ՏՏՀ/Ընտանի թռչուններ (բուծումը)
ԸՆՏԱՆԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ (բուծումը), տարածված է Ը. թ-ի չորս հիմնական տեսակ՝ հավեր, հնդկահավեր, բադեր և սագեր։ Դրանք վաղահաս են, ունեն բարձր մթերատվություն և բազմապտղություն։ Դրանց ցեղերն ըստ զանգվածի և կազմության լինում են թեթև և ծանր։ Թեթև ցեղի հավերը սեռահասուն են դառնում (այսինքն ունակ են ձվարկելու և սերունդ տալու) արդեն 4,5-5 ամսականում, իսկ ծանր ցեղի հավերը՝ 5,5-6 ամսականում։ Հնդկահավերը, բադերը, սագերը սեռահասուն են դառնում 8-10 ամսականում, բայց տնային բուծման և խնամքի պայմաններում սովորաբար ձվարկում են վաղ գարնանը, երբ լուսային օրվա տևողությունը հասնում է 12-14 ժամի։
Ձվատու ցեղի հավերը ձվարկման առաջին տարում տալիս են 220-230, առանձին հավեր՝ 300 ձու։ Հնդկահավերի առանձին ցեղեր ձվարկման 21-25 շաբաթում տալիս են 60-100 ձու։ Առաջին փուլում, որը տևում է 9 ամիս, բադերը տալիս են 160-190 ձու։ Սագերի ձվատվությունը սեզոնի ընթացքում (3-5 ամիս) տատանվում է 15-18-ից մինչև 75–80 ձու։ Հավերի, հնդկահավերի և բադերի ձվատվությունն արդեն 2-րդ տարում նվազում է 15 %-ով, իսկ հաջորդ տարիներին էլ ավելի։ Սագերի ձվատվությունը 2-րդ, նույնիսկ 3-րդ տարում ավելանում է. դրա համար տնտեսություններում սագեր պահում են մինչև 5 տարի։
Ը. թ-ի ձուն և միսն ունեն բարձր սննդային, դիետիկ և համային հատկություններ։ Հավի միսը պարունակում է սպիտակուցներ (12,8 %), ճարպեր (11,8 %), ածխաջրեր (1,0 %), մոխրանյութ (0,8 %), ջուր (73,6 %), ավելի քան 12 վիտամին և 20 հանքային նյութեր։
Ընտանի թռչունների ցեղերը։ Ըստ հիմնական մթերատվության բնույթի հավի ցեղերը լինում են ձվատու, մսաձվատու և մսատու։ Ձվատուներից են սպիտակ լեգհոռնը (հիբրիդային ածանները տարեկան տալիս են 300 և ավելի ձու), ռուսական սպիտակները, մինոկաները և մի քանի այլ ցեղեր։ Մսատուներից են սպիտակ պլիմուտրոկը և սպիտակ կոռնիշը, կոխինխինը։ Մսաձվատու ցեղերից են ռոդայլանդը, նյու հեմփշիրը, շերտավոր և այլ պլիմուտրոկները, սուսեկսները, վրանդոտները, երևանյան ցեղը և այլն։
Հնդկահավերի ցեղերից առավել տարածված են բրոնզագույնը, սպիտակ լայնակուրծքը, մոսկովյան սպիտակը և այլն:
ՀՀ-ում բադաբուծությունը և սագաբուծությունը սահմանափակ են։
Ընտանի թռչունների բուծումը:
Ճտահանության համար օգտագործում են առողջ, լավ զարգացած, ցեղի առանձնահատկությունները պահպանած թռչունների ձուն։ Վերարտադրության համար թռչուններ ընտրում են աճի ընթացքում, նախնական ընտրությունը՝ երբ խոտանված մատղաշը կարելի է օգտագործել մսի համար, իսկ վերջնականը՝ ձմռանը պահելու համար։
Բնական զուգավորման 10-12 ձվատու և 8-9 մսատու հավերի համար բավարար է 1 աքաղաղ։
Ձվատու և մսաձվատու հավերի ցեղի ճտահանության համար օգտագործվում է ածած ձվերի 75-80 %-ը, իսկ մսատու ցեղի հավերի, հնդկահավերի, բադերի և սագերի ճտահանության համար՝ նրանց բոլոր ձվերը։ Ճտահանության համար ձվերը պետք է լինեն բեղմնավորված և թարմ։ Ձվերը պահում են մաքուր արկղերում, հորիզոնական դիրքով, զով տեղում, երբեմն դրանք շրջում են, որպեսզի կանխվի դեղնուցի ջրազրկումը։
Հավերի թխսելու ունակությունը կախված է ցեղից և թռչունի անհատական առանձնահատկություններից։ Թխսելու ուժեղ բնազդ ունեն 1-2 տարեկան հավերը։ Թխսելու բնազդը զարգանում է միայն ձվարկման առաջին փուլից հետո և տևում է 3-4 շաբաթ։ Եթե ձվադրումը մարտին է, ապա հիմնական թխսումն սկսվում է ապրիլ-մայիսին։
Թխսերին նստեցնում են հատակին խոտ կամ ծղոտ փռած արկղերի կամ զամբյուղների մեջ, որոնք տեղավորված են կիսամութ, չոր, հով և մաքուր տեղում, բայց ոչ ընդհանուր թռչնանոցում (բացառությամբ սագերի, որոնք սովորաբար թխսում են ձվադրման տեղերում)։ Մեկ հավի, բադի, սագի, հնդկահավի տակ դնում են համապատասխանաբար՝ 17-19, 13-17, 11-13, 20 ձու։
Թխսերին պետք է կերակրել չոր կերով։ Բնի կողքին դնում են կերաման, ջրաման և մոխրով լցրած տաշտ (բադերի և սագերի համար ստեղծում են լողանալու հնարավորություններ)։ Ճտահանությունից հետո (առաջին 4-5 օրը) թխսին ճտերի հետ պահում են շենքում, իսկ հետագա օրերին հանում բակ։ Սովորաբար թուխսը ճտերին խնամում է 1-1,5 ամիս։ Ածանների և թռչունի մսատու տեսակների տոհմային ճուտ ստանալու համար ճտահանությունը կազմակերպում են մարտ-ապրիլին, քանի որ նրանց զարգացումը կընթանա ավելի նպաստավոր ժամանակ (հեշտ է ապահովել պահանջվող խնամքի պայմաններ, մեծ քանակի կանաչ և սեզոնային այլ կեր)։ Այս դեպքում մինչև ցրտերն ընկնելը մատղաշի աճը, զարգացումը հիմնականում ավարտվում են, և նա ավելի նախապատրաստված է լինում ձմեռացմանը։ Ձվատու հավերի ցեղերի վառեկներն արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին սկսում են ածել և նպաստավոր պայմաններ ստեղծելու դեպքում ձվարկումը կշարունակեն նաև ձմռանը։
Տնային թռչունների մատղաշի օրինակելի օրական կերաբաժինները գ-ներով
Թռչնի և կերի տեսակները | Մատղաշի հասակը օրերով | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
1-5 | 6-10 | 11-20 | 21-30 | 31-40 | 41-50 | 51-60 | |
Ձվատու հավեր Հատիկային կերեր |
6 | 8 | 15 | 26 | 35 | 44 | 50 |
Քուսպեր և շրոտներ | - | 0,2 | 0,5 | 0,8 | 1,2 | 1,5 | 2,0 |
Ձու, կաթնաշոռ | 2 | 4 | 4 | 5 | 3 | - | - |
Զտած կաթ | 4 | 6 | 10 | 15 | 20 | 20 | 15 |
Գազար, կանաչեղեն | 2 | 4 | 7 | 10 | 14 | 18 | 25 |
Հանքային կերեր | 0,2 | 0,3 | 0,6 | 1 | 1,3 | 2,0 | 2,5 |
Հնդկահավեր Հատիկային կերեր |
9 | 12 | 25 | 40 | 60 | 70 | 95 |
Քուսպեր և շրոտներ | - | - | - | - | 5 | 10 | 15 |
Ձու, կաթնաշոռ | 2 | 6 | 10 | 15 | 5 | - | - |
Զտած կաթ | 5 | 10 | 10 | 15 | 15 | - | - |
Գազար, կանաչեղեն | 3 | 10 | 15 | 20 | 30 | 40 | 40 |
Հանքային կերեր | - | 0,5 | 1 | 1,5 | 3 | 4 | 5 |
Բադեր Հատիկային կերեր |
15 | 35 | 80 | 120 | 200 | 250 | 250 |
Քուսպեր և շրոտներ | 1 | 51 | 51 | 10 | 15 | 20 | 20 |
Ձու, կաթնաշոռ | 2 | 6 | - | - | - | - | - |
Զտած կաթ | 10 | 15 | 25 | 50 | 50 | 50 | 50 |
Գազար, կանաչեղեն | 3 | 12 | 20 | 50 | 70 | 85 | 100 |
Հանքային կերեր | - | 1 | 3 | 5 | 8 | 10 | 12 |
Սագեր Հատիկային կերեր |
18 | 20 | 45 | 75 | 75 | 95 | 90 |
Քուսպեր և շրոտներ | - | 4 | 45 | 25 | 25 | 25 | 25 |
Տարբեր կենդանական կերեր | 2 | 7 | 15 | 30 | 30 | 30 | 30 |
Կարտոֆիլ | - | 20 | 40 | 100 | 120 | 130 | 200 |
Գազար, կանաչեղեն | 5 | 30 | 60 | 130 | 200 | 300 | 300 |
Հանքային կերեր | 0,3 | 10 | 1,5 | 2,0 | 3,5 | 3,5 | 3,5 |
Մսացու ճտերի ճտահանությունը սկսում են վաղ գարնանը և շարունակում մինչև հուլիս-օգոստոս։ Դրանք սպանդային քաշի են հասնում 2-4 ամիս հետո։
Ճտերի աճեցումը: Ճիշտ կերակրելիս և պահելիս ճտերն արագ են աճում։ Ձվատու ցեղերի մեկ օրական ճտերը կշռում են 35-38, 60 օրականները՝ 500-600, 150 օրականները՝ մոտ 1400 գ (կամ մեկ տարեկան հավի զանգվածի 80 %-ը)։ Այդպիսի զանգվածի բադերի մատղաշը հասնում է 90, հնդկահավերինը՝ 120, սագերինը՝ 150 օրականում։ Տոհմային աճեցման և սննդային ձվեր ստանալու համար հաճախ կիրառում են սահմանափակ կերակրման ռեժիմ, այս դեպքում մատղաշի աճի տեմպերը դանդաղում են։ Մսի համար աճեցնելու դեպքում կերակրումը չեն սահմանափակում։ Բտումը կտրուկ արագացնում է աճը և հնարավորություն տալիս վաղ ժամկետում ստանալ լավորակ մսեղիք։
Ընտանի թռչունի ճտերի բնականոն աճեցման համար անհրաժեշտ է բավարար քանակի լիարժեք կեր, ջուր, ջերմային և լուսային ռեժիմ։ Թռչնանոցներում և զբոսաբակերում ստեղծում են զոոհիգիենային բարենպաստ պայմաններ։ Այդ նպատակով տնտեսական բլոկում անհրաժեշտ է ունենալ առանձին թռչնանոց։ Մատղաշը պահվում է սովորաբար հատակի վրա։ 1 մ2 հատակի վրա պահում են 16-20 ձվատու կամ 10-14 մսատու հավի և բադի, 8-10 հնդկահավի և սագի ճտեր։ Տոհմային աճեցման դեպքում ավելորդ աքաղաղներին 2 ամսից հետո մորթում են։ Հնդկահավերի և սագերի արուներն աճեցվում են ավելի երկարատև, դրա համար 45-60 օրականում դրանց տեղափոխում են՝ խտությունը նվազեցնելով 2-3 անգամ։
Ճտերը աճեցնում են ցանցավոր հատակ ունեցող վանդակներում։ Հատուկ ուշադրություն են դարձնում ջերմային ռեժիմի ապահովմանը։ Առանց թխսերի աճեցման ճտանոցներում տաքացուցիչներով ստեղծում են պահանջվող ջերմաստիճան։ Առավել բարձր այն պետք է լինի մատղաշի աճեցման առաջին 5 օրը։ Ճտերի աճին զուգընթաց (45-60 օրում) ջերմաստիճանը նվազեցնում են մինչև 18-16 °C։ Թխսի հետ ճտերի աճեցման ժամանակ հետևում են միայն շենքի ընդհանուր ջերմաստիճանին։ Առանց թխսի աճեցնելիս առաջին շաբաթում լուսային օրվա տևողությունն անհրաժեշտ է հասցնել 20, հաջորդ օրերին մինչև 18 ժամի, այնուհետև սահմանափակվել լուսային օրվա բնական տևողությամբ։
Թխսով մատղաշն աճեցնելիս (որպեսզի նրանք հանգստանան) առաջին օրերին լուսավորության տևողությունը 16 ժամից չպետք է անցնի։ 4-5-րդ օրը, տաք և արևոտ եղանակին ճտերը կարճ ժամանակով (հատկապես թխսի հետ) դուրս են բերում զբոսաբակ։ Բադերի և սագերի ճտերը 3-4-րդ, հավի և հնդկահավի ճտերը 7-8-րդ շաբաթվանից զբոսաբակում թողնում են ամբողջ օրը։
Մատղաշի կերակրման համար չպետք է օգտագործել փտած, թթված, բորբոսնած, և սկզբնական շրջանում դժվարամարս կերեր՝ գարի, վարսակ, կորեկ (թաղանթով) և ամբողջական խոշոր հատիկ։
Հավի ճտերին կերակրում են անմիջապես տնտեսություն բերելուց կամ թխսի տակից հանելուց 10-12 ժամ հետո։ Կյանքի առաջին օրերին լավ կեր է պինդ եփած թարմ ձուն, կաթնաշոռը, կորեկաձավարը, մանր աղացած դեղին եգիպտացորենը, ցորենը, վարսակի ձավարը։ Ձուն անցկացնում են մսաղացով, վրան ավելացնում կորեկաձավար կամ աղացած հատիկ։ Մինչև 10 օրական մատղաշին կերակրում են 5-6, մեկ ամսականին՝ 3 անգամ։
Ճտերի համար լավագույն սպիտակուցային կերեր են կաթնամթերքները և մնացուկները՝ անյուղ, թարմ կաթնաշոռը, շիճուկը, թանը։ Մատղաշի աճի և զարգացման համար կարևոր է հանքային կերը։ Ձվերը տալիս են մանրած կճեպի հետ, իսկ 5-րդ օրվանից առանձին կերամաններով տալիս են ծեծած կավիճ, խեցի, լվացած խոշոր ավազ։ Կերակրի աղը խառնակերին ավելացնում են լուծույթի ձևով։ Կախված հասակից և տեսակից ճտերի աճեցման ժամանակ հանձնարարվում են որոշակի կերային նորմաներ։ Այդպիսի նորմավորում կատարվում է սովորաբար մինչև 2 ամսական ճտերի համար, երբ կերակրման ռեժիմի պահպանումը առանձնապես կարևոր է։
Ավելի մեծ տարիքի մատղաշին, հատկապես բադերին և սագերին, կարելի է կերակրել կարտոֆիլով, արմատապտուղներով, կանաչեղենով, լավորակ սննդային թափոններով։
Աճի ամբողջ շրջանում մատղաշը պետք է ստանա մաքուր, լավորակ, բայց ոչ շատ սառը ջուր։
Հասուն թռչնի խնամքը և կերակրումը։ Հասուն ընտանի թռչունը պահում են ոչ մեծ թռչնանոցներում, որոնք ունեն լուսամուտ, օդանցք, տաք հատակ, էլեկտրական լուսավորություն։ 1 մ2 հատակի վրա պահում են 4 ձվատու կամ 3 մսաձվատու և մսատու ցեղի հավ, 2 բադ, 1-1,5 սագ կամ հնդկահավ (ըստ զանգվածի)։
Թռչնանոցում տեղադրում են բներ, կերամաններ, խմոցներ, թառեր, մոխրաավազային տաշտակներ (վերնամաշկային մակաբույծների դեմ պայքարելու համար)։
Հավաբունը. 5 ածան հավի հաշվով, կառուցում են 20-30 սմ լայնությամբ, 30-35 սմ խորությամբ և բարձրությամբ։ Ցանկալի է դրանք տեղադրել հատակից 60-70 սմ բարձր և 1-2 հարկով։ Կերամանների քանակը պետք է ապահովի բոլոր թռչունների միաժամանակյա կերակրումը։ Որպես խմոցներ օգտագործում են դույլ, թաս, տաշտակ և այլն։
Հավերի թառերը տեղադրում են 1 մ, իսկ հնդկահավերինը՝ 60 սմ բարձրությամբ։ Դրանք սարքում են լավ հղկված, վերին անկյունները կլորացրած, 4 սմ լայնության և 7 սմ բարձրության չորսուներից։ Թռչնանոցները պետք է պահել մաքուր։
Բոլոր թռչնանոցներում բարենպաստ ջերմաստիճանը 14-18 °C է։
Թռչնանոցի առաջ պատրաստում են ցանկապատված զբոսաբակ, որի մակերեսը 2 անգամ մեծ է թռչնանոցի մակերեսից։ Զբոսաբակում տեղադրում են խմոցներ։
Բոլոր թռչունների համար կերաբաժնի հիմքը հատիկային և համակցված կերերն են։ Հասուն թռչնի կերակրման համար կարելի է օգտագործել նաև տարբեր հատիկների թափոններ, հյութալի կանաչ կերեր, կարտոֆիլ, գազար, շաքարի ճակնդեղ, գոնգեղ, կաղամբ, բանջարաբոստանային բույսերի մնացորդներ, քուսպ, շրոտ և այլն։ Ձվադրման շրջանում օգտակար են կենդանական ծագման չոր և սպիտակուցային կերերը, որոնք հիմնական կերին ավելացնում են համեմատաբար ոչ մեծ քանակով։
Կերակրման ռեժիմը. առավոտյան թռչուններին տալիս են հատիկի օրվա նորմայի 1/3-ը, երեկոյան 2/3-ը։ Մնացած հատիկային կերերը տալիս են աղացած կարտոֆիլի, հյութալի և այլ կերերի խառնուրդի հետ (ամռանը՝ 2, ձմռանը՝ 1 անգամ)։ Հասուն թռչնի կերաբաժնում ավելացնում են նաև հանքային կերեր՝ կալցիում (կավիճ կամ խեցի) և ֆոսֆոր (ոսկրալյուր, կալցիումի եռաֆոսֆատ) պարունակող կերեր։
Չածան թռչնի կերաբաժնում կալցիում պարունակող կերերը կազմում են չոր կերերի կշռի 3 %, իսկ ածանինը՝ մինչև 7 %, ֆոսֆոր պարունակող կերերը երկու դեպքում էլ՝ 1,5-2,5 %: Կերակրի աղը (նաև մատղաշի համար) կերախառնուրդում պետք է լինի չոր կերի 0,5-0,75 %-ը։