Jump to content

ՏՏՀ/Խաղողօրհնեք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ, աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մեջ ավանդաբար պահպանված սովորույթ կա. հասունացած առաջին բերքը, առաջին պտուղները զոհաբերել ուխատեղերում կամ պաշտամունքի այլ վայրերում, որից հետո էին միայն ճաշակում իրենք։ Տարբեր ժողովուրդներ տարբեր պտուղներ էին զոհաբերում՝ հատիկներ կամ մրգեր, իրենց համար առավել կենսական, առավել կարևոր, ինչպես հրեաները՝ ցորեն, գարի, խաղող, թուզ, նուռ, ձիթապտուղ, պարսիկները՝ նուռ, խաղող ևն։ Հայոց մեջ տարբեր տոների զոհաբերվող մթերքներից էին փոխինձը՝ Սբ Սարգսին, ձուն՝ Զատիկին, կաթնովը՝ Համբարձմանը, խնձորը և ցորենը՝ Վարդավառին ևն, իսկ խաղողին կամ խաղողաքաղին նվիրված էր հատուկ տոն՝ խաղողօրհնեքը, որը նշվում է օգոստոսի 15-ին հաջորդող կիրակի օրը։ Քրիստոնեության ընթացքում ընդհանրացված սովորույթ էր դարձել խաղողի առաջին ողկույզները քահանային օրհնել տալ, ինչը, անշուշտ, շարունակությունն էր նախկինում տաճարներում կամ ուխտավայրերում նվիրաբերելու սովորույթի։ Խաղողն օրհնել տալը, սակայն, տոնի հանդիսության սոսկ մակերեսային դրսևորումն էր, իրականում այս տոնը ուխտավայրեր այցելելու և զվարճանալու օր էր։ Շատ տեղերում մարդիկ օրերով պատրաստվում էին օգոստոսյան ուխտագնացությանը, իսկ բուն տոնի օրը վեր էր ածվում ուրախ, անվերջանալի զվարճահանդեսի։ Մտերիմների, ազգականների, պարզապես ծանոթների խմբերը, նախապես ընտրելով իրենց տոնական ուխտավայրերը, խմբերով ճանապարհ էին ընկնում, երբեմն ամբողջ գիշեր գնալու պայմանով, որպեսզի արևածագը դիմավորեին նշանակված վայրում։ Գիշերային այդ երթերը ինքնին տոնական տրամադրություն էին ստեղծում, կարելի է ասել նույնիսկ տոնական հանդիսության մասն էին կազմում։ Այդ ընթացքում երիտասարդները մտերմանում էին, կատակները, երգերը ուղեկցում էին ճանապարհորդներին։ Առավոտյան ուխտավայրերում հավաքված բազմությունը արևածագը դիմավորում էր արդեն տոնական տրամադրությամբ և խնջույքի պատրաստություններով։ Մինչ մեծահասակները մատաղներն էին անում, սեղանի պատրաստություն տեսնում, երիտասարդները մի խմբում խաղում էին լախտի, ըմբշամարտ, գոտեմարտ ևն, մեկ այլ խմբում՝ պարում... Կեսօրին խմբերով նստում էին խնջույքի, որի կերակրատեսակների մեջ աչքի էր ընկնում գաթան, հալվան, կաթնասերը, մատաղի միսը և, իհարկե, մեծ քանակությամբ մրգեր ու հատկապես խաղող։ Սկսվում էր մթերքների տողանցը մի խմբից մյուսին, ուղարկվում էին մատաղի միս, կաթնամթերք, մրգեր, բայց անհրաժեշտաբար՝ խաղող։ Հատկապես խնամիները խիստ պարտավորված էին միմյանց պատվել նոր պտուղներով և նորապսակ հարսը կամ նշանված աղջիկը ամուսնու կամ փեսացուի ազգականներից մեծաթիվ սկուտեղներ էր ստանում՝ մրգերով ու որևէ նվերով ծանրաբեռնված։

Առհասարակ այս տոնը լիաբուռն, անկաշկանդ ուրախության դրսևորումն էր նվազագույն պարտավորություններով։