Jump to content

ՏՏՀ/Խմբագրության կողմից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը «Տնային տնտեսության հանրագիտարանով» սկսում է «Ընտանեկան հանրագիտարան» մատենաշարի հրատարակությունը։ Այն ներառնում է նաև «Հանրամատչելի բժշկական հանրագիտարանը» և «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանը։

Մատենաշարի յուրաքանչյուր գիրք որոշակի թեմատիկ ուղղվածության ինքնուրույն հանրագիտարան է և մատենաշար է ներառվել հետամտած ընդհանրական նպատակից ելնելով՝ օգնել մարդկանց ճանաչելու իրենց կենցաղը, առավել արդյունավետ կազմակերպելու իրենց առողջությունն ու հանգիստը, ճանաչելու ու լավագույնս կողմնորոշվելու հայրենի բնաշխարհում, հոգալու նրա պահպանության ու վերարտադրության մասին։

«Տնային տնտեսության հանրագիտարանը» մատենաշարի առաջին գիրքն է և կազմված է 7 բաժնից. Բնակարան, Սնունդ, Առողջություն և կոսմետիկա, Հագուստ և կոշիկ, Ժամանց, Այգեգործական հողամաս, Տոներ և հիշատակի օրեր:

Բնակարան բաժինը ընթերցողին ծանոթացնում է ժամանակակից բնակարանի և նրա կահավորման առանձնահատկություններին, կենցաղի հիգիենայի կանոններին, տան պայմաններում աճեցվող բույսերի ու պահվող կենդանիների խնամքի նրբություններին, կենցաղային բազմատեսակ ու օրըստօրե համալրվող սարքերից օգտվելու կարգին, տրանսպորտի միջոցներին։

Սնունդ բաժինը կոչված է ներկայացնելու սննդամթերքն ու մարդկանց սնման ռեժիմը, խոհանոցային ամանեղենն ու հարմարանքները, սննդամթերքի պահածոյման առանձնահատկությունները։ Նրբաճաշակ խոհարարուհին այս բաժնում կարող է գտնել ծանոթ և անծանոթ, ազգային ու ոչ ազգային բազմաթիվ ուտեստեղենի պատրաստման եղանակներ։

Առողջությունն ու կոսմետիկան մարդկային բարեկեցության անբաժան մասերն են։ Այս բաժնում օգտակար տեղեկություններ կան մարդու օրգանիզմի կոփման, տարածված հիվանդությունների, առաջին օգնություն ցույց տալու, տնային պայմաններում հիվանդներին խնամելու և կենցաղի կարևոր մասերից մեկի՝ կոսմետիկայի նրբությունների մասին։

Հագուստ և կոշիկ բաժնի հոդվածներից կարելի է սովորել կարուձևի տեխնիկա, ձեռք բերել մոդելային հագուստի ու կոշիկի ընտրության հմտություն, խորանալ հյուսքի, կոշիկի ու հագուստի խնամքի նրբությունների մեջ։

Ժամանցն այսօր իր նոր դրսևորումներն է գտնում մարդկանց կենցաղում տեխնիկայի տարբեր ձևերով։ Մարդիկ տան պայմաններում ոչ միայն աշխատում, այլև խաղում ու հանգստանում են։ Բաժնում լուսաբանվում են սենյակային տարատեսակ խաղերը, ձեռագործի զանազան տեսակները, կենդանական անկյուն ստեղծելու և կենդանիներին խնամելու եղանակները, գրադարաններ ու տարաբնույթ հավաքածուներ կազմելու առանձնահատկությունները։

Այգեգործական հողամաս բաժնում շատ օգտակար խորհուրդներ կան այգեգործությամբ ու բանջարաբուծությամբ զբաղվողների համար՝ տարբեր բույսերի ցանքսի ու խնամքի, աձևավորումներ կատարելու, այգիներ ու բանջարանոցներ պատրաստելու, հողամասերում այգետնակներ կառուցելու վերաբերյալ։

Գրքի վերջին՝ Տոներ և հիշատակի օրեր բաժինը ներկայացված է օրացուցային հաջորդականությամբ և նվիրված է Հայաստանի պետական ու ազգային տոնացույցին։ Այս նյութը կօգնի մեր ընթերցողին լիարժեք պատկերացում կազմել հայ ժողովրդի կենցաղ մտած հոգևոր արժեքների այդ ոլորտի մասին։

Գրքի մնացած բաժիններում նյութը շարադրված է այբբենական կարգով, որն զգալիորեն հեշտացնում է նրանից օգտվելը։ Որոշ հոդվածներ կրկնվում են տարբեր բաժիններում (հատկապես Սնունդ և Այգեգործական հողամաս բաժիններում), բայց, եթե մեկում խոսվում է այս կամ այն մրգի կամ բանջարեղենի սննդում օգտագործման ձևերի մասին, ապա մյուսում համապատասխան բույսի ցանքսի, աճեցման, բերքահավաքի ու պահպանության մասին։

Նյութի անհարկի կրկնությունից խուսափելու համար, բազմաթիվ հոդվածներ միմյանց հետ կապված են հղումներով, որոնք, ընդունված կարգով, առանձնացված են շղագրերով: Դրանցով հղված հոդվածների նյութը փոխադարձաբար լրացվում ու ամբողջացվում է։

«Տնային տնտեսության հանրագիտարանում» օգտագործված է Краткая энциклопедия домашнего хозяйство, М., 1990 հանրագիտարանի 3-րդ հրատարակության նյութի և պատկերազարդումների մի մասը փոխադարձ համաձայնությամբ։

Նոր հոդվածները պատրաստել են հանրապետության համապատասխան բնագավառների առաջատար մասնագետները. Ս.Մ. Կրկյաշարյան (1-ին բաժին), Մ.Գ. Անդրեասյան (2-րդ), ԼԱ. Զոհրաբյան, Ռ.Ս. Մկրտչյան, Կ.Լ. Նահապետյան (3-րդ), Ա.Պ. Չալգուշյան (4-րդ), Ա.Թ. Ագատյան, Ն.Ք. Ավագյան, Ս.Գ. Եղիկով, Ռ.Տ. Մելիքսեթյան, Բ.Օ. Սեմերջյան (5-րդ), Հ.Ս.Խառատյան, Կ.Ս. Խուդավերդյան (7-րդ)։