Jump to content

ՏՏՀ/Ծնեբեկ (աճեցումը)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾՆԵԲԵԿ, ծնեփակ (աճեցումը), առավել հաճախ օգտագործում են Արժանտեյլյան սորտը։ Ծ. բազմամյա բույս է։ Առաջին տարում աճեցնում են սածիլները, որի համար սերմերը նախապես թրջում են (3-4 օր) 23-25 °C ջերմաստիճանի ջրով, իսկ մայիսի վերջերին ցանում են 15-20 սմ հեռավորության շարքերով, միմյանցից 10 սմ-ի վրա։ Ծիլերը զգայուն են ցրտահարությունների նկատմամբ, ուստի առաջին շաբաթվա գիշերները դրանք պետք է ծածկել։ 3-3,5 ամիս հետո սածիլները կարելի է տնկել, սակայն սովորաբար հիմնական տեղում տնկում են հաջորդ տարվա գարնանը։ Տարբերում են Ծ-ի արական և իգական բույսեր։ Առաջիններն առաջացնում են շատ ընձյուղներ, որոնք ուտելու համար պիտանի չեն, իսկ իգականները սակավ բերքատու են, բայց հաստ են ու լավորակ։ Ծ-ի աճեցման համար նախատեսված հողամասը պետք է խոր վերափորել և լավ պարարտացնել (1 մ²–ի վրա 15-20 կգ գոմաղբ)։ Տնկելուց առաջ հողամասի կենտրոնում փորել 30-40 սմ լայնության ու խորության ակոս, որի հատակը փխրեցնել, լցնել փտած գոմաղբ (25 սմ շերտով), իսկ տնկելու տեղերում կույտով բուսահող։ Մեկ շարքով տնկելիս բույսերի հեռավորությունը պետք է լինի 30-35 սմ, երկշարի դեպքում միջշարայինը՝ 70 սմ, միջբուսայինը՝ 35-40 սմ։ Սածիլները տնկելիս արմատներն ուղղել և վրան լցնել բուսահողով խառնված հող։ Գագաթային բողբոջները պետք է լինեն հողի մակերևույթից 20 սմ ցածր։ Բույսերի խնամքի համար մոլախոտերը քաղհանել, հողը փխրեցնել և ժամանակին ջրել։ Աշնանն ընձյուղները կտրել հողից 10 սմ բարձրությամբ և ակոսներում լցնել բուսահող։ Երրորդ տարում կարելի է սկսել առանձին ընձյուղների բերքահավաքը։ Մինչ այդ վաղ գարնանը բուկլից անել։ Երբ ընձյուղները հասնում են հողի մակերևույթին, այն բարձրացնում են և առաջացնում ճաքեր։ Այդ մասերում հողը պետք է զգուշորեն մի կողմ տալ և ընձյուղները կտրել հիմքին մոտ։ Հավաքման առաջին (տնկման երկրորդ) տարում մեկ բույսից հավաքում են 2-3 ընձյուղ, հաջորդ տարիներին՝ 20-25։ Վեգետացիայի շրջանում սովորաբար կարելի է 12-15 անգամ բերքահավաք կատարել։ Վերջին տարիներին Ծ. հավաքում են կանաչ վիճակում, երբ ընձյուղները հասնում են 20-25 սմ բարձրության։ Ընձյուղները հավաքելուց հետո բույսերը պետք է սնուցել հեղուկ հանքային պարարտանյութերով, հողի մակերևույթը հավասարեցնել և լրացուցիչ տալ բուսահող կամ կոմպոստ։ Ծ-ի բույսերը բերքատու են 10-12 տարի, որից հետո բերքատվությունը խիստ ընկնում է։ ՀՀ-ում տարածված է Ծ-ի 7 վայրի տեսակ, որոնք աճում են գրեթե բոլոր գոտիներում (բացի Սևանից և Շիրակից)։ Որոշ սորտեր (Արժանտեյլյան, Մերի Վաշինգտոն, հիբրիդային և այլն) մշակվում են Արարատի, Արմավիրի, Տավուշի և այլ մարզերի ջերմատներում և տնամերձ տնտեսություններում։