ՏՏՀ/Խմորիչ
ԽՄՈՐԻՉ (խմորասնկեր)։ Առաջացնում է շաքարի խմորում՝ սպիրտի և ածխաթթվի անջատումով։ Լայնորեն կիրառվում է սննդի արդյունաբերության մեջ և տնային խոհանոցում (տես Խմոր, Գաթա)։ Կաթում և կաթնաթթվային մթերքում պարունակվող և կաթնաշաքարը խմորող Խ. մածնի, կեֆիրի և կաթնաթթվային այլ մթերքի ստացման համար օգտագործվող մերանների բաղադրիչներից մեկն է։ Թողարկում են հեղուկ, մամլած և չոր Խ.։ Խ. արագ փչացող մթերք է։ Հեղուկ Խ. կարելի է պահպանել զով տեղում 6-8 ժամ, մամլած Խ.՝ 10 օր, 0°–ից մինչև 4 °C ջերմաստիճանում։
Խ. (հատկապես գարեջրի) պարունակում է մեծ քանակությամբ B1, B2, B12, D և PP վիտամիններ և երբեմն գործածում են ծանր հիվանդությունից ապաքինված հիվանդների կազդուրման համար։ Խ. հակացուցված է երիկամների, լյարդի հիվանդություն, հոդատապ և ճարպակալում ունեցող հիվանդներին։