված հզորությունը 3,6-8 կՎտ է։

Սկավառակավոր վահանի վրա կա 2-4 սկավառակ։ Սկավառակները լինում են թուջե և դրոշմած պարուրաձև ակոսներով, ուր տեղադրվում են ջեռուցիչ տարրերը (էլեկտրական մեծ դիմադրություն ունեցող մետաղալարե պարույր) և լցանյութը՝ էլեկտրամեկուսիչ զանգվածը։ Կան նաև խողովակավոր սկավառակներ, որոնք բաղկացած են մեկ կամ մի քանի խողովակաձև ջեռուցիչ տարրերից՝ ներսից մամլակցված պարույրով և լցանյութով։ Ըստ ջեռուցիչ տարրերի առավելագույն հզորության, տարբերում են կանոնավոր տաքացման սկավառակներ (աշխատանքային ջերմաստիճանին հասնելու ժամանակը 5-10 րոպե է՝ թուջե և 4-5 րոպե՝ խողովակավոր սկավառակների դեպքում) և արագացված տաքացման սկավառակներ (3-6 րոպե թուջե և 1-3 րոպե խողովակավոր սկավառակների դեպքում)։

Արագացված տաքացման սկավառակներն իրենց հերթին բաժանվում են էքսպրես-սկավառակների (իբրև կանոն, թուջե, որոնց տաքացումն արագացվում է ի հաշիվ լրացուցիչ ջեռուցիչ տարրերի միացման) և ավտոմատ սկավառակների (որոնք արագացված տաքացման ռեժիմից տրված ջերմային ռեժիմի անցնում են ավտոմատ կերպով)։ Հատակադիր Է. ս-ները սովորաբար ունենում են երեք կամ չորս սկավառակ։ Սկավառակների անվանական հզորությունը 1-2 կՎտ է (ըստ սկավառակի տրամագծի 145 կամ 180 մմ)։ Յուրաքանչյուր սկավառակ ունի 2 կամ 3 ջեռուցիչ տարր։ Կառավարման վահանների փոխարկիչներով կարելի է փոփոխել միացվող ջեռուցիչ տարրերի թիվն ու դրանց միացման սխեման և աստիճանաբար կարգավորել սկավառակի հզորությունը (100-200 Վտ-ից մինչև 1000-2000 Վտ), այսինքն աշխատանքային մակերևույթի ջերմաստիճանը (100-500 °C)։ Արդի Է. ս-ներն ունեն սկավառակների հզորության կարգավորման 4-7 աստիճան։

Տապակավառարանը կրակադիմացկուն պողպատից պատրաստված խցիկ է, որի դռնակի դիտապակին թույլ է տալիս հետևել կերակրի պատրաստման ընթացքին։

Տապակավառարանը տաքանում է խողովակաձև ջեռուցիչ տարրերով, որոնք սովորաբար տեղադրվում են խցիկի հատակաթիթեղի ներքևում կամ տապակավառարանի թաղի վերևում. դրանց ընդհանուր հզորությունը 1,6-2 կՎտ է, ընդ որում, վերին ջեռուցիչի հզորությունը 300-400 Վտ-ով պակաս է ներքևինի հզորությունից։ Տապակավառարանի ջեռուցիչները ծածկված են ջերմամեկուսիչ շերտով՝ ապակեթելքով կամ մեկուսիչ բամբակով, որը վերևից պատվում է անդրադարձիչի դեր կատարող ալյումինե նրբաթիթեղով։ Նրբաթիթեղի և Է. ս-ի կողապատերի միջև կա 10-50 մմ հաստության օդաշերտ սալօջախի պատերը գերտաքանալուց պաշտպանելու համար։ Է. ս-ների մեծ մասն ունի տապակավառարանի ջերմաստիճանը վերահսկելու ջերմատվիչ (ջերմաչափ)։ Կառավարման վահանը տեղադրված է սալօջախի առջևի պատին։

Հատակադիր բոլոր Է. ս-ներն ունեն միասնական տիպային չափեր, բարձրությունը՝ 850 մմ, խորությունը՝ 600 մմ, իսկ լայնությունը կարող է լինել երեք տիպային չափի՝ 400, 500 և 600 մմ։ Տիպային չափերի միասնականությունն ապահովում է Է. ս-ների և խոհանոցային կահույքի բլոկավոր հավաքածուների համատեղելիությունը։ Սեղանի Է. ս-ները կառուցվածքով և հիմնական տեխնիկական բնութագրերով նման են հատակադիր Է. ս-ներին և սրանցից տարբերվում են գլխավորապես սկավառակների թվով (երկու), տապակավառարանի ավելի փոքր ծավալով և ամանեղենի պահարանի բացակայությամբ։ Սկավառակները ձուլածո թուջից են կամ խողովակաձև՝ 145 և 180 մմ տրամագծով՝ համապատասխանաբար 1 և 1,5 կՎտ հզորությամբ։ Սեղանի Է. ս-ների կառավարման եղանակը և օգտագործման կանոնները նույնն են, ինչ հատակադիրներինը։

Է. ս-ի վրա կերակուր եփելիս սկավառակների գերտաքացումից և էլեկտրաէներգիայի ավելորդ ծախսից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել հարթ և տափակ հատակով ամաններ, որոնց տրամագիծը հավասար է կամ փոքր ինչ ավելի մեծ սկավառակի տրամագծից։ Ջուրը եռալուց հետո կերակուրը պետք է եփել միջին կամ նվազագույն հզորության պայմաններում, քանի որ սկավառակի ջերմաստիճանը դեռ որոշ ժամանակ մնում է բավականաչափ բարձր։

Է. ս-ներն, ի տարբերություն գազօջախների, բացառում են գազով թունավորվելը, պայթյունի, հրդեհի վտանգը, չեն աղտոտում ամանեղենը։