Կարերի քանդվելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում տակից աստառ դնել (հիմնական կամ աստառացու կտորից)՝ եզրերը մտցնելով ուսակարի, վզի, թևքատեղի կարերի մեջ։ Աստառի այն եզրերը, որոնք կարերի մեջ չեն մտնելու, անհրաժեշտ է նախապես մաքրակարել։ Փոթաշարն աստառին են ամրացնում մեքենայով (նկ. 24)։
Թեզանիքի կցակարումը թևքաբերանին։ Թևքի կտրված եզրերը թակալակարում են և մաքրակարում։ Թեզանիքի մեջ չմտնող մասը (հորիզոնական փորակը) ծալելով կարում են (նկ. 25), թևքաբերանը փոթավորում (նկ. 26)։ Թեզանիքի տակի կտորը դնում են թևքի շրջոնքի կողմից, եզրերը հավասարեցնում և թակալակարում այնպես, որ փորակի եզրից 0,3 սմ մնա կարի մեջ (նկ. 27)։ Կարը ծալում են թեզանիքի կողմը։ Թեզանիքի վրայի կտորի եզրը 0,7 սմ ներս են ծալում և թակալակարում միացման կարից 0,1 սմ հեռավորության վրա (նկ. 28)։
Տես նաև Մոդելավորում:
ԿԵՂՏԱԲԾԵՐԻ ՀԱՆՈՒՄ, ոչ բոլոր կեղտաբծերը կարելի է հանել տան պայմաններում առանց իրը փչացնելու։ Շատ կեղտոտված և կեղտաբծերով իրերն ավելի լավ է տալ քիմիական մաքրման։ Թարմ կեղտաբծերը (բացառությամբ ճարպի, մոմի, ձյութի բծերի) հեշտությամբ կարելի է մաքրել առատ ջրով լվանալով։ Հին կեղտաբծերը շատ ավելի դժվար են մաքրվում։ Անհրաժեշտ է նախապես պարզել բծահան լուծույթի ազդեցությանը գործվածքի և գույնի վրա (լուծույթը փորձել գործվածքի երևացող տեղում)։ Սպիրտը և թթուները լուծում են որոշ ներկեր, դրանք պետք է օգտագործել զգուշությամբ։ Հիմքերը և սպիտակեցնող միջոցները կարելի է օգտագործել միայն սպիտակ գործվածքների կեղտաբծերը հանելիս։ Եթե իրը ացետատային մետաքսից է, չի կարելի օգտագործել քացախաթթու և ացետոն։ Քլորակիրը նույնպես վնասակար ազդեցություն է գործում բամբակե և մյուս գործվածքների վրա, դրա համար էլ խորհուրդ է տրվում այն օգտագործել քիչ քանակությամբ և լավ լվանալ ջրով։ Գործվածքի թելքի տեսակը պարզելու մասին տես ներկում հոդվածում։
Կեղտաբիծը մաքրելուց առաջ պետք է իրը թափ տալ և մաքրել սկզբում չոր, ապա խոնավ խոզանակով (հակառակ դեպքում գործվածքի վրա կարող են նոր բծեր առաջանալ)։ Փոքր կեղտաբծերը որևէ լուծույթով թրջում են կաթուցիկով կամ փայտե սուր ձողիկով։ Մեծ կեղտաբծերը մաքրելիս պետք է տրորել եզրերից դեպի մեջտեղը։ Նոր բծեր չառաջացնելու համար կեղտաբծերի շուրջը թրջում են ջրով, բենզինով կամ ցանում տալկ, օսլա։ Բազմաթիվ կեղտաբծեր կարելի է վերացնել իրն օճառով, սոդայով կամ լվացամիջոցներով լվանալով։
Կ. հ-ման համար ցանկալի է օգտագործել թողարկվող հատուկ բծահան միջոցներ, որոնց օգտագործման եղանակները նշված են սրվակների վրա կամ էլ կցված հանձնարարականներում։
Ճարպի և յուղի կեղտաբծերը մաքրելու համար թողարկվում են զանազան միջոցներ։ Դրանց բացակայության դեպքում օգտագործում են մաքրված լուծիչներ (բենզին, բևեկնայուղ ևն), որոնք բծեր չեն թողնում։ Լուծիչի մաքրությունը ստուգելու համար պետք է դրանով թրջել սպիտակ թուղթը. չորանալուց հետո թղթի վրա հետք չպիտի մնա։ Երբեմն ավելի հարմար է կեղտաբծերը լուծիչներով մաքրել գործվածքի հակառակ երեսից, որը նաև բացառում է կեղտաբծերի շուրջ նոր բծերի առաջացումը։ Ճարպալուծիչները (բենզին, բևեկնայուղ, բենզոլ, եթեր, սպիրտ, ացետոն) հրավտանգ են, ուստի դրանք պետք է օգտագործել զգուշությամբ։ Լուծիչների մեծամասնությունը թունավոր է։ Գոլորշիների ներշնչումից կարող է առաջանալ գլխացավ, իսկ երբեմն նաև գիտակցության կորուստ, հետևաբար, Կ. հ-ից հետո սենյակը պետք է լավ օդափոխել։ Թունավոր և հրավտանգ միջոցները պետք է պահել կիպ խցանով ապակե ամաններում՝ համապատասխան մակագրությամբ, երեխաներին անմատչելի տեղում։
Բաց գույնի բամբակե, վուշե, բրդե և մետաքսե գործվածքներից ճարպաբծերը (բուսական և կենդանական ճարպեր, ճրագու, ձկան յուղ, գերչակի ձեթ ևն) պետք է հեռացնել հետևյալ կերպ. թարմ կեղտաբիծը գործվածքի երկու կողմից պետք է պատել կավճի, տալկի, այրած մագնեզիայի չոր փոշիով, ծածկել սպիտակ թղթով, վրան դնել որևէ ծանր իր (օրինակ՝ արդուկ) և թողնել 1 օր, այնուհետև մաքրել փոշին։
Մուգ գույնի գործվածքների կեղտաբծերը ցանկալի է փոշիով պատել հակառակ երեսից, քանի որ շիտակ երեսին կարող է փոշու հետքը երևալ։ Սպիտակ և բաց գույնի գործվածքների, ինչպես նաև թղթի, գրքի կեղտաբծերը հանում են մածուկով (ստանում են բենզինի և կավճի չոր փոշու խառնուրդից)։ Մածուկը հաստ շերտով պետք է քսել կեղտաբծի վրա, թեթևակի տրորել մատներով և թողնել մի քանի ժամ։ Չորացած զանգվածը հարկավոր է զգուշությամբ մաքրել խոզանակով։ Եթե կեղտաբիծն անմիջապես չի վերացել, ապա պետք է մածուկը քսել ևս 2-3 անգամ։
Կեղտաբծերը հանում են նաև բենզինով, բևեկնայուղով, ացետոնով կամ դրանց խառնուրդով (հավասարամաս)։ Բենզինով մաքրելուց առաջ խորհուրդ է տրվում խոնավ գործվածքը չորացնել, չորացած ճարպաբծերին բարակ շերտով կարագ քսել։ Մաքրելուց առաջ կեղտաբծի եզրերը պետք է թեթևակի խոնավացնել, տակը դնել բամբակ կամ ծծանաթուղթ։ Կարելի է կեղտաբծի եզրերին օսլա ցանել, իսկ կեղտաբիծը վերացնելուց հետո խնամքով մաքրել։
Ճարպափայլ տեղերը (բրդե և մետաքսե գործվածքների) պետք է շփել բենզինով, ացետոնով, անուշադրի սպիրտով կամ դրանց հավասարամաս խառնուրդով թրջած բրդե լաթով։ Հեղուկի ավելցուկը պետք է հեռացնել ծծանով կամ ծխախոտի թղթով։ Կեղտաբծի մնացած հետքերը պետք է շփել անուշադրի սպիրտի լուծույթով (1 թեյի գդալ 1/2 բաժակ ջրին)։ Նախապես պետք է ստուգել անուշադրի սպիրտի լուծույթի ազդեցությունը գործվածքի գույնի վրա, հակառակ դեպքում գործվածքը կարող է գունաթափվել։
Օձիքների, թևքերի, ինչպես նաև կահույքի պաստառի ճարպոտված տեղերը կարելի է մաքրել թեյի թունդ թուրմով։ Բրդե գործվածքների նստելուց առաջացած ճարպափայլ մասերը կարելի է մաքրել մանր չոր ավազով. գործվածքը թրջում են գոլ ջրով, բարակ շերտով ավազ ցանում և շփում ջրով թեթևակի թրջած կոշտ խոզանակով, այնուհետև արդուկում խոնավ շորով։
Յոդի բծերը բաց գույնի բամբակե, բրդե և մետաքսե գործվածքներից կարելի է հեռացնել հիպոսուլֆիտի լուծույթով (1 թեյի գդալ՝ 1 բաժակ գոլ ջրին), ապա լվանալ ջրով։
Կոսմետիկական միջոցների բծերը բամբակե, վուշե և բրդե սպիտակ գործվածքներից հեռացնում են անուշադրի