Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ցցիկներին կարելի է կապել ևս մի քանի փայտիկներ կամ լարեր, որպեսզի ցանց ստացվի։ Սենյակային լիանների խնամքը նույնն է ինչ սենյակային բույսերինը։

ԿԱՏՈՒՆԵՐ ընտանի, ընտելացվել են մոտ 5.000 տարի առաջ։ Ընտանի Կ-ի նախնին համարվում է լիբիական կատուն։ Հին Եգիպտոսում կատուն համարվել է սուրբ կենդանի, որին զմրսել և թաղել են քարադամբարաններում։

Հայտնի է ժամանակակից Կ-ի մոտ 80 ցեղ. երկարամազ պարսկական Կ. մեծ կլորավուն գլխով, ցցված քթով, թագավորական Կ.՝ երկար նրբակազմով և ալիքաձև, ասես ծալքավոր մորթով, Ման կղզու անպոչ Կ., պարսկական և սիբիրյան Կ., հարթամազ եվրոպական (օրինակ, ռուսական երկնագույն), թուրքական Կ. և սիամական խմբի Կ. (սիամական, բիրմական, հաբեշական)։

Նշված տեսակները տարբերվում են նաև գունավորումով, բծերի դասավորությամբ, աչքերի գույնով և այլ հատկանիշներով։

Շատ երկրներում կազմակերպվում են կատվասերների ակումբներ, որոնք գրանցում են կենդանիներին, կազմում տոհմագրքեր, կազմակերպում ցուցահանդեսներ:

Ընտանի Կ. սեռահասուն են դառնում 7-8 ամսականում։ Հղիությունը տևում է միջին հաշվով 63 օր։ Մինչև Կ-ի ցնկնելը սենյակի մի աննկատ տեղում պետք է դնել զամբյուղ կամ ստվարաթղթե տուփ՝ մաքուր, փափուկ տակաշորով, որի մեջ կատուն «բույն» է պատրաստում։ Կ. ծնում են 1-7 ձագ, որոնք ծնվում են փակ աչքերով և սնվում են մոր կաթով։ Աչքերը բացվում են 7-10 օրականում։ Ընտանի Կ. տարվա մեջ հիմնականում տալիս են 2, երբեմն՝ 4 սերունդ։ Կ-ին կարելի է կրտել (անասնաբուժարաններում)։

Ազնվացեղ և ոչ ցեղական Կ-ի խնամքը նույնն է։ Ցանկալի է, որ Կ. մշտապես ապրեն բնակարաններում, զբոսնեն միայն տիրոջ ուղեկցությամբ (լավ է վզափոկով): Ընտանի Կ. մաքրասեր կենդանիներ են և նրանց բնական պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է բնակարանում մշտական տեղ հատկացնել, դնել չոր ավազով, հողով կամ թեփով լցված արկղ: Տհաճ հոտից խուսափելու համար արկղի պարունակությունը հաճախ պետք է փոխել։ Կ-ին կարելի է սովորեցնել խնդրել։