Jump to content

ՏՏՀ/Կատուներ ընտանի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՏՈՒՆԵՐ ընտանի, ընտելացվել են մոտ 5.000 տարի առաջ։ Ընտանի Կ-ի նախնին համարվում է լիբիական կատուն։ Հին Եգիպտոսում կատուն համարվել է սուրբ կենդանի, որին զմրսել և թաղել են քարադամբարաններում։

Հայտնի է ժամանակակից Կ-ի մոտ 80 ցեղ. երկարամազ պարսկական Կ. մեծ կլորավուն գլխով, ցցված քթով, թագավորական Կ.՝ երկար նրբակազմով և ալիքաձև, ասես ծալքավոր մորթով, Ման կղզու անպոչ Կ., պարսկական և սիբիրյան Կ., հարթամազ եվրոպական (օրինակ, ռուսական երկնագույն), թուրքական Կ. և սիամական խմբի Կ. (սիամական, բիրմական, հաբեշական)։

Նշված տեսակները տարբերվում են նաև գունավորումով, բծերի դասավորությամբ, աչքերի գույնով և այլ հատկանիշներով։

Շատ երկրներում կազմակերպվում են կատվասերների ակումբներ, որոնք գրանցում են կենդանիներին, կազմում տոհմագրքեր, կազմակերպում ցուցահանդեսներ:

Ընտանի Կ. սեռահասուն են դառնում 7-8 ամսականում։ Հղիությունը տևում է միջին հաշվով 63 օր։ Մինչև Կ-ի ցնկնելը սենյակի մի աննկատ տեղում պետք է դնել զամբյուղ կամ ստվարաթղթե տուփ՝ մաքուր, փափուկ տակաշորով, որի մեջ կատուն «բույն» է պատրաստում։ Կ. ծնում են 1-7 ձագ, որոնք ծնվում են փակ աչքերով և սնվում են մոր կաթով։ Աչքերը բացվում են 7-10 օրականում։ Ընտանի Կ. տարվա մեջ հիմնականում տալիս են 2, երբեմն՝ 4 սերունդ։ Կ-ին կարելի է կրտել (անասնաբուժարաններում)։

Ազնվացեղ և ոչ ցեղական Կ-ի խնամքը նույնն է։ Ցանկալի է, որ Կ. մշտապես ապրեն բնակարաններում, զբոսնեն միայն տիրոջ ուղեկցությամբ (լավ է վզափոկով): Ընտանի Կ. մաքրասեր կենդանիներ են և նրանց բնական պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է բնակարանում մշտական տեղ հատկացնել, դնել չոր ավազով, հողով կամ թեփով լցված արկղ: Տհաճ հոտից խուսափելու համար արկղի պարունակությունը հաճախ պետք է փոխել։ Կ-ին կարելի է սովորեցնել խնդրել։ Խորհուրդ է տրվում Կ-ին սանրել մանրատամ սանրով, երկարամազերին՝ անեն օր, կարճամազերին՝ օրումեջ։

Կ-ի կերակրումը. հասուն Կ-ին պետք է կերակրել օրական 1-2 անգամ (150-200 գ). հիմնական կերն է միսը (ցանկալի է հում), ձուկը (եռջրած կամ քիչ եփած), կաթը։ Օգտակար է տալ ենթամթերք, երիկամ, սիրտ։ Մթերքը պետք է լինի թարմ։ Կ-ի ստամոքսը մաքրելու նպատակով կարելի է կերակրել խոտով կամ հում վարսակաձավարով (հերկուլեսով)։ Կ-ի ձագին հեշտ է սովորեցնել զանազան կերերի (հաց, ապուր, շիլա, հում բանջարեղեն, մրգեր)։ Մոր կաթով սնվող ձագերին 20 օրից պետք է լրացուցիչ կերակրել կովի տաք կաթով, 3-4 օրից փոխարինել այն կաթնաշիլաներով, իսկ 2-3 օր հետո շիլաները կարելի է եփել մսի արգանակով (ավելացնել 3-5 գ հում միս լցոնի ձևով, կամ մանր կտրատած)։ Ամսական Կ. պետք է կարողանան ինքնուրույն սնվել։ Մսային կերը երբեմն կարելի է փոխարինել լոռով, բանջարեղենն աղալ մսաղացով և խառնել մսի լցոնին։

Կ-ի հատուկ վարակիչ հիվանդություններից է վարակիչ աղիքաբորբը, որով հիմնականում վարակվում են երիտասարդ կենդանիները։ Հիվանդության ախտանշաններն են ջերմության բարձրացումը, սրտխառնոցը, գարշահոտ լուծը։ Հիվանդության ծանր ընթացքի դեպքում կենդանիները հաճախ սատկում են։ Բուժումը միայն անասնաբույժի խորհրդով։

Կ-ի վարակիչ հիվանդություններից մարդու համար վտանգավոր են կատաղությունը, խուզող որքինը, քոսը, գոնջը (մաշկի սնկիկային հիվանդություններ)։ Ցանկալի է ամեն տարի Կ-ին կատաղության դեմ պատվաստում կատարել։ Կ-ի (անհայտ) կծելու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, իսկ կենդանուն թողնել անասնաբույժի հսկողության տակ։ Կ-ի մոտ շատ տարածված հիվանդություն է ականջի քոսը, որն արտահայտվում է ցանով և արտաքին լսողական անցուղու բորբոքումով։ Հիվանդության ձգձգման դեպքում առաջանում է թարախային ականջաբորբ։ Կ-ի մաշկի վրա մազաթափ բիծ (բնորոշ խուզող որքինին), կաշեթեփ (բնորոշ քոսին և գոնջին) նկատելիս պետք է անհապաղ դիմել անասնաբույժի։

Տարածված են նաև Կ-ի ճիճվային հիվանդությունները, որոնց հայտնաբերման դեպքում տալիս են ճիճվամուղ պատրաստուկներ։ Պետք է խիստ հետևել սանիտարահիգիենային պայմաններին, Կ-ին մարդկանց հետ նույն անկողնում քնել չի կարելի։ Խնամքի բացակայության պայմաններում ընտանի Կ. արագ վայրենանում են։ Վայրենացած և թափառող Կ. սկսում են ոչնչացնել օգտակար կենդանիներին ու թռչուններին և կարող են կենդանիների, երբեմն նաև մարդկանց վարակի աղբյուր հանդիսանալ։