ՏՏՀ/Ընդհանուր սենյակ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՆՅԱԿ, սովորաբար բնակարանի ամենամեծ սենյակն է, որն օգտագործվում է ընտանեկան ժամանցի համար։ Հաճախ Ը. ս. ծառայում է որպես ճաշասենյակ, ննջասենյակ և աշխատասենյակ։ Ելնելով սրանից, անհրաժեշտ է կահույքը դասավորել նպատակահարմար ձևով: Հարմարավետության համար խորհուրդ է տրվում Ը. ս–ում առանձնացնել տարբեր բնույթի հատվածներ, որոնք փոխարինում են ճաշասենյակին, հյուրասենյակին, աշխատասենյակին ևն։
Հանգստի համար ցանկալի է ընտրել Ը. ս-ի առավել խաղաղ, մեկուսացած մասը։ Քանի որ սենյակի այդ հատվածը հիմնականում օգտագործվում է իրիկնային ժամերին, ապա պարտադիր չէ, որ այն մոտ լինի լուսամուտին։ Հանգստի հատվածը կահավորում են բազկաթոռներով, բազմոցով, ցածր սեղանով, գրադարակներով և գրապահարաններով, խմիչքապահարանով, ռաղիոսարքերով։ Ը. ս-ի կահույքը կարող է բազմատեսակ լինել։ Ցածր սեղանի շուրջ փափուկ կահույքը նպատակահարմար է դասավորել T-աձև կամ П-աձև, ընդորում, նստոցների և սեղանի միջև հեռավորությունը պետք է լինի 30 սմ-ից ոչ պակաս։ Շատ հարմար են անկյունային բազմոցները կամ փափուկ կահույքի այնպիսի հավաքածուներ, որոնց տարրերը կարելի է դասավորել տարբեր համակցությամբ։ Հանգստի հատվածի սահմանները կարելի է ընդգծել հատակին գորգ փռելով, ցածր սեղանի վերևում լուսամփոփ կախելով (սովորականից ցածր) կամ բազկաթոռի մոտ հատակաջահ դնելով։ Տեսողական մեկուսացումը կարելի է շեշտել սենյակի լայնքով դրված կահույքի ցածր պահարաններով, որոնք կարող են թախտի թիկնակ ծառայել։ Այդ պահարաններում կարելի է տեղավորել գրքեր, ամսագրեր, անկողնային սպիտակեղեն ևն։ Ը.ս-ի հանգստի և այլ հատվածներ կարելի է մասամբ առանձնացնել կանգնակներին ամրացրած դարակաշարով։ Գրքերի, գեղազարդման իրերի և բույսերի համար նախատեսված դարակներով այս կառուցվածքը գեղեցիկ տեսք է տալիս սենյակին։
Փափուկ կահույքը դասավորելիս պետք է հաշվի առնել նաև հեռուստացույցի դիրքը։ Այն կարելի է դնել ոտքերի կամ հատուկ պատվանդանի վրա կամ տեղադրել կահույքի խորշում (բարձրությունը 30-75 սմ, հեռավորությունը դիտողից ոչ պակաս քան 2 մ)։
Հյուրերի ընդունելության և ընտանեկան տոնական հավաքույթների համար Ը.ս-ում նախատեսվում է մի հատված, որտեղ դրվում են ճաշասեղանն ու աթոռները, սպասքապահարանը կամ կահույքի այլ անհրաժեշտ տարրեր։ Ցանկալի է, որ այն լինի սենյակի մուտքից ոչ հեռու (նկատի ունենալով խոհանոցին մոտ լինելը)։ Խորհուրդ չի տրվում ճաշասեղանը դնել սենյակի կենտրոնում. դա դժվարացնում է մակերեսի ռացիոնալ օգտագործումը և խախտում սենյակի մնացած հատվածների տեսողական մեկուսացումը։ Ավելի հարմար է սեղանի կողաճակատը հենել պատերից մեկին։ Կարելի է օգտագործել ծալովի սեղան (8 հոգու համար նախատեսված այդպիսի սեղանը ծալած վիճակում զբաղեցնում է ընդամենը 0,16 մ²)։ Աթոռները հարմարավետ դասավորելու համար ճաշասեղանը պետք է տեղադրել պատից առնվազն 75 սմ, ցածր կահույքից՝ 50 սմ, բարձր կահույքից՝ 55 սմ հեռու։ Ոչ մեծ չափերի Ը. ս-ում ցանկալի է ունենալ պահարան, միջնորմի մեջ ներկառուցված ծալովի ճաշասեղան (տես Ներկառուցված կահույք):
Ը. ս-ի աշխատանքային հատվածում տեղադրում են գրասեղան, բազկաթոռ, գրապահարան կամ գրադարակներ այնպես, որ բնական լույսը սեղանին ընկնի ձախից։ Ոչ մեծ չափերի Ը. ս-ում աշխատասեղանը կարելի է փոխարինել սեկրետերով։
Ը. ս-ում ննջատեղը պետք է հնարավորին չափ մեկուսացած լինի։ Այդ նպատակի համար հարմար է ժամանակակից բնակարաններում նախատեսված մահճախորշը։ Եթե Ը. ս-ում այդպիսին չկա, ապա կարելի է դնել բազմոց-մահճակալ կամ թախտ, որոնք ցերեկը նույնպես կարող են օգտագործվել հանգստի համար։
Եթե ընտանիքում երեխաներ կան, ապա Ը. ս-ում պետք է առանձնացնել մանկական անկյուն։ Այն կարող է սենյակի մնացած մասից անջատվել փեղկամիջնորմով։
Ը. ս-ի ինտերիերի միավորող տարրը մասերով կահույքի լրակազմն է, որի բաժանմունքները կարելի է հավաքել տարբեր զուգակցությամբ և դնել պատի երկայնքով (այսպես կոչված, պատ-կահույք)։ Լրակազմի մեջ մտնում են սպիտակեղենի, ամանեղենի պահարաններ, գրապահարան, խմիչքապահարան, զգեստապահարաններ ևն։ Պատ-կահույքը հավաքելիս անհրաժեշտ է կահույքի առանձին տարրերը տեղադրել սենյակի համապատասխան հատվածների մոտ (օրինակ, ամանեղենի պահարանը ճաշասեղանից ոչ հեռու, խմիչքապահարանը և գրապահարանը հանգստի անկյան մոտ ևն)։ Մասերով կահույք ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել Ը. ս-ի չափերը և համամասնությունները։
Ոչ մեծ սենյակում բարձր կահույք տեղադրելը նպատակահարմար չէ, քանի որ այն ասես փոքրացնում է սենյակի չափերը։ Ը. ս. հատվածների բաժանումը կարելի է ընդգծել լուսավորության համապատասխան միջոցներով (տես Լուսավորություն):
Որոշ բնակարաններում Ը. ս. և նախասենյակն առանձնացված են շարժական միջնորմով, որը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում (օրինակ, հյուրերի ընդունելության ժամանակ) նախասենյակի հաշվին մեծացնել սենյակի չափերը։ Երբեմն նույն կերպ միացնում են սենյակն ու խոհանոցը (տես Բնակարանի կահավորում):