ՏՏՀ/Խնձորենի (աճեցումը)
ԽՆՁՈՐԵՆԻ (աճեցումը), հնդավոր պտղատու ցեղերի մեջ Խ. ամենատարածվածն է։ Դա պայմանավորված է տեսակային և սորտային լայն կազմով. տարբեր հողակլիմայական պայմաններին հարմարվելով, բարձր ձմեռադիմացկունությամբ (առավել ձմեռադիմացկուն սորտերը դիմանում են -14 °C–ից մինչև -35 °C)։ Խ. կայուն է հիվանդությունների և վնասատուների նկատմամբ, երկարակյաց է, բարձր բերքատու, պտուղները հասունանում են ամենատարբեր ժամկետներում, փոխադրունակ են։ Խ. ՀՀ-ում հատկապես լավ է աճում Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում, հվ-արլ., ինչպես նաև Սևանի ավազանի և Գյումրու սարահարթի շրջաններում։ Տարածված տեղական սորտերից են. Շաքարկենին, Կարմրկենին, Զանգեզուրին, Սյունիքախնձորը (Զանգեզուրի գոտի), Չխչխկանը, Պապականը (Տավուշի, Լոռու մարզեր), մարգախնձորը, Ակսկան, Փարվանան (Արարատյան գոգհովիտ), Վայքի մարզի տեղական ձևերը։ Արդյունաբերական այգիներում շրջանացված են եվրոպական ու ամերիկյան (Բանան ձմեռային, Բելֆլոր դեղին, Չելինի, Պարմեն ոսկե ձմեռային, Պեպին Լոնդոնի, Պեպին Պարկերի, Շաֆրան, Ռենետ Լանդսբերգի, Ռենետ Սիմերենկոյի) և այլ ներմուծված սորտեր։ 1976-ից ՀՀ են ներմուծվել նաև ամերիկյան Գոլդեն դելիշես, Ստարկրիմոն, Այդորեդ, Ջոնաթան, Ստարկինգ, Վելսպուռ և այլ սորտեր։ Խ-ու սորտերն ինքնափոշոտվող չեն, ուստի այգում պետք է լինի մի քանի փոխադարձ փոշոտվող ծառեր։ Խ-ու սորտերը բազմացնում են աչքապատվաստով և պատվաստով սերմնաբույսերի կամ կլոնային պատվաստակալների վրա։ Միջին և թույլ աճ ունեցող ծառերն աճեցնելու համար Խ-ու սորտերը պատվաստում են դուսենի և պարադիզկայի վրա։ Ուժեղ աճ ունեցող պատվաստակալների վրա պատվաստված բույսերի տնկման տեղաբաշխման սխեման 6x5/4/ մ է, թզուկ պատվաստակալների օգտագործման դեպքում՝ 4x3/2/ մ։ Խ-ու այգու աշխատանքներն են. հողի խնամքը, բույսերի և բերքի պաշտպանությունը վնասատուներից, հիվանդություններից և եղանակի աննպաստ պայմաններից, էտը (այդ մասին տես Այգի հոդվածում)։