ՏՏՀ/Լող
ԼՈՂ, մարդուն հայտնի է հնագույն ժամանակներից. պեղումների ժամանակ հայտնաբերվել են մ.թ.ա. 4-րդ հազարամյակին վերաբերող մարդկանց պատկերներ, որոնք լողում են կրոլ (արագալող) և բրաս (գորտնալող) եղանակները հիշեցնող ձևերով։
Լ. զարգացնում է մկանային համակարգը, հոդերի շարժունակությանը, կատարելագործում շարժումների համակարգումը, ամրապնդում նյարդային համակարգը, բարելավում նյութափոխանակությունը, ընդլայնում շնչառական և սիրտանոթային համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունները։ Տարբերակվում է առողջարարական, մարզական և կիրառական Լ.։
Առողջարարական Լ-ի պարբերական պարապմունքները կոփում են օրգանիզմը, նպաստում շնչառական հիվանդությունների կանխարգելմանը, կատարելագործում ֆիզիկական զարգացումը։ Առողջարարական Լ-ով կարելի է զբաղվել մարզական բազաներում, ձեռնարկություններում, ուսումնական հաստատություններում ստեղծվող և այլ առողջարարական խմբերում, ինչպես նաև անհատական կարգով։ Մարզական Լ. ամենատարածված մարզաձևերից է։ Պարապում են 5 տարեկանից, իսկ 9 տարեկանից թույլատրվում է մասնակցել մրցումների։
Կիրառական Լ. օգտագործվում է ջրային արգելքներ հաղթահարելիս, բարդ պայմաններում (սառը ջուր, ալիքներ, ուժեղ հոսանք, Լ. շորերով, իրերով ևն), խեղդվողներին փրկելիս ևն։
Լողալ սովորելն առավել հեշտ է մանուկ հասակում։ Երեխաներին, այսպես կոչված, կենցաղային Լ. կարելի է սովորեցնել 4-5 տարեկանից։ Ջրին ընտելանալը պարտադիր փուլ է Լ-ի նախնական ուսուցման համար։ Այդ փուլի հիմնական վարժություններն են. 1. ծանծաղ տեղերում թիաշարժումներով հատակի վրա կատարվող տեղափոխությունները, 2. սուզվելը և ջրի տակ աչքերը բացելը, 3. ջրի երես բարձրանալը և ջրի մակերևույթին պառկելը, 4. ջրի մակերևույթով և ջրի տակ տեղաշարժվելը, 5. ջրում արտաշնչելու ունակությունը, 6. ջրացատկերը։ Երեխաներին լողալ սովորեցնելը առավել արդյունավետ կլինի, եթե ջրին ընտելանալու վարժությունների մեջ ընդգրկվեն զանազան խաղեր։ Լողաձևի ընտրությունը կախված է ուսուցման նպատակներից, սովորողի ընդունակություններից և ցանկությունից։ Լողաձևին տիրապետում են, սովորաբար, յուրացնելով տարրերի հետևյալ հաջորդականությունը. 1. մարմնի դիրքը և ոտքերի շարժումները, 2. ձեռքերի շարժումները, 3. շնչառությունը և նրա համապատասխանեցումը ձեռքերի շարժումներին, 4. բոլոր շարժումների և շնչառության համաձայնեցումը, 5. լողաձևի տեխնիկայի կատարելագործումը։ Լողաձևի ուսուցման բոլոր վարժությունները սկզբում կատարվում են ցամաքում, այնուհետև ջրում՝ հենարանով և առանց հենարանի։
Մանկական պոլիկլինիկայի պայմաններում և միկրոավազաններում կարելի է լողալ սովորեցնել ծծկեր երեխաներին։ Պարապմունքներն սկսելու ամենալավ հասակը 2-3 շաբաթից մինչև 3 ամիսն է, մի շրջան, երբ դեռ չեն մարել բնածին լողային ռեֆլեքսները։ Ուսուցումը կարելի է անցկացնել նաև տանը՝ լոգնոցում, կերակրումից 15-20 րոպե առաջ։ Ջրի խորությունը սկզբում պետք է լինի 30-40 սմ, մեկ ամիս հետո կարելի է լոգնոցը ջրով լրիվ լցնել։ Առաջին պարապմունքի տևողությունը 10 րոպե է, ջրի ջերմաստիճանը՝ 36-37 °C։ Յուրաքանչյուր ամիս ջրի ջերմաստիճանը նվազեցնում են 0,5 °C–ով, իսկ պարապմունքների տևողությունը ավելացնում 2-5 րոպեով՝ տարվա վերջում այն հասցնելով 60 րոպեի ջրի 31 °C ջերմաստիճանի պայմաններում։ Լողալու ժամանակ ծծկեր երեխայի գլուխը հարկավոր է պահել ձեռքերով կամ օգտագործել հատուկ լոգաններ։
Լ. կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հենաշարժական ապարատի վնասվածքների և հիվանդությունների, նյութափոխանակության, որոշ ներքին օրգանների հիվանդությունների բուժմանն ուղղված առողջարարական միջոցառումների համալիրի մասն է։ Այն կոփման լավագույն միջոց է։ Լողավազանում պարբերաբար պարապող մարդիկ ավելի դիմացկուն են ցրտի, եղանակի կտրուկ փոփոխությունների նկատմամբ։ Ձմռանը բաց ավազաններում լողանալը և լողալը կոփման առավել արդյունավետ միջոցներ են։ Սակայն մարդկանց մեծ մասին խորհուրդ չի տրվում կոփվել նման եղանակով։ Ձմեռային լողով կարելի է զբաղվել միայն բժշկի խորհրդով և տևական նախապատրաստումից հետո։