ՏՏՀ/Էլեկտրոֆոն
ԷԼԵԿՏՐՈՖՈՆ, ձայնասկավառակից ձայնագրությունը վերարտադրելու էլեկտրամեխանիկական սարք։ Բաղկացած է էլեկտրանվագարկիչ սարքից, ձայնային հաճախությունների ուժեղարարից և բարձրախոսից կամ ձայնական համակարգից։ Է-ի և գրամոֆոնի սկզբունքային տարբերությունն այն է, որ Է-ում ձայնահանի ասեղի մեխանիկական տատանումները կերպափոխվում են էլեկտրական տատանումների, վերջիններս ուժեղացվում են ձայնային հաճախության ուժեղարարով և ձայնական համակարգի միջոցով կերպափոխվում ձայնի։ Համանման էլեկտրամեխանիկական սարքը՝ առանց ձայնային հաճախության ուժեղարարի և բարձրախոսի, անվանում են էլեկտրանվագարկիչ կամ պարզապես նվագարկիչ։ Ձայնի վերարտադրման համար Է. միացնում են, օրինակ, ռադիոընդունիչին (որում կան հատուկ բնիկներ) կամ ձայնական համակարգի լրակազմի ցածր հաճախության ուժեղարարին։
Է-ներն ունեն ձայնի բարձրության և տեմբրի կարգավորիչներ, ինչպես նաև լրացուցիչ հարմարանքներ՝ ինքնականգ, սկավառակի պտտման հաճախության մեխանիկական կամ էլեկտրոնային փոխարկիչ, միկրովերհան (ձայնահանը սկավառակի վրա սահուն իջեցնելու համար), կոճակային կառավարում, սկավառակի պտույտների թիվը կարգավորող սարք, պտույտների հաճախության ստուգման ստրոբոսկոպիկ սկավառակ, միացման ցուցիչ։ Մի շարք Է-ներ կարող են օգտագործվել նաև իբրև բաժանորղային բարձրախոսներ ռադիովերահաղորդման ցանցի կամ տեղական (հարևան սենյակներում) վերահաղորդման համար։ Է-ների մեծ մասը նախատեսված է սովորական և տևանվագ (այդ թվում նաև ծավալահնչական) սկավառակների մենահունչ վերարտադրման համար (33 1/3 պտ/ր, 45 պտ/ր, սակավ 78 պտ/ր պտտման հաճախությամբ)։ Ձայնահաններն ունեն 2-ական մշտական փոխարկվող գրամոֆոնի ասեղներ կամ տարբեր ասեղներով հանովի գլխիկներ։
Ձայնագրությունների ծավալահնչական վերարտադրման համար թողարկվում են հատուկ Է-ներ երկանցուղային ձայնահանով, ուժեղացման 2 անցուղիներով և 2-ից ոչ պակաս բարձրախոսներով։
Ժամանակակից Է-ներից շատերին կամ դրանց ձայնական համակարգերին կարելի է միացնել մագնիտոֆոնային կցուրդ (տես Մագնիտոֆոն), փոքրաչափ ռադիոընդունիչ, միկրոֆոն, էլեկտրաերաժշտական գործիքներ (մասնավորապես, էլեկտրակիթառ) ևն։