Jump to content

ՏՏՀ/Կեղտաբծերի հանում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԵՂՏԱԲԾԵՐԻ ՀԱՆՈՒՄ, ոչ բոլոր կեղտաբծերը կարելի է հանել տան պայմաններում առանց իրը փչացնելու։ Շատ կեղտոտված և կեղտաբծերով իրերն ավելի լավ է տալ քիմիական մաքրման։ Թարմ կեղտաբծերը (բացառությամբ ճարպի, մոմի, ձյութի բծերի) հեշտությամբ կարելի է մաքրել առատ ջրով լվանալով։ Հին կեղտաբծերը շատ ավելի դժվար են մաքրվում։ Անհրաժեշտ է նախապես պարզել բծահան լուծույթի ազդեցությանը գործվածքի և գույնի վրա (լուծույթը փորձել գործվածքի երևացող տեղում)։ Սպիրտը և թթուները լուծում են որոշ ներկեր, դրանք պետք է օգտագործել զգուշությամբ։ Հիմքերը և սպիտակեցնող միջոցները կարելի է օգտագործել միայն սպիտակ գործվածքների կեղտաբծերը հանելիս։ Եթե իրը ացետատային մետաքսից է, չի կարելի օգտագործել քացախաթթու և ացետոն։ Քլորակիրը նույնպես վնասակար ազդեցություն է գործում բամբակե և մյուս գործվածքների վրա, դրա համար էլ խորհուրդ է տրվում այն օգտագործել քիչ քանակությամբ և լավ լվանալ ջրով։ Գործվածքի թելքի տեսակը պարզելու մասին տես ներկում հոդվածում։

Կեղտաբիծը մաքրելուց առաջ պետք է իրը թափ տալ և մաքրել սկզբում չոր, ապա խոնավ խոզանակով (հակառակ դեպքում գործվածքի վրա կարող են նոր բծեր առաջանալ)։ Փոքր կեղտաբծերը որևէ լուծույթով թրջում են կաթուցիկով կամ փայտե սուր ձողիկով։ Մեծ կեղտաբծերը մաքրելիս պետք է տրորել եզրերից դեպի մեջտեղը։ Նոր բծեր չառաջացնելու համար կեղտաբծերի շուրջը թրջում են ջրով, բենզինով կամ ցանում տալկ, օսլա։ Բազմաթիվ կեղտաբծեր կարելի է վերացնել իրն օճառով, սոդայով կամ լվացամիջոցներով լվանալով։

Կ. հ-ման համար ցանկալի է օգտագործել թողարկվող հատուկ բծահան միջոցներ, որոնց օգտագործման եղանակները նշված են սրվակների վրա կամ էլ կցված հանձնարարականներում։

Ճարպի և յուղի կեղտաբծերը մաքրելու համար թողարկվում են զանազան միջոցներ։ Դրանց բացակայության դեպքում օգտագործում են մաքրված լուծիչներ (բենզին, բևեկնայուղ ևն), որոնք բծեր չեն թողնում։ Լուծիչի մաքրությունը ստուգելու համար պետք է դրանով թրջել սպիտակ թուղթը. չորանալուց հետո թղթի վրա հետք չպիտի մնա։ Երբեմն ավելի հարմար է կեղտաբծերը լուծիչներով մաքրել գործվածքի հակառակ երեսից, որը նաև բացառում է կեղտաբծերի շուրջ նոր բծերի առաջացումը։ Ճարպալուծիչները (բենզին, բևեկնայուղ, բենզոլ, եթեր, սպիրտ, ացետոն) հրավտանգ են, ուստի դրանք պետք է օգտագործել զգուշությամբ։ Լուծիչների մեծամասնությունը թունավոր է։ Գոլորշիների ներշնչումից կարող է առաջանալ գլխացավ, իսկ երբեմն նաև գիտակցության կորուստ, հետևաբար, Կ. հ-ից հետո սենյակը պետք է լավ օդափոխել։ Թունավոր և հրավտանգ միջոցները պետք է պահել կիպ խցանով ապակե ամաններում՝ համապատասխան մակագրությամբ, երեխաներին անմատչելի տեղում։

Բաց գույնի բամբակե, վուշե, բրդե և մետաքսե գործվածքներից ճարպաբծերը (բուսական և կենդանական ճարպեր, ճրագու, ձկան յուղ, գերչակի ձեթ ևն) պետք է հեռացնել հետևյալ կերպ. թարմ կեղտաբիծը գործվածքի երկու կողմից պետք է պատել կավճի, տալկի, այրած մագնեզիայի չոր փոշիով, ծածկել սպիտակ թղթով, վրան դնել որևէ ծանր իր (օրինակ՝ արդուկ) և թողնել 1 օր, այնուհետև մաքրել փոշին։

Մուգ գույնի գործվածքների կեղտաբծերը ցանկալի է փոշիով պատել հակառակ երեսից, քանի որ շիտակ երեսին կարող է փոշու հետքը երևալ։ Սպիտակ և բաց գույնի գործվածքների, ինչպես նաև թղթի, գրքի կեղտաբծերը հանում են մածուկով (ստանում են բենզինի և կավճի չոր փոշու խառնուրդից)։ Մածուկը հաստ շերտով պետք է քսել կեղտաբծի վրա, թեթևակի տրորել մատներով և թողնել մի քանի ժամ։ Չորացած զանգվածը հարկավոր է զգուշությամբ մաքրել խոզանակով։ Եթե կեղտաբիծն անմիջապես չի վերացել, ապա պետք է մածուկը քսել ևս 2-3 անգամ։

Կեղտաբծերը հանում են նաև բենզինով, բևեկնայուղով, ացետոնով կամ դրանց խառնուրդով (հավասարամաս)։ Բենզինով մաքրելուց առաջ խորհուրդ է տրվում խոնավ գործվածքը չորացնել, չորացած ճարպաբծերին բարակ շերտով կարագ քսել։ Մաքրելուց առաջ կեղտաբծի եզրերը պետք է թեթևակի խոնավացնել, տակը դնել բամբակ կամ ծծանաթուղթ։ Կարելի է կեղտաբծի եզրերին օսլա ցանել, իսկ կեղտաբիծը վերացնելուց հետո խնամքով մաքրել։

Ճարպափայլ տեղերը (բրդե և մետաքսե գործվածքների) պետք է շփել բենզինով, ացետոնով, անուշադրի սպիրտով կամ դրանց հավասարամաս խառնուրդով թրջած բրդե լաթով։ Հեղուկի ավելցուկը պետք է հեռացնել ծծանով կամ ծխախոտի թղթով։ Կեղտաբծի մնացած հետքերը պետք է շփել անուշադրի սպիրտի լուծույթով (1 թեյի գդալ 1/2 բաժակ ջրին)։ Նախապես պետք է ստուգել անուշադրի սպիրտի լուծույթի ազդեցությունը գործվածքի գույնի վրա, հակառակ դեպքում գործվածքը կարող է գունաթափվել։

Օձիքների, թևքերի, ինչպես նաև կահույքի պաստառի ճարպոտված տեղերը կարելի է մաքրել թեյի թունդ թուրմով։ Բրդե գործվածքների նստելուց առաջացած ճարպափայլ մասերը կարելի է մաքրել մանր չոր ավազով. գործվածքը թրջում են գոլ ջրով, բարակ շերտով ավազ ցանում և շփում ջրով թեթևակի թրջած կոշտ խոզանակով, այնուհետև արդուկում խոնավ շորով։

Յոդի բծերը բաց գույնի բամբակե, բրդե և մետաքսե գործվածքներից կարելի է հեռացնել հիպոսուլֆիտի լուծույթով (1 թեյի գդալ՝ 1 բաժակ գոլ ջրին), ապա լվանալ ջրով։

Կոսմետիկական միջոցների բծերը բամբակե, վուշե և բրդե սպիտակ գործվածքներից հեռացնում են անուշադրի սպիրտով, այնուհետև լվանում ջրով։ Կարելի է օգտագործել լվացամիջոցներ։ Մնացած կեղտաբծերն անհրաժեշտ է լրացուցիչ շփել ջրածնի գերօքսիդի 3 տոկոսանոց լուծույթով, այնուհետև լվանալ ջրով։

Տարբեր գույնի բրդե և մետաքսե գործվածքներից ճարպեր պարունակող կոսմետիկական միջոցների բծերը հեռացնում են այնպես, ինչպես ճարպաբծերը։

Արյան կեղտաբծերը հեռացնելու համար թողարկում են հատուկ բծահանիչ։ Վերջինիս բացակայության դեպքում իրը պետք է ընկղմել սառը ջրի մեջ և թողնել մի քանի ժամ (ջրին ավելացնելով քիչ քանակությամբ անուշադրի սպիրտ)։ Բամբակե, վուշե, բրդե սպիտակ գործվածքներից կեղտաբծերը կարելի է հանել ջրածնի գերօքսիդով։ Բամբակե և վուշե սպիտակ գործվածքների լվանալուց հետո չվերացած հին կեղտաբծերը հանում են անուշադրի սպիրտով (1 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին) կամ բորաքսի լուծույթով (1 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին)։ Մնացած կեղտաբծերը պետք է լրացուցիչ շփել ջրածնի գերօքսիդի տաքացրած (50-60 °C) լուծույթով։ Կեղտաբծերը հեռացնելուց հետո պետք է իրը խնամքով պարզաջրել՝ ջրին ավելացնելով մի քիչ քացախ։

