Jump to content

ՏՏՀ/Կարմրախտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կարմրախտ
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 289
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ԿԱՐՄՐԱԽՏ, սուր վարակիչ հիվանդություն։ Հարուցիչները վիրուսներն են։ Հիվանդը վարակիչ է հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց առաջ մի քանի օրվա և ցանավորումից հետո 2 շաբաթվա ընթացքում։ Վարակը տարածվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Հաճախ հիվանդանում են 6 ամսականից մինչև 12 տարեկան երեխաները։ Մեծահասակները և 12-ից բարձր տարիքի երեխաները հիվանդանում են հազվադեպ։ Հիվանդությունից հետո առաջանում է ցմահ վարակամերժություն։ Կ-ով չհիվանդացած հղիները պիտի զգուշանան հիվանդների հետ շփվելուց (հատկապես հղիության առաջին երեք ամիսներին), որպեսզի պտուղը չախտահարվի։ Կ-ի գաղտնի շրջանը 10-24, հաճախ՝ 16-18 օր է։ Հիվանդությունը, սովորաբար, սկսվում է աննկատ, հնարավոր են թուլություն, բկանցքի կարմրություն, երբեմն ջերմաստիճանի չնչին բարձրացում։ 1-3 օր առաջ մինչև ցանավորումը նկատվում է ավշային հանգույցների (հատկապես ծոծրակային) մեծացում, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37-38 °C, բկանցքում կարող են հայտնվել կարմիր բծեր։ Ցանը մանր է, բաց վարդագույն, չմիաձուլվող և մաշկի մակերևույթից թեթևակի բարձր, արտահայտվում է դեմքի վրա, ձեռքերի և ոտքերի տարածիչ մակերևույթներին, մեջքին և նստային շրջաններում։ Ցանն անհետանում է 3 օր անց առանց թեփոտման և գունակավորման։ Անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ և գտնվել բժշկի հսկողության տակ, քանի որ Կ. կարող է առաջացնել բարդություններ։ Տես նաև Մանկական վարակիչ հիվանդություններ և Հակահամաճարակային միջոցառումներ: