Jump to content

ՏՏՀ/Խաղող

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՂՈՂ, Հայաստանում աճեցվում է Արարատյան դաշտում, հյուսիս-արևելյան, նախալեռնային, Զանգեզուրի շրջաններում: Պարունակում է (%-ներով) 10-33 շաքար, 0,5-1,4 օրգանական թթուներ, 0,15-0,9 սպիտակուցներ, 0,3-1 պեկտիններ, 0,3-0,5 հանքային նյութեր, վիտամիններ և այլ նյութեր։ Տարբերում են գինու, սեղանի և քիշմիշի (չամիչի) սորտեր։ Հայաստանում տարածված են Խ-ի 200-ից ավելի սորտեր։ Սեղանի սորտերից շրջանացված են Սպիտակ Արաքսենին, Սպիտակ և Սև Սաթենին, Դեղին և Վարդագույն Երևանին, Սև քիշմիշը, Նազելին ևն, գինու սորտերից՝ Ոսկեհատը, Գառան դմակը, Ճիլարը, Մսխալին, Մուսկատը, Սափերավին, Ռքածիթելին ևն, չորացնելու համար՝ Սև և Սպիտակ քիշմիշը։

Խ. պահպանելու համար հավաքում են չոր եղանակին։ Ոռոգումը դադարեցնում են այգեկութից 2-3 շաբաթ առաջ։ Ողկույզները կտրում են հատուկ դանակով՝ չվնասելով հատիկները։ Մառանում պահում են մոտ 0 °C ջերմաստիճանում։ Խ-ից պատրաստում են գինի, օղի, դոշաբ, չամիչ (տես Բանջարեղենի և մրգերի չորացում), հյութ, մուրաբա և այլն։