Jump to content

ՏՏՀ/Վարդավառ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՎԱՐԴԱՎԱՌ, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի։ Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ՝ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։ Այստեղից տոնի անունը՝ «Պայծառակերպության» կամ «Այլակերպության» տոն։ Տոնի ժողովրդական՝ Վարդավառ անունը բացատրվում է որպես հնդեվրոպական «var-ջուր և arr- ցողել, սրսկել» անունների համակցում, այսինքն «ջուր ցողելու», «ջուր լցնելու» տոն։ Հիրավի, վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները (քրիստոնեության ընդունումից հետո՝ եկեղեցի)՝ շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին, գառ զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ ջրերի ոգիներին աղերսվող ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուրը հովանավորող ուժերը։ Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին, տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին։ Որոշ վայրերում առաջին խնձորը վայելելը ուղեկցվում էր հատուկ նախապատրաստություններով, ինչպես Շատախում, որտեղ երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում և մութն ընկնելուն պես սկսում հերթով վառել այդ դեզերը՝ մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջ, որոնց մեջ խորովվում էին ուտելի առաջին խնձորները։ Լուսաբացից առաջ վառում էին ամենամեծ դեզը, որի շուրջ սկսվում էին տղաների ու աղջիկների խմբապարերը՝ ազդարարելով տոնի սկիզբը։

Այլ վայրերում մինչև Վարդավառ նշանված աղջիկները մի ամանի մեջ ցորեն կամ գարի էին կանաչեցնում, որի մեջ տոնի օրը վարունգներով, վարդերով ու խնձորներով զարդարված խաչաձև փայտ էին տնկում։ Կեսօրին այդ ամենը դուրս էր բերվում հրապարակ։ «Խնդում» կոչվող այդ զարդարված խաչերի շուրջ կանգնում էր մի պառավ կին՝ «հսկելու» այն, իսկ շուրջը հավաքված հանդիսականները պարում էին զուռնայի նվագի տակ։ Որոշ ժամանակ անց պառավը «Խնդումը» դնում էր գլխին և ինքն սկսում պարել։ Մյուս պարողներն անցնում էին հանդիսականների շարքը։ Պառավը պարում էր երգելով.

Խնդում օնիմ վարթավ լի,
Զըրդըփըչած խնձուր լի,
Վախին թա քունըս տանի,
Խնդումս յաղին տանի՜։

Այդ պահին տղամարդիկ հարձակվում էին պառավի ու «Խնդումի» վրա և նրանցից մեկը գավազանով ցած էր գլորում «Խնդումը», որի վրայի վարունգները, մրգերն ու ծաղիկները խլխլում էին միմյանցից։ Պարտված պառավն անեծքներով հալածում էր հարձակվողներին, իսկ վերջիններս նոր պարաշրջան էին կազմում՝ իրենց մեջ առնելով նաև աստիճանաբար հանդարտվող պառավին։

Վարդավառի ամենաուրախ հանդեսները տեղի էին ունենում սարերում, ջրերի ակունքների մոտ, ուր հավաքվում էին լարախաղացներ, զուռնաչիներ, կազմակերպվում տոնավաճառներ, զոհաբերություններ, զբոսախնջույքներ։ Միաժամանակ բոլորն ընդգրկվում էին խաղերի մեջ, մասնավորապես ընդունված էին ձիարշավները, գոտեմարտերը, զանազան ճոճախաղերը և, իհարկե, Վարդավառի առանձնահատուկ խաղերը՝ ջրախաղերը։ Միմյանց կատակով ջուրը գցելը, իրար վրա ջուր լցնելն այս տոնին պարզապես խաղեր չէին, այլ Վարդավառի տոնի հանդիսավոր արարողություն, որն ուղղակի անհրաժեշտություն էր, ինչպես անհրաժեշտություն էր ջրերի ակունքների մոտ գտնվող ուխտավայրերում գառ զոհաբերելու սովորույթը։

Վերջին հարյուրամյակի ընթացքում Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում կայունացել է Վարդավառը հուլիսի 22-ին հաջորդող կիրակի օրը նշելու ավանդույթը։ Այդ օրը, ըստ էության, լավագույնս համապատասխանում է տոնի բովանդակային սկզբունքին․ գյուղացու դաշտային աշխատանքները հիմնականում ավարտված են լինում և լիովին իմաստավորվում է հասկերը եկեղեցում կամ գառը ուխտավայրերում զոհաբերելու սովորույթը։