Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գործվածքի ծախսը. 1 մ 80 սմ՝ 150 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-92-100։

ԿՈՃԿՈՒՄ, հագուստը կոճկում են կոճակներով, սեղմակոճակներով, շղթայով, ճարմանդով, կեռիկներով ևն։ Կոճկելատեղն անում են առաջամասում, թիկնամասում, կողքի կամ ուսակարի մեջ, թևքի թեզանիքին։

Կոճակներով Կ.։ Կոճակների տեղը որոշելու համար անհրաժեշտ է կոճկվող դետալները դնել իրար վրա՝ համատեղելով առաջամասը (կամ թիկնամասը) կիսող գծերը և մերակների արտաքին ծայրերի մասում քորոցներ խրել (նկ. 1)։ Մերակի արտաքին ծայրի հեռավորությունը դետալի ծալագծից պետք է լինի այնքան, որ կոճկված կոճակը եզրից դուրս չգա։ Կոճակները կարում են առաջամասը (կամ թիկնամասը) կիսող գծի երկայնքով՝ գործվածքին համապատասխան թելով։ Ուղղաձիգ մերակների դեպքում վերևի և ներքևի կոճակները պետք է կարել մերակների անկյուններում (վերևինը՝ վերևի, ներքևինը՝ ներքևի), որպեսզի դետալներն իրենց դիրքից չշեղվեն։ Միջանկյալ կոճակներն ամրացնում են մերակների կենտրոնում (նկ. 2)։

Որպես կանոն, կոճակներն ամրացնում են երկտակ գործվածքին։ Երբեմն հարկ է լինում կոճակները կարել միտակ գործվածքին (օրինակ, անաստառ վերարկուի)։ Այդ դեպքում անհրաժեշտ է կոճակի տակ բամբակե գործվածքի փոքր կտոր կամ ոչ մեծ կոճակ դնել։ Ուռուցիկ (առանց միջանցիկ անցքերի) կոճակները կարում են առանց «կոթի»՝ գործվածքին կպած։ Մեծ անցքերով կոճակների միջով անցկացնում են կաշի, տրեզ, քուղ կամ գործվածքից հանած մի քանի տակ թել և հակառակ երեսից ամրակարում։

Շղթա։ Գույնի հաջող ընտրության դեպքում շղթան կարող է ծառայել նաև որպես դրվագիչ տարր (կարվում է այնպես, որ տրեզը երևա)։

Զգեստի կարամիջի շղթան կարում են ձախ կողմից այնպես, որ շղթայի ծայրերը գոտկատեղից լինեն հավասար հեռավորության վրա (նկ. 3, ա)։ Ձախ կողքի կարը թակալելիս անհրաժեշտ է շղթայի երկարության չափով ճեղք թողնել, այդ մասում կարաբաժինը ծալել և թերակարել։ Շղթան դնում են ճեղքի տակ այնպես, որ թիկնամասի եզրը կիպ կպած լինի շղթայի ատամներին.