Յուղաներկի և ներկալաքի կեղտաբծերը հանում են հատուկ միջոցներով, բենզինի և բևեկնայուղի կամ բենզինի և ացետոնի խառնուրդներով (հավասարամաս)։ Կեղտաբիծը պետք է թրջել խառնուրդով և թողնել 20-30 րոպե, այնուհետև շփել նույն խառնուրդով թրջած լաթով։ Սպիտակ գործվածքներից կեղտաբիծը հեռացնում են բևեկնայուղից, անուշադրի սպիրտից և կավճի փոշուց (հավասար բաղադրամասերով) պատրաստված մածուկով։ Կեղտաբիծը պատել մածուկով, թողնել մի քանի ժամ, ապա մաքրել և շփել բենզինով, ացետոնով կամ բևեկնայուղով։

Թեյի կեղտաբծերը բամբակե և վուշե գործվածքներից հանում են լվանալով և հետագա սպիտակեցմամբ (տես Սպիտակեցնող միջոցներ):

Սուրճի, կակաոյի կեղտաբծերը մաքրում են գոլ ջրով նոսրացրած 3 տոկոսանոց անուշադրի սպիրտով (հավասար բաղադրամասերով)։

Գարեջրի և սպիտակ գինու կեղտաբծերը սպիտակ բամբակե և վուշե գործվածքներից հեշտությամբ հանում են օճառով, սոդայով կամ օղիով (2 ճաշի գդալ 1 լ ջրին) լվանալով։ Մետաքսե և բրդե գործվածքներից, որոնք չի կարելի լվանալ, կեղտաբծերը կարելի է մաքրել հետևյալ խառնուրդով. գլիցերին (1 մաս), օղի (3 մաս), անուշադրի սպիրտ (1 մաս)։

Քրտինքի և մեզի կեղտաբծեր։ Մետաքսե, բամբակե և վուշե տարբեր գույնի գործվածքներից քրտինքի թարմ կեղտաբծերն անհետանում են կերակրի աղի (1 ճաշի գդալ՝ 1 բաժակ ջրին) կամ հիպոսուլֆիտի (1 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին) լուծույթով մաքրելու դեպքում։ Բամբակե և վուշե սպիտակ գործվածքներից քրտինքի կեղտաբծերը պետք է մաքրել կերակրի աղի և անուշադրի սպիրտի կամ բորաքսի (1-ական թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին) խառնուրդով, ապա լվանալ ջրով։ Ներկած բրդե գործվածքներից այդպիսի կեղտաբծերը որոշ դեպքերում կարելի է հեռացնել քացախային էսենցիայի կամ կիտրոնաթթվի լուծույթով (1 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին)։

Ժանգաբծերը բամբակե, վուշե և բրդե սպիտակ գործվածքներից հանում են հատուկ պատրաստուկներով։

Պարաֆինի, բնաճարպի, մոմի կեղտաբծերը բամբակե, վուշե, բրդե և մետաքսե գործվածքներից հանում են բենզինով կամ բևեկնայուղով նախապես կեղտաբիծը զգուշորեն քերելով։ Թարմ կեղտաբծերը կարելի է հեռացնել կեղտաբծի երեսից և տակից ծծանաթուղթ դնելով և ոչ շատ տաք արդուկով արդուկելով։ Ճարպոտված թուղթը պետք է փոխարինել նորով։

Մրգի, հատապտղի և կարմիր գինու բծերը պետք է մաքրել որքան հնարավոր է արագ։ Անձեռոցիկների, սպիտակեղենի և կայուն ներկվածքով գործվածքների թարմ կեղտաբծերը կարելի է լվանալ եռման ջրով։ Կեղտոտված իրը պետք է ձգել որևէ ամանի (թաս, դույլ) բերանին և եռման ջուրը լցնել այնքան ժամանակ, մինչև բիծն անհետանա։ Եթե դա հնարավոր չէ, ապա պետք է թարմ կեղտաբծի վրա ցանել կերակրի աղ։ Բամբակե, վուշե, բրդե և մետաքսե գունավոր գործվածքներից կեղտաբծերը կարելի է հեռացնել իրը մի քանի րոպե տաք ջրի մեջ ընկղմելով, այնուհետև լվացամիջոցներով լվանալով։

Ձվի կեղտաբծերը բամբակե, վուշե և բրդե գունավոր գործվածքներից հանում են դրանց վրա տաքացրած գլիցերին քսելով և 15-20 րոպե թողնելով։ Այնուհետև շփում են գլիցերինով թրջած լաթով և լվանում ջրով։ Բամբակե, վուշե և բրդե սպիտակ գործվածքների կեղտաբծերը հանում են անուշադրի սպիրտի (1 մաս) և ջրի (10 մաս) խառնուրդով. կեղտաբիծը թրջում են լուծույթով, այնուհետև շփում են նույն լուծույթով թրջած լաթով և, եթե անհրաժեշտ է, մշակված տեղը լվանում։

Թանաքի և գնդիկավոր գրիչների մածուկների կեղտաբծերը հանում են հատուկ պատրաստուկներով։ Թանաքի թարմ կեղտաբիծը հանում են նաև նոսրացրած անուշադրի սպիրտով և խմելու սոդայով (1-2 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին)։