Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է տալիս շտկել տեսողության թերությունը և վերացնել աչքի գերլարվածության հետ կապված տհաճ զգացողությունները։ Կ. կանխելու նպատակով ամենից առաջ հարկավոր է ստեղծել աչքի գերհոգնածությունը բացառող աշխատանքային բարենպաստ պայմաններ։ Մոտ գտնվող առարկաներով աշխատանքը հարկավոր է կատարել բավարար լուսավորության պայմաններում՝ պահպանելով աշխատանքի և հանգստի ռեժիմը։ Դպրոցական տարիքի երեխաներին չի թույլատրվում կարդալիս և գրելիս գիրքը կամ տետրն աչքին մոտեցնել 33-35 սմ-ից ավելի կամ գլուխը խիստ առաջ խոնարհել։ Հարկավոր է երեխային արգելել կարդալ անկողնում, հատկապես անբավարար լուսավորության ժամանակ։ Երեկոյան կարդալիս կամ գրելիս հարկավոր է օգտվել սեղանի լամպից (40 Վտ-ից ոչ պակաս հզորության)՝ այն տեղադրելով առջևում կամ ձախ կողմում այնպես, որ ձեռքերի ստվերը չընկնի գրքի կամ տետրի վրա։ Դպրոցականին խորհուրդ չի տրվում առանց ընդմիջման կարդալ կամ գրել 45-50 րոպեից ավելի։ Արդեն առաջացած Կ-յան դեպքում հիմնական խնդիրը այն դադարեցնելը կամ հետագա զարգացումը դանդաղեցնելն է։ Դրա համար շատ կարևոր է խստորեն կատարել բժշկի բոլոր նշանակումները։ Կարճատես աչքի օպտիկական թերությունը կարելի է շտկել ակնոցով (ընտրում է բժիշկը)։ Ուժեղ արտահայտված Կ-յանը սովորական ակնոցը երբեմն չի օգնում, ուստի նշանակում են աչքի եղջերաթաղանթին անմիջականորեն հպվող տեսապակիներ, որոնք ցանացաթաղանթի վրա առարկայի պատկերն առավել ճիշտ են կիզակետում։

Խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով կատարել դեղորայքային բուժում, որի դեպքում լավանում է աչքի հյուսվածքների սնուցումը, և ամրանում են պատերը։

Կ-յան սկզբնական շրջանում շատ օգտակար են հատուկ վարժությունները, որոնց օգնությամբ հաճախ հաջողվում է դադարեցնել կամ դանդաղեցնել նրա հետագա զարգացումը։

Կ-յան զարգացումը կանխելու նպատակով հատկապես կարևոր է տեսողական աշխատանքի ժամանակ վերը նշված կանխարգելող պայմանների մանրակրկիտ պահպանումը։ Դպրոցում սովորելու և մասնագիտական գործունեության տեսողական բեռնվածությունն անհրաժեշտ է գիտակցաբար չափավորել։ Տեսողական աշխատանքի յուրաքանչյուր 30-45 րոպեից հետո անհրաժեշտ է 10-15 րոպե ընդմիջում անել։

Ուժեղ Կ-յամբ տառապող անձանց հակացուցված է ծանրություն բարձրացնելը, կտրուկ շարժումներ պահանջող մարզաձևերով (օրինակ, ծանր աթլետիկա, ըմբշամարտ, ակրոբատիկա և այլն) զբաղվելը։

ԿԱՐՄՐԱԽՏ, սուր վարակիչ հիվանդություն։ Հարուցիչները վիրուսներն են։ Հիվանդը վարակիչ է հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց առաջ մի քանի օրվա և ցանավորումից հետո 2 շաբաթվա ընթացքում։ Վարակը տարածվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Հաճախ հիվանդանում են 6 ամսականից մինչև 12 տարեկան երեխաները։ Մեծահասակները և 12-ից բարձր տարիքի երեխաները հիվանդանում են հազվադեպ։ Հիվանդությունից հետո առաջանում է ցմահ վարակամերժություն։ Կ-ով չհիվանդացած հղիները պիտի զգուշանան հիվանդների հետ շփվելուց (հատկապես հղիության առաջին երեք ամիսներին), որպեսզի պտուղը չախտահարվի։ Կ-ի գաղտնի շրջանը 10-24, հաճախ՝ 16-18 օր է։ Հիվանդությունը, սովորաբար, սկսվում է աննկատ, հնարավոր են թուլություն, բկանցքի կարմրություն, երբեմն ջերմաստիճանի չնչին բարձրացում։ 1-3 օր առաջ մինչև ցանավորումը նկատվում է ավշային հանգույցների (հատկապես ծոծրակային) մեծացում, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37-38 °C, բկանցքում կարող են հայտնվել կարմիր բծեր։ Ցանը մանր է, բաց վարդագույն, չմիաձուլվող և մաշկի մակերևույթից թեթևակի բարձր, արտահայտվում է դեմքի վրա, ձեռքերի և ոտքերի տարածիչ մակերևույթներին, մեջքին և նստային շրջաններում։ Ցանն անհետանում է 3 օր անց առանց թեփոտման և գունակավորման։ Անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ և գտնվել բժշկի հսկողության տակ, քանի որ Կ. կարող է առաջացնել բարդություններ։ Տես նաև Մանկական վարակիչ հիվանդություններ և Հակահամաճարակային միջոցառումներ:

ԿԱՐՄՐՈՒԿ, սուր վարակիչ հիվանդություն. հարուցիչները վիրուսներն են։ Հիվանդանում են հիմնականում 1-7 տարեկան երեխաները, իսկ մինչև 3 ամսականնները, որպես կանոն, չեն հիվանդանում։ Հիվանդությունից հետո մշակվում է ցմահ վարակամերժություն (իմունիտետ)։ Վարակվում են օդակաթիլային ճանապարհով։ Գաղտնի շըրջանը 9-11 օր է, երբեմն ձգձգվում է մինչև 17, իսկ գամմա-գլոբուլին ստացածների մոտ մինչև 21 օր։ Հիվանդը վարակիչ է գաղտնի շրջանի վերջին օրից (ցանավորման պահից սկսած) մինչև հիվանդության 5-րդ օրը ներառյալ (բարդությունների դեպքում՝ մինչև 11-րդ օրը)։

Հիվանդությունն սկսվում է կատառային երևույթներով, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, նկատվում է հարբուխ, չոր հազ, ձայնը խռպոտում է, զարգանում է աչքի շաղկապենաբորթ, արցունքահոսություն, լուսավախություն։ Կի կատառային շրջանը հիշեցնում է սուր շնչառական հիվանդություն, ուստի ծնողները պիտի իմանան, որ Կ-ի ամենավաղ և առանձնահատուկ ախտանշանը բերանի լորձաթաղանթի վրա (այտերի շրջանում) մանր, սպիտակ բծերի առկայությունն է։ Ցանն ի հայտ է գալիս հիվանդության 4-րդ օրը, սկզբում ճակատին և ականջների հետևում, այնուհետև ամբողջ դեմքին, հաջորդ օրը մարմնի, երրորդ օրը՝ վերջույթների վրա։ Ցանավորման առաջին երկու օրերին հիվանդի վիճակը կարող է ծանր լինել (բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, դեմքը ուռչում է)։ 4-5 օր անց ցանը գունատվում է, մարմնի ջերմաստիճանն իջնում։ Կ-ից հետո կարող են առաջանալ լուրջ բարդություններ (առավել հաճախ թոքաբորբ), այլ հիվանդությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականության իջեցում։

Կ-ով հիվանդին անհրաժեշտ է մեկուսացնել (հաճախ տնային պայմաններում), պահպանել անկողնային ռեժիմ։ Մահճակալը հարկավոր է այնպես դնել, որ լույսը չընկնի հիվանդի դեմքին։ Սենյակը մթնեցնելու հարկ չկա, բավական է երեխային դեպի լույսի աղբյուրը պառկեցնել մեջքով։ Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել սենյակը (երեխային լավ փաթաթելուց հետո), այն կանոնավոր կերպով մաքրել խոնավ շորով, շոգ եղանակին լուսամուտը բաց թողնել։ Եթե երեխայի շրթունքները չորանում են, հարկավոր է քսել բորավազելին, առավոտյան աչքերը լվանալ բորաթթվի 2