ՏՏՀ/Թավշածաղիկ
ԹԱՎՇԱԾԱՂԻԿ, աստղածաղկազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է 26 տեսակ, գեղազարդիչ պարտեզագործության մեջ օգտագործում են երեքը, ուղղաձիգ կամ աֆրիկական, թեքված կամ ֆրանսիական, նրբատերև կամ մեքսիկական Թ-ները։ Բույսերը կարելի է օգտագործել կտրած ծաղիկներ ունենալու և ծաղկային տարբեր ձևավորումների (ծաղկաթմբեր, եզրաշերտեր, սիզամարգեր և այլն) համար։ Խորհուրդ է տրվում Թ. ընդգրկել բույսերի շրջանառության մեջ, քանի որ պարունակում է մանրէասպան հատկություններով օժտված առանձնահատուկ ցնդող նյութեր։ Խոր, ճյուղավորված արմատային համակարգի շնորհիվ Թ. ունի բարձր ներծծող ընդունակություն, ուստի այն կարելի է վերատնկել զարգացման ցանկացած փուլում, նույնիսկ ծաղկած վիճակում։
Ուղղաձիգ Թ., ըստ բարձրության լինում է ցածրաճ (մինչև 45 սմ), միջաաճ (մինչև 60 սմ), բարձրաճ (90 սմ), հսկա (ավելի քան 90 սմ)։ Ցողունի ճյուղավորումը թույլ է, տերևները՝ խոշոր (մինչև 20 սմ), թփի ձևը՝ հակառակ բրգաձև։ Ծաղկաբույլերը կիսաբազմաթերթ են և բազմաթերթ, տրամագիծը 6-8 սմ, միագույն, ծաղկում են դուրս գալուց 47-63 օր հետո։
Թեքված Թ. լինում է թզուկ (15-25 սմ), ցածրաճ (25-40 սմ), միջաաճ (40–45 սմ), բարձրաճ (50-60 սմ)։ Ցողունը առատ ճյուղավորված է։ Բույսը լայն է, ճյուղատարած։ Ծաղկաբույլերը՝ ոչ բազմաթերթ, կիսաբազմաթերթ, բազմաթերթ, միագույն և երկգույն, 4-6 սմ տրամագծով։ Ծլումից մինչև ծաղկումը տևում է 30-40 օր։
Նրբատերև Թ-ի բարձրությունը 20-40 սմ է, ցողունը առատ ճյուղավորված։ Բույսը գնդաձև է։ Ծաղկաբույլերը՝ ոչ բազմաթերթ, միագույն (դեղին և նարնջագույն) կամ երկգույն։ Ծաղկումը սկսվում է 40-50 օրից հետո։
Տեղի ընտրությունը։ Հողը։ Թ. ջերմասեր է, այն պետք է տնկել հյուսիսային սառը քամիներից պաշտպանված վայրում, քանի որ նույնիսկ թեթև ցրտահարություններին չի դիմանում։ Ստվերադիմացկուն է և երաշտակայուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Թ-ի համար պիտանի են ցանկացած հողերը (բացի ծանր կավայինից), սակայն գերադասելի են ավազակավային խոնավ հողերը։
Սերմերի ցանքը։ Տնկումը։ Թ. կարելի աճեցնել սածիլմամբ և առանց սածիլման։ Սածիլների աճեցման համար սերմերը պետք է ցանել ապրիլի երրորդ տասնօրյակին։ Սերմնաբույսերը կարելի է սածիլել երկրորդ տերևի առաջացման փուլում և մինչև բաց գրունտում տնկելը պահել տաք ջերմոցում արկղերի մեջ, աստիճանաբար կոփելով սածիլները։ Վերջիններս ծաղկանոցում պետք է տնկել ցրտահարություններն անցնելուց հետո։ Բարձրաճ սորտերի սնուցման մակերեսը պետք է լինի 30x30 սմ, ցածրաճներինը՝ 20x20 սմ։
Առանց սածիլման եղանակով աճեցնելիս ցանքը պետք է կատարել այնպես, որ ծիլերը չցրտահարվեն։ Խորհուրդ է տրվում սերմերը ցանել բներով։ Ծիլերը դուրս են գալիս երկու շաբաթ հետո։ Սերմնաբույսերը պետք է նոսրացնել՝ թողնելով մեկ ամենաուժեղ բույսը։
Խնամքը. Թ. պահանջկոտ չէ մշակության մեջ։ Չոր եղանակին անհրաժեշտ է ջրել։ Դրական ազդեցություն են ունենում պարարտանյութերը։
Սերմերի հավաքումը. սերմերը հասունանում են ծաղկումից 30-40 օր հետո, հասունացման շրջանը երկարաձգված է։ Հասուն սերմերը հեշտությամբ թափվում են զամբյուղներից, ուստի ծաղկաբույլերը պետք է կտրել, երբ թեթևակի թառամում են և չորանում։ Խորհուրդ է տրվում սերմերը հավաքել խոշոր ծաղկաբույլերից։
Հիվանդությունները. Թ-ին առավել հաճախ ախտահարում է մոխրագույն փտումը: Ծաղիկների, ծաղկակիր ընձյուղների, ցողունների և տերևների վրա առաջանում են թաց, մուգ դարչնագույն բծեր, որոնք այնուհետև ամբողջովին պատվում են սնկամարմնով (միցելիումով)։ Բարձր խոնավության, ցածր ջերմաստիճանի և բույսերի խտացման դեպքում հիվանդությունը զարգանում է շատ արագ (ավելի ինտենսիվ է դառնում վեգետացիայի վերջում)՝ առաջացնելով բույսի մահացում։
Պայքարի միջոցները նույնն են, ինչ աստղածաղկի մոխրագույն փտման դեպքում։
Բակտերային բծավորությունը դրսևորվում է տերևների ջղերի երկարությամբ մուգ եզրաշերտերով, բաց դարչնագույն փոքր պտերի ձևով։ Ախտահարված տերևները չորանում են։ Հիվանդությունն ավելի ակտիվորեն է զարգանում խոնավ եղանակին։
Պայքարի միջոցները. աշնանը բույսերի մնացորդների ոչնչացում, գարնանը կանխարգելման նպատակով բույսերի սրսկում պղնձի քլորօքսիդի (0,5 %-անոց) լուծույթով, ուժեղ ախտահարված բույսերը հարկավոր է հանել և ոչնչացնել։
Արմատների և ցողունի հիմքի փտում առաջացնում են տարբեր տեսակի սնկերը։ Փտում են բույսի արմատներն ու արմատավզիկը, բույսը մահանում է։ Հիվանդության զարգացմանը նպաստում է բարձր խոնավությունը։
Պայքարի միջոցները. սերմերի նախացանքային վարակազերծում և նույնը, ինչ աստղածաղկի նույնանուն հիվանդության դեպքում։
Գալային նեմատոդն ախտահարված բույսի արմատների վրա առաջացնում է փքվածքներ (գալեր), բույսը հետ է մնում աճման մեջ և մահանում է։
Պայքարի միջոցները նույնն են, ինչ աստղածաղկի նույնանուն հիվանդության դեպքում։ ՀՀ-ում մշակության մեջ օգտագործում են ուղղաձիգ Թ., ինչպես նաև պատուլա, սիգնաթա և այլ տեսակները։