ՏՏՀ/Կոճկում
ԿՈՃԿՈՒՄ, հագուստը կոճկում են կոճակներով, սեղմակոճակներով, շղթայով, ճարմանդով, կեռիկներով ևն։ Կոճկելատեղն անում են առաջամասում, թիկնամասում, կողքի կամ ուսակարի մեջ, թևքի թեզանիքին։
Կոճակներով Կ.։ Կոճակների տեղը որոշելու համար անհրաժեշտ է կոճկվող դետալները դնել իրար վրա՝ համատեղելով առաջամասը (կամ թիկնամասը) կիսող գծերը և մերակների արտաքին ծայրերի մասում քորոցներ խրել (նկ. 1)։ Մերակի արտաքին ծայրի հեռավորությունը դետալի ծալագծից պետք է լինի այնքան, որ կոճկված կոճակը եզրից դուրս չգա։ Կոճակները կարում են առաջամասը (կամ թիկնամասը) կիսող գծի երկայնքով՝ գործվածքին համապատասխան թելով։ Ուղղաձիգ մերակների դեպքում վերևի և ներքևի կոճակները պետք է կարել մերակների անկյուններում (վերևինը՝ վերևի, ներքևինը՝ ներքևի), որպեսզի դետալներն իրենց դիրքից չշեղվեն։ Միջանկյալ կոճակներն ամրացնում են մերակների կենտրոնում (նկ. 2)։
Որպես կանոն, կոճակներն ամրացնում են երկտակ գործվածքին։ Երբեմն հարկ է լինում կոճակները կարել միտակ գործվածքին (օրինակ, անաստառ վերարկուի)։ Այդ դեպքում անհրաժեշտ է կոճակի տակ բամբակե գործվածքի փոքր կտոր կամ ոչ մեծ կոճակ դնել։ Ուռուցիկ (առանց միջանցիկ անցքերի) կոճակները կարում են առանց «կոթի»՝ գործվածքին կպած։ Մեծ անցքերով կոճակների միջով անցկացնում են կաշի, տրեզ, քուղ կամ գործվածքից հանած մի քանի տակ թել և հակառակ երեսից ամրակարում։
Շղթա։ Գույնի հաջող ընտրության դեպքում շղթան կարող է ծառայել նաև որպես դրվագիչ տարր (կարվում է այնպես, որ տրեզը երևա)։
Զգեստի կարամիջի շղթան կարում են ձախ կողմից այնպես, որ շղթայի ծայրերը գոտկատեղից լինեն հավասար հեռավորության վրա (նկ. 3, ա)։ Ձախ կողքի կարը թակալելիս անհրաժեշտ է շղթայի երկարության չափով ճեղք թողնել, այդ մասում կարաբաժինը ծալել և թերակարել։ Շղթան դնում են ճեղքի տակ այնպես, որ թիկնամասի եզրը կիպ կպած լինի շղթայի ատամներին. թերակարում են (նկ. 3, բ, գ), ապա ծածկում առաջամասի կտորով (եզրը 0,1-0,2 սմ դեպի թիկնամասը վրա բերելով), թերակարում, և միաճյուղ թաթիկի օգնությամբ թակալում (թիկնամասում 0,2-0,3 սմ լայնության, իսկ առաջամասում՝ ցանկացած լայնության կարով, նկ. 3, դ):
Կիսաշրջազգեստի կարամիջի շղթան (նկ. 4) դնելուց առաջ անհրաժեշտ է մշակել ձախ կողքի կարը և կարաբաժնի եզրերը (նկ. 4, ա, բ), ապա թակալել շղթան (նկ. 4, գ, դ), նախապատրաստել գոտին (նկ. 4, ե) և այն կցակարել կիսաշրջազգեստի վերևի եզրին (նկ. 4, զ):
Անջատովի շղթայով (նկ. 5) հագուստը երբեմն մինչև վերջ չեն կոճկում (վերևի ազատ եզրերն օձիքի նման ծալվում են)։ Այս դեպքում անհրաժեշտ է լանջեզրի տակ կտոր դնել, որպեսզի շղթայի հակառակ երեսը չերևա։ Կտորը շիտակ երեսով դնում են հագուստի շիտակ երեսին, եզրերը հավասարեցնում, թերակարում և ներքևի եզրը թակալում 0,7 սմ լայնության կարով (նկ. 5, ա)։ Հիմնական և լրացուցիչ կտորների եզրերը մեջտեղի նշագծով ծալում են դեպի հակառակ երեսը, թերակարում և արդուկում (նկ. 5, բ)։ Անջատված շղթայի երկու մասերը հակառակ երեսով դնում են լրացուցիչ կտորի վրա (նկ. 5, գ) վերևի եզրից 1,5 սմ ներքև, ապա երկարությամբ թերակարում՝ շղթայի ատամները հավասարեցնելով կտորի ծալագծին։ Լրացուցիչ կտորն ու շղթան ծալում են դեպի շրջոնքի կողմը, ծալագծերը հավասարեցնում (նկ. 5, դ), թերակարում և թակալում (նկ. 5, ե)։ Ճարմանդը (նկ. 6) լինում է մետաղե, պլաստմասսայե, ինչպես նաև կաշվե և գործվածքե վրաքաշով։ Գոտու ծայրից 4 սմ պետք է նախատեսել ճարմանդի համար (նկ. 6, ա)։ Վերջինս անցկացնելուց հետո գոտու ծայրն անհրաժեշտ է ամրակարել ձեռքով կամ մեքենայով (նկ. 6, բ)։
Սեղմակոճակները (նկ. 7) չպոկվելու համար ամրացնում են մի քանի շերտ գործվածքին։ Բրդե գործվածքին սեղմակոճակ խփելիս տակից անհրաժեշտ է բամբակե կտորից միջադիր դնել։ Կոճակների տեղերը որոշելու համար պետք է կոճկվող դետալները հակառակ երեսով դնել իրար վրա և առաջամասը կիսող գծի երկարությամբ քորոցներ խրել։ Կոճակների տեղերը որոշելուց հետո այդ նշումները քորոցների օգնությամբ հարկավոր է անցկացնել մյուս կեսի վրա (նկ. 7, ա, բ)։
Հիմնական կոճակները պետք է գտնվեն կրծքի, գոտկատեղի և կոնքի գծերի վրա, իսկ միջանկյալները հավասարաչափ բաշխվեն դրանց միջև։
Կոճկելատեղի (բացվածքի) մշակում։
Մեկ կտորով բացվածքի մշակում (նկ. 8)։ Հիմնական դետալը պետք է կտրել ըստ նշագծի (նկ. 8, ա) և բացել այնպես, որ կտրված եզրերը գտնվեն գրեթե ուղիղ գծի վրա (նկ. 8, բ)։ Զոլակը պետք է թերակարել կտրված եզրի երկարությամբ, ապա թակալել (նկ. 8, գ)։ Կտորի ազատ եզրը հարկավոր է ծալել դեպի շրջոնքի կողմը, թերակարել և կարագծին մոտ թակալել (նկ. 8, դ)։ Բացվածքի ներքևի մասը պետք է ամրակարել (նկ. 8, ե)։
Թևքի կտրվածքի մշակում (նկ 9)։ Կտրվածքի երկայնքով պետք է կցակարել հիմնական գործվածքից կտրած շեղ (հիմնաթելի նկատմամբ 45° անկյունով) զոլակ, վերևի մասում այն ամրակարել շրջոնքի կողմից, որից հետո կարել թեզանիքը։
Շղթայի օգնությամբ կտրվածքի մշակում (նկ. 10)։ Վզի կտրվածքը մշակում են նույն սկզբունքով, ինչ երկու զոլակով երիզված մերակը։ Շղթան դնում են երիզված ճեղքի տակ այնպես, որ ատամները դասավորվեն շրջանակի առանցքի գծով (նկ. 10, ա) և թերակարում։ Որպեսզի շղթան չվնասի շրջանակի ներքևի ծայրը, մետաղե ամրակը պետք է 0,1-0,2 սմ չհասնի շրջանակի ծայրի զույգ թակալակարերին։ Շղթան միաճյուղ թաթիկի օգնությամբ շիտակ երեսից թակալում են շրջանակի նշագծերով (նկ. 10, բ)։ Ներկարված զոլակներով բացվածքի մշակում (նկ. 11)։ Աջ, ապա ձախ զոլակը դնում են դետալի շիտակ երեսին, եզրերը հավասարեցնում և կցակարում միաժամանակ տակից П-աձև կտոր դնելով։ Վերջինս կարելի է նախապես թակալել հագուստի շրջոնքի կողմից մշակվող կտրվածքից 0,5-1 սմ հեռավորության վրա։ Զոլակների թակալակարերի միջև հեռավորությունը պետք է հավասար լինի պատրաստի զոլակների լայնությանը։ Կարաբաժնի անկյունային մասում կտրվածք են անում (նկ. 11, ա, բ)։ Աջ զոլակը դնում են ձախի վրա, ներքևի ազատ ծայրերն անցկացնում շրջոնքի կողմը, հիմնական դետալը և լրացուցիչ կտորը հետ ծալում և զոլակները ներքևի մասում ամրակարում (նկ. 11, գ)։ Վերջում զոլակների եզրերը մաքրակարում են։
Վրակարած զոլակներով բացվածքի մշակում (նկ. 12)։ Զոլակները կարում են առաջամասը կիսող գծի երկարությամբ (ներառյալ վզի բացվածքը կամ մինչև ուսակարերը)։ Առաջամասի և զոլակի ներքևի ծալագծերը համատեղում են և թակալում (նկ. 12, ա)։ Զոլակը շուռ են տալիս զգեստի շրջոնքի կողմը։ Լանջեզրի և վզի բացվածքի կտրվածքները հավասարեցնում են և թակալում։ Վզի բացվածքի կոր մասում կարաբաժնի վրա տեղ-տեղ կտրվածքներ են անում (նկ. 12, բ), զոլակը շուռ տալիս շիտակ երեսը դեպի դուրս, անկյունները շտկում, հակառակ երեսից արդուկում, թերակարում և թակալում մեկ կամ երկու զուգահեռ կարերով (նկ. 12, գ)։ Կարամիջի բացվածքի մշակում (նկ. 13)։ Լրացուցիչ կտորները երեսակողմով դնում են առաջամասի շիտակ երեսին, եզրերը հավասարեցնելուց հետո թերակարում և թակալում (անկյուններում հարմարադրելով)։ Ձախ դետալի լրացուցիչ կտորը թերակարում են վզի բացվածքի կոր և երկայնական գծերով, իսկ աջը նաև ելուստի գծով (նկ. 13, ա, բ)։ Աջ դետալի կարաբաժնի անկյունային մասում կտրվածք են անում՝ կարին 0,1 սմ չհասնելով։ Կտորները շուռ են տալիս շիտակ երեսով դեպի դուրս, անկյունները շտկում և արդուկում (նկ. 13, գ)։
Կիսաշրջազգեստի դարսամիջի բացվածքի մշակում (նկ. 14)։ Նշագծում են բացվածքի երկարությունը, կիսաշրջազգեստը ծալում երեսակողմով դեպի ներս, դարսի ծալագծերը հավասարեցնում, թերակարում ու թակալում։ Շղթան երեսակողմով դնում են դարսի տակի շերտի շիտակ երեսին (նկ. 14, ա) այնպես, որ շղթայի ատամները համընկնեն ծալագծի հետ։ Շղթան թերակարում են և կրկնակի կարով թակալում միաճյուղ թաթիկի օգնությամբ։ Դարսի տակի կտորը շղթայի հետ միասին շուռ են տալիս դեպի զգեստի հակառակ երեսը։ Վրայի կտորն ու շղթան թերակարում են այնպես, որ ծալագիծը 0,1 սմ ծածկի շղթայի ատամները և թակալում 1 սմ լայնության կարով (նկ. 14, բ)։