Jump to content

ՏՏՀ/Լուսանկարչություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, առարկաներից անդրադարձած լուսային ճառագայթների ազդեցությամբ լուսազգայուն նյութերի վրա այդ առարկաների պատկերների ստացման եղանակ. այդ եղանակով ստացված պատկերը կոչվում է լուսանկար։

Լուսազգայուն նյութերը կամ լուսանկարչական նյութերը սովորաբար կազմված են հիմքից կամ տակդիրից, որի մի երեսը պատված է լուսազգայուն նյութեր պարունակող բարակ (5-10 մկմ) էմուլսային շերտով (լուսաշերտով)։ Առավել տարածված են այն լուսանկարչական նյութերը, որոնցում իբրև լուսազգայուն նյութ օգտագործվում են 0,5-2 մկմ չափի միկրոբյուրեղների տեսքով արծաթի հալոգենիդները։ Լուսանկարչական նյութերի համար հիմք են ծառայում պոլիմերային թաղանթները (այդպիսի լուսանկարչական նյութը կոչվում է լուսա- կամ կինոժապավեն), թուղթը կամ բարակ ստվարաթուղթը (լուսանկարչական թուղթ), ապակե թիթեղը (լուսանկարչական թիթեղ). լուսաշերտով կարող են պատվել նաև մետաղե, ճենապակե, պլաստմասսայե և այլ տակդիրներ։ Որոշ լուսանկարչական նյութեր ունեն մինչև 6 լուսաշերտ, ինչպես նաև վերին պաշտպանական շերտ։

Ըստ ստացվող պատկերի՝ բոլոր լուսանկարչական նյութերը լինում են սև-սպիտակ և գունավոր, սրանք էլ իրենց հերթին նեգատիվ, պոզիտիվ և հակադարձելի։ Նեգատիվ և հակադարձելի լուսանկարչական նյութերի մեծ մասը պատրաստվում է կոճավոր կամ թերթավոր լուսանկարչական ժապավենների, իսկ պոզիտիվ նյութերը՝ լուսանկարչական թղթի թերթերի կամ փաթեթների ձևով (դրանց զգալիորեն փոքր մասը պատրաստվում է կոճավոր լուսաժապավենների ձևով)։

Ըստ օգտագործվող լուսանկարչական նյութի տեսակի՝ հնարավոր է լուսանկարչական պատկերի ստացման երկու եղանակ՝ նեգատիվ-պոզիտիվային և ուղղակի պոզիտիվային։ Առաջին եղանակի դեպքում սկզբում մեկ լուսանկարչական նյութի (սովորաբար լուսաժապավենի) վրա ստանում են նեգատիվը (ժխտանկարը նկարահանման օբյեկտի նեգատիվ պատկերը), այնուհետև նեգատիվից պատկերը փոխանցում են մեկ այլ լուսանկարչական նյութի (լուսանկարչական թղթի կամ պոզիտիվային լուսաժապավենի) վրա և ստանում պոզիտիվը (պոզիտիվային պատկերը) կամ անմիջապես լուսանկարը կամ թափանցապատկերը (սլայդ)։ Երկրորդ եղանակը՝ այսպես կոչված հակադարձման մեթոդը, որի հիմքում ընկած է հակադարձելի հատուկ լուսաժապավենների օգտագործումը, լայն տարածում է գտել գունավոր թափանցապատկերների՝ սլայդների պատրաստման գործում։

Առաջին եղանակով լուսանկարչական պատկերի ստացումը ներառնում է լուսանկարահանումը, լուսանկարչական նյութի քիմիալուսանկարչական մշակումը և լուսատպումը, երկրորդ եղանակով լուսանկարչական պատկերի ստացումը նախատեսում է միայն լուսանկարահանումը և լուսանկարչական նյութի մշակումը։

Լուսանկարահանումը կատարվում է լուսանկարչական ապարատով, որում նկարահանման օբյեկտի լուսային պատկերը ձևավորվում է օբյեկտիվով և առաջաձգվում լուսաժապավենի լուսազգայուն շերտի վրա որոշակի ժամանակամիջոցում, որը կոչվում է պահաժամ. լույսի ազդեցությամբ լուսազգայուն շերտում առաջանում է լուսանկարվող օբյեկտի աչքով անտեսանելի պատկերը (թաքնապատկերը)։ Լուսային էներգիայի այն քանակը (լուսավորության քանակը), որն անհրաժեշտ է հաղորդել լուսազգայուն շերտին թաքնապատկեր առաջացնելու համար, կոչվում է լուսաքանակ, իսկ լուսաժապավենի վրա լույսի ազդեցության գործընթացը՝ լուսակայում։

Լուսակայված լուսաժապավենի քիմիալուսանկարչական մշակման ժամանակ նրա լուսազգայուն շերտը ենթարկվում է քիմիապես ակտիվ նյութերի ներգործությանը, որի հետևանքով թաքնապատկերը հայտածվում և փոխարկվում է տեսանելի սև-սպիտակ կամ գունավոր նեգատիվ կամ պոզիտիվ պատկերի, որն արդեն կայուն է լույսի ազդեցությանը։

Լուսատպման ժամանակ նեգատիվ պատկերը խոշորացուցիչի միջոցով խոշորացնելով կամ առանց խոշորացման փոխանցվում է լուսանկարչական թղթին կամ լուսաժապավենին, որոնց վրա, քիմիալուսանկարչական մշակումից հետո, ստացվում է լուսանկարը կամ թափանցապատկերը։

Լ-յամբ զբաղվելը խորհուրդ է տրվում սկսել լուսանկարչական ապարատներին, պիտույքներին, նյութերին ու դրանց մշակման եղանակներին ծանոթանալուց հետո։

Լուսանկարչական ապարատ։ Օպտիկամեխանիկական սարք է, որի հիմնական կառուցվածքային տարրերն են. անլուսանցիկ խցիկը (լուսանկարչական խցիկ), նկարահանման օբյեկտիվը, դիտանը, որի օգնությամբ որոշվում են լուսանկարվող պատկերի սահմանները, պահաժամը կարգավորող լուսանկարչական փականակը, պարկուճը, որտեղ տեղավորվում է լուսաժապավենը։ Լուսանկարչական տարբեր ապարատներում այս տարրերը կառուցվածքորեն տարբեր են, սակայն դրանց դերը միշտ նույնն է։ Ուստի, սկզբունքորեն իմանալով դրանց կազմությունն ու օգտագործման կանոնները, կարելի է արագ վարժվել ցանկացած լուսանկարչական ապարատի, առավել ևս, որ ամեն մի ապարատի հետ տրվում է շահագործման մանրամասն հրահանգ։

Անլուսանցիկ խցիկը մի տուփ է, որի առջևի պատին կա անցք օբյեկտիվի տեղակայման համար, իսկ հակառակ պատին՝ կադրի շրջանակ, որի հետևում տեղավորվում է լուսաժապավենը։ Խցիկը պաշտպանում է լուսաժապավենը կողմնակի լուսային ճառագայթների ազդեցությունից։ Անլուսանցիկ խցիկը կառուցվածքային մի հիմնատարր է, կրող իրան, որի վրա և որի ներսում հավաքակցվում են լուսանկարչական ապարատի հանգույցներն ու մեխանիզմները։ Լուսաժապավենով լիցքավորելու համար բոլոր լուսանկարչական խցիկներն ունեն հանովի կամ բացվող հետևի պատ։ Լուսաժապավենի լույս տեսնելը կամ լուսային փայլքի առաջացումը կանխելու համար խցիկի ներքին մակերևույթները սև են։

Լուսանկարչական ապարատի կադրերի շրջանակը որոշում է պատկերման դաշտի չափերը (կադրի չափերը) լուսաժապավենի վրա։ Ըստ կադրի չափերի, լուսանկարչական ապարատները լինում են. լայնաչափ (կադրի չափը 9x12 սմ և ավելի), միջին չափի (4,5x6, 6x6, 5x7 և 6x9 սմ), փոքրաչափ (24x24, 28x28, 24x32 և 24x36 մմ), կիսաչափ (18x24 մմ) և մանրաչափ (14x20, 13x17 և 10x14 մմ)։

Նկարահանման օբյեկտիվը ստեղծում է նկարվող օբյեկտի լուսային պատկերը լուսանկարչական լուսազգայուն շերտի մակերևույթի վրա։ Օբյեկտիվը մետաղե կամ պլաստմասսայե շրջանակի մեջ տեղադրված մի քանի (մինչև 10 և ավելի) ոսպնյակներից բաղկացած օպտիկական մի համակարգ է, որի ներսում տեղավորվում է նաև դիաֆրագմայի մեխանիզմը, իսկ երբեմն և լուսանկարչական փականակը։ Շրջանակն ապահովում է ոսպնյակների ճշգրիտ փոխդասավորությունը և պաշտպանում դրանք մեխանիկական վնասվածքներից։ Օբյեկտիվը լուսանկարչական ապարատի իրանին ամրացվում է շրջանակի վրա արված պարուրակային կամ բայոնետային (սվինային) միացքով։

Նկարահանման օբյեկտիվները տարբերվում են ոսպնյակների թվով, օպտիկական համակարգի տեսակով։ Առավել տարածված օբյեկտիվներից են անաստիգմատները, որոնք տալիս են բարձրորակ օպտիկական պատկեր։ Պարզագույն անաստիգմատը՝ տրիպլետը, բաղկացած է 3 ոսպնյակից, նշանակվում է «Տ» տառով։ Ավելի բարդ անաստիգմատները բաղկացած են 4 և ավելի ոսպնյակներից։

Օբյեկտիվի հիմնական բնութագրերն են կիզակետային հեռավորությունը, անկյունային դաշտը, հարաբերական բացվածքը, լուծունակությունը։

Կիզակետային հեռավորությունը (նշանակվում է f տառով) որոշում է պատկերի մասշտաբը, այսինքն պատկերի չափը լուսանկարվող օբյեկտի չափերի համեմատ. որքան մեծ է կիզակետային հեռավորությունը, այնքան խոշոր է պատկերը (օբյեկտի անփոփոխ հեռավորության դեպքում)։ Արդի լուսանկարչական օբյեկտիվներն ունեն 8-ից մինչև 2000 մմ կիզակետային հեռավորություն։ Սովորաբար կիզակետային հեռավորությունը յուրաքանչյուր օբյեկտիվի համար հաստատուն մեծություն է և նշվում է օբյեկտիվի շրջանակի վրա միլիմետրերով կամ սանտիմետրերով։

Կիզակետային հեռավորությունից և կադրի չափերից կախված, լուսանկարչական օբյեկտիվները բաժանվում են 3 խմբի, նորմալ օբյեկտիվներ, որոնց կիզակետային հեռավորությունը մոտավորապես հավասար է կադրի անկյունագծի երկարությանը, կարճակիզակետ օբյեկտիվներ՝ կադրի անկյունագծից փոքր կիզակետային հեռավորությամբ, երկարակիզակետ օբյեկտիվներ՝ կադրի անկյունագիծն ավելի քան 1,5 անգամ գերազանցող կիզակետային հեռավորությամբ։ Նորմալ օբյեկտիվները, որպես կանոն, օգտագործվում են իբրև հիմնական «հաստիքային» օբյեկտիվներ։

Կարճակիզակետ և երկարակիզակետ օբյեկտիվներն ամենից հաճախ կիրառվում են որպես փոխովի օբյեկտիվներ լուսանկարչական այնպիսի ապարատներում, որոնցում կարելի է հիմնական օբյեկտիվի փոխարեն տեղակայել այլ կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվ. դրանք թույլ են տալիս նկարահանել ամենատարբեր պայմաններում և ընդլայնում են նկարի հորինվածքային լուծումներ ընտրելու հնարավորությունները։

Մեծ լուծունակությամբ կարճակիզակետ օբյեկտիվներն առավել հարմար են այն դեպքերում, երբ մինչև նկարահանման օբյեկտը եղած սահմանափակ հեռավորությունից պահանջվում է ստանալ ընդհանուր պլանի նկար, օրինակ, ճարտարապետական համակառույցներ, բնապատկերներ լուսանկարելիս, փոքր չափերի սենյակներում նկարահանելիս ևն։ Կարճակիզակետ օբյեկտիվները, որպես կանոն, ապահովում են հստակորեն պատկերվող տարածության մեծ խորություն։

Երկարակիզակետ օբյեկտիվները կիրառում են հիմնականում հեռավոր առարկաների, օրինակ, ճարտարապետական կառույցների մանրամասների, վայրի գազանների ու թռչունների նկարահանման համար։ Փոքրաչափ լուսանկարչական ապարատների համար երկարակիզակետ են համարվում 70 մմ-ից ավելի կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվները։

Երկարակիզակետ օբյեկտիվներ են նաև, այսպես կոչված, հեռուստաօբյեկտիվները, որոնց տարբերիչ առանձնահատկությունը համեմատաբար փոքր չափերն են կիզակետային մեծ հեռավորությունների դեպքում։ Այդպիսի օբյեկտիվները թույլ են տալիս ստանալ պատկերի 20-ապատիկ խոշորացում։ Հեռուստաօբյեկտիվները լինում են ոսպնյակային և հայելաոսպնյակային։

Անկյունային դաշտը (2ω) բնութագրում է օբյեկտիվի տեսադաշտը կադրի տրված չափերի դեպքում։ Ցանկացած օբյեկտիվ ստեղծում է նկարահանվող օբյեկտի պատկերը շրջանաձև որոշակի դաշտի սահմաններում։ Սակայն այդ դաշտի կենտրոնում որակն ավելի լավ է, քան եզրերում։ Այդ պատճառով լուսանկարչական ապարատներում օգտագործվում է դաշտի միայն մի մասը (կադրի պատուհանով սահմանափակված ուղղանկյան տեսքով), որի սահմաններում պատկերի որակը բավական բարձր է։ Օբյեկտիվի պատկերման անկյունային դաշտը կախված է կիզակետային հեռավորությունից և կադրի չափերից. որքան մեծ են կադրի չափերը (անկյունագիծը) և փոքր է կիզակետային հեռավորությունը, այնքան մեծ է անկյունային դաշտը։ Սովորաբար պատկերման անկյունային դաշտը հավասար կամ մի քիչ փոքր է անկյունային տեսադաշտից, այսինքն այն անկյունից, որով օբյեկտիվը «տեսնում» է լուսանկարվող տարածությունը։ Անկյունային դաշտի մեծությունից կախված, բոլոր օբյեկտիվները կարելի է բաժանել 3 խմբի. նորմալ (45-ից մինչև 60° սահմաններում ընկած անկյունային դաշտով), լայնանկյուն (2ω > 60°) և նեղանկյուն (2ω < 45° ):

Լայնանկյուն օբյեկտիվները կիրառում են փոքր հեռավորություններից լայն պլանով շենքերի ճակատներ, բնապատկերներ, ինտերիերներ ևն նկարահանելու համար։ Լայնանկյուն օբյեկտիվների թերություններն են մոտիկ գտնվող առարկաների հեռանկարային աղավաղումները և կադրի անհավասարաչափ (կենտրոնում և եզրերում) լուսավորությունը։ Նեղանկյուն օբյեկտիվները հիմնականում կիրառում են խոշոր պլանով դեմքեր, ոչ մեծ առարկաներ նկարահանելու համար։

Հարաբերական բացվածքը (1/k) բնութագրում է օբյեկտիվի՝ լուսանկարչական նյութի լուսազգայուն շերտի վրա պատկերի որոշակի լուսավորվածություն ստեղծելու ունակությունը։ Որքան մեծ է օբյեկտիվի լուսային բացվածքը և փոքր կիզակետային հեռավորությունը, այնքան պայծառ է պատկերը, կամ, ինչպես հաճախ ասում են, մեծ է լուսաուժը։ Հարաբերական բացվածքը թվապես որոշվում է իբրև օբյեկտիվի լուսային բացվածքի տրամագծի և կիզակետային հեռավորության հարաբերություն։ Օրինակ, եթե օբյեկտիվի լուսային բացվածքի առավելագույն տրամագիծը 25 մմ է, իսկ կիզակետային հեռավորությունը՝ 50 մմ (չափերը տրված են որոշ կլորացումով), ապա այդ օբյեկտիվի հարաբերական բացվածքը հավասար է 1։2–ի։ Լուսանկարչական օբյեկտիվների մեծ մասի առավելագույն հարաբերական բացվածքը 1:2, 1:2,8, 1:3,5, 1:4 է։

Հարաբերական բացվածքին հակադարձ մեծությանը (k) կոչվում է դիաֆրագմային թիվ։ Սովորաբար օբյեկտիվի շրջանակի վրա և տեղեկաթերթիկում նշվում է հարաբերական բացվածքի առավելագույն արժեքին համապատասխանող դիաֆրագմային թիվը։ Լուսանկարչական սարքերի համար հաստատված է դիաֆրագմային թվերի միատեսակ շարք՝ 0,7, 1,4, 2, 2,8, 4, 5,6, 8, 11, 16, 22, 32։ Հենց այս թվերն էլ կազմում են դիաֆրագմաների սանդղակը՝ սկսած տվյալ օբյեկտիվի համար սահմանային դիաֆրագմային թվից, որը նշված է օբյեկտիվի շրջանակի վրա։

Լուսաժապավենի վրա օբյեկտի պատկերի լուսավորվածությունը կախված է ոչ միայն հարաբերական բացվածքի մեծությունից, այլև օբյեկտիվում լույսի կորուստներից, որոնք կապված են գլխավորապես ոսպնյակների ապակու մեջ լուսային ճառագայթների կլանման և ոսպնյակների մակերևույթից դրանց անդրադարձման հետ։ Անդրադարձման պատճառով լույսի կորուստները փոքրացնելու նպատակով ոսպնյակների մակերևույթին ստեղծում են որոշակի հաստության ու բաղադրության բարակ թաղանթներ, որոնք կոչվում են լիաթափանցիկարար, իսկ այն օբյեկտիվները, որոնց ոսպնյակները պատված են այդ թաղանթներով՝ լիաթափանցիկացված։ Արդի բոլոր օբյեկտիվները լիաթափանցիկացված են. դրանք ապահովում են լուսանկարվող օբյեկտների գույների լավ վերարտադրություն։ Բազմաշերտ լիաթափանցիկացումով օբյեկտիվներն ապահովում են լավագույն գունահաղորդում և թույլ են տալիս լուսանկարել նույնիսկ օբյեկտիվի տեսադաշտում գտնվող լույսի պայծառ աղբյուրների (արեգակ, լամպ ևն) առկայությամբ։

Լիաթափանցիկարար թաղանթները բավարար չափով ամուր չեն, ուստի լիաթափանցիկացված օբյեկտիվների հետ հարկավոր է մեծ խնամքով վարվել։ Օրինակ, ոսպնյակների լիաթափանցիկացված մակերևույթները չի կարելի սրբել, փոշեհատիկները, մազմզուկները ևն հարկավոր է հեռացնել ռետինե տանձիկով. ձեռքով դիպչելիս թաղանթների վրա մնում են մատնահետքեր և լիաթափանցիկացումը նվազում է։

Լուծունակությունը բնութագրում է օբյեկտիվի՝ նկարահանվող օբյեկտի փոքրագայն մանրամասները պատկերելու ունակությունը։ Գնահատվում է առանձին-առանձին հաղորդվող և միմյանց հաջորդող սև և սպիտակ նրբագծերի առավելագույն թվով, որ բաժին է ընկնում հատուկ նրբագծավոր աղյուսակների փորձաղյուսակների պատկերի 1 մմ-ին։ Լուծունակությունը նվազում է կադրի կենտրոնից դեպի եզրերը։ Օբյեկտիվներում լանթանային ապակուց պատրաստված ոսպնյակների օգտագործումը զգալիորեն մեծացրել է դրանց լուծունակությունը։

Օբյեկտիվի կարևոր բնութագրերից մեկը հստակորեն պատկերվող տարածության խորությունն է՝ այն հեռավորությունը ըստ օբյեկտիվի օպտիկական առանցքի, որի սահմաններում բոլոր առարկաները նկարահանման ժամանակ լուսաժապավենի լուսազգայուն շերտի վրա բավականաչափ հստակորեն են պատկերվում։ Հստակորեն պատկերվող տարածության խորության փոփոխությունը կատարվում է օբյեկտիվի լուսային բացվածքի փոփոխության հաշվին։ Դա արվում է դիաֆրագմայի օգնությամբ, որը կառավարելու համար օբյեկտիվի շրջանակի վրա կա օղակ կամ փոքրիկ լծակ, որոնց միջոցով կարելի է տեղաշարժել դիաֆրագմայի թերթիկները՝ մեծացնելով կամ փոքրացնելով լուսային բացվածքը (նկ. 1)։ Օգտվելու հարմարության համար օբյեկտիվի շրջանակի վրա կա դիաֆրագմային թվերի սանդղակ։

Որոշ օբյեկտիվներում նկարահանումից առաջ օղակը պտտելիս լուսային բացվածքը չի փոխվում, մնում է լիովին բացված։ Դիաֆրագմայի մեխանիզմը գործարկվում է միայն լուսափականակի կոճակը սեղմելիս, որից հետո լուսային բացվածքը թռիչքաձև փոքրանում է մինչև տրված չափը (փականակի գործարկման պահին)։ Այդպիսի դիաֆրագմաները կոչվում են «ցատկող»։ Դրանք մեծացնում են օբյեկտիվի կիզակետման ճշգրտությունը։

Դիտանը ծառայում է լուսաժապավենի վրա նկարահանման օբյեկտիվով պատկերվող օբյեկտների տարածության սահմանները որոշելու համար (կադրի սահմաններում)։ Դիտանով երևացող պատկերի սահմանների և լուսաժապավենի կադրում պատկերի սահմանների չհամընկնելը կոչվում է պարալաքս, իսկ համապատասխան դիտանները՝ պարալաքսային։ Պարալաքսը չի զգացվում բավականաչափ հեռու գտնվող օբյեկտների նկարահանման ժամանակ, սակայն աճում է օբյեկտի հեռավորության կրճատմանը զուգընթաց։ Լուսանկարչական ապարատների մեծ մասն ունի հեռադիտակային կամ հայելային դիտան, բայց երբեմն հանդիպում են նաև շրջանակավոր դիտաններ։

Հեռադիտակային դիտանը օպտիկական համակարգ է՝ կազմված օբյեկտիվից, օկուլյարից և սահմանափակող շրջանակից, որի դերը հաճախ կատարում է օբյեկտիվի շրջանակը (նկ. 2)։ Այդպիսի դիտանը տալիս է ուղիղ և փոքրացված պատկեր։ Նրա անկյունային դաշտը սովորաբար համապատասխանում է լուսանկարչական ապարատի օբյեկտիվի անկյունային դաշտին։ Հեռադիտակային դիտանը պարալաքսային է և սովորաբար ներդրվում է լուսանկարչական ապարատի իրանի մեջ նկարահանման օբյեկտիվի վերևում կամ կողքին։

Հեռադիտակային որոշ դիտաններ տեսադաշտում ունենում են սահմանափակիչ շրջանակներ, որոնք ցույց են տալիս կադրի սահմանները տարբեր կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվների համար։ Բացի այդ, արտադրում են անկյունային դաշտի տարբեր արժեքներով փոխովի, ինչպես նաև համապիտանի դիտաններ։

Հայելային դիտաններում օբյեկտիվով անցած լուսային ճառագայթները հայելուց անդրադառնում են ապակե թիթեղի կամ կոլեկտիվ ոսպնյակի փայլատ մակերևույթին, որի վրա առաջանում է դիտվող օբյեկտի օպտիկական պատկերը։ Այդպիսի դիտաններով լուսանկարչական ապարատները կոչվում են հայելային։ Ըստ դիտանի սխեմայի, տարբերում են միաօբյեկտիվ և երկօբյեկտիվ հայելային լուսանկարչականն ապարատներ։

Միաօբյեկտիվ հայելային լուսանկարչական ապարատներում նկարահանման օբյեկտիվը միաժամանակ ծառայում է և դիտանի օբյեկտիվ (նկ. 3)։

Եթե հեռադիտակային դիտանով լուսանկարիչը նկարահանման օբյեկտը տեսնում է այնպես, ինչպես կտեսներ հեռադիտակով կամ դիտափողով մի փոքր «կողքից», ապա միաօբյեկտիվ հայելային լուսանկարչական ապարատի դիտանով օբյեկտի պատկերը երևում է այնպես, ինչպես այն ստացվում է լուսաժապավենի վրա, այսինքն լուսանկարիչն ասես տեսնում է նկարահանված կադրը։ Հայելային դիտանն ապահովում է փոխովի օբյեկտիվներով աշխատելու առավել բարենպաստ պայմաններ, քանի որ դիտանով դիտվող պատկերը լիովին կախված է նկարահանման օբյեկտիվի բնութագրերից և միշտ համապատասխանում է լուսաժապավենի վրա ստացվող պատկերին։

Ապակե թիթեղի կամ կոլեկտիվ փայլատ մակերևույթին նկարահանվող օբյեկտի պատկերն ստացվում է շրջված («գլխիվայր»)։ Որպեսզի պատկերը ուղիղ լինի, կոլեկտիվ ոսպնյակի և դիտանի օկուլյարի միջև տեղավորում են շրջող հնգապրիզմա։ Այդպիսի դիտանն ստեղծում է նկարահանվող օբյեկտի ոչ թե հայելային-շրջված, այլ ուղիղ պատկերը։

Նկարահանման պահին, լուսափականակի կոճակը սեղմելիս, հայելին բարձրանում է՝ բացելով լուսային ճառագայթների ճանապարհը դեպի լուսաժապավենը, իսկ լուսանկարվող օբյեկտի պատկերը դիտանի օկուլյարում անհետանում է, և լուսանկարողը չի տեսնում նկարահանվող օբյեկտը։ Որպեսզի նկարահանվող օբյեկտը դիտվի անընդհատ, բացի լուսափականակի գործարկման կարճատև պահից, միաօբյեկտիվ հայելային լուսանկարչական ապարատներից շատերում տեղակայվում է ինքնավերադարձող հայելի կամ անընդհատ դիտոցման հայելի, որը լուսափականակի կոճակը սեղմելիս բարձրանում է վերև, իսկ փականակի գործարկումից հետո ավտոմատորեն վերադառնում է սկզբնական դիրքին։

Երկօբյեկտիվ հայելային լուսանկարչական ապարատներում դիտոցման համակարգը կապված չէ նկարահանման օբյեկտիվի հետ։ Այդպիսի համակարգի թերությունն այն է, որ հարկ է լինում նկարահանել աչքերի մակարդակից ցածր գտնվող կետից։ Բացի այդ, նման դիտանը պարալաքսային է, ինչը անհրաժեշտ է հաշվի առնել 5 մ-ից պակաս հեռավորությունից նկարահանելիս։

Օբյեկտիվի կիզակետումը (հստակության բերելը) նկարահանման ժամանակ կատարվում է օբյեկտիվի ստեղծած օպտիկական պատկերի հարթության և լուսաժապավենի լուսազգայուն շերտի հարթության համատեղման նպատակով, ճշգրիտ համատեղման դեպքում պատկերն առավել հստակ է ստացվում։ Օբյեկտիվի կիզակետումն իրականացվում է օբյեկտիվի օպտիկական բլոկը օպտիկական առանցքի երկայնքով տեղաշարժելով՝ ըստ լուսանկարչական ապարատի և նկարահանվող օբյեկտի հեռավորության։

30 մմ-ից պակաս կիզակետային հեռավորությամբ որոշ օբյեկտիվներ չունեն կիզակետման հարմարանք։ Նկարահանվող օբյեկտի հստակ պատկերն այդ դեպքում ստացվում է օբյեկտիվի հստակության մեծ խորության հաշվին։

Ըստ նկարահանման օբյեկտիվի կիզակետման եղանակի, բոլոր լուսանկարչական ապարատները լինում են սանդղակային, հեռաչափական և հայելային։

Սանդղակալին լուսանկարչական ապարատներում օբյեկտիվները կիզակետվում են օբյեկտիվի շրջանակի վրայի հեռավորությունների սանդղակով։ Դա կատարվում է օբյեկտիվի շրջանակի վրայի կիզակետման օղակը պտտելով այնքան, մինչև հեռավորությունների սանդղակի համապատասխան թվանշանը համատեղվի տեղակայման ցուցանշանի հետ։ Որպես կանոն, սանդղակային լուսանկարչական ապարատներն ունենում են հստակորեն պատկերվող տարածության մեծ խորությամբ օբյեկտիվներ, դա թույլ է տալիս նկարահանվող օբյեկտի հեռավորությունը որոշել աչքով։ Նկարահանման հեռավորությունն ավելի ճշգրիտ որոշելու նպատակով սանդղակալին լուսանկարչական ապարատների համար հատուկ թողարկում են հանովի հեռաչափեր, որոնք հարմարեցված են լուսանկարչական խցիկի իրանին տեղակայելու համար։ Հեռաչափի օգնությամբ որոշված հեռավորությունն այնուհետև դրվում է լուսանկարչական ապարատի օբյեկտիվի հեռավորությունների սանդղակի վրա։

Կիզակետումը պարզեցնելու և արագացնելու նպատակով հեռավորությունների սանդղակը որոշ սանդղակային լուսանկարչական ապարատներում լրացվում է նկարահանման տարբեր սյուժեների պայմանանշանների (դիմանկար, խումբ, բնապատկեր) սանդղակով. պայմանանշանները դասավորված են հեռավորությունների սանդղակի այն թվերի մոտ, որոնք համապատասխանում են տվյալ պայմանանշանով ցուցանշված օբյեկտի օպտիմալ հեռավորությանը (նկ. 5,ա)։ Կիզակետման այդպիսի եղանակը կոչվում է կիզակետում ըստ պայմանանշանների, այն իրականացվում է կիզակետման օղակը պտտելով այնքան, մինչև նկարահանման տվյալ օբյեկտին համապատասխանող պայմանանշանը համատեղվի հեռավորությունների սանդղակի տեղակայման ցուցանշանի հետ։

Սանդղակային լուսանկարչական ապարատները կառուցվածքով պարզ են, ունեն ոչ մեծ չափեր և զանգված, շահագործման տեսակետից հուսալի են ու հարմար և թույլ են տալիս ստանալ լավորակ լուսանկարներ։

Հեռավորությունների սանդղակ կա գործնականում ցանկացած օբյեկտիվի շրջանակի վրա, անկախ նրա կիզակետման եղանակից։ Հեռավորությունների սանդղակի կողքին սովորաբար լինում է դիաֆրագմային թվերի՝ համաչափ դասավորված 2 սանդղակ (նկ. 5, բ)։ Այդ սանդղակները միասին կազմում են պարզագույն հաշվիչ՝ հստակորեն պատկերվող տարածության խորությունը որոշելու համար, կախված այն հեռավորությունից, որի վրա կիզակետված է օբյեկտիվը, և հաստատված դիաֆրագմայից։ Օրինակ, եթե նկարահանվող օբյեկտի հեռավորությունը 3 մ է, ապա ըստ նկարահանման պայմանների ընտրված 5,6 դիաֆրագմային թվի (1:5.6 հարաբերական բացվածքի) դեպքում հստակորեն պատկերվող տարածությունը ձգվում է 1,8-ից (մերձավոր սահման) մինչև 15 մ (հեռավոր սահման)։ Դա նշանակում է, որ ապարատից 1,8 մ-ից մինչև 15 մ (ոչ ավելի) հեռավորության վրա գտնվող ցանկացած առարկայի պատկերը բավականաչափ հստակ կլինի։

Հեռաչափական լուսանկարչական ապարատների օբյեկտիվները կիզակետում են օպտիկական մենօկուլյարային հեռաչափով։ Դրա գործողության հիմքում ընկած է միևնույն օբյեկտի երկու պատկերների համատեղումը, պատկերներ, որոնք առաջանում են այդ օբյեկտից տարբեր ուղղություններով (հիմնական և օժանդակ) արձակվող լուսային ճառագայթներով։ Կիզակետման մեխանիզմը հաշվարկված է այնպես, որ հեռաչափի օկուլյարով դիտվող երկու պատկերների համատեղման դեպքում օբյեկտիվն արդեն կիզակետված է լինում, պատկերի երկատումը վկայում է օբյեկտիվի ապակիզակետման մասին (նկ. 6)։

Օգտվելու հարմարության համար հեռաչափի օկուլյարը սովորաբար համատեղում են դիտանի օկուլյարի հետ (դիտան-հեռաչափ). դա թույլ է տալիս միաժամանակ որոշել կադրի սահմանները և կիզակետել նկարահանման օբյեկտիվը։

Հայելային լուսանկարչական ապարատներում օբյեկտիվը կիզակետվում է ըստ լուսանկարվող առարկայի հայելային դիտանի կոլեկտիվ ոսպնյակի կամ ապակե թիթեղի փայլատ մակերևույթին ստացվող պատկերի։

Միաօբյեկաիվ հայելային լուանկարչական ապարատներում այդ պատկերը համանման է նկարահանման ժամանակ լուսաժապավենի վրա առաջացող պատկերին, ուստի, նկարահանման օբյեկտիվի կիզակետումով հասնելով դիտանի տեսադաշտում երևացող պատկերի ցանկալի հստակության, կարելի է վստահ լինել, որ այն ճիշտ նույնպիսի հստակություն կունենա լուսաժապավենի վրա։ Կիզակետման այդպիսի եղանակը հատկապես հարմար է մակրո- և միկրոնկարահանումների ժամանակ կցորդներով և փոխովի օբյեկտիվներով աշխատելիս։ Խորհուրդ է տրվում օբյեկտիվը կիզակետել լիովին բաց դիաֆրագմայի, այսինքն՝ առավելագույն հարաբերական բացվածքի դեպքում։ Այդ դեպքում հստակորեն պատկերվող տարածության խորությունը նվազագույնն է, ինչը նկատելիորեն հեշտացնում է օբյեկտիվի կիզակետումը։

Երկօբյեկտիվ հայելային լուսանկարչական ապարատներում նկարահանման օբյեկտիվը նույնպես կիզակետվում է ըստ դիտանի կոլեկտիվ ոսպնյակի փայլատ մակերևույթին ստացվող պատկերի։ Սակայն այդ պատկերն ստեղծվում է ոչ թե նկարահանման օբյեկտիվով, այլ դիտանի օբյեկտիվով։ Որպեսզի դիտանի օբյեկտիվի կիզակետումը համապատասխանի նկարահանման կիզակետմանը, նրանց միջև հաստատված է կոշտ կինեմատիկական կապ, որի միջոցով ապահովվում է երկու օբյեկտիվների միաժամանակյա սինքրոն կիզակետում։

Լուսանկարչական փականակն ապահովում է նկարահանման ժամանակ լուսային ճառագայթների մուտքը դեպի լուսաժապավենի լուսազգայուն շերտը: Կազմված է անլուսանցիկ թերթիկների, փակոցների, թիթեղների կամ այլ ձև ունեցող լուսային սահափականներից, պահաժամը դնելու մեխանիզմից և սահափականներից, պահաժամը դնելու մեխանիզմից և սահափականների տեղաշարժն ապահովող շարժաբերից։ Ըստ մեխանիզմի կառուցվածքի և լուսակայման եղանակի, լուսանկարչական փականակների մեծ մասը կարելի է բաժանել երկու խմբի՝ ճեղքավոր (փակոցավոր) և կենտրոնական (թերթիկավոր)։

Ճեղքավոր փականակներն իբրև լուսային սահափականներ ունենում են, օրինակ, մեկ կամ երկու մետաղե կամ գործվածքե (ռետինատոգորված գործվածքից) փակոցներ։ Այդպիսի փականակի գործարկման դեպքում լուսակայումն իրականացվում է այն ճեղքով, որն առաջանում է լուսախցիկի կադրային պատուհանի առջևով լուսաժապավենի հարթությանը զուգահեռ միևնույն ուղղությամբ տեղաշարժվող փակոցների միջև։ Ճեղքավոր փականակները թույլ են տալիս ստանալ մինչև 1/1000 վ և ավելի կարճ պահաժամեր, սակայն դրանք չեն ապահովում կադրի ամբողջ դաշտի հավասարաչափ լուսակայում, որովհետև իրենց շարժման սկզբում (դանդաղ) և վերջում (արագ) փակոցներն անհավասարաչափ են տեղաշարժվում։ Բացի այդ, ճեղքի փոփոխական լայնությամբ փականակները թույլ չեն տալիս նկարահանել լուսաբռնկիչով 1/60 վ-ից կարճ պահաժամերի դեպքում։

Կենտրոնական փականակներում լուսային սահափականները լուսային բացվածքը մեծացնում են օբյեկտիվի կենտրոնից (օպտիկական առանցքից) դեպի եզրերը, իսկ փակում են հակառակ ուղղությամբ (նկ. 7, բ)։ Թերթիկները սովորաբար տեղավորում են օբյեկտիվի ոսպնյակների միջև կամ դրանց շատ մոտիկ։ Փականակի այդպիսի կառուցվածքն ապահովում է լուսակայման լավ հավասարաչափություն կադրի ամբողջ դաշտով։ Այդ փականակները թույլ են տալիս նկարահանել լուսաբռնկիչով գործնականում ցանկացած պահաժամի դեպքում։

Կենտրոնական փականակի տարատեսակն է, այսպես կոչված, փականակդիաֆրագման։ Այդ փականակի լուսային սահափականները (թերթիկները), կոճակը սեղմելիս, բացում են օբյեկտիվի լուսային բացվածքը ոչ լիովին, այլ այնքան, որքան անհրաժեշտ է նկարահանվող օբյեկտի տվյալ լուսավորվածության, լուսաժապավենի տվյալ զգայունության և տվյալ պահաժամի պայմաններում լավագույն լուսակայում ստանալու համար, փականակի թերթիկները, սահմանափակելով օբյեկտիվի լուսային բացվածքը, կատարում են դիաֆրագմայի թերթիկների դեր։ Լուսային բացվածքի (թերթիկների պտույտի անկյան) պահանջվող չափը, որպես կանոն, ավտոմատորեն դրվում է լուսակայաչափիչ հարմարանքով։

Սինքրոհպակ։ Իմպուլսային լուսավորիչ սարքերով նկարահանելիս անհրաժեշտ է, որ դրանք միացվեն փականակի աշխատանքին համաժամ (համաձայնեցված կերպով), որովհետև լուսաբռնկիչի իներցիոնության պատճառով այն պետք է միացվի փականակի բացվելուց ավելի շուտ։ Լուսաբռնկիչը սինքրոհպակներին միացնելու համար լուսանկարչական խցիկի իրանի արտաքին կողմում կան համապատասխան բներ, ուր հագցվում է լուսաբռնկիչի միացնող կաբելի շտեկերը։ Լուսանկարչական ապարատներում ավելի հաճախ է նախատեսվում լուսաբռնկիչի անկաբել միացում՝ լուսանկարչական ապարատի իրանին լուսաբռնկիչն ամրացնելու կալիչում եղած հպակների միջոցով։

Լուսանկարչական ապարատների մեծ մասն ունի ինքնաթողք՝ մի հարմարանք, որն ապահովում է լուափականակի ավտոմատ գործարկումը միացնելուց 10-15 վ անց։ Ամենից հաճախ ինքնաթողքը տեղավորվում է լուսանկարչական ապարատի իրանում և կառուցվածքորեն միավորվում է փականակի մեխանիզմի հետ։ Լուսանկարչական ապարատի իրանի առջևի պատին կան զսպանակը լարելու լծակ և ինքնաթողքի մեխանիզմը միացնելու կոճակ։ Ինքնաթողքից սովորաբար օգտվում են այն ժամանակ, երբ թողքի կոճակի անմիջական սեղմումն անհնար է կամ անցանկալի՝ հաշվի առնելով նկարահանման պայմանները (օրինակ, լուսանկարչական ապարատի անշարժությունը չխախտելու համար, ինքնանկար անելիս)։

Լուսաքանակի որոշումը (լուսաժապավենի զգայունության և նկարահանվող օբյեկտի լուսավորվածության հաշվառումով) հեշտացնելու նպատակով ժամանակակից շատ լուսանկարչական ապարատներ ունեն ներկառուցված լուսակայացույցներ կամ լուսակայաչափիչ հարմարանքներ։ Լուսակայման պարամետրերը (պահաժամի և դիաֆրագմայի արժեքները) որոշվում են նկարահանման օբյեկտի պայծառության չափումների հիման վրա։

Ներկառուցված լուսակայացույցներով լուսանկարչական ապարատներում օգտագործվում են պահաժամն ու դիաֆրագման որոշելու և սահմանելու երկու տարբեր եղանակ։

Որոշ լուսանկարչական ապարատներում լուսակայման պարամետրերը որոշում են լուսակայացույցի հաշվիչով (լուսաժապավենի զգայունության հաշվառումով), այնուհետև, նկարահանման պայմաններին համապատասխան համակցությամբ դրանք դրվում են սովորական եղանակով, ձեռքով, այս դեպքում ներկառուցված լուսաէլեկտրական լուսակայացույցն օգտագործվում է այնպես, ինչպես սովորական ձեռքի լուսակայացույցը։

Կան նաև լուսանկարչական ապարատներ, որոնց լուսակայացույցները հաշվիչ չունեն։ Այդ լուսանկարչական ապարատներում լուսակայման պարամետրերից մեկն ընտրվում է կամայականորեն՝ ելնելով նկարահանման պայմաններից (օրինակ, արագ շարժվող առարկան կարելի է նկարել միայն փոքր պահաժամով, իսկ հստակորեն պատկերվող տարածությունը մեծ խորությամբ նկարահանելու համար անհրաժեշտ է դիաֆրագմավորել օբյեկտիվը), և դրվում է սովորական եղանակով։ Ընդ որում պահանջվող լուսաքանակն ապահովելու համար լուսակայման մյուս պարամետրը դրվում է նախապես տրված պարամետրի հաշվառումով, իսկ ընտրության ճշտությունն ստուգվում է սլաքավոր, լուսային կամ թվանշանավոր ցուցիչով, որը, հարմարության համար, տեղավորված է դիտանի տեսադաշտում։

Լուսակայաչափիչ հարմարանքներն ապահովում են պահանջվող լուսաքանակի որոշման ու սահմանման պրոցեսների մասնակի կամ նույնիսկ լրիվ ավտոմատացման հնարավորություն։

Լուսաքանակի կիսաավտոմատ սահմանմամբ լուսանկարչական ապարատներում լուսակայման պարամետրերից մեկը դրվում է ձեռքով կամայականորեն, ելնելով նկարահանվող օբյեկտի տեսքից կամ սյուժեից, իսկ մյուսը ավտոմատորեն՝ հաշվի առնելով արդեն տրված պարամետրի արժեքը։

Այս տեսակի լուսակայաչափիչ հարմարանքի գործողության սկզբունքը ցույց է տրված նկ. 8-ում։

Լուսաքանակի ավտոմատ սահմանումով լուսանկարչական ապարատներում հնարավոր է պահաժամի և դիաֆրագմայի ավտոմատ դրման երկու եղանակ. կամ լուսակայման երկու պարամետրերն էլ դրվում են միաժամանակ՝ որոշակի համակցությամբ (այդպիսի համակցություններն ընտրվում են լուսանկարչական ապարատը պատրաստելիս), որը նկարահանման տվյալ պայմաններում ապահովում է լավագույնին առավել մոտիկ լուսակայում, կամ էլ լուսակայման պարամետրերը դրվում են հերթականորեն՝ ավտոմատորեն փոփոխվելով (սկսած դրանցից մեկի մի որոշ սկզբնական արժեքից) այնքան ժամանակ, մինչև ընտրվում է դրանց լավագույն համակցությունը։

Լուսաքանակի ավտոմատ սահմանումով լուսանկարչական ապարատների լուսակայաչափիչ սարքի գործողության սկզբունքը կարելի է ցույց տալ նշված երկու եղանակներից մեկի օրինակով:

Պարկուճներ։ Բոլոր լուսանկարչական ապարատները (հազվադեպ բացառությամբ) լիցքավորվում են պարկուճներում ամփոփված կոճային լուսաժապավենով։ Լիցքավորման այսպիսի եղանակը, մի քանի պարկուճների առկայության դեպքում, թույլ է տալիս սովորական պայմաններում արագ վերալիցքավորել լուսանկարչական ապարատը՝ չվախենալով արդեն նկարահանված կամ դեռ չլուսակայված ժապավենի լույս տեսնելուց։ Գոյություն ունեն մի քանի տեսակի պարկուճներ, որոնց կառուցվածքն ու չափերը կախված են կիրառվող լուսաժապավենի տեսակից ու լուսանկարչական ապարատի կառուցվածքից։ Բոլոր փոքրաչափ և կիսաչափ լուսանկարչական ապարատները նախատեսված են ստանդարտ պարկուճների օգտագործման համար, որոնցում տեղավորվում է 35 մմ լայնության 1,65 մ լուսաժապավեն, ինչը ապահովում է 24x36 մմ չափի 36 կամ 18x24 մմ չափի 72 կադրի նկարահանումը։ Ըստ լուսանկարչական ապարատի պարկուճային մասի կառուցվածքի, դրանում օգտագործվում են կամ 2 միատեսակ պարկուճներ (որոնցից մեկը՝ մատուցողը, պարունակում է ժապավենի չլուսակայված մասը, իսկ մյուսը՝ ընդունողը, արդեն նկարահանված մասը), կամ մեկ պարկուճ (մատուցող) և ընդունող կոճ (նկարահանումից հետո լուսաժապավենը կոճից հետ են փաթաթում պարկուճի մեջ)։

Մատուցող պարկուճից դեպի ընդունողը (կամ դեպի ընդունող կոճը) ժապավենը ձգվում է փոխադրիչ մեխանիզմով, որը գործի է դրվում ձեռքով, լուսափականակը քաշելու հետ միաժամանակ, կամ էլ ավտոմատորեն՝ զսպանակային կամ էլեկտրական շարժաբերով, լուսափականակի գործարկումից անմիջապես հետո։ Այսպիսով բացառվում է միևնույն կադրի վրա երկու անգամ նկարելու հնարավորությունը։ Լուսաժապավենի տեղափոխումը վերահսկվում է կամ կադրերի հաշվիչով, որը բլոկավորված է լուսափականակը քաշելու մեխանիզմի հետ և ավտոմատ կերպով հաշվում է նկարահանված կադրերի թիվը, կամ էլ լուսապաշտպան թղթի վրա (61,5 մմ լայնության չծակատված լուսաժապավենների) նշված թվանշաններով, որոնք երևում են լուսախցիկի հետևի պատին եղած հատուկ պատուհանից։

Կան լուսանկարչական ապարատների տասնյակ մոդելներ, որոնք տարբերվում են կադրի չափով, օբյեկտիվներով, կիզակետման եղանակով, փականակի տեսակով, օժանդակ հարմարանքների առկայությամբ, ավտոմատացման աստիճանով ևն։ Յուրաքանչյուր լուսանկարչական ապարատ ունի իր անվանումը, որին հաճախ ավելացվում են թվանշաններ և (կամ) տառեր, որոնք ցույց են տալիս այդ մոդելի որևէ բնութագրական առանձնահատկությունը։ Լուսանկարչական ապարատը օպտիկամեխանիկական բարդ սարք է, որին պետք է խնամքով վերաբերվել՝ մաքուր պահել, պահպանել ցնցումներից և ջերմաստիճանի կտրուկ տատանումներից, հետևել, որպեսզի ապարատի ներսը փոշի, կեղտ, խոնավություն չանցնի։ Լուսանկարչական ապարատը հարկավոր է պահել փակ պատյանի մեջ։ Նկարահանումների միջակայքում օբյեկտիվը լավ կլինի փակել կափարիչով, իսկ լոաափականակն ու ինքնաթողքը այդ ընթացքում պետք է գտնվեն իջեցված վիճակում։ Ապարատը հարկավոր է պարբերաբար մաքրել, բայց ոչ մի դեպքում չի կարելի յուղել նրա մեխանիզմները։ Խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության հանել օբյեկտիվը լուսանկարչական ապարատից (բացի այն դեպքերից, երբ նկարահանման ժամանակ օգտագործվում են փոխովի օբյեկտիվներ)։ Չի կարելի ձեռքով դիպչել ոսպնյակների և հայելիների մակերևույթին, որովհետև պատվածքը կարող է վնասվել։ Լուսանկարչական ապարատի արտաքին և ներքին մակերևույթներից փոշին, մազմզուկները հարկավոր է հեռացնել փափուկ վրձնի կամ ռետինե տանձիկի օգնությամբ։ Անհրաժեշտության դեպքում ոսպնյակների մակերևույթները կարելի է սրբել միայն սպիրտով կամ եթերով թեթևակի թրջած ֆլանելի մաքուր լաթով կամ բամբակի խծուծով։ Ձմռանը, ցուրտ եղանակին, խորհուրդ է տրվում լուսանկարչական ապարատը պահել վերնահագուստի տակ և հանել միայն նկարահանման ժամանակ։

Խորհուրդ չի տրվում ինքնուրույն քանդել ապարատը։ Նրա մեխանիզմների մաքրումը, նորոգումն ու կարգավորումը պետք է կատարեն միայն որակյալ մասնագետները՝ նորոգման մասնագիտացված արհեստանոցներում։ Լուսանկարչական ապարատների մեծ մասի ծառայության երաշխիքային ժամկետը 18 ամիս է։

Լուսանկարչական պիտույքներ։ Հաճախ լուսանկարչական ապարատի կառուցվածքը թույլ չի տալիս ստանալ ցանկալի լուսանկարը կամ նկարահանել առկա պայմաններում։ Լուսանկարչական սարքավորման հնարավորություններն ընդլայնելու նպատակով կիրառում են օժանդակ տարբեր սարքեր ու հարմարանքներ, որոնք միասին կոչվում են լուսանկարչական պիտույքներ։

Դրանք են, մասնավորապես, փոխովի դիտանները, հանովի հեռաչափը, պարկուճները, բլենդները, լուսազտիչները, հավելադիր ոսպնյակները, ակնապանակները, երկարացնող օղակները, թողքի ճոպանիկները, կալանները, խոշորացույցները, լուսաբռնկիչները, լուսակայացույցները։

Լուսապաշտպան բլենդները խոչընդոտում են կողմնակի, պատկերի առաջացմանը չմասնակցող լուսային ճառագայթների թափանցմանը լուսանկարչական ապարատի օբյեկտիվ և կանխում պատկերի վրա լուսափայլքի առաջացումը։ Բլենդները, որոնք ունեն հատած կոնի կամ քառանիստ հատած բուրգի տեսք, պատրաստում են պլաստմասսայից, ռետինից, հազվադեպ՝ մետաղից, սևացրած փայլատ ներքին մակերևույթով, և հագցվում կամ պտուտակվում են լուսանկարչական ապարատի օբյեկտիվին։

Լուսազտիչը գունավոր ապակուց կլոր թիթեղ է հատուկ շրջանակի մեջ, որով հեշտությամբ ամրացվում է լուսանկարչական ապարատի օբյեկտիվի առջևի մասում։ Լուսազտիչն ազատ անցկացնում է որոշ լուսային ճառագայթներ, իսկ մյուսները պահում է լրիվ կամ մասնակիորեն՝ նկատելիորեն թուլացնելով դրանց ներգործությունը ժապավենի լուսազգայուն շերտի վրա։ Լուսազտիչը մասնակիորեն կլանում է լույսը, ուստի նկարահանման ժամանակ լուսաքանակը հարկավոր է ավելացնել այնքան անգամ, որքան լուսազտիչի պատիկությունն է։

Հավելադիր ոսպնյակները կիրառվում են մոտիկից նկարահանելիս պատկերի մասշտաբը խոշորացնելու համար։ Ամրացնում են լուսանկարչական ապարատի օբյեկտիվի առջևի մասին պարուրակավոր կամ զսպանակող շրջանակի օգնությամբ։

Ակնապանակը տեղակայվում է հայելապատ լուսանկարչական ապարատների դիտանի օկուլյարի վրա՝ աչքը կողմնակի լույսից պաշտպանելու համար, ինչը նկարահանման օբյեկտիվի կիզակետման համար ապահովում է լավագույն պայմաններ։

Երկարացնող օղակները տարբեր լայնության մետաղե օղակներ են, որոնք տեղավորվում են օբյեկտիվի շրջանակի և լուսանկարչական ապարատի իրանի միջև շրջանակի երկարությունն ավելացնելու, հետևաբար և մակրոնկարահանման ժամանակ պատկերի մասշտաբը 1:10-ից մինչև 1:1 սահմաններում փոփոխելու նպատակով։ Թողարկվում է 7, 14 և 28 մմ լայնության 3 օղակից բաղկացած լրակազմ. այդ օղակները տարբեր համակցություններով միացնելիս ապահովում են օբյեկտիվի շրջանակի «երկարացում» 7, 14, 21, 28, 35, 42 և 49 մմ-ով։

Թողքի ճոպանիկը (լուսանկարչական ճոպանիկ) ճկուն մետաղական թաղանթով բարակ պողպատե ճոպան է (150 մմ և ավելի երկարության), որն ամրացվում է լուսանկարչական ապարատի թողքի կոճակի բնում լոաափականակի թողքի համար, երբ թողքի կոճակի անմիջական սեղմումը մատով դժվար է կամ ըստ նկարահանման պայմանների անցանկալի (օրինակ, կալանի օգնությամբ մեծ պահաժամերով նկարահանելիս լուսանկարչական ապարատը չշարժելու համար)։

Կալանը նկարահանման ժամանակ լուսանկարչական ապարատի դիրքը սևեռակայելու հարմարանք է։ Օգտագործվում է 1/30 վ-ից ավելի պահաժամերով կամ ինքնաթողքով նկարահանելիս։ Արտադրվում են 10 տեսակից ավելի կալաններ, այդ թվում կալան-պտուտակամամուլ, կալան-տակդիր, կալան-հենոց, ծալովի եռոտանի կալան ևն, ինչպես նաև կալանային գլխիկներ, որոնք կիրառվում են լուսանկարչական ապարատը պահանջված դիրքում կալանի վրա սևեռակայելու կամ համայնապատկերի նկարահանման համար։ Լուսանկարչական ապարատը կալանին ամրացվում է միացնող պտուտակով, որի համար ապարատի իրանի հիմքում կա պարուրակավոր բուն։

Լուսակայացույցներ։ Որակյալ լուսանկար ստանալու կարևորագույն պայմանը ճիշտ լուսաքանակի որոշումն է նկարահանման տվյալ լուսային պայմանների և օգտագործվող լուսանկարչական նյութերի տվյալ լուսազգայունության դեպքում։ Այսպես, անբավարար լուսակայման (թերապահման) դեպքում պատկերը սև-սպիտակ նեգատիվի վրա ստացվում է շատ բաց, լուսավոր հատվածներում վատ են երևում նկարահանման օբյեկտի մանրամասները. ավելցուկային լուսակայման (գերապահման) դեպքում պատկերը դառնում է չափազանց մուգ, և բոլոր մանրամասներն անհետանում են ստվերներում։ Լուսաքանակի որոշման սխալներն ավելի մեծ չափով են երևան գալիս հակադարձելի գունավոր լուսաժապավենով նկարահանելիս, նույնիսկ աննշան գերապահման դեպքում գունավոր պատկերում փաստորեն կորչում է դեղինը և գերակշռում է կապույտը, թերապահված լուսանկարներում գերակշռում են դեղինը և ծիրանագույնը, իսկ կապույտը նկատելիորեն թուլանում է։ Գունավոր լուսաժապավենով (ինչպես նեգատիվային, այնպես էլ հակադարձելի) նկարահանելիս հարկավոր է հիշել, որ լուսաքանակի որոշման սխալները չեն կարող շտկվել լուսաժապավենի լաբորատորային մշակման ընթացքում։

Ճիշտ լուսաքանակի, հետևաբար և լուսակայման պարամետրերի (պահաժամի ու դիաֆրագմայի արժեքների) որոշման համար օգտվում են հատուկ աղյուսակներից կամ սարքերից, որոնք կոչվում են լուսակայացույցներ։

Պարզագույն աղյուսակային լուսակայացույցները միմյանց միացված ստվարաթղթե սկավառակների ձևով պատրաստված աղյուսակների (մինչև 5-6) համախումբ են, որոնցում հաշվի են առնվում պահաժամի տևողության վրա ազդող տարբեր գործոններ՝ նկարահանվող սյուժեն, աշխարհագրական լայնությունը, նկարահանման ժամանակը, լուսաժապավենի զգայունությունը, դիաֆրագմային թվի արժեքը, լուսազտիչի պատիկությունը։ Համադրելով բոլոր այս գործոնները՝ ընտրում են դրա ինչ-որ համակցություն և ըստ այդմ որոշում տվյալ դեպքում պահանջվող պահաժամի արժեքը։ Քանի որ բավականին դժվար է ճիշտ գնահատել նկարահանման պայմանները և համադրել դրանք ադյուսակային տվյալների հետ, ուստի աղյուսակային լուսակայացույցները խիստ մոտավոր արդյունք են տալիս։

Ավելի ճշգրիտ պահաժամը կարելի է որոշել օպտիկական լուսակայացույցով, որը հիմնված է նկարահանման օբյեկտի պայծառության դիտողական գնահատման վրա, օրինակ, աստիճանավոր լուսաչափական սեպի օգնությամբ, որը բաղկացած է տարբեր օպտիկական խտության մի քանի հատվածից (աստիճանից)։ Յուրաքանչյուր աստիճան նշանակվում է թվանշանով (դիաֆրագմային թվով). 2, 2,8, 4, 5,6, 8, 11, 16։ Նկարահանման օբյեկտից անդրադարձած լուսային ճառագայթները, անցնելով լուսաչափական սեպով, լուսավորում են թվանշանների ոչ ամբողջ շարքը, այլ միայն դրանցից մի քանիսը։ Վերջին, հազիվ նշմարելի թվանշանն օգտագործվում է սարքի հաշվիչով պահաժամը հաշվարկելու համար։

Առավել կատարելագործվածը լուսաէլեկտրական լուսակայացույցներն են։ Դրանց գործողության հիմքում ընկած է նկարահանման օբյեկտի պայծառության, այսինքն՝ լուսանկարչական ապարատի ուղղությամբ օբյեկտի ճառագայթած կամ անդրադարձրած լուսահոսքի չափումը կամ նկարահանվող օբյեկտի լուսավորվածության չափումը։

Պայծառության չափման մեթոդով լուսաքանակը որոշելու համար լուսակայացույցը սովորաբար տեղավորում են լուսանկարչական ապարատի մոտ և ուղղում նկարահանման օբյեկտի կողմը։ Ընդ որում չափվում է օբյեկտի բոլոր տարրերի և ֆոնի միջին գումարային պայծառությունը, մի բան, որը հենց այդ եղանակով լուսաքանակի որոշման հնարավոր սխալների պատճառն է։ Կարող է ստացվել այնպես, որ բաց (լուսավոր) ֆոնի վրա նկարված օբյեկտի պատկերը լինի թերալուսակայված (նեգատիվային լուսաժապավենի վրա՝ չափից ավելի մուգ, հակադարձելի լուսաժապավենի վրա չափազանց լուսավոր), իսկ մուգ ֆոնի վրա նկարված նույն օբյեկտի պատկերը գերապահված (շատ լուսավոր՝ նեգատիվային և մուգ հակադարձելի սև-սպիտակ լուսաժապավենի վրա)։ Այդ պատճառով նման եղանակը պիտանի է լուսաքանակի որոշման համար այն դեպքերում, երբ օբյեկտի պայծառությունը քիչ է տարբերվում ֆոնի պայծառությունից կամ էլ ֆոնը զբաղեցնում է կադրի փոքր մասը։ Այս հանգամանքն անհրաժեշտ է հաշվի առնել լուսաքանակի ավտոմատ կամ կիսաավտոմատ սահմանումով ապարատներով նկարահանելիս, որովհետև հենց լուսակալաչափիչ հարմարանքին է բնորոշ իր լուսաընդունիչի տեսադաշտում գտնվող բոլոր առարկաների միջին գումարային պայծառության չափումը։ Նման արդյունքներ են ստացվում նաև ներկառուցված լուսակայացույցի օգնությամբ լուսաքանակը որոշելիս։ Սակայն այս դեպքում լուսաքանակի որոշման սխալը կարելի է փոքրացնել, եթե օբյեկտի պայծառությունը չափելիս լուսանկարչական ապարատը կողմնորոշվում է այնպես, որ ներկառուցված լուսակայացույցի տեսադաշտում օբյեկտը երևա այնպիսի ֆոնի վրա, որի պայծառությունը մոտավորապես հավասար է օբյեկտի պայծառությանը։

Լուսաքանակը ըստ լուսավորվածության չափման եղանակի որոշելու համար լուսակայացույցը տեղավորում են նկարահանվող օբյեկտի (կամ դրա իմաստային առումով կարևոր մասի) մոտ՝ շրջելով այն ուղղորդված լույսի աղբյուրի կողմը, բնական լուսավորության դեպքում՝ արևի կողմը, արհեստական լուսավորության դեպքում՝ հիմնական լուսավորվածությունն ստեղծող սարքի կողմը։ Լուսավորվածությունը չափելիս անհրաժեշտ է հաշվի առնել լույսի աղբյուրի դիրքը նկարահանվող օբյեկտի և լուսանկարչական ապարատի նկատմամբ։ Եթե, օրինակ, արեգակը լուսավորում է օբյեկտը կողքից կամ վերևից (գտնվում է զենիթում), ապա հաշվարկային լուսաքանակը հարկավոր է ավելացնել 2 անգամ (օրինակ, երկու անգամ մեծացնելով լուսակայացույցի օգնությամբ որոշված դիաֆրագմայի արժեքը)։ Իսկ եթե արեգակը գտնվում է օբյեկտի հետևում, և նկարահանումը կատարվում է լույսի դիմաց, ապա լուսաքանակը հարկավոր է ավելացնել 1,5-2 անգամ։ Ցրված լույսի դեպքում (օրինակ, երբ արևը ծածկված է ամպերով), լուսակայացույցը տեղավորում են նկարահանվող տարածության ստվերոտ մասում և ուղղում լուսանկարչական ապարատի կողմը։

Լուսավորիչ սարքեր։ Եթե բնական լուսավորությունն անբավարար է լինում կանոնավոր (տվյալ լուսանկարչական նյութի համար) լուսակայում ապահովելու համար, ապա կիրառում են արհեստական լուսավորություն։ Այդպիսի լուսավորության դեպքում որպես լույսի աղբյուր, բացի սովորական շիկացման լամպերից, օգտագործում են լուսալամպեր կամ գերշիկացման լամպեր 300 և 500 Վտ հզորության և 30 լմ/Վտ կարգի լուսատացքով։ Դրանք սովորաբար կիրառում են գնդոլորտային անդրադարձիչների հետ, որոնք լուսային ճառագայթները կենտրոնացնում են մեկ ուղղությամբ։ Լուսալամպերն ունեն ծառայության փոքր ժամկետ (4-8 ժամ), ուստի դրանք պետք է միացնել միայն նկարահանման ժամանակ։

Առավել ամփոփ և շահագործման տեսակետից հարմար են իմպուլսային լուսավորիչները (լուսաբռնկիչները)՝ լույսի իմպուլսային աղբյուրով լուսավորիչ սարքերը։ Այդպիսի լուսավորիչներն օգտագործում են ուղղորդված ուժգին կարճատև լուսահոսքեր ստեղծելու համար։ Իմպուլսային լուսավորիչը, որպես կանոն, տեղադրվում է լուսանկարչական ապարատի վրա՝ ստեղծելով առաջամասային լուսավորություն, որի դեպքում պատկերի վրա համարյա ստվեր չի լինում։ Գոյություն ունեն երկու տեսակի իմպուլսային լուսավորիչներ. միանգամյա (բռնկալամպ) և բազմակի գործողության (էլեկտրոնային իմպուլսային լուսավորիչներ)։ Առավել տարածված բռնկալամպերում լույսի ուժը հասնում է 2000 կդ-ի, բռնկման տևողությունը 1/50-1/100 վ է։ Թողարկում են թափանցիկ պլաստմասսայից խորանարդաձև քառամաս բռնկալամպեր, որոնցից յուրաքանչյուրը մի առանձին փոքրաչափ բռնկալամպ է։ Լամպ–«խորանարդիկը» թույլ է տալիս ստանալ ոչ թե մեկ, այլ չորս բռնկում։

Էլեկտրոնային իմպուլսային լուսավորիչը բաղկացած է իմպուլսային գազապարպումային լամպից, այն վառելու հարմարանքից, էներգիայի կուտակիչից և հոսանքի աղբյուրից (որոշ լուսավորիչներ աշխատում են 220 Վ լարման փոփոխական հոսանքով)։

Բռնկման տևողությունն էլեկտրոնային իմպուլսային տարբեր լուսավորիչներում 1/2500-ից մինչև 1/125 վ է։ Լուսավորիչի ճառագայթած լուսահոսքը կախված է բռնկման էներգիայից, որն իր հերթին կախված է գազապարպումային լամպի տեսակից, կոնդենսատորի ունակությունից և լարումից։ Իմպուլսային լուսավորիչի ստեղծած լուսային հոսքը ցրվում է սովորաբար 45-70° անկյունով, ինչը մոտավորապես համապատասխանում է նորմալ օբյեկտիվների անկյունային դաշտին, որոշ լուսավորիչներում լուսային փնջի ցրման անկյունը կարելի է կարգավորել 30-85° սահմաններում՝ երկարակիզակետ և կարճակիզակետ փոխովի օբյեկտիվներով նկարահանելու համար։

Էլեկտրոնային իմպուլսային լուսավորիչով նկարահանելիս լուսաքանակը կարող է կարգավորվել միայն նկարահանման օբյեկտիվի դիաֆրագմայի բացվածքով և լուսավորիչից մինչև նկարահանման օբյեկտը եղած հեռավորության փոփոխությամբ, քանի որ պահաժամը միշտ միևնույնն է՝ 1/30 վ։ Դիաֆրագմային թվի (k) և լուսավորիչից մինչև օբյեկտը եղած հեռավորության (I, մետրերով) արտադրյալը կոչվում է լուսավորիչի գլխաթիվ (N)։ N=k.I։ Յուրաքանչյուր լուսավորիչ բնութագրվում է իր գլխաթվով (այն նշվում է սարքի տեղեկաթերթիկում կամ իրանի վրա), որը կախված է գազապարպումային լամպի էներգիայի և անդրադարձիչի կառուցվածքից։ Իմանալով գլխաթիվը և մինչև նկարահանման օբյեկտը եղած հեռավորությունը՝ դժվար չէ որոշել դիաֆրագմային այն թիվը, որն անհրաժեշտ է տվյալ իմպուլսային լուսավորիչով նկարահանելիս (1/30 վ պահաժամի և լուսաժապավենի հայտնի զգայունության դեպքում) ամենահարմար լուսակայումն ստանալու համար։

Լուսանկարչական նյութեր։ Սիրողական լուսանկարչության մեջ առավել լայնորեն օգտագործվում են սև-սպիտակ նեգատիվային ու գունավոր հակադարձելի լուսաժապավեններ և սև-սպիտակ տպման լուսաթուղթ, զգալիորեն ավելի քիչ գունավոր նեգատիվային լուսաժապավեն և գունավոր տպման լուսաթուղթ, հազվադեպ կիրառվում է նաև սև-սպիտակ հակադարձելի լուսաժապավեն (սև-սպիտակ թափանցապատկերներ պատրաստելու համար)։

Լուսանկարչական նյութի ընտրությունն ու օգտագործման, պայմանները որոշվում են լուսանկարչական նյութերի հիմնական հատկություններով (լուսազգայունություն, ցայտունակություն, լուսանկարչական լայնություն, լուծունակություն, լուսանկարչական փառ)։

Լուսազգայունությունը լուսանկարչական նյութի՝ լույսն ընկալելու հատկությունն է. քանակապես արտահայտվում է լուսազգայունության թվով, որը հաշվի է առնվում լուսաքանակը որոշելիս։ Լուսազգայունության թիվը, կամ պարզապես լուսազգայունությունը, նշվում է լուսանկարչական նյութի փաթեթվածքի վրա և արտահայտվում է պայմանական միավորներով կամ պայմանական աստիճաններով։

Լուսանկարչական նյութի ցայտունակությունը բնութագրում է նրա լուսազգայուն շերտի ունակությունը՝ վերարտադրելու նկարահանման օբյեկտի պայծառության բաշխումը լուսանկարչական պատկերի տեղամասերի օպտիկական խտության (սևացումների կամ գունային հագեցածության) համապատասխան բաշխումով։ Արտահայտվում է կամ քանակապես՝ ցայտունության գործակցով (օրինակ, նեգատիվային սև-սպիտակ լուսաժապավենինը՝ 0,8, գունավոր հակադարձելի լուսաժապավենինը՝ 1,8-ից մինչև 2,2), կամ որակապես՝ ցայտունության աստիճանով (գլխավորապես լուսաթղթերի համար փափուկ, կիսափափուկ, նորմալ, ցայտունակ, հատկապես ցայտունակ)։

Լուսանկարչական լայնությունը բնութագրում է լուսանկարչական նյութի լուսազգայուն շերտի ունակությունը ցայտունության միատեսակ աստիճանով վերարտադրելու նկարահանման օբյեկտի օպտիկական պատկերի պայծառության տարբերությունները։ Որքան մեծ է լուսանկարչական լայնությունը, այնքան ավելի մեծ է լուսաքանակի որոշման թույլատրելի սխալը, այսինքն՝ նկարահանման ժամանակ պահաժամերի կամ դիաֆրագմայի փոփոխման թույլատրելի միջակայքը։

Լուսանկարչական նյութի լուծունակությունը նրա լուսազգայուն շերտի ունակությունն է՝ վերարտադրելու պատկերի փոքրագույն մանրամասները. արտահայտվում է միմյանց հաջորդող այն գծերի թվով, որոնք անջատ-անջատ երևում են նույն այդ լուսանկարչական նյութով նկարված հատուկ նրբագծված աղյուսակի՝ փորձաղյուսակի պատկերի 1 մմ-ի վրա (օրինակ, նեգատիվային սև-սպիտակ լուսաժապավենների լուծունակությունը 70-125 գիծ/մմ է, գունավոր հակադարձելի լուսաժապավեններինը՝ 73-85 գիծ/ մմ)։ Միևնույն նյութի լուծունակությունը կարող է փոփոխվել որոշ սահմաններում՝ կախված նկարահանման պայմաններից և նրա քիմիալուսանկարչական մշակման ռեժիմից։

Լուսանկարչական փառը լուսաշերտի սևացումն է կամ գունային հագեցումը, որ սովորաբար երևան է գալիս անկախ լուսանկարչական նյութի քիմիալուսանկարչական մշակման ընթացքում դրա վրա լույսի ներգործությունից։ Փառի երևան գալը պայմանավորված է էմուլսային շերտի պատրաստման և ծածկապատման տեխնոլոգիայով, նրա բաղադրությամբ ու հատկություններով։ Փառի գոյացումը կանխելու համար անհրաժեշտ է խստիվ պահպանել լուսանկարչական նյութերը պահելու, դրանց մշակման տեխնոլոգիայի պայմանները, ինչպես նաև կիրառել հակափառակալիչ նյութեր պարունակող երևակիչներ։

Թողարկվող լուսաժապավեններից ֆոտոսիրողներն օգտագործում են հիմնականում կոճավոր լուսաժապավենները. սև-սպիտակ նեգատիվային «Ֆոտո-32», «Ֆոտո-64», «Ֆոտո-125» և «Ֆոտո-250», գունավոր նեգատիվային՝ «ԴՍ-4», «ՑՆԴ-32» և «ՑՆԼ-65», գունավոր հակադարձելի՝ «ՑՕ-22Դ», «ՑՕ–32Դ» և «ՑՕ-90 Լ»։

Լուսանկարչությամբ զբաղվողների շրջանում լայն տարածում են գտել նաև «ՕՐՎՈ» մակնիշի լուսաժապավենները, գունավոր նեգատիվային «ՕՐՎՈկոլոր ՆՑ 19 մասկ»–ը՝ ցերեկային և արհեստական լուսավորության պայմաններում նկարահանելու համար, գունավոր հակադարձելի «ՕՐՎՈքրոմ ՈՒՏ 18»–ը՝ ցերեկային լույսի համար և «ՕՐՎՈքրոմ ՈՒԿ 17»–ը՝ արհեստական լուսավորության համար։

Թողարկվում են հետևյալ կոճավոր լուսաժապավենները. ծակոտած, 35 մմ լայնության, 1,65 մ երկարության հատվածներով ստանդարտ պարկուճներով, կոճերով և գլանափաթեթներով՝ փոքրաչափ և կիսաչափ լուսանկարչական ապարատների համար, չծակոտած ժապավեններ 61,5 մմ և 16 մմ լայնության, համապատասխանաբար 0,815 մ և 0,45 (0,65)մ երկարության հատվածներով ստանդարտ պարկուճներով և գլանափաթեթներով՝ միջին չափի և մանրաչափ լուսանկարչական ապարատների համար։ Լուսաժապավենները վաճառվում են անլուսանցիկ փաթեթվածքով, ամփոփված անագաթիթեղի, մոմած և խիտ սև թղթի մեջ. ստվարաթղթե տուփերով, որոնց վրա նշվում են լուսաժապավենի տեսակը, լուսազգայունությունը, լուսակայման սահմանային ժամկետը, թողարկման թվականը, էմուլսիայի համարը, պատրաստող ձեռնարկությունը։ Խորհուրդ է տրվում լուսաժապավենը պահել հերմետիկ փաթեթվածքի մեջ 10 ±5° 0 ջերմաստիճանում։ Պահելու երաշխիքային ժամկետի ավարտին սև-սպիտակ նեգատիվային և գունավոր հակադարձելի լուսաժապավենների զգայունությունը նվազում է ոչ ավելի, քան 40%-ով, գունավոր նեգատիվային ժապավեններինը՝ 50%-ով։ Լուսակայված ժապավենների թաքնապատկերը պահելու անբարենպաստ պայմանների դեպքում քայքայվում է առանց էմուլսիայի լուսաքիմիական հատկությունների վերականգնման:

Սիրողական լուսանկարչության մեջ օգտագործվող լուսաթուղթը բնութագրվում է համեմատաբար ցածր լուսազգայունությամբ (1,4-11 միավոր), որպես կանոն, մեծ ցայտունակությամբ և լավ լուծունակությամբ (30-40 գիծ/ մմ)։ Լուսաթուղթ թողարկվում է սև-սպիտակ և գունավոր լուսանկարչության համար։

Սև-սպիտակ թուղթը (սև-սպիտակ լուսանկարներ ստանալու համար) տարբերում են ըստ տակդիրի տեսակի, լուսազգայուն շերտի բաղադրության, ստացվող պատկերի ցայտունության և այլ հատկանիշների։ Ըստ տակդիրի հաստության և խտության տարբերում են. սովորական (բարակ) լուսաթուղթ, կիսաստվարաթուղթ և ստվարաթուղթ, որոնք սպիտակ են կամ բաց դեղնավուն։ Ըստ լուսաշերտի մակերևույթի տեսքի լուսաթղթերը լինում են հարթ (փայլուն, առանձնահատուկ փայլուն, փայլատ, կիսափայլատ) և ոչ ողորկ մակերևույթով (ճնշատիպային, հատիկավոր, թավշային ևն)։

Գունավոր լուսաթուղթը նախատեսված է գունավոր լուսանկարների հպումային և պրոյեկցիոն տպման համար։ Թողարկում են «Ֆոտոցվետ-5» լուսաթուղթը՝ չքողարկված նեգատիվներից տպելու և «Ֆոտոցվետ–4»–ը՝ քողարկված նեգատիվներից տպելու համար։ Գունավոր լուսաթղթի լուսազգայունությունը միջին չափի է, ցայտունակության աստիճանը՝ նորմալ և ցայտուն, հիմքը՝ սպիտակ ստվարաթուղթ, մակերևույթը՝ փայլուն կամ ճնշատպված։ Լուսաթուղթը վաճառքի է հանվում անլուսանցիկ փաթեթվածքով, որի ներսում սև խիտ թղթի ծրարներում ամփոփվում է 6x9, 9x12, 9x14, 10x15, 13x18, 18x24, 24x30, 30x40 և 50x60 սմ չափի 20-50 կամ 100 թերթ։ Փաթեթվածքի վրա նշվում են լուսաթղթի տեսակը, չափը, մակերևույթի տեսքը, տակդիրի տեսակը, գույնը և խտությունը, ինչպես նաև պատրաստման թվականը և պահելու երաշխիքային ժամկետը։

Լուսաժապավենի մշակումը։ Լուսաժապավենի տեսակից և լուսազգայուն շերտի հատկություններից անկախ, քիմիալուսանկարչական մշակումը ներառնում է երևակումը, որի արդյունքում լուսաշերտում երևան է գալիս տեսանելի պատկերը և սևեռակումը, որն ամրակայում է այդ պատկերը և դիմացկուն դարձնում լույսի ներգործության նկատմամբ։ Լուսաժապավենը երևակվում և սևեռակվում է լուսանկարչական տակառիկում, որի ներսում տեղավորվում է պարուրավոր կոճը, դրա վրա փաթաթվում է մշակման ենթակա լուսաժապավենը։ Կափարիչի կենտրոնում կա ձագարաձև անցք մշակող լուծույթները տակառիկի մեջ լցնելու համար։ Թողարկվող լուսանկարչական տակառիկները նախատեսված են կա՛մ միայն 35 մմ, կա՛մ միայն 61,5 մմ լայնության լուսաժապավենների մշակման համար, թողարկվում են նաև համապիտանի տակառիկներ։

Լուսաժապավենը հարկավոր է պարկուճից հանել և կոճին փաթաթել բացարձակ մթության մեջ. տակառիկը փակելուց հետո մնացած բոլոր գործողությունները կարելի է կատարել լույսի տակ՝ չբացելով տակառիկը մինչև սևեռակման ավարտը։

Լուսաժապավենի մշակման լուծույթները պատրաստելիս ամենից հարմար է օգտվել ռեակտիվների պատրաստի հավաքածուներից, որոնք վաճառվում են փաթեթներով, ստվարաթղթե պարկուճներով (կշռաբաշխված) կամ էլ հաբերով (մամլած)։ Այդպիսի հավաքածուների փաթեթվածքի վրա նշվում է, թե տվյալ բաղադրությունը ինչ ծավալի լուծույթի համար է նախատեսված, ինչ տևողությամբ և որ ջերմաստիճանում է հարկավոր մշակել լուսաժապավենը։ Ինքնուրույնաբար լուծույթներ պատրաստելիս նյութերը լուծում են բաղադրատոմսում նշված կարգով։ Սկսնակ ֆոտոսիրողներին խորհուրդ է տրվում օգտվել մի տեսակի երևակիչից, օրինակ, նեգատիվային սև-սպիտակ լուսաժապավենի համար № 2 ստանդարտ երևակիչից.

մետոլ......................... 8 գ

հիդրոքինոն.................... 5 գ

նատրիումի անջուր սուլֆիտ.... 125 գ

անջուր սոդա................ 5,75 գ

կալիումի բրոմիդ.............. 2,5 գ

ջուր........................... 1 լ։

Միատիպ (օրինակ, մանրահատիկ) երևակիչների ճնշող մեծամասնությունը ներգործում է համարյա միատեսակ, և գլխավոր խնդիրն է վարժվել դրանցից մեկին, ուսումնասիրել նրա առանձնահատկությունները նկարահանման տարբեր պայմանների դեպքում լավ արդյունքներ ստանալու նպատակով։

Սևեռակիչներից կարելի է կիրառել ցանկացածը, սակայն ավելի լավ է օգտվել թթու սևեռակիչից, որի բաղադրության մեջ մտնում են.

նատրիումի բյուրեղական թիոսուլֆատ............. 200 գ

կալիումի անջուր մետաերկսուլֆատ................ 30 գ

քացախաթթու (30%-անոց)...................... 50 մլ

ջուր........................................... 1 լ։

Լուծույթների պատրաստման համար լավ է օգտագործել եռացրած ջուր։

Լուծույթները հարկավոր է պատրաստել օգտագործելուց 10-12 ժամ առաջ և պահել հերմետիկ խցաններով (կափարիչներով) մուգ ապակե շշերում (կամ բանկաներում), մութ տեղում։

Երևակված լուսաժապավենը խորհուրդ է տրվում չորացնել կախած վիճակում՝ ներքևի ծայրին ամրացնելով ոչ մեծ բեռ, օրինակ, սեղմակ՝ ոլորվելը կանխելու նպատակով։ Եթե լուսաժապավենի մշակման գործընթացում բոլոր գործողությունները ճիշտ են կատարվել, ապա լուսաժապավենի եզրերն ստացվում են թափանցիկ, իսկ պատկերն ունենում է հստակորեն նշմարվող մանրամասներ։

Գունավոր լուսաժապավենները, ինչպես նեգատիվային, այնպես էլ հակադարձելի, մշակման գործընթացի ու պայմանների բարդության պատճառով, խորհուրդ է տրվում (հատկապես սկսնակ ֆոտոսիրողներին) տալ երևակելու մասնագիտացված լուսանկարչական լաբորատորիաներում։

Լուսանկարների տպումը։ Լուսանկարները տպելիս հարկավոր է լուսաթուղթն ընտրել նեգատիվի պատկերի ցայտունությանը համապատասխան։ Եթե նեգատիվը շատ ցայտուն է (պատկերի մութ մանրամասները համարյա երևակված չեն, իսկ լուսավորները լրիվ թափանցիկ են), խորհուրդ է տրվում օգտագործել փափուկ լուսաթուղթ. մանրամասների լավ երևակմամբ ցայտուն նեգատիվի համար հարմար է կիսափափուկ լուսաթուղթը։ Նորմալ նեգատիվի պատկերը հարկավոր է տպել նորմալ լուսաթղթի վրա. եթե նեգատիվը փափուկ է (մանրամասները նշմարելի են, սակայն խտությունների միջակայքը բավարար չէ), հարկավոր է վերցնել ցայտուն լուսաթուղթ. առանձնահատուկ ցայտուն լուսաթուղթը խորհուրդ է տրվում կիրառել շատ խամրած (խտությունների խիստ փոքր միջակայքով), ինչպես նաև նրբագծավոր պատկեր պարունակող նեգատիվների համար։

Գոյություն ունի պատկերը նեգատիվից լուսաթղթի վրա փոխանցելու երկու եղանակ՝ հպումային և առաջաձգական (պրոյեկցիոն)։

Տպման հպումային եղանակի դեպքում նեգատիվը և լուսաթուղթը էմուլսային շերտերով հպում են միմյանց և տեղավորում ապակու տակ կամ պատճենահանման շրջանակի մեջ։ Այնուհետև «բուտերբրոդը» նեգատիվի կողմից լուսավորում են սովորական լույսով (օրինակ, շիկացման լամպի), որից հետո լուսաթուղթն անջատում են նեգատիվից, երևակում, սևեռակում, լվանում և չորացնում։ Ընդ որում լուսանկարն ստացվում է նեգատիվի չափի, այդ պատճառով հպումային տպման եղանակը կիրառվում է հիմնականում ստուգիչ նկարներ ստանալու կամ էլ 6x6 սմ-ից ոչ պակաս չափի նեգատիվներից լուսանկարներ տպելու համար։

Տպման այսպիսի եղանակի դեպքում լուսակայման տևողությունը (1-ից մինչև մի քանի վայրկյան) կախված է նեգատիվի խտությունից, լուսաթղթի զգայունությունից, նեգատիվի լուսավորվածությունից և ընտրվում է փորձնական ճանապարհով։

Առաջաձգական տպման դեպքում (խոշորացուցիչի միջոցով) լուսանկարի վրա կարելի է ստանալ 8-10 անգամ ավելի մեծ չափի պատկեր, քան նեգատիվինն է, և տպել ցանկացած չափի՝ 10x14 մմ-ից մինչև 60x90 մմ նեգատիվներից։

Կան խոշորացուցիչների շատ մոդելներ, բայց դրանք բոլորն էլ ունեն առաջաձգող գլխիկ, կանգնակ, որի վրա պահվում է առաջաձգող գլխիկը, առաջաձգող օբյեկտիվ և սեղանէկրան (նկ. 10)։ Առաջաձգող գլխիկը կազմված է լուսավորիչից, նեգատիվակալից և առաջաձգող օբյեկտիվի ամրացման հանգույցից։

Լուսախոշորացուցիչում լույսի աղբյուրն է 60-100 Վտ հզորության սովորական շիկացման լամպը, որը տեղավորվում է լուսավորիչի վերևի մասում։

Լամպի դիրքը կարելի է փոխել և հասնել նեգատիվի ամբողջ մակերեսի հավասարաչափ լուսավորվածության (ստուգվում է ըստ էկրանի լուսավորվածության՝ առանց նեգատիվի)։ Լամպի ընտրված դիրքը սևեռվում է սեղմիչ մանեկով։ Լուսավորիչի ներքևի մասում տեղավորվում է լուսահավաքը, որը կազմված է 2-3 հավաքող ոսպնյակներից: Լուսահավաքի օգնությամբ ստեղծվում է ուղղորդված լուսային հոսք, որը նեգատիվի պատկերը փոխանցում է լուսաթղթին։ Նեգատիվի ավելի հավասարաչափ լուսավորման համար լուսահավաքը երբեմն լրացվում է հանովի լուսացրիչով փայլատ ապակե թիթեղով։ Փայլատ ապակուց կամ կաթնապակուց անոթ ունեցող լամպեր օգտագործելիս լուսացրիչի անհրաժեշտություն չկա։

Նեգատիվակալը տեղավորված է առաջաձգող գլխիկի ներքևի մասում, անմիջապես լուսահավաքի տակ։ Սովորաբար այն բաղկացած է երկու շրջանակից՝ առաջաձգվող կադրի չափին համապատասխանող ուղղանկյունաձև կտրվածքներով. վերևի շրջանակի կտրվածքում կա սեղմիչ ապակի։ Լուսատպման ժամանակ նեգատիվը տեղավորվում է շրջանակների միջև, էմուլսային շերտով դեպի օբյեկտիվը և սևեռվում այդ դիրքում առաձգական սեղմակների օգնությամբ։ Արդի լուսախոշորացուցիչների նեգատիվակալներն ունենում են հատուկ ներդիրներ տարբեր չափի (օրինակ, 24x36 մմ, 18x24 մմ, 13x17 մմ) նեգատիվների համար:

Առաջաձգական լուսատպման ժամանակ խոշորացումը (առաջաձգական օբյեկտիվի տվյալ կիզակետային հեռավորության դեպքում) կախված է օբյեկտիվի և էկրանի միջև եղած հեռավորությունից։ Բարձրացնելով կամ իջեցնելով լուսախոշորացուցիչի առաջաձգող գլխիկը էկրանի նկատմամբ՝ փոփոխում են պատկերի չափը լուսաթղթի վրա։ Լուսակայման տևողությունը կախված է լույսի աղբյուրի պայծառությունից, նեգատիվի խտությունից, լուսաթղթի զգայունությունից, պատկերի խոշորացման պատիկությունից, առաջաձգող օբյեկտիվի հարաբերական բացվածքից և կազմում է սովորաբար 3-15 վ։

Լուսախոշորացուցիչների համար թողարկվում են առաջաձգող օբյեկտիվներ։ Այդ օբյեկտիվներն ունեն մեծ լուծունակություն (ինչպես կենտրոնում, այսպես էլ եզրերում), տալիս են որակյալ պատկեր և կիրառվում են սև-սպիտակ ու գունավոր լուսատպման համար։ Այդ օբյեկտիվների բացակայության դեպքում կարելի է օգտագործել լուսանկարչական ապարատի հանովի օբյեկտիվը։

Օբյեկտիվն ամրացնելու համար առաջաձգող գլխիկի ներքևի մասում կա փողակ, որն ապահովում է օբյեկտիվի ուղղաձիգ տեղափոխությունն այնպիսի սահմաններում, որոնք բավարար են նրա կիզակետման համար խոշորացման ցանկացած պատիկության դեպքում։ Օբյեկտիվի կիզակետումը հեշտացնելու նպատակով որոշ խոշորացուցիչների նեգատիվակալներ ունեն ճեղքավոր հարմարանք, որի օգնությամբ ստուգում են կիզակետման ճշտությունը։ Դրա համար նեգատիվակալը տեղադրում են այնպես, որ ճեղքի պատկերը (նեղ լուսավոր շերտի տեսքով) լինի էկրանի կենտրոնում (ընդ որում նեգատիվի պատկերը չի առաջաձգվում էկրանի վրա)։ Չկիզակետված օբյեկտիվի դեպքում ճեղքի պատկերն ունենում է բեկյալի, իսկ կիզակետված օբյեկտիվի դեպքում բարակ ուղիղ գծի տեսք։ Գոյություն ունեն այնպիսի խոշորացուցիչներ, որոնցում առաջաձգվող պատկերի մասշտաբի փոփոխության դեպքում օբյեկտիվի կիզակետումը պահպանվում է ավտոմատորեն։

Որոշ խոշորացուցիչներում նախատեսված է առաջաձգող գլխիկը կանգնակի շուրջը 180°–ով պտտելու հնարավորություն պատկերը հատակի վրա առաջաձգելու համար (մեծ խոշորացումների դեպքում)։ Խոշորացուցիչների մեծ մասն ունի դուրսքաշովի դարակներ՝ շտկող լուսազտիչների տեղավորման համար, որոնք կիրառվում են գունավոր լուսատպման ժամանակ։

Լուսանկարչությամբ զբաղվողների համար թողարկվում են խոշորացուցիչների մի քանի մոդելներ։

Լուսաթղթերի քիմիալուսանկարչական մշակումը կատարվում է պլաստմասսայե կամ արծնապատ ուղղանկյունաձև տաշտակներում, վերջիններս ընտրվում են այնպես, որ մի քիչ մեծ լինեն օգտագործվող լուսաթղթի չափերից։ Տնային լուսանկարչական լաբորատորիայում անհրաժեշտ է ունենալ առնվազն 3 տաշտակ՝ լուսանկարների երևակման, միջանկյալ լվացման և սևեռակման համար։

Սև-սպիտակ լուսաթղթերի քիմիալուսանկարչական մշակման բոլոր գործողությունները կարող են կատարվել նարնջագույն կան դեղնականաչ լուսավորության դեպքում։ Այդպիսի լուսավորություն ստեղծում է լաբորատորային լապտերը, որում լույսի աղբյուր է ծառայում սովորական շիկացման լամպը (15 Վտ), իսկ պատուհանում տեղադրվում է լուսազտիչ։

Սկսնակ ֆոտոսիրողներին խորհուրդ է տրվում սև-սպիտակ լուսաթղթերը մշակել հետևյալ լուծույթներում։

Երևակող լուծույթ

մետոլ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․1 գ

հիդրոքինոն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․5 գ

նատրիումի անջուր սուլֆիտ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․26 գ

անջուր սոդա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․20 գ

կալիումի բրոմիդ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․1 գ

ջուր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․1 լ

Դադարեցնող լուծույթ
(սև-սպիտակ լուսաթղթերի համար)

քացախաթթու (30%-անոց) ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․50 մլ

ջուր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․1 լ

Սևեռակող լուծույթ

նատրիումի բյուրեղական թիոսուլֆատ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․250 գ

կալիումի մետաերկսուլֆիտ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․30 գ

ջուր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․1 լ

Մշակման համար լուսաթղթի թերթն իջեցնում են տաշտակի մեջ այնպես, որ այն միանգամից ամբողջությամբ ծածկվի լուծույթով, այլապես լուսանկարի վրա կարող են բծեր առաջանալ։ Երևակման ընթացքում խորհուրդ է տրվում տաշտակը թեթևակի ճոճել։

Որպես կանոն, լուսաթղթի պատկերը լրիվ երևակվում է 1,5-2 րոպեում։ Լաբորատորային լուսավորության պայմաններում, դժվար չէ որոշել երևակման ավարտի պահը՝ պատկերի լուսավոր հատվածներում մանրամասները նշմարվում են հստակորեն, բավարար ցայտունությամբ, և նոր մանրամասներ երևան չեն գալիս։ Ընդ որում հարկավոր է հիշել, որ լաբորատորային լապտերի լույսի տակ պատկերներն ավելի մուգ են թվում, քան իրականում են։ Ուստի օգտակար է ձեռքի տակ ունենալ լավորակ մի լուսանկար՝ ստացվող պատկերների հետ համեմատելու համար։

Երևակված լուսապատկերները խորհուրդ է տրվում 1-1,5 րոպե ողողել թեթևակի թթվեցրած (քացախով) ջրում։ Այնուհետև լուսապատկերը տեղավորում են սևեռակող լուծույթի մեջ 10-15 րոպե, որից հետո այն վերջին անգամ լվանում են (ցանկալի է հոսող ջրով) 20-30 րոպե և չորացնում։ 1 լ երևակիչում կարելի է մշակել 9x12 սմ չափի 50-80 կամ էլ այլ չափի համարժեք քանակության (ըստ մակերեսի) լուսանկարներ։ 1 լ սևեռակիչում կարելի է մշակել 100-120 այդպիսի լուսանկար։ Մշակման տևողությունը կրճատելու կամ ուժը կորցրած սևեռակիչի, ինչպես նաև խնամքով չլվանալու դեպքում լուսանկարը մեկ ամիս հետո արդեն կարող է ծածկվել բծերով, սկսել գունաթափվել։

Լուսապատկերները կարելի է չորացնել՝ փռելով ցանկացած հարթ մակերևույթի վրա, սակայն կորացումից խուսափելու նպատակով ավելի լավ է գրտնակել սովորական կամ օրգանական ապակու վրա։ Գրտնակելուց առաջ ապակին հարկավոր է խնամքով լվանալ գոլ օճառաջրով, սրբել մինչև լավ չորանա, ապա սրբել գլիցերինով թրջած շորով, որպեսզի լուսապատկերները չկպչեն։ Թաց լուսապատկերները հարկավոր է դասավորել էմուլսային շերտով դեպի ապակին, ծածկել թերթով և գրտնակել ռետինե գլանիկով։ Չորացած լուսանկարները հեշտությամբ պոկվում են ապակուց։ Հատկապես խնամքով պետք է գրտնակել փայլուն թղթի վրա տպված լուսանկարները, որովհետև լուսաշերտի և ապակու մակերևույթի միջև մնացած օդի պղպջակները խանգարում են փայլի առաջացմանը, և արդյունքում լուսանկարի վրա կարող են երևան գալ փայլատ բծեր։

Լուսանկարների չորացումն ու փայլավորումն արագացնելու համար կիրառում են էլեկտրափայլարկիչ։ Դա մետաղե մի շրջանակ է, որի ներսում գտնվում է էլեկտրական մեծ դիմադրությամբ մետաղալարն պարույր, իսկ դրսից ունի քրոմապատ կամ նիկելապատ երկու փայլարկիչ թիթեղներ, որոնք ծածկվում են քաթանե պահպանակներով։ Թաց լուսանկարները էմուլսային շերտով դասավորում են թիթեղների վրա, գրտնակում գլանիկով և ծածկում պահպանակներով։ Չորացումը տևում է 6-10 րոպե, եթե փայլարկիչ թիթեղների ջերմաստիճանը 50-70°C է։

Լուսանկարի արտահայտչականության բարձրացման առավել տարածված եղանակներից մեկը կադրավորումն է՝ պատկերի չափի և կադրի սահմանների ընտրությունը։ Կադրավորումը կատարվում է ինչպես նկարահանման ժամանակ (ինչը հատկապես կարևոր է հակադարձելի լուսաժապավենով նկարահանելիս) լուսանկարչական ապարատի դիտանի օգնությամբ նկարահանման կետի ընտրության միջոցով, այնպես էլ լուսատպման ժամանակ՝ կադրում պատկերի դիրքի և նրա խոշորացման աստիճանի ընտրության ճանապարհով՝ նպատակ ունենալով առանձնացնել պատկերի իմաստային առումով կարևոր հատվածը։

Առաջաձգական տպման ժամանակ կադրավորումը սովորաբար կատարվում է կադրավորիչ շրջանակի օգնությամբ։ Ֆոտոսիրողների համար թողարկվում են այնպիսի կադրավորիչ շրջանակներ, որոնք թույլ են տալիս ստանալ մինչև 30x40 սմ չափի լուսանկարներ։

Առաջաձգական լուսատպման ժամանակ պահաժամի հաշվանքի համար հարմար է օգտվել լուսանկարչական ժամակարգավորիչից, որն ավտոմատորեն անջատում է լուսախոշորացուցիչի լամպը, երբ տրված ժամանակահատվածը մոտենում է ավարտին (լուսակայման սկզբի պահից հաշված)։ Լուսանկարչական ժամակարգավորիչները թողարկվում են պահաժամերի տարբեր ընդգրկույթներով՝ վայրկյանի տասնորդական մասերից մինչև մի քանի տասնյակ րոպե։

Առաջաձգական տպման դեպքում պահանջվող պահաժամը որոշվում է կամ փորձնական ճանապարհով (արվում է մի քանի լուսանկար տարբեր պահաժամերով և դրանցից ընտրվում առավել հարմարը, որից հետո անհրաժեշտ ճշտում է մտցվում պահաժամի ընտրված արժեքի մեջ), կամ լուսաթղթի լուսազգայուն շերտի վրա ստացվող պատկերի լուսավորվածության չափման ճանապարհով՝ լուսատպման համար նախատեսված լուսակայացույցի օգնությամբ։ Առաջին եղանակը թույլ է տալիս փորձնական լուսապատկերներով մեծ ճշգրտությամբ որոշել լավագույն պահաժամը, սակայն այդ դեպքում փորձելու համար ծախսվում է որոշ քանակի (երբեմն զգալի) լուսաթուղթ։ Երկրորդ եղանակն ավելի խնայողական է, քանի որ փորձնական լուսապատկերների կարիք չկա, սակայն դրա ճշգրտությունն էապես կախված է պատկերի ցայտունությունից։

Պատրաստի լուսանկարները եզրահատելու և հակադարձելի լուսաժապավենը թափանցապատկերների (սլայդների) բաժանելու համար թողարկում են հատուկ կտրոցներ։ Պատրաստի լուսանկարը դնում են կտրոցի հիմքի վրա պատկերով դեպի վեր, սեղմիչ քանոնով հավասարեցնում են այնպես, որ եզրահատվող կողմն ընկած լինի պողպատե ձողի վրա, և, իջեցնելով դանակը, կտրում են թղթի դուրս ցցվող մասը։ Դանակի և պողպատե թիթեղի կտրող եզրերը կարող են լինել ուղիղ և ձևավոր։ Թափանցապատկերների կտրոցն էլ է գործում նույն սկզբունքով, սակայն նա իրանի կափարիչում ունի լուսավորվող էկրան՝ լուսաժապավենը դիտելու և անհրաժեշտ կադրն ընտրելու համար. էկրանի լուսավորումն ապահովվում է փոփոխական հոսանքի ցանցից սնվող շիկացման լամպիկով։

Թափանցապատկերները դիապրոյեկտորով ցուցադրելու հարմարության նպատակով դրանք առանձին-առանձին տեղավորում են պլաստմասսայե կամ ստվարաթղթե շրջանակների մեջ, որոնք լինում են երկու չափի՝ 50x50 մմ և 70x70 մմ, համապատասխանաբար 24x36 մմ և 60x60 մմ չափի կադրով թափանցապատկերների համար։ Թափանցապատկերով շրջանակները հարկավոր է պահել փակ պարկուճներում՝ պլաստմասսայե տափերում, որոնք պատերի ներսի մակերևույթին ունեն ուղղորդիչ կողեր. թափանցապատկերը տուփից հանելիս պետք է աշխատել մատներով չդիպչել նրան, այլ բռնել շրջանակից։