Jump to content

ՏՏՀ/Խմելու ռեժիմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խմելու ռեժիմ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 284
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԽՄԵԼՈՒ ՌԵԺԻՄ, ապահովում է աղաջրային բնականոն հավասարակշռություն և ստեղծում բարենպաստ պայմաններ օրգանիզմի կենսագործունեության համար։ Խ. ռ. սերտորեն կապված է սնվելու ռեժիմի հետ։ Անկանոն և չափից ավելի հեղուկ ընդունելը վատացնում է մարսողությունը, սիրտանոթային համակարգի և երիկամների ավելորդ բեռնվածություն առաջացնում, հանգեցնում է երիկամների և քրտնագեղձերի միջոցով օրգանիզմից արժեքավոր նյութերի հեռացմանը։ Անգամ ժամանակավոր հեղուկային գերբեռնվածությունը խախտում է մկանների աշխատանքի պայմանները և հոգնածություն է առաջացնում։ Ջրի անբավարար օգտագործումը ևս խախտում է օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը, պակասում է մարմնի զանգվածը, մեծանում է արյան մածուցիկությունը, բարձրանում մարմնի ջերմաստիճանը, հաճախանում են անոթազարկը և շնչառությունը, առաջանում է ծարավ և սրտխառնոց, նվազում է աշխատունակությունը։

Օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը պահպանելու համար ջրի նվազագույն քանակը գլխավորապես կախված է տարիքից, ֆիզիկական ակտիվությունից, սննդի օրաբաժնից, կլիմայական պայմաններից։ Երեխաներին օրական անհրաժեշտ է տալ 80-160 մլ ջուր։ Միջին գոտում ապրող մեծահասակների համար նվազագույն ֆիզիկական բեռնվածության դեպքում հեղուկի նորման պետք է լինի մոտ 2,5 լ (35-40 մլ մարմնի զանգվածի 1 կգ-ի հաշվով), կերակրող կանանց համար ևս 1 լ։ Բարձր ջերմաստիճանի պայմաններում ջրի օրական պահանջը կարող է հասնել մինչև 15 լ-ի։ Շոգ վայրերում բնակվողներին, տաք արտադրամասերում աշխատողներին երկարատև և զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում (մարզումների, մրցումների ժամանակ ևն) առանձնապես կարևոր է պահպանել խմելու ճիշտ ռեժիմը։ Շոգ կլիմայով շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում ծարավը հագեցնել միայն ուտելուց հետո և խիստ սահմանափակել հեղուկ ընդունելը նախաճաշից մինչև ճաշ և ընթրիք ընկած ժամանակամիջոցներում։ Այդ դեպքում սնվելու ռեժիմը նույնպես պետք է փոխվի. սնվելու ժամերն անհրաժեշտ է շեղել դեպի օրվա զով ժամանակը՝ օրաբաժնի մեջ ներառելով վիտամիններով, մզվածքային, հանքային նյութերով հարուստ մթերք։ Թեյը լավ է հագեցնում ծարավը։ Այն մեծացնում է թքարտադրությունը, վերացնում բերանի չորությունը։ Շատ դեպքերում ջրին կարելի է ավելացնել մրգի և բանջարեղենի հյութեր, մրգի օշարակ։ Տաք արտադրամասերում պետք է խմել գազով ջուր կամ չոր մրգերի եփուկ։ Մարզիկները ծարավը պետք է հագեցնեն միայն մարզվելուց հետո (մարզվելիս ծարավը և բերանի չորությունը կարելի է վերացնել բերանը և կոկորդը ջրով ողողելով)։ Մարմնի զանգվածի ֆիզիկական բեռնվածության հետ կապված (մարզումներ, մարզական մրցումներ, շոգեբաղնիք ևն) զգալի նվազման դեպքում խորհուրդ է տրվում հեղուկն ընդունել փոքր բաժիններով